Եթե ոչ Մինսկի խումբը, ապա ո՞վ է Հայաստանին և Ադրբեջանին տանելու դեպի խաղաղություն
Ո՞վ կփոխարինի Մինսկի խմբին Ղարաբաղյան հակամարտությունում
1990-ականների սկզբին՝ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո ձևավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ձևաչափն այսօր փլուզման եզրին է։
Այս ձևաչափում Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան երկար ժամանակ թիմային աշխատանք են կատարել։ Այն անգործության է մատնված՝ կապված Արևմուտքի հետ Ռուսաստանի աշխարհաքաղաքական առճակատման հետ։
Սակայն դա խաղաղարար վակուում չստեղծեց։ Որովհետև Հայաստանին Ադրբեջանի հետ հաշտեցնելու ջանքերը կտրուկ ակտիվացրեց Եվրամիությունը։
Իսկ դա առաջացրել է տարակուսանք Ռուսաստանի ղեկավարության մոտ, որը հավակնում էր հայ-ադրբեջանական հակամարտությունում հիմնական միջնորդի դերին։
Աշխարհաքաղաքական թշնամանքը կարող է մրցակցություն առաջացնել Ռուսաստանի և Արևմուտքի միջև ապագա խաղաղության պայմանագրի «կնքահոր» դերի համար։
Մինսկի խմբի ավա՞րտը
ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտնվեց «մահամերձ վիճակում» 2020 թվականի աշնան պատերազմից հետո, որը փոխեց տարածաշրջանը։
Այդ ժամանակվանից Հայաստանը պնդում է, որ խումբը «վերագործարկվի»։ Բայց Ադրբեջանում այդ մասին լսել անգամ չեն ուզում։ Բաքվի կարծիքով՝ հակամարտությունն ավարտված է, և կարգավորելու ոչինչ չկա։
Ապրիլի 22-ին աշխարհի ադրբեջանցիների հինգերորդ համագումարի ժամանակ ունեցած ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի ունեցած իրադարձություններից հետո» այս ձևաչափի փաստացի լուծարման մասին։
Նույն օրը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առարկեց Ալիևին։ Բացելով կառավարության նիստը՝ նա «անհիմն» անվանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին հայտարարությունները։
Հայաստանում այս թեմայի շուրջ ծավալվեց բարդ ու զգացմունքային քննարկում։
Շատ փորձագետներ խոսում են այն մասին, որ «Մինսկի խմբի ձևաչափի վերացումը կարող է վտանգել Ղարաբաղի անկախության ճանաչման հեռանկարները», քանի որ հենց դրա միջոցով է, որ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր ձայնը հասցնում է միջազգային հանրությանը։
Ապրիլի 18-ին Փաշինյանը պաշտոնական այցով Ռուսաստանում էր։ Իսկ այցի նախորդող օրերին Հայաստան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները։
Սա որոշակի լավատեսություն ներշնչեց Երևանին։ Այնուհետև Փաշինյանը շեշտեց, որ «նույնիսկ ուկրաինական իրադարձությունների պայմաններում համանախագահներն աշխատում են, այցելություններ են կատարում տարածաշրջան և քաղաքական մակարդակում ամրագրում են իրենց պարտավորությունները՝ նպաստելու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»։
Հայաստանը կշարունակի պնդել, որ Մինսկի խմբի ձևաչափը պահպանվի։ Այս կարծիքին է Միջազգային ճգնաժամային խմբի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը։
«Նախ, որովհետև սա միակ միջազգային մեխանիզմն է Ղարաբաղի իշխանությունների և համանախագահների անմիջական շփման համար։
Երկրորդ փաստարկն այն է, որ «Մինսկի գործընթացի շրջանակներում ընդգծվել է Ղարաբաղի սուբյեկտայնության և ինքնորոշման հավակնությունների ճանաչման կարևորությունը»,- ասել է Վարդանյանը JAMnews-ին տված հարցազրույցում։
Այնուամենայնիվ, կարծես թե հնարավոր չի լինի վերակենդանացնել Մինսկի խմբի ձևաչափն իր նախկին տեսքով։
Ապրիլի 7-ին Մոսկվայում իր հայ գործընկերոջ հետ բանակցություններից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ֆրանսիային և ԱՄՆ-ին մեղադրեց Մինսկի խումբը փաստացի չեղարկելու մեջ։
Մի քանի օր անց Մոսկվան փոխեց իր համանախագահի կարգավիճակը։ Իգոր Խովաևը դարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ ներկայացուցիչը։
