Հայաստանում քննարկում են Արցախի զարգացման հեռանկարները
Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քննարկել են Արցախի զարգացման հեռանկարները, իսկ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններն առաջարկել են ձևավորել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։
Հետպատերազմյան Հայաստանում և Արցախում խնդիրները քիչ չեն՝ դիվանագիտական, ռազմաքաղաքական, սոցիալական և այլն։ Ներկայիս իշխանություններն ունեն իրենց առաջնահերթությունները, որոնց մասին էլ հիմնականում բարձրաձայնում են հանդիպում-քննարկումների ժամանակ։ Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր ուժերն էլ ուզում են վերահսկել իրավիճակը՝ բոլոր ուղղություններով։
Ինչ պատկերացումներ ունեն ՀՀ գործադիր և օրենսդիր մարմնի ներկայացուցիչները Արցախի այսօրվա խնդիրների ու վաղվա անելիքների մասին․ համառոտ՝ կառավարությունում և ԱԺ-ում կայացած քննարկումների արդյունքներով։
«Սուր խնդիրներ չենք ունեցել»․ Արցախի նախագահ
Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը երկու կառավարությունների անդամների մասնակցությամբ քննարկել են Արցախի տնտեսական զարգացման հեռանկարներն ու համատեղ ծրագրերը՝ սոցիալական աջակցությունից մինչև բնակարանաշինություն, աշխատատեղերի ապահովում ու տնտեսության զարգացում։
«44-օրյա պատերազմին հաջորդած շրջանում մեր օրակարգն էականորեն փոխվել է, և առաջնային խնդիրներից մեկը համարել ենք Արցախում բնականոն կյանքի վերականգնումը: Այս ընթացքում մենք այդ ուղղությամբ բավականին աշխատանք արել ենք, բայց դեռևս շատ մեծ աշխատանք կա անելու», — ասել է Հայաստանի վարչապետը։
Փաշինյանի համոզմամբ՝ աջակցության ծրագրերը պետք է վերափոխել զարգացման ծրագրերի․ այդ կերպ կվերականգնվի ոչ միայն Արցախի բնականոն կյանքը, այլև տնտեսության բնականոն զարգացման հունը։
«Շատ կարևոր է, որ գտնենք Արցախում բանկային գործիքները գործարկելու ուղիները, որոնք պիտի աջակցեն տնտեսության զարգացմանը, ներդրումների միջավայր ձևավորելուն:
Իհարկե, հասկանալի է, որ սա ունի բազմաթիվ նրբություններ և կոմպոնենտներ, ու մենք պետք է առանց շտապողականության, բայց մյուս կողմից անհրաժեշտ ժամանակում կայացնենք անհրաժեշտ որոշումներ, որպեսզի այս հարցերը կարողանանք լուծել», — ընդգծել է Փաշինյանը։
Արայիկ Հարությունյանի գնահատմամբ՝ անկախ տեղահանված բնակչության թվաքանակից՝ Արցախում սուր խնդիրներ չեն ունեցել․ ՀՀ կառավարության հատկացրած ռեսուրսների հաշվին հաջողվել է Արցախում պահպանել կայուն սոցիալական վիճակ։
«Սոցիալական առումով ՀՀ կառավարության հասցեական քաղաքականությունը լուծել է այդ խնդիրները, զուգահեռ մենք որոշակի տնտեսական ծրագրեր ենք կարողացել իրականացնել, բայց այն, որ տնտեսությունը շատ ավելի մեծ ռեսուրսների ներարկման խնդիր ունի՝ պետք է գիտակցենք: Բոլոր ուղղություններով՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, ավանդական ճյուղերը, որոնց շնորհիվ Արցախի տնտեսությունը զարգանում էր, մեծ կորուստներ են ունեցել», — նշել է Հարությունյանը։
Նա տեղեկացրել է, որ պետական բյուջեի նախագծով 2021-ի համար պլանավորել են 16-17 մլրդ դրանի մուտքեր ու վստահեցրել, որ կկարողանան անցնել 30 մլրդի շեմը․
«Ամենախոշոր հարկատուն, գործատուն՝ «Բեյզ մեթալսն» արդեն աշխատում է 15-20 տոկոսով։ Եվ եթե մեզ հաջողվի նախանշած էներգետիկ ու ջրային ծրագրերն իրականացնել, հաջորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներից այն կաշխատի իր հնարավորությունների 80-90 տոկոսով, ինչը լրացուցիչ 20-25 մլրդ դրամի մուտքեր կապահովի Արցախի պետական բյուջե»։
Տնտեսության վերականգնումն, ըստ նրա, երկար ժամանակ կպահանջի։ Չարեքթար-Գետավան հատվածում արդեն մեկնարկել են 17 մեգավատ հզորությամբ մեկ հիդրոէլեկտրակայանի շինարարական աշխատանքները։ Մինչև 25 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրակայան էլ կառուցվելու է Սարսանգ-Մատաղիս հատվածում։
«Ազգային ժողովը չի կարող հայտնվել լուսանցքում Արցախի հարցում»
Այսօր խորհրդարանը քննարկում է մշտական հանձնաժողովների ձևավորման հարցը։ Նախորդ՝ 7-րդ գումարման Ազգային ժողովում գործում էր 11 մշտական հանձնաժողով։ Առավելագույն թիվը 12-ն է։
Իշխող «Իմ քայլը» խմբակցության նախագծով առաջարկվում է գործող Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխարեն ունենալ երկու առանձին հանձնաժողովներ: Ւսկ ընդդիմությունը կարծում է, որ պետք է անփոփոխ թողնել հանձնաժողովների կազմն ու դրանց ավելացնել ևս մեկը՝ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։
Նախաձեռնությունը «Պատիվ ունեմ» խմբակցությանն է, դրան միացել է նաև «Հայաստան» դաշինքը։
Նախագծի համաձայն՝ հանձնաժողովն իրականացնելու է Հայաստանի և Ադրբեջանի, Արցախի և Ադրբեջանի միջև սահմանազատումների իրականացման միջազգային նորմերի և պրակտիկայի կիրառման ուսումնասիրություն, ինչպես նաև զբաղվելու է ՀՀ կողմից Արցախին տրամադրվող ռազմաքաղաքական, դիվանագիտական, սոցիալական և այլ բնույթի աջակցությունները, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, տարածաշրջանային անվտանգությունն ու մի շարք այլ ոլորտներ կարգավորող օրենքների համակարգմամբ և աշխատանքի կազմակերպմամբ։
«Աշխարհն ունի կարիք՝ լսելու ՀՀ-ից այն մեսիջը, որ մեր ԱԺ-ում ստեղծվում է Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։ Հանձնաժողովի ստեղծումը ցույց կտա, որ մեր երկիրն ամենաբարձր մակարդակով կանգնած է մեր հայրենիք Արցախի կողքին և պատրաստ է կիսել մեր հայրենիքի ցավը», — նախագիծը ներկայացնելիս ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Մամիջանյանի խոսքով՝ անհրաժեշտ է, որ պատշաճ միջազգային գնահատական տրվի ադրբեջանա-թուրքական ագրեսիային: Միակ միջազգային կազմակերպությունը, որն արձանագրել է այդ ագրեսիայի հանգամանքները միջազգայնորեն հետաքննելու անհրաժեշտությունը, Եվրոպական խորհրդարանն է:
«Անհրաժեշտ է նաև կարգավորել Մինսկի խմբի շրջանակներում մինչև 2020 թվականի պատերազմը մշակված ձևաչափի կարգավորման սկզբունքների ու տարրերի շրջանակ վերադարձումը, Արցախում ռուս խաղաղապահների համար ԵԱՀԿ ներկայացուցչության կարգավիճակի ապահովումը՝ մինչև միջազգային իրավունքի շրջանակում հակամարտության լիարժեք կարգավորումը Արցախում նրանց շարունակական ներկայությունն ապահովելու համար», — ընդգծել է Մամիջանյանը։
Պատգամավորը վստահ է՝ Ազգային ժողովը չի կարող հայտնվել լուսանցքում Արցախի հարցում։ Մամիջանյանն Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծումը դիտարկում է որպես հնարավորություն․ քաղաքական մեծամասնությունն այդ կերպ ցույց կտա, որ պատրաստ է կառուցողական աշխատանքի հանուն Արցախի։