Թեժ մթնոլորտ ԱԺ-ում․ կհանդարտվե՞ն արդյոք կրքերը Հայաստանի խորհրդարանում
Այսօր Հայաստանի խորհրդարանը պետք է քննարկեր մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։ Օրակարգը, սակայն, փոխվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթից հետո։ Աժ խոսնակը նրան զրկեց նիստին մասնակցելու իրավունքից։ Իրադարձությունների զարգացումը բերեց իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև քաշքշուկի։ Եվ Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին ու հրահանգեց անջատել ուղիղ եթերը։
Բոլոր մանրամասները, թե ինչու պատգամավորին դուրս հրավիրեցին նիստերի դահլիճից, ինչ էր կատարվում ԱԺ-ում, նաև քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի մեկնաբանությունը նոր խորհրդարանի գործելաոճի, օրակարգի և այս պայմաններում բնականոն աշխատանքների իրականացման հնարավորության մասին։
Իրավիճակը դահլիճում
Ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում չցանկացավ անդրադառնալ հանձնաժողովների նախագահների ընտրությանը՝ ասելով, թե դա ավելի շատ նշանակում է, քան ընտրություն։ Պատգամավորը գործընկերների ուշադրությունը հրավիրեց Արցախի խորհրդարանի ղեկավարի այցի վրա։ Աննա Մկրտչյանի խոսքով՝ նա «բերման է ենթարկվել» Հայաստանի Ազգային ժողով մեկ նախադասություն հնչեցնելու համար՝ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով իրենց պետք չէ։
«Մշտական հանձնաժողովներ կլինեն, թե չեն լինի, ով կնախագահի դրանք, միևնույն է, այս ամենաթողության իրավիճակը շարունակվելու է, քանի որ այս ամենաթողության իրավիճակի հեղինակը Հայաստանն ու Արցախը ավիրած, կապիտուլյանտ Նիկոլն է», — ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հիշեցրեց, որ պատգամավորը մեկ անգամ նախազգուշացվել էր, իսկ այս անգամ պետք է լքի նիստերի դահլիճը, այլապես նրան կհեռացնեն անվտանգության աշխատակիցները։
Աննա Մկրտչյանն ինքնակամ հեռացավ դահլիճից, սակայն խորհրդարանում կրքերն այդպիսով չհանդարտվեցին։ Նիստը լքած պատգամավորի ելույթին անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։ Նա Աննա Մկրտչյանին բնութագրեց որպես «Սահմանադրության հեգնանքով ԱԺ-ում հայտնված ոմն պատգամավոր», իսկ պատգամավորի ելույթը՝ «զառանցանք»։
«Մերժված Սերժ Սարգսյանին խորհուրդ կտամ իր լարովի տիկնիկներին այստեղ չուղարկել, որովհետև Սերժ Սարգսյանը մերժվել է 2018 թ. և այդ մերժված լինելու բեռը ամբողջ կյանքում տանելու է իր ուսերին», — ասաց իշխանական թևը ներկայացնող Արփի Դավոյանը։
Նա ևս նախազգուշացում ստացավ Ալեն Սիմոնյանի կողմից և զրկվեց մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթին անդրադարձավ նաև ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ «կապիտուլյանտ», «հողատու» արտահայտություններն անձնական վիրավորանք չեն, այլ քաղաքական գնահատական:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքեց Սաղաթելյանի ելույթին՝ ասելով, որ բնակչությունն արդեն պատասխանել է այդ որակումներին, թե ով է կապիտուլյանտն ու հողատուն։
Դահլիճում աղմուկ բարձրացավ։ Իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև քաշքշուկ սկսվեց, ինչից հետո Ալեն Սիմոնյանը նիստերի դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին ու հրահանգեց անջատել ուղիղ եթերը։
Ժամեր անց խորհրդարանի ղեկավարն առաջարկեց զրոյացնել այն ամենն, ինչ եղել է այսօր ու փակել այս էջը՝ «պիտակների էջը»։ Սիմոնյանը համոզմունք հայտնեց, որ կարող են և պետք է աշխատեն միասին։
Փորձագետի մեկնաբանություն
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գնահատմամբ՝ նման միջադեպեր գրանցվում են նաև աշխարհի զարգացած երկրների խորհրդարաններում, արտառոց ոչինչ չկա։
Նա կարծում է, որ խորհրդարանը գրեթե զուրկ է քաղաքական բովանդակությունից․ այդ մասին են վկայում առաջին նիստերը․
«Առանցքային խնդիրն այն է, որ խորհրդարանում հայտնված ընդդիմությունն ամիսներ շարունակ գտնվում էր փողոցային պայքարի տրամաբանության մեջ, օգտագործում հայհոյախոսական բառապաշար և այլն։
Ակնկալում էին այդ սուր ոճով ՀՀ-ում իշխանության փոփոխության հասնել։ Դա տեղի չունեցավ։ Եղան արտահերթ ընտրություններ, և այդ ուժերը հայտնվեցին խորհրդարանում, բայց նրանց համար չափազանց բարդ է լինելու այդ տրանսֆորմացիան՝ փողոցային հռետորաբանությունից անցնել խորհրդարանական ուժի կարգավիճակին համարժեք վարքագծի, ինչը բոլորովին չի սահմանափակում կոշտ քաղաքական ընդդիմախոսության հնարավորությունը, բայց նաև համարժեք չէ փողոցային հռետորաբանությանը»։
Պետական ինքնիշխանության, պաշտպանունակության և քաղաքական դիմադրողականության ամրապնդում․ փորձագետի կարծիքով՝ այս հարցերը պետք է լինեին հետպատերազմյան Հայաստանի օրակարգում, իսկ դրանք առաջմղողը, գաղափարներ ու մոտեցումներ բերողը պետք է լիներ նաև ընդդիմությունը։
«Մենք, ցավոք սրտի, տեսնում ենք, որ հետպատերազմյան այս ամիսների ընթացքում շեշտը դրվել է հետևյալի վրա՝ հնարավորինս շատ հուսահատության զգացումներ խորացնել հասարակության շրջանում՝ ակնկալիքով, որ այդ տրամադրությունները կբերեն իշխանության հանդեպ անվստահության այնքան խորացման, որ թույլ կտան ընդդիմությանը իշխանափոխության հարց լուծել», — պարզաբանում է Հակոբ Բադալյանը։
Ըստ նրա՝ Ալեն Սիմոնյանի առաջարկին հետևելն ու քաղաքական դաշտ վերադառնալը պահի հրամայական է իշխանական և ընդդիմադիր ուժերի համար, քանի որ ստեղծված իրավիճակը չի բխում նրանց շահերից․
«Կարճաժամկետ էֆֆեկտը, որ նրանք գուցե ստանում են, երկարաժամկետ իմաստով կարող է աշխատել նրանցից յուրաքանչյուրի դեմ։ Ողջախոհությունը պահանջում է, որ այդ ուժերը խորհրդարանական հարթակը և իրենց վարքագիծը բերեն համադրելիության դաշտ, անցնեն քաղաքական բնույթի քննարկումների։ Լավատեսության հիմքերն այդքան շատ չեն, բայց ես չեմ կարծում, որ անհնարին է հասնել դրան»։
Քաղաքական մեկնաբանը վստահ է՝ երկրի հասարակական-քաղաքական զարգացումն իրավունք չունենք պայմանավորել միայն խորհրդարանում տիրող իրավիճակով։
«Մեկ այլ կարևոր հանգամանք էլ կա՝ այն, թե հասարակությունն իր մեջ եղած ակտիվ խմբերով, քաղաքական ուժերով և հասարակական նախաձեռնություններով ինչպիսի դիրքավորում կունենա՝ կլինի՞ «խորհրդարանական թամաշայի» դիտորդի կամ այդ «թամաշան» դատապարտողի դերում, թե՞ կա ներուժ, կան ակտիվ խմբեր, որոնք կձևավորեն հասարակական-քաղաքական նոր բովանդակություն և օրակարգ՝ ստիպելով, որ խորհրդարանում ներկայացված ուժերը համապատասխանեն այդ նոր նշաձողերին», — ամփոփում է Բադալյանը։