Ինչո՞ւ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի դեմ կոմպրոմատի հրապարակումը սենսացիա չդարձավ
Հայաստանի վաչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դեմ «կոմպրոմատի» հրապարակմանն անմիջապես հետևեց դրա արձագանքը։ Երկրում քննարկումներ են սկսվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նրա խոսքում հնչած մանրամասների մասին։ Սակայն «կոմպրոմատի» հրապարակումը սենսացիա չդարձավ։
Նիկոլ Փաշինյանն ինքն էլ մեկնաբանեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացրած գաղտնի ձայնագրությունը։ Նրա խոսքով՝ այն «օգնել է ցույց տալ Ղարաբաղի շուրջ բանակցությունների ողջ էությունը»։
Հունիսի 9-ին Սերժ Սարգսյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի խոսակցության ձայնագրությունը, որի ընթացքում վարչապետի պաշտոնակատարը մանրամասներ է ներկայացնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից։ Ձայնագրությունում Փաշինյանը պատմում է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահների հետ հանդիպման մասին, որը տեղի է ունեցել 2018 թ-ին, Սոչիում։
Նա ասում է, որ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման չի կարող հակամարտության կարգավորման մասին փաստաթուղթ ստորագրել։ Փաշինյանը հրաժարվում է ստորագրելուց անգամ այն բանից հետո, երբ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի նախագահները վստահեցնում են, թե Իլհամ Ալիևը հասկանում է․ «Ղարաբաղը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու»։ Հայաստանի վարչապետի խոսքով՝ իրեն երկրում դավաճան կհամարեին, եթե ինքը շարունակեր մասնակցել բանակցություններին՝ միջնորդների առաջարկած սցենարով։
Փաշինյանի խոսքի ձայնագրության հրապարակման գլխավոր նպատակը Սերժ Սարգսյանի համար այն էր, որ բանակցությունների տապալման և 2020 թ-ի աշնանն Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկի համար ողջ պատասխանատվությունն ընկնի պետության գործող ղեկավարի վրա։ Սակայն Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր և շարունակում է պնդել, որ բանակցային գործընթացի ձախողումն այն ժառանգությունն է, որը ստացել է նախկիններից։
Փաշինյանի և քաղաքագետների մեկնաբանությունները՝ հրապարակված ձայնագրության վերաբերյալ։
- Նախընտրական բացահայտումներ Հայաստանում․ նախկին նախագահը սկանդալային ձայնագրություն է հրապարակել
- Փաշինյանը պատրաստ է իր որդուն փոխանակել Ադրբեջանում պահվող հայ գերիների հետ
Փաշինյանի արձագանքը
Մեկնաբանելով նախկին նախագահի հրապարակած ձայնագրությունը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «կոմպրոմատը» ցույց է տվել, թե բանակցային գործընթացի ինչ փակուղային վիճակ է իրեն ժառանգվել 2018 թ-ի մայիսին․
«Ամենակարևոր պրոբլեմը եղել է այն, որ միջնորդները, ըստ էության, հետագա զարգացումների և կարգավորման ճանապարհային քարտեզի վերաբերյալ արտահայտել են այն նույն դիրքորոշումը, ինչ արտահայտել է Ադրբեջանը։ […] 2016 թվականի հունվարին միջնորդները Հայաստանին, ըստ էության, պայման են ներկայացրել՝ հրաժարվել Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի գաղափարից, ինչը նշանակում է, որ, ըստ էության, հարցը դրված է եղել այսպես. նախկինում գոյություն ուներ տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձև, հետո գոյություն ուներ տարածքներ խաղաղության դիմաց բանաձև, 2016-2018 թվականներին ձևակերպվեց և 2016 թվականի Ապրիլյան պատերազմով ամենավերջին աստիճանի լրջացավ տարածքներ ոչ մի բանի դիմաց բանաձևը»։
Եվ ձախողումների գործընթացն, ըստ Փաշինյանի, սկսվել է 1998 թ-ին, երբ Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ Լեռնային Ղարաբաղը կորցրել է հակամարտության կարգավորման բանակցություններին մասնակցելու հնարավորությունը։
Կարծիքներ
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը կարծում է, որ հրապարակված ձայնագրությունը հակառակն է ապացուցում․ նախկին իշխանությունների օրոք հայկական կողմը հասել էր նրան, որ Ադրբեջանը համակերպվել էր, որ Արցախի տարածքի առնվազն կեսից ավելին չի կարող լինել իր կազմում»․
«Եթե հիշում եք, մինչ այս էլ հայտնի էր, որ 2016 թ. Ալիևը խոստովանել էր, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Իսկ ապագա կապիտուլյանտը սեփական ռեյտինգի համար գիտակցված տապալման տարավ բանակցությունները։ Ոչ թե հող չհանձնելու համար, այլ սեփական ռեյտինգի, ինչպես և պատերազմի ժամանակ էր անընդհատ նորանոր զոհեր տալիս, միայն թե իրեն չասեն դավաճան»։
Քաղաքագետ, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը կարծում է, որ այս դրվագի հիմնական մեսիջն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է բանակցություններ վարել․
«Երբ փակվում է դուռը դիվանագիտության առջև, բացվում է պատերազմի դուռը։ Այսինքն՝ դա բանակցային գործընթացի տորպեդահարում էր, որը կարելի էր դեռ էլի երկարաձգել»։
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի վարչապետը «զրոյացրել է» բանակցային գործընթացը, ինչն էլ հանգեցրել է տապալման և պատերազմի մեկնարկի, որին նա չէր պատրաստվել։ Ոչ պակաս կարևոր հանգանանք է փորձագետը համարում այն, որ ձայնագրությունից պարզ է դառնում․ Փաշինյանին չէր հուզում Արցախին հարող շրջանների կորստի փաստը, նրան ավելի շատ հուզում էր այն, որ իրեն «ազգի դավաճան» կասեն։