Պատվաստումային տուրիզմ․ իրանցիների հոսքը Հայաստան շարունակվում է
Հայաստանը ապահովված է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի բավարար քանակով, և երկրի քաղաքացիները կարող են առանց խնդիրների պատվաստվել յուրաքանչյուր պոլիկլինիկայում, նաև փողոցներում տեղակայված շրջիկ կայաններում։ Սակայն տեղացիների շրջանում պատվաստվել ցանկացողների թիվն այդքան շատ չէ, ավելի ակտիվ են զբոսաշրջիկները։ Իսկ Իրանից շատերը հատուկ են գալիս Հայաստան՝ անվճար պատվաստվելու համար։
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր, հուլիսի 18-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 131 080 պատվաստում, որից առաջին դեղաչափ ստացել են 94 560-ը, երկրորդ դեղաչափ` 36 520-ը։
Այս թվում ներառված են ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ օտարերկրացիները։ Դա հիմնականում հենց իրանցիներն են, որոնց համար Հայաստանը վերածվել է պատվաստումային տուրիզմի հիմնական ուղղության։
- Պատվաստվել փողոցում, քաղաքի կենտրոնում․ տեսանյութ Երևանից
- Կարանտինի երկարաձգում և պատվաստման գործընթաց․ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում
Ինչո՞ւ են իրանցիները պատվաստվում Հայաստանում
Առողջապահության նախարարությունում Հայաստանում պատվաստված օտարերկրացիների վերաբերյալ առանձին վիճակագրություն չի իրականացվում։ Պատկերը քիչ թե շատ հասկանալի է դառնում Զբոսաշրջության կոմիտեի ներկայացրած տվյալներից․ Ըստ այդմ՝ 2021 թվականի մարտին Հայաստան է ժամանել Իրանի 4953 քաղաքացի, արդեն հունիսին նրանց թիվը գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով 8597։
Իրանում պատվաստման հետ կապված 2 հիմնական խնդիր կա․ անվճար պատվաստանյութը այս պահին հասանելի է միայն խոցելի խմբերին՝ 60 տարեկանից բարձր տարիքային խմբի քաղաքացիներին և քրոնիկ հիվանդություններ ունեցողներին։ Մյուսները ստիպված են սպասել առնվազն 5 ամիս։
Բացի այդ, Իրանում հասանելի է միայն մեկ տեսակի պատվաստանյութ՝ տեղական արտադրության, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված բրիտանաշվեդական AstraZeneca-ն, ռուսական Sputnik V–ն կամ չինական CoronaVac-ը Իրանում հասանելի չեն։ Բնականաբար՝ Իրանում կատարվող պատվաստումից հետո այդ մասին վկայող միջազգային հավաստագիր ևս չի տրվում։
Օտարերկրացիների պատվաստումը Հայաստանում
Տեղամասային պոլիկլինիկաներում օտարերկրացիների կուտակվող հերթերից խուսափելու համար այսուհետև նրանց պատվաստումները կիրականացվեն միայն Երևանի տարբեր մասերում տեղակայված շրջիկ պատվաստումային կայաններում։ Օտարերկրացիների պատվաստումն իրականացվում է միայն AstraZeneca պատվաստանյութով, օրական առավելագույնը 50 մարդու։
Շրջիկ կայանների մոտ մարդկային կուտակումներ թույլ չտալու համար Առողջապահության նախարարությունը գործարկել է հերթագրումների էլեկտրոնային համակարգ՝ նախատեսված 3 խմբերի համար․
- ՀՀ քաղաքացիների,
- Հայաստանում կացության իրավունք ունեցողների և
- օտարերկրյա քաղաքացիների։
Ընդ որում՝ համակարգն աշխատում է առաջնահերթության սկզբունքով, այսինքն՝ անկախ այն հանգամանքից, թե երբ է հերթագրվել Հայաստանի քաղաքացին, հերթագրման համակարգը պատվաստման համար առաջին հերթին կընտրի հենց նրան, ապա՝ երկրում կացության իրավունք ունեցողներին, և միայն վերջում՝ հերթում սպասող օտարերկրացիներին։
Կբավականացնի՞ արդյոք պատվաստանյութը բոլորին
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը բացատրում է, թե ինչու են ընդունել օտարերկրացիներին պատվաստելու որոշումը։
Նախևառաջ, որոշումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ նախարարությունը բազմաթիվ դիմումներ է ստացել Հայաստանում դիվանագիտական կամ այլ ծառայություն իրականացնող օտարերկրացիներից, որոնք համաճարակաբանական իրավիճակով պայմանավորված՝ չէին կարող լքել Հայաստանը և պատվաստվել իրենց երկրներում․
«Սկզբնական շրջանում դա նաև մեզ էր անհրաժեշտ, որովհետև Հայաստանը փոքր–ինչ տարբերվում է այլ երկրներից։ Մեզ մոտ պատվաստվելու պահանջարկը մեծ չէր, մարդիկ բավականին պասիվ էին։ Միևնույն ժամանակ շատ էին օտարերկրացի ցանկացողները, որոնք երկարաժամկետ բնակություն են հաստատել Հայաստանում։ Նրանց պատվաստմամբ մենք նաև վերահսկում էինք համաճարակային իրավիճակը»։
Գայանե Սահակյանի խոսքով՝ պատվաստանյութերի բավարար քանակի համար անհանգստանալու կարիք չկա․ նախարարությունը ամենօրյա ռեժիմով մշտադիտարկում է իրականացնում, հաշվում դրանց մնացորդային քանակները։ Պատվաստանյութերի մշտական առկայությունն ապահովելու համար նախարարությունը մշտական բանակցությունների մեջ է արտադրողների հետ։
Սահակյանը հավաստիացնում է՝ օտարերկրացիների պատվաստումների պատճառով Հայաստանի քաղաքացիները պատվաստանյութի դեֆիցիտ չեն զգա։
Պատվաստել բոլորին՝ պետական բյուջեի հաշվին
Եթե նախորդ ամիսներին պետական բյուջեի հաշվին օտարերկրացիների պատվաստումները կառավարությունը ներկայացնում էր որպես մարդասիրական քայլ, այսօր արդեն ավելի հստակ խոսվում է դրա տնտեսական արդյունավետության մասին։
Հուլիսի 15–ից Առողջապահության նախարարի որոշմամբ՝ Հայաստանում անվճար պատվաստում կարող են ստանալ միայն այն օտարերկրացիները, ովքեր Հայաստանում անցկացրել են առնվազն 10 օր։
Այսպիսով փորձ է արվում վերակենդանացնել կորոնավիրուսի հետևանքով ամենատուժած՝ զբոսաշրջային ոլորտը։
«Տուրիզմի 319 % աճն էլ կլինի: Լավ ժամանակն է՝ մտածել բժշկական տուրիզմը նորմալ հիմքերի վրա դնելու մասին», — ասում է Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։ Ըստ տնտեսագետների՝ Հայաստանի կառավարությունը պատվաստանյութի մեկ դեղաչափը գնելու համար ծախսում է 20-30 ԱՄՆ դոլար, մինչդեռ զբոսաշրջիկը Հայաստանում միջինում ծախսում է 70-100 ԱՄՆ դոլար՝ օրական։
Հաշվարկն ամբողջական դարձնելու համար պետք է հիշել, որ պատվաստանյութի երկրորդ դեղաչափի համար օտարերկրացիները ստիպված են վերադառնալ Հայաստան նաև 2 ամիս անց։