Ընդդիմության և իշխանության հավաքները՝ թոփ-3 լրատվականների լուսաբանումներում
Վերջին շրջանում Հայաստանի ընդդիմության և իշխանության նախաձեռնությամբ կայացան մի քանի խոշոր հանրահավաքներ։ Նախ՝ փետրվարի 25-ին, երբ Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ապա՝ մարտի 1-ին։ Կողմերը հավաքներն օգտագործվեցին իրենց ուժը, համակիրների մեծ բանակը ցուցադրելու համար։
Ինչպե՞ս են լուսաբանել հայաստանյան առցանց լրատվականները երկու հանրահավաքները, արդյո՞ք չեզոք են եղել իրենց լուսաբանումներում և ինչպիսի՞ շեշտադրումներով են խոսել երկու ակցիաների մասին։ Դիտարկման համար ընտրվել են հայաստանյան 3 ամենաայցելվող առցանց լրատվամիջոցները, որոնք ստեղծում են նաև վիդեոբովանդակություն՝ 1lurer.am, 168.am և azatutyun.am։ Այս հոդվածում կանդրադառնանաք 2021-ի մարտի 1-ի հավաքների լուսաբանմանը։
- Զուգահեռ իրականություններ Երևանում․ ընդդիմությունն ու իշխանությունը միաժամանակ հանրահավաք են անցկացրել
- Կոնսենսուս չկա, բայց երկխոսությունը կշարունակվի․ Հայաստանի ընդդիմությունն ու իշխանությունը սկսել են բանակցել
- Քաղաքացիական պատերազմի եզրի՞ն։ Միաժամանակ երկու հանրահավաք Երևանում՝ ընդդիմության և իշխանության
Լուսաբանումը՝ 