Քննարկմանը ակտիվորեն միացել է նաև ՌԴ ԱԳՆ-ն՝ հիմնվելով Ադրբեջանի առաջ քաշած հիմնարար սկզբունքների և Երևանի կառուցողական արձագանքի վրա։
Խաղաղ գործընթացի մասնատում, կամ ո՞վ է փոխարինելու Մինսկի խմբին
Վաշինգտոնն ու Փարիզը մի կողմից, Մոսկվան՝ մյուս կողմից, պաշտոնապես չեն հրաժարվել իրենց խաղաղարար պարտավորություններից։ Սակայն համագործակցության նկատմամբ հետաքրքրություն նրանք չեն ցուցաբերում։
Իսկ ապրիլի 21-ի ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Բրյուսելին մեղադրել էր «ռուս-ադրբեջանա-հայկական՝ բարձր մակարդակով ձեռք բերված և դեռևս նախորդ տարի Մինսկի խմբի համանախագահներին առաջարկված հայտնի պայմանավորվածությունների թեման և օրակարգը անամոթաբար յուրացնելու փորձերի մեջ»։
Այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը վերսկսելու հարցը կտրուկ բարձրացնելն, ըստ Օլեսյա Վարդանյանի, հակաարդյունավետ է, դա գրեթե անկասկած կհանգեցնի խմբի գոյության դադարեցմանը։
«Դա հասկանում են տարածաշրջանի և արտերկրի բոլոր պաշտոնյաներն ու դիվանագետները: Եվ դա է պատճառը, որ մինչև վերջերս ոչ ոք հրապարակավ չէր խոսում այդ մասին։
Լեռնային Ղարաբաղում վերջին էսկալացիան 2020 թվականի պատերազմից հետո առաջին դեպքն էր, երբ համանախագահները հանդես չեկան համատեղ հայտարարությամբ։ Փոխարենը եղան մեկնաբանություններ ու կոչեր։ Սա, իմ կարծիքով, ցույց է տալիս ներկայիս իրավիճակի փխրունությունը»,- ասում է Օլեսյա Վարդանյանը։
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն այժմ մասնատվում է։ Նման տեսակետ է հայտնել բրիտանացի քաղաքագետ Լոուրենս Բրոերսը՝ բրիտանական Conciliation Resources կազմակերպության Կովկասյան ծրագրի տնօրենը։
«Այս իրավիճակում առանձին աշխարհաքաղաքական խաղացողներ իրենց վրա պատասխանատվություն են վերցնելու առանձին հարցերի համար։
● Անվտանգության հարցում Ռուսաստանն ունի մենաշնորհ, քանի որ Ղարաբաղում նրա խաղաղապահներն են։
● Ղարաբաղի կարգավիճակի հարցի պատասխանատուն լինելու է Մինսկի խումբը, քանի որ միայն այս կառույցն ունի այդ թեմայով բանակցելու մանդատ։
● Իսկ Եվրամիությունը հանդես է գալիս որպես երկու պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի պահապան, հատկապես տեխնիկական և տնտեսական բնույթի հարցերով», — JAMnews-ի հետ զրույցում ասաց Լոուրենս Բրոերսը:
Ոչնչից լավ է
«Այն, ինչ հիմա անում են եվրոպացի միջնորդները, փորձեր են՝ պահպանելու փխրուն խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև և հենց Լեռնային Ղարաբաղում՝ ուղղակի ռազմական առճակատումից խուսափելու համար»,- կարծում է Օլեսյա Վարդանյանը։
«Հայաստանը պատրաստ է մասնակցություն ունենալ։ Առաջին հերթին, որովհետև նոր պատերազմի հավանականությունը նվազեցնելու համար պետք է խոսել։ Հատկապես հետխորհրդային տարածքի համար նման դժվարին ժամանակաշրջանում։
Ռուսաստանն այստեղ նույնպես անմիջական շահ ունի՝ առաջին հերթին պետք է խուսափի իր ուժերն ու ռեսուրսները Ուկրաինայից բացի այլ ուղղություններով ցրելուց,»,- ասում է Օլեսյա Վարդանյանը։
Բրիտանացի լրագրող, «Սև այգի» գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը չի բացառում, որ կհայտնվի Մինսկի խմբի իրավահաջորդը։ Ասում է՝ բանակցային գործընթացը չի կարող մնալ անտեր։
Ո՞վ կփոխարինի Մինսկի խմբին Ղարաբաղյան հակամարտությունում։
«Կարծում եմ՝ բոլորը սպասում են այս մեխանիզմի իրավահաջորդի հայտնվելուն՝ գուցե ԵԱՀԿ-ի, գուցե մեկ այլ միջազգային կազմակերպության ներքո։ Սա կարևոր է, քանի որ, եթե նույնիսկ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի աշխատում, այն հսկայական փորձ ունի։ Նրա աշխատանքի 28 տարին չեն կարող պարզապես անհետանալ»,- JAMnews-ին ասել է դե Վաալը:
Դժվար հարցերից մեկն այն է, թե ինչպես կարելի է ի մի բերել խաղաղ գործընթացի անհամաչափ նախաձեռնությունները, երբ դրանք առաջարկվում են հակադիր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից:
Կա նաև ռիսկ, որ այդ կենտրոնների հակասությունների կանխատեսումները կպրոյեկտվեն ղարաբաղյան կարգավորման վրա։
«Սա շատ մեծ ռիսկ է, իրավիճակը հետ է մղվում դեպի 1990-ականներ, երբ տարբեր աշխարհաքաղաքական խաղացողներ հակամարտության կողմերին առաջարկում էին խաղաղության մրցակցային նախաձեռնություններ։
Հետո Ռուսաստանը, Իրանը և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կոնֆերանսը (այժմ՝ ԵԱՀԿ) առաջարկեցին հակամարտության կարգավորման իրենց տարբերակները։ Սա շատ ցավալի գործընթաց է և, հաշվի առնելով ուկրաինական պատերազմը, շատ մեծ անհանգստություն է առաջացնում»,- կարծում է Բրոերսը։
Թոմաս դե Վաալը բնական է համարում ստեղծված իրավիճակում Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի և Արևմուտքի նախաձեռնությունների միջև մրցակցության ի հայտ գալը․
«Օրինակ՝ Բաքուն և Երևանը կարող են Բրյուսելում պայմանավորվել Հայաստանի Սյունիքի մարզով Զանգելանից Նախիջևան հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ։ Բայց դա հաշվի չի առնում այնտեղ ռուս սահմանապահների ներկայությունը, ինչպես համաձայնեցված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։
Ուստի որոշ ժամանակ անց նրանք ստիպված կլինեն այլ կերպ բանակցել Մոսկվայում։
Ստացվում է, որ Բաքուն և Երևանը պետք է բանակցություններ վարեն Բրյուսելի և Մոսկվայի միջև։ Իդեալական իրավիճակ չէ, բայց ոչնչից լավ է»:
Ռուսաստանը կպահպանի՞ առաջնորդությունը
Արևմտյան միջնորդների ակտիվացումը չի նշանակում, որ նրանք ցանկանում են վիճարկել Ռուսաստանի առաջատար դերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Այսպես է կարծում Օլեսյա Վարդանյանը։ «Արևմուտքում ոչ ոք չի վիճում և չի պատրաստվում արհեստական խնդիրներ ստեղծել Մոսկվայի համար ղարաբաղյան ուղղությամբ։ Նրանք կփորձեն գտնել Մոսկվայի հետ համակարգման և հնարավոր համագործակցության հնարավորություններ»,- ասում է նա։
Նաև համեմատաբար լավատեսորեն է տրամադրված Ռուսաստանի և Արևմուտքի միջև «մրցակցության» վերաբերյալ․
«Ղարաբաղյան հակամարտությունը միշտ էլ աչքի է ընկել աշխարհաքաղաքական պայքարի ցածր ռիսկով, քանի որ հակամարտության կողմերը չեն ձգտում անդամակցել ԵՄ-ին կամ ՆԱՏՕ-ին։ Աշխարհաքաղաքական մրցակցության այնպիսի խթանիչներ, ինչպիսիք կան Վրաստանի կամ Ուկրաինայի դեպքում, այստեղ չեն եղել։ Հուսանք, որ դրանք ի հայտ չեն գա։
Բացի այդ, Արևմուտքը չի կարողանա հասնել բացարձակ գերակայության կարգավորման գործընթացում, քանի որ Հարավային Կովկասը նրա ազդեցության ծայրամասն է»։
Այնուամենայնիվ, Բրոերսը լրացուցիչ ռիսկ է համարում այն, որ Ռուսաստանը կարող է փորձել պահպանել բացասական վերահսկողությունը իրավիճակի նկատմամբ. «Եթե նա չկարողանա իր կամքը պարտադրել հակամարտող կողմերին, կարող է խոչընդոտել այլ արտաքին դերակատարների նախաձեռնություններին»։
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի՝ ապրիլի 19-ին Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքների մասին հայտարարությունում հղում է արվում ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձի կարևորությանը։
«Մոսկվան կարող է սկսել իրեն դիրքավորել որպես Մինսկի խմբի գործընթացի երաշխավոր, ինչից, իր տեսանկյունից, ԱՄՆ-ն և Ֆրանսիան հրաժարվել են։ Բայց դժվար թե դա նրան հաջողվի», — կարծում է Լոուրենս Բրոերսը:
Այս պատմությունը «Հետագծեր» մեդիա նախագծի մասնիկն է: Այն պատմում է մարդկանց մասին, ում կյանքի վրա ազդեցություն են թողել Հարավային Կովկասի հակամարտությունները: Նախագծի մեջ ներգրավված են հեղինակներ և խմբագիրներ ողջ Հարավային Կովկասից, այն չի սատարում ոչ մի հակամարտության ոչ մի կողմի: Նախագիծն իրականացվում է GoGroup Media և International Alert կազմակերպությունների կողմից` Եվրամիության աջակցությամբ։
Ո՞վ կփոխարինի Մինսկի խմբին Ղարաբաղյան հակամարտությունում