Պուտինը ճանաչել է ԼԺՀ/ԴԺՀ անկախությունը, ռուսական զորքերը մտել են Արևելյան Ուկրաինա
Պուտինը ճանաչել է ԼԺՀ/ԴԺՀ անկախությունը
Փետրվարի 22-ին Նյու Յորքում անցկացվում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված ուկրաինական ճգնաժամում իրադարձությունների արտակարգ զարգացման հետ։ Փետրվարի 21-ի ուշ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Արևելյան Ուկրաինայի տարածքում ինքնահռչակ ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի անկախության ճանաչման մասին։
Գիշերը երկուսին մոտ երկու շրջանների տարածքում արդեն ռուսական զորքեր էին։
Մի քանի առանցքային պահ՝ այս հոդվածի հրապարակման պահի դրությամբ։
- Ի՞նչ է կատարվում Ուկրաինայում․ ներխուժման սպասում և օտարերկրացիների տարհանում
- ԱՄՆ-ն զորքեր է ուղարկում Եվրոպա՝ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի ֆոնին
- Ուղիղ 20 տարի առաջ Վլադիմիր Պուտինը գլխավորեց Ռուսաստանի ավտանգության ծառայությունը և շարժվեց դեպի նախագահի ներկայիս պաշտոնը
ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը ձևական բնույթ ունի, քանի որ Ռուսաստանն այնտեղ վետոյի իրավունք ունի
Փորձագետները զգուշացնում են, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը հազիվ թե որևէ գործնական հետևանք ունենա։ Ըստ ամենայնի՝ այն չի կարողանա նույնիսկ բանաձև ընդունել, քանի որ Ռուսաստանն այնտեղ վետոյի իրավունք ունի։
2022 թ-ի փետրվարին Ռուսաստանն ընդհանրապես Անվտանգության խորհրդի նախագահն է, և նրա ներկայացուցիչը գլխավորում է այս արտակարգ նիստը։
Ներկայացուցիչների հայտարարությունները՝ հակիրճ․
- ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը զգուշացրել է Ուկրաինայում լայնամասշտաբ հակամարտության ռիսկի մասին։
- ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ «Պուտինը պատառ—պատառ է արել Մինսկի համաձայնագրերը, և կան ենթադրություններ, որ դրանով նա կանգ կառնի»։
- ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը զգուշացրել է Ռուսաստանի համար լուրջ տնտեսական հետևանքների մասին։ Նա կոչ է արել դատապարտել ագրեսիան ինքնիշխան պետության նկատմամբ և պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։
- Չինաստանի մշտական ներկայացուցիչը կոչ է արել շարունակել երկխոսությունը ճգնաժամի խաղաղ լուծման համար։
- Ուկրաինայի մշտական ներկայացուցիչը Ռուսաստանին կոչ է արել չեղարկել ԴԺՀ և ԼԺՀ ճանաչման մասին որոշումն ու վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։
- «Մենք նախկինի պես բաց ենք դիվանագիտության, դիվանագիտական լուծման համար, սակայն Դոնբասում նոր արյունալի ջարդեր թույլ տալ այլևս մտադիր չենք»,— հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
Արևմուտքի կողմից ռազմական աջակցություն Ուկրաինային չի լինի, բայց կլինեն պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ
Պուտինը ճանաչել է ԼԺՀ/ԴԺՀ անկախությունը
Սպիտակ տունը ևս մեկ անգամ հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պլանավորում զորք ուղարկել Ուկրաինա։
Այս հոդվածի հրապարակման պահին Վաշինգտոնը հրապարակել է պատժամիջոցների ցանկը ԼԺՀ և ԴԺՀ դեմ։ Մասնավորապես, արգելված են ցանկացած ֆինանսական կամ այլ հարաբերություններ այս հանրապետություների հետ, թռիչքներ, բնակիչներին վիզաների տրամադրում և այլն։
Այս առնչությամբ առաջին մեկնաբանություններն ուկրաինական և միջազգային մեդիայում հեգնական են․ ոչ մի զգալի ամերիկյան ներդրումներ կամ այդ տարածքների հետ կապեր չկային էլ։
Սպիտակ տան հաղորդագրությունում ասված է, որ այդ պատժամիջոցներն ընդունվել են արևմտյան երկրների ընդհանուր պատժամիջոցային պատասխանից առանձին։ Թե ինչ է դրա մեջ ներառվելու, դեռ հայտնի չէ։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցերի մասին են հայտարարել մի քանի արևմտյան երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Կանադան և Ճապոնիան։
«Հիմա կտեսնենք, թե ով է մեր իսկական ընկերն ու գործընկերը»․ Ուկրաինայի նախագահ
Փետրվարի 22-ին առավոտյան չորսին ելույթ է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Հիմնական թեզերը․
- Ռուսաստանն օրինականացնում է իր զորքերը, որոնք փաստացի գտնվում էին Դոնբասի օկուպացված շրջաններում 2014 թ-ից։
- «Մենք խաղաղություն ենք ուզում և հետևողական ենք մեր գործողություններում»։
- «Մեր գործընկերներից մենք ակնկալում ենք աջակցության հստակ և գործուն քայլեր։ Շատ կարևոր է հիմա հասկանալ, թե ով է մեր իսկական ընկերն ու գործընկերը, և ով է շարունակելու ՌԴ-ին վախեցնել խոսքերով»։
- Ուկրաինայի ԱԳՆ-ն ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամ պետություններին հարցում է ուղարկել Բուդապեշտի հուշագրի հիման վրա՝ պահանջելով անհապաղ խորհրդակցություն անցկացնել։
- Զելենսկու նախաձեռնությամբ անցկացվել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ, կայանալու է ԵԱՀԿ հատուկ նիստ։
- Նախաձեռնվել է Նորմանդական քառյակի արտահերթ նիստ։
- «Մենք լավ ենք տեսնում ագրեսորի սադրանքներն ու զորքերի հարձակումները»։
- «Մենք մեր հողում ենք։ Մենք ոչնչից և ոչ ոքից չենք վախենում»։
Ի՞նչ է հայտարարել Պուտինը
Պուտինը ճանաչել է ԼԺՀ/ԴԺՀ անկախությունը
Ռուսաստանի նախագահի արտասովոր ևկտրուկ հայտարարությունը տարածվել է ուղիղ եթերով փետրվարի 21-ի ուշ երեկոյան։ Սակայն շատ լրագրողներ և փորձագետներ, հիմնվելով տեսագրության մետատվյալների և այլ տվյալների վրա (Պուտինի ժամացույցի տվյալները չեն համըկնում «ուղիղ» հեռարձակման ժամանակի հետ) ենթադրում են, որ այդ ելույթն ավելի վաղ է ձայնագրվել։
Ակտիվորեն քննարկվում է այն վարկածը, որ իրականում իրադարձությունները հակառակ հերթականությամբ են ընթացել․ սկզբից ընդունվել է ճանաչման մասին որոշումն ու ձայնագրվել Պուտինի ելույթը, հետո արդեն ստեղծվել է ներխուժման առիթը․ սկսվել են սադրանքներ ու պայթյուններ ինքահռչակ ԼԺՀ և ԴԺՀ տարածքներում և բնակչության տարհանում։
Պուտինի ելույթի հիմնական թեզերը․
- Ուկրաինան ստեղծվել է կոմունիստական Ռուսաստանի, Լենինի և նրա համախոհների կողմից՝Ռուսաստանից տարածքների օտարման հաշվին։
- Ստալինն Ուկրաինային է տվել Լեհաստանի և Հունգարիայի հողերը։ Այդպես էլ ձևավորվել է խորհրդային Ուկրաինայի տարածքը։
- Անցյալի իրադարձությունները չես փոխի։ Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան Ուկրաինա։ Իսկ հիմա Ուկրաինայում ապամոնտաժում են Լենինի արձանները։
- Ուզո՞ւմ եք ապակոմունիզացում։ Մենք պատրաստ ենք ցույց տալ, թե ինչ է իսկական ապակոմունիզացումը։
- Մայդանը պետական հեղաշրջում էր արևմտյան փողերով։
- 2008 թ-ին ԱՄՆ-ն զարգացնում էր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության մասին որոշումը։
- Ուրաինայի ներկայիս ղեկավարությունը չի արձագանքում քաղաքացիների դիմումներին։ Ղրիմ են ուղարկվում դիվերսիոն խմբեր։ Հայտարարություն է հնչել, որ Ուկրաինան պատրաստվում է սեփական միջուկային զենք ստեղծել։ Իրականացվում է Կիևի ռեժիմի զինում։ Զենքը ստացվում է անդադար հոսքով։
- Ռուսաստանը տնտեսական օգնություն է ցուցաբերել անկախ Ուկրաինային։ Կիևի իշխանությունը խնամարկյալ է դարձել։
- Ազգայնականություն և ռուսատյացություն Ուկրաինայում։ Արևմտյան հասարակական կազմակերպություններ։
- 2000 թ-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում ես հարցրի Բիլ Քլինթոնին, թե ինչպես Ամերիկան կվերաբերվի ՆԱՏՕ-ին Ռուսաստանի անդամակցությանը։ Արձագանքը շատ զուսպ էր։ Լավ, չեք ուզում՝ ձեր ընկերը լինենք, բայց ինչո՞ւ եք մենից թշնամի կերտում։
- ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության և այդտեղ սպառազինության տեղակայման հարցը ժամանակի հարց է։ Ռուսաստանին անսպասելիորեն հարվածելու սպառնալիք է լինելու։ Մինչև Մոսկվա հիպերձայնային հրթիռների հասնելու ժամանակը 4-5 րոպե է լինելու։ Դա կոկորդին սեղմված դանակ է։ Նրանք մտադիր են իրականացնել այդ պլանները։ Մենք դրան երբեք չենք համաձայնի։
- Կիևն ուզում է բլիցկրիգ իրականացնել Դոնբասում։ Ցեղասպանություն։
- Ռուսաստանն ամբողջությամբ իրավունք ունի պատասխան միջոցներ ձեռնարկելու՝ սեփական անվտանգությունն ապահովելու համար։
- Անհապաղ ճանաչել ԴԺՀ և ԼԺՀ անկախությունը։
Առավոտյան ժամը երկուսին մոտ ռուսական ռազմական կազմավորումները մտել են ԴԺՀ և ԼԺՀ՝ «խաղաղության պահպանման համար»։
Ռուսաստանի հետ միասնական ռազմական ենթակառուցվածքներ և աջակցություն ԼԺՀ/ԴԺՀ բանկային համակարգին․ ի՞նչ է գրված ճանաչման որոշման մեջ
- ԼԺՀ և ԴԺՀ հետ Ռուսաստանի պայմանագրերն իրավունք են տալիս օգտագործելու ռազմական ենթակառուցվածքներն ու միմյանց տարածքում գտնվող ռազմաբազաները, ինչպես նաև Դոնբասի սահմանների համատեղ պահպանություն իրականացնելու։
- Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկելու ԴԺՀ և ԼԺՀ ֆինանսական և բանկային համակարգերի աջակցության համար։
- Պայմանագրերը կնքվել են 10 տարով՝ ավտոմատ կերպով երկարաձգման պայմանով։
Միջազգային արձագանքը ԼԺՀ և ԴԺՀ ճանաչմանը
- Մեծ Բրիտանիայի վարչապետը դա անվանել է միջազգային իրավունքի խախտում։
- Դանիայի արտգործնախարարն այս որոշումը թշնամական է անվանել և կոչ է արել դադարեցնել միջազգային իրավունքի խախտումը։
- Եվրամիությունը հայտարարել է միջազգային իրավունքի խախտման և Ռուսաստանի դեմ պատրաստվող կոշտ պատժամիջոցների մասին։
- ԱՄՆ-ն Ռուսաստանից ակնկալում էր հայտարարություն ԴԺՀ և ԼԺՀ ճանաչման մասին և «պատրաստ է անհապաղ արձագանքել դրան»։
- Լատվիայի Սեյմի նախագահը բանաձև է նախաձեռնել այն մասին, որ ԼԺՀ/ԴԺՀ կարգավիճակի փոփոխությունը չի ճանաչվելու երբեք։
- Լեհաստանի վարչապետը կոչ է արել շտապ Եվրամիության գագաթաժողով հրավիրել և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել։
- Սերբիայի նախագահը հայարարել է, որ Դոնբասի վերաբերյալ որոշումն ամբողջությամբ փոխում է աշխարհակարգը։
- ՆԱՏՕ-ի պետքարտուղարը դատապարտում է ԼԺՀ/ԴԺՀ ճանաչումը և կարծում, որ դա խաթարում է Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերը։
- Իտալիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ դա հակասում է Մինսկի համաձայնագրերին և խոչնդոտում ճգնաժամը դիվանագիտական -ճանապարհով լուծելուն։
- Վրաստանի նախագահը Ռուսաստանի կողմից ԼԺՀ/ԴԺՀ ճանաչումն անվանել է 2008 թ-ի սցենարի կրկնություն։
- Գերմանիայի ԱԳՆ-ն Դոնբասի հանրապետությունների ճանաչումն անվանել է միջազգային իրավունքի խախտում և Ռուսաստանին կոչ արել չեղարկել այդ որոշումը։
- Մոլդովայի նախագահը դատապարտել է ԼԺՀ/ԴԺՀ ճանաչոմը։
- Ավստրիայի կանցլերն այդ որոշումն անվանել է «Մինսկի համաձայնագրերի» խախտում և հարված ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերին։
- Ֆրանսիայի նախագահը կոչ է արել Եվրամիությանը պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։
- Վենեսուելան, Կուբան և Նիկարգուան հայտարարել են ԼԺՀ/ԴԺՀ ճանաչման մասին։
- Սիրիայի նախագահը հայտարարել է, որ Դամասկոսը պատրաստ է ճանաչել ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն։