Ադրբեջանը մտադիր է դատի տալ Արցախի նախագահին, հայկական կողմը պահանջում է դատել Ալիևին
Ադրբեջանի իրավապահ մարմինները հայտարարել են, որ մտադիր են «սեղմ ժամկետներում» ձերբակալել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ «Ինքնահռչակ ռեժիմի առաջնորդը պատասխանատվության կենթարկվի օպերատիվ գերատեսչությունների և հատուկ ծառայությունների հետախուզական մարմինների կողմից», — հայտարարել է գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։
Բաքուն Արայիկ Հարությունյանին մեղադրում է 2020 թ-ի Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ «Գյանջայի հրթիռակոծման» համար։ Այս կապակցությամբ Ադրբեջանի իշխանությունը քրեական գործ է հարուցել և միջազգային հետախուզում հայտարարել Արայիկ Հարությունյանի նկատմամբ։
Հայաստանի գլխավոր դատախազությունը պատասխանել է, որ «միջոցներ են ձեռնարկվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության միջոցով ապօրինի հետախուզման փորձերի կանխման ուղղությամբ»։ Դրա համար հիմք է ծառայել Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածը, որի համաձայն՝ կազմակերպությանն արգելվում է միջամտել «քաղաքական, ռազմական, կրոնական և ռասայական բնույթի հարցերին»։
Այս պատմության բոլոր մանրամասները, ինչով են բացատրվում Ադրբեջանի քայլերն՝ ըստ հայկական կողմի․
- Հայաստանի արդարադատության նախարարի կարծիքը,
- Հայաստանի և Արցախի օմբուդսմենների համատեղ հայտարարությունը,
- ընդդիմության աջակցությունն Արայիկ Հարությունյանին,
- թեմայի քննարկումը սոցցանցերի հայ օգտատերերի կողմից։
- Հայաստանի ազգային շահերն՝ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի խոչընդոտ
- Հայաստան-Ադրբեջան․ վաղ է խոսել շահելու և կրած վնասների մասին
- «Միամտություն է մտածելը, թե ՀԱՊԿ–ը կարձագանքի ՀՀ վրա հարձակման դեպքում»․ ՀՀ երկրորդ նախագահ
Տեղեկություններ Ստեփանակերտից
Արցախի արտգործնախարարը հայտարարել է, որ հանրապետությունը դիմումներ կամ հարցումներ չի ստացել Արայիկ Հարությունյանի ձերբակալման մասին։
«Ադրբեջանը փորձում է վախ սերմանել, չի բացառվում, որ նաև փորձեն ինչ-որ ձևով վնաս հասցնել Արցախի պաշտոնյաներին` հարձակվել նրանց վրա», — հայտարարել է Դավիթ Բաբայանը։
Նրա կարծիքով՝ սա Ադրբեջանի հերթական սադրանքն է, և, ըստ ամենայնի, այս տեսակ հայտարարություններն ու անգամ գործնական քայլերի փորձերը շարունակվելու են․
«Նրանք փորձելու են այսպիսի ձևերով մեկին վնաս տալ, թեկուզ կյանքին սպառնալ, բռնել մեկին, առևանգել, տանել, հանրային ինչ-որ ձևով նվաստացնել և այլն, այսպիսի բաներ, որոնք միշտ իրենք արել են: Այսինքն՝ սա ահաբեկչական երկիր է և շարունակում է այդպիսի քաղաքականությունը, որը բնական է և սպասելի, այստեղ որևէ նոր բան չկա»։
Դավիթ Բաբայանը կարծում է, որ այդ ամենը սպառնում է Արցախի պաշտոնյաներին Թուրքիայում և մի շարք այլ երկրներում, որոնք Ադրբեջանի դաշնակիցներն են:
Ընդդիմությունը սատարում է նախագահին
Արցախի երեք ընդդիմադիր ուժեր աջակցություն են հայտնել Արայիկ Հարությունյանին։ Նրանց համատեղ հայտարարությունում ասվում է, որ, չնայած Հարությունյանի հետ ներքաղաքական տարաձայնություններին, չեն կարող «անտարբեր մնալ Արցախի Հանրապետության պետականության ինստիտուտներից ցանկացածի նկատմամբ ակնհայտ ոտնձգություններին»․
«Ադրբեջանի իշխանությունը, որը մեր ժողովրդի դեմ ագրեսիա է սանձազերծել 1990-ական թվականներից և հայտնի է բազմաթիվ ռազմական հանցագործություններով, փորձում է քողարկել սեփական մեղքերը»։
Ընդդիմադիրները կոչ են անում «հակաարշավ սկսել», մասնավորապես, հասնել նրան, որ գործընթաց սկսվի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ, որի հետևանքով նրանք կկանգնեն միջազգային դատարանի առջև իրենց կատարած ռազմական հանցագործությունների համար։
Տեղեկություններ Երևանից
«Ինքնապաշտպանության համար քրեական հետապնդումն անտրամաբանական է»
Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ Արայիկ Հարությունյանի քրեական հետապնդումն Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից անհիմն է․
«Միանշանակ է, և ցանկացած ողջամիտ մարդ հասկանում է, որ այդ քրեական գործը որևէ միջազգային իրավական հիմք ունենալ չի կարող: Արցախի ժողովուրդը ինքնապաշտպանություն է կազմակերպել Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ: Իրավական հետապնդում իրականացնել ինքնապաշտպանության համար՝ անտրամաբանական է»։
«Անտարբերությունը կհանգեցնի նոր սադրանքների»
«Եթե նույնիսկ միջազգային իրավունքի տեսանկյունից ադրբեջանական իրավապահ մարմինների մեղադրանքը փաստական առումով հիմքեր չունի էլ, դրանից առաջացող ռիսկերը չեն նվազում։ Ստեղծված իրավիճակում անելիքներն ավելի շատ ՀՀ համապատասխան մարմիններինն է, որոնք միջազգային տարբեր կառույցների միջոցով պետք է սանձեն ադրբեջանական շանտաժը», — կարծում է «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նրա կարծիքով՝ եթե Հայաստանի իշխանությունն «իրեն բնորոշ անտարբեր, անատամ պահվածք դրսևորի», ապա շատ շուտով ականատես կլինենք «ադրբեջանական նոր սադրանքների»։
Ընդդիմադիր գործիչը զգուշացնում է, որ Ադրբեջանից հնչած սպառնալիքը Արցախի նախագահին ձերբակալելու վերաբերյալ շատ ավելի խորը և վտանգավոր գործընթացների մեկնարկի մասին է խոսում, քան կարելի է առաջին հայացքից պատկերացնել․
«Նկատի ունենալով ադրբեջանական «սև ցուցակներում» հայտնված բազմաթիվ մեր հայրենակիցների փաստը՝ իրականում սա միայն մեկ մարդու ուղղված սպառնալիք չէ»։
«Թաքցնել սեփական ռազմական հանցագործությունները»
Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում ընդգծել են, որ Արայիկ Հարությունյանի հետապնդումն Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքական շարժառիթներ ունի, հիմնված է փաստերի մանիպուլյացիայի վրա։ Դա փորձ է՝
- թաքցնել սեփական ռազմական հանցագործությունները,
- մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը,
- ահաբեկել Արցախի խաղաղ բնակչությանը։
«Հայաստանի և Արցախի, ինչպես նաև միջազգային հանրային գործիչների, փորձագետների ու լրագրողների թիրախավորման, նրանց, այսպես կոչված, սև ցուցակներով շանտաժի ու հետապնդման ենթարկելու գործելաոճը լավագույնն է փաստում, որ ադրբեջանական իշխանությունների խաղաղության կոչերն ու հայտարարություններն իրականում կեղծ են, շղարշ են արտաքին աշխարհի համար և ունեն իսկական մտադրությունները քողարկելու նպատակ:
Նրանք թաքցնում են խաղաղ բնակչության նկատմամբ իրենց հանցավոր արարքները խաղաղության կոչերի ներքո, քանի դեռ իրենց ցեղասպան քաղաքականության համար հասցեական արձագանքի և պատասխանատվության չեն արժանացել ու չեն պատժվել իրենց հանցավոր արարքերի համար», — կարծում են Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Հայ օգտատերերի մեկնաբանությունները սոցցանցերում
«Հայաստանը պետք է քրեական գործ հարուցի Ադրբեջանի նախագահի դեմ, ինչպես նաև նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարի պատերազմի ընթացքում խաղաղ բնակչությանը թիրախավորելու համար»։
«Իսկ ո՞վ է Ադրբեջանին խանգարելու դատել Արայիկ Հարությունյանին։ Ռուս խաղաղապահնե՞րը, թե՞ Պուտինը կամ ուրիշ մեկը»։
«Ե՞րբ է Ադրբեջանը պատասխան տալու խաղաղ բնակիչների դեմ արգելված զենքի օգտագործման, այն բանի համար, որ ֆոսֆորով անտառներ էր այրում, թունավորում զինվորներին»։
«Նա, ով դաժանաբար ռմբակոծում էր խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ երեխաներին և ծերերին, հիվանդանոցներն ու ծննդատները, այսօր անամոթաբար պահանջներ է ներկայացնում, որովհետև մենք լռում ենք»։
«Լեռնային Ղարաբաղի բնակիչները կոչ են անում կալանավորել Էրդողանին ու Ալիևին՝ Արցախում պատերազմ սանձազերծելու համար, որի պատճառով կորցրել ենք լույսի պես սերունդ։ Ոչնչացվել են Արցախի պատմամշակույթային մի շարք կառույցներ։ Անմարդկային պայմաններում են պահվում ռազմագերիները։ Ե՞րբ է խորը քնից զարթնելու ՄԱԿ-ը, ո՞ւր են UNESCO-ի ներկայացուցիչները, Եվրոպան։ Արցախը ժողովրդավարական երկիր է, բայց ոչ ժողովրդավար Ադրբեջանն ավելի կարևոր է․ նավթադոլարների պաշարները դեռ չեն սպառվել»։