Կարծիք․ Վրաստան՝ գրոհ «ժողովրդավարության փարոսի» վրա
ԼԳԲՏ-փրայդի հակառակորդների կողմից բռնությունը ցուցադրեց վրացական հասարակությունում վտանգավոր պառակտումը
Անկարգությունները Վրաստանում՝ ԼԳԲՏ-փրայդի դեմ ելույթներն ու լրագրողների դեմ բռնությունը, ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան մեծ է աշխարհընկալման տարբերությունը վրացական հասարակության տարբեր խմբերի միջև, հատկապես՝ երիտասարդության շրջանում։ Ինչպես նաև այն, որ ԼԳԲՏ իրավունքներին, լիբերալիզմին և արևմտյան կենսակերպին դեմ հանդես եկող խմբավորումներն ավելի ու ավելի կազմակերպված և վտանգավոր են դառնում։
Հուլիսի 5-ին արմատական երիտասարդության խմբերը, որոնց առաջնորդում էին հոգևորականներն ու պահպանողական, հիմնականում՝ այս կամ այն չափով ռուսամետ կազմակերպիչների ներկայացուցիչները, իսկական ջարդ էին կազմակերպել Թբիլիսիի կենտրոնում։
ԼԳԲՏ-փրայդին խոչընդոտելու նպատակով, որն այդպես էլ չկայացավ, ջարդարարները ծեծեցին ավելի քան 50 լրագրողի, մի քանի անցորդի, որոնք «սխալ» տեսք ունեին։ Անգամ դանակի հարվածներ հասցրին լեհ զբոսաշրջիկին, որը, բարեբախտաբար, ողջ մնաց։ Եվ որպես այդ ամենի գագաթնակետ՝ իջեցրին և ոչնչացրին Եվրամիության դրոշը խորհրդարանի շենքի դիմաց։
Ինչպե՞ս է դա հնարավոր դարձել Եվրամիության ասոցացված գործընկեր երկրում, որը ձգտում է դառնալ ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ և մի ժամանակ նույնիսկ «ժողովրդավարության փարոս» էր անվանվում այս բարդ հետխորհրդային տարածաշրջանում։
Ընդ որում, այն պայմաններում, երբ, հարցումների համաձայն, բնակչության 70-80 տոկոսը սատարում է անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին։
2018 թ-ին Թբիլիսին համակած «ակումբային» երիտասարդության ցույցերի ժամանակ ես գրել եմ այն մասին, թե ինչպես այդ իրադարձությունները ցույց տվեցին այն անդունդի մասշտաբները, որը Վրաստանում առաջացել է միևնույն սերնդի ներկայացուցիչների միջև։’
Այն ժամանակ խորհրդարանի դիմացի փողոց էին դուրս եկել գիշերային ակումբների այցելուները, որոնք վրդովված էին ոստիկանների կողմից ուժի անհիմն կիրառմամբ ուղեկցվող ռեյդերով։
Իսկ այսպես կոչված ռեյվ-ցույցի դեմ դուրս էին եկել հարյուրավոր պահպանողական երիտասարդներ, որոնք սպառնում էին հաշվեհարդար տեսնել խորհրդարանի մոտ անցկացվող ակցիայի մասնակիցների նկատմամբ։ Ինչո՞ւ։ Քանի որ նրանք այնպիսի տեսք չունեին և իրենց այնպես չէին պահում, ինչպես պետք է պահեն «իսկական վրացիները»։ Ի՞նչ վատ առիթ է ագրեսիայի համար։
Հենց այդ ժամանակ պարզ դարձավ, թե ինչպես են Վրաստանի տարբեր մտածելակերպն ու ապագայի տարբերակները բախվում միմյանց հետ՝ երիտասարդության այս երկու խմբերի տեսքով։
Ում բախտը բերել է մանկությունից նորմալ կրթություն ստանալ, ուրիշ երկրներ տեսնել, առաջադեմ շրջապատ ընկնել, կայացած ժամանակակից մարդիկ են դարձել, որոնք լիիրավ մրցակիցներ են զարգացած երկրների իրենց հասակակիցներին։
Ինչպես նաև ժամանակակից ժողովրդավարական երկրում ապրելու հմտություններ են ստացել, մասնավորապես, իմացել են, թե ինչ է փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականությունն ու նրանց իրավունքները հարգելը։
Նորմալ կրթություն չստացած երեխաները, որոնք առանց մի ծնողի կամ ծնողների են մեծացել (Վրաստանում շատ ընտանիքներ են այդպես ապրում․ ծնողներն արտասահման են մեկնում՝ գումար վաստակելու), ավելորդ պահպանողական հոգևորականների ազդեցության տակ են ընկել, որոնք նրանց սխալ պատկերացում են տալիս շրջակա միջավայրի մասին, արդյունքում այսպիսի զոմբիներ են մեծացել, որոնք վազվզում են փողոցներում և տենչում հաշվեհարդար տեսնել նրանց նկատմամբ, ովքեր այլ տեսք ունեն։
Այո, սևհարյուրականների ամբոխը հուլիսի 5-ին ակնհայտորեն կազմակերպված էր․ նրանց համակարգում էին ռացիաներով մարդիկ, նկատվում էր, որ շատերին կազմակերպված ձևով մայրաքաղաք են բերել շրջաններից։
Սակայն նրանց մեծ մասն իրականում հավատում էր, որ իր գործողություններով փրկում է հայրենիքը սարսափելի մի բանից։ Մասնավորապես՝ այլասերումից, որը Վրաստան են բերում Եվրոպան և ԱՄՆ-ն, և որը սպառնում է վրացական ինքնությանը։
Նման ատելությունը միանգամից և դատարկ տեղը չի առաջանում։ Այն տարիներով է ձևավորվում։ «Ակումբային ցույցից» երեք տարի է անցել, և այդ օրվանից խմբերը, որոնք իրենց ուլտրաաջ կամ ազգայնական են անվանում, թեև նրանց գաղափարական պատկանելությունը բավականին վիճելի է, ավելի կազմակերպված և վտանգավոր են դարձել։
«Վրացական երազանք» կուսակցությունն իշխանության է եկել 2012 թ-ին։ Եվ այդ օրվանից, փաստացի, «կանաչ լույս» է տրվել Վրաստանում ռուսական քարոզչությանը, ագրեսոր պետության շահերն ուղղակիորեն կամ անուղղակիորեն առաջ տանող կազմակերպություններին։
Այդ օրվանից պետական անվտանգության ծառայությունը զբաղվում է ոչ թե հարևան պետության ազդեցության գործակալների հայտնաբերմամբ, այլ հիմնականում՝ քաղաքական ընդդիմության գաղտնալսմամբ և հետապնդմամբ։
Եկեղեցու ազդեցիկ գործիչների հզոր աջակցությամբ և ֆորմալ արևմտամետ իշխանության թույլտվությամբ հակաարևմտյան, հակալիբերալ և բացահայտ ռուսամետ ուժերն իրենց գործունեությունը տարիներով ծավալել են։
Այդ թվում՝ երիտասարդական լսարանի նկատմամբ։ Կայքերի, սոցցանցերի, տեսաբլոգների և այլնի միջոցով։ Գլխավորը՝ այդ երիտասարդությանը հասկանալի լեզվով։
Այդ ամենը չէր արտացոլվում «մեյնսթրիմային» մեդիայում, այդ պատճառով էլ հասարակության արևմտամետ տրամադրված մասն այդ քարոզչությունը պարզապես չի տեսել և չի նկատել։ Արևմտամետ հասարակությունը պարզապես բաց է թողել վտանգավոր, լավ կազմակերպված և մոտիվացված թշնամու ի հայտ գալը։ Դա անակնկալ էր, ինչպես բարբարոսների հարձակումը։
Իսկ վրացի երիտասարդությունը երկու տարբեր աշխարհների է բաժանվել, որոնք միմյանց հետ գրեթե չեն հարաբերվել։ Առաջիններն ակումբ չեն գնում, երկրորդները՝ եկեղեցի։ Սոցցանցերը յուրաքանչյուրին հնարավորություն են տալիս փակվել իր տեղեկատվական «փուչիկի» մեջ։ Իսկ ընկերները, ծանոթները, ուսման և աշխատանքային գործընկերները հիմնականում միևնույն աշխարհայացքի կրողներ են։
Հուլիսի 5-ին այս երկու աշխարհների բախումը ողբերգության բերեց։ Եվ այն հազիվ թե վերջինը լինի։