Արևային էներգիա և ջեռուցման այլ տարբերակներ Հայաստանի «Սիբիրում»
Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի որոշ բնակավայրերում սկսել են օգտվել արևային էներգիայից: Այլընտրանքային էներգիան բոլորից շատ օգտագործող մարզը Հայաստանում Շիրակն է: Այն 300 պարզ օր ունի, չնայած Հայաստանի «Սիբիրն» է համարվում:
Արևը կտաքացնի ջուրն ու տունը
Տարիներ առաջ տան բակերում ամռանը կարելի էր տեսնել արևի ճառագայթների տակ տաքացող շշերով ու դույլերով ջուր: Մարդիկ այն օգտագործում էին լողանալու ու լվացքի համար: Գիտությունն առաջ գնաց՝ մարդիկ շշերը մոռացան: Դրանց փոխարինելու եկան արևային ջերմային կոլեկտորները (ջրատաքացուցիչները):
«Բասեն գյուղը չունի գազ, բայց տարբեր հիմնադրամների աջակցությամբ տեղադրեցինք առաջին ջրատաքացուցիչները: Դրանք դարձան փորձացուցադրական: Շատերն ասում էին. թանկ է, ինչ գործ ունես, մեր ավանդական վառելիքը լավ է: Բայց հիմա գյուղում 500 տնից 100-ը արևային ջրատաքացուցիչ ունի, դժգոհ չեն»,- ասում է Բասենի նախկին գյուղապետ Համլետ Պետրոսյանը:
Բասենի համայնքային նշանակության շենքում, որտեղ գործում են մանկապարտեզը, գյուղապետարանը, բուժկետն ու սպորտդպրոցը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գլոբալ Էկոլոգիկական հիմնադրամի ծրագրով տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ:
Նորարարական փորձով «վարակվեցին» մանկապարտեզ հաճախող երեխաների ընտանիքները՝ ու մեկը մյուսին նայելով, իրար հետևից ջրատաքացուցիչներ տեղադրեցին իրենց տներում:
• Հայաստանի էներգետիկ անվտանգության մասին
• Արդյո՞ք պետք է փակել Հայաստանի ատոմակայանը: Եվ արդյո՞ք պետք է նորը կառուցել
• Եվրամիությունը արևային վահանակներ է տեղադրել Երևանի կանգառներում
«Օրինակ, էսօր դրսում թիփի է, արևը շատ քիչ է երևում, բայց մեր ջրատաքացուցիչում ջրի ջերմաստիճանը հասնում է +40-ի, մեզի ըդիկ հերիք է մեր կենցաղի մեջ՝ աման լվանալ, լվացք անել, ճաշ եփել: Ամառը ջրի ջերմաստիճանը հասնում է +99-ի, ձմռանը միջինը +65 աստիճանի, արդեն քանի տարի է դրված է:
Լիզինգով ենք գնել սարքը [վարկավորման ձև, երկարաժամկետ վարձակալում՝ ողջ գումարի մուծման դեպքում, գնման հնարավորությամբ – խմբ.]: Ամեն ամիս 5000 դրամ գումար ենք վճարում, էսպես թե էնպես մենք այդ գումարը տալու էինք, եթե էլեկտրաէներգիա օգտագործեինք: Բայց գիտենք, օր մե քանի տարի հետո սարքը մեզի կմնա ու տաք ջուրն էլ ձրի կեղնի: Մարդկանց համար դժվար է իրանց վարկերի հետ նաև սրա մուծումները անել, թե չէ ավելի շատ կօգտվեին», — ասում է Բասեն գյուղի բնակիչ Հայկազ Կարապետյանը:
«Բասեն համայնքի զարգացման հիմնադրամի» տնօրեն Գուրգեն Պետրոսյանի խոսքով, տեխնոլոգիաները զարգացել են, ջրատաքացուցիչների նոր մոդելներ են արտադրվել: Գներն իջել են՝ հասնելով 380,000- 480,000 դրամի: Բասենի բնակիչների համար, որպես առաջատար համայնքի, նաև զեղչեր են նախատեսված: Միևնույնն է այսպիսի ծախսերը ոչ բոլորի համար են հասանելի:
Բայց ջրատաքացուցիչի արդյունավետության հաշվարկներից ոգևորված, ոմանք ցանկանում են նաև օգտվել ֆոտովոլտային համակարգերից: Դա հնարավորություն է տալիս ոչ միայն ջուր տաքացնել, այլև էլեկտրաէներգիա ստանալ: Բայց սա կրկնակի ծախսեր է պահանջում:
Շիրակում և մյուս մարզերում կան արդեն խոշոր էներգիա արտադրողներ, ովքեր ամռանը ստանում են իրենց պահանջից ավելի շատ էներգիա, այն «ի պահ են տալիս» էլցանցին և ձմռանը հետ ստանում՝ օգտագործում:
«Արևային էներգիան փրկելու է մեր գետերը: Հիդրոէլեկտրակայանները փչացրեցին մեր գետերի էկոհամակարգը: Բայց նաև պետք է զգույշ լինել, որովհետև կարող են գյուղատնտեսական հողերը վերցնել ու արևային էներգիան փոխակերպող հսկայական սարքեր շարել: Էս դեպքում էլ գյուղատնտեսությունը կտուժի:
Ամենաճիշտ տարբերակը քաղաքացիների կտուրները, լեռներն ու ոչ բերքատու տարածքները օգտագործելն է: Բայց բիզնես ոլորտը կտուրներին չի դնում, բաց դաշտերում է դնում, պետք է զգույշ լինել»,- ասում է բնապահպան Գևորգ Պետրոսյանը:
Ոչ միայն արևի էներգիա
Արևային էներգիայի հզորությամբ Բասեն գյուղում աշխատում է մի սարքավորում, որն արտադրում է յուրահատուկ վառելանյութ: Բերքահավաքից հետո մնացորդային կենսազանգվածը՝ ծղոտը, որը նախկինում գյուղացիներն ուղղակի այրում էին դաշտերում, այժմ մարդիկ հանձնում են Բասենի հիմնադրամ, որտեղ այն վերամշակվում է, խտացվում ու դառնում պելետ՝ վառելահատիկ:
Ծղոտի հիմքի վրա պելետի արտադրությունը նաև բնապահպանական նշանակություն ունի՝ կդադարեցվեն վարելահողերում բերքահավաքից հետո մասսայական հրդեհները, որոնք հողի վերին շերտերի էրոզիա են առաջացնում:
«Շիրակի մարզում 6-7 ամիս ձմեռ է: Մեր նպատակը եղել է, եղած ռեսուրսներից ավելի էժանը գտնել: Տարի ու կես է այս մեքենան այստեղ է: Մեր հումքը ցորենի ու գարու ծղոտն էր, անցած տարի չորային տարի էր, ծղոտն ավելի թանկ էր, դաշտերի թեկուզ անորակ մասը դարձավ անասնակեր, դրա համար պատվերները քչացան:
Մեր այս սարքավորումը տեսնելու համար գյուղ մոտ 3000 մարդ է եկել, այս տարի քաղաքից անպետք փայտի թեփն են բերում, պելետ դարձնում ու օգտագործում», — ասում է Համլետ Պետրոսյանն ու հերթական դույլը դատարկում պարկի մեջ: Մեկ պարկը բավարար է ամբողջ օրվա ընթացքում տաքանալու համար:
Պելետները վառում են հատուկ էներգաարդյունավետ վառարաններում, որոնք նման են գազով աշխատող ջեռուցման սարքերին: Գյուղում հաշվարկ են կատարել. եթե փայտ գնելու համար ամեն ձմեռ գյուղացին պետք է ծախսի ամենաքիչը 80.000-100.000 դրամ, ապա պելետի դեպքում՝ ընդամենը 30.000 դրամ:
«Վերջին շրջանում ավելի լուրջ ուսումնասիրելով Շիրակի մարզի պոտենցիալը, տեսնում եմ, որ կենսազանգվածի օգտագործման մեծ պոտենցիալ կա, դրանք տարբեր տեսակի թափոններն են՝ տերև, ծղոտ, կենցաղային աղբ և այլն: Հայաստանում արտադրվում է այնքան կենսազանգված, ինչքան ծառ է հատվում: Եթե մենք կենսազանգվածի օգտագործման տեխնոլոգիաները բարելավենք, հասանելի դարձնենք ժողովրդի համար, առանց փայտ օգտագործելու մեր ջեռուցման խնդիրները կլուծենք:
Այս հարցում դեր կարող են ունենալ «խելառ» գործարարները, ովքեր ռիսկի կգնան ու ներդրում կկատարեն, որ ստեղծվեն ավելի էժան վառարաններ և նոր տեխնոլագիական սարքավորումներ արտադրվեն Հայաստանում: Սա հիմա ռիսկային է, բայց եթե մարդիկ համոզվեցին, շահույթը ապահովված կլինի», — վստահեցնում է բնապահպան Գևորգ Պետրոսյանը:
Գյուղացիներից ոմանք, այնուամենայնիվ, դեռ գերադասում են աթար ու փայտ վառել պելետի փոխարեն: Բայց ընդհանուր առմամբ էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործումն արդեն շատերին է հետաքրքրում, գործընթացը թափ է հավաքում:
Բասենում մտադիր են նաև գոմաղբից կենսագազ ստանալ: Հաջորդ քայլը քամու ուժն օգտագործելն է լինելու: Մարդկանց մտածելակերպը փոխվում է, բայց դրա հետ նաև ֆինանսական ներդրումներ են հարկավոր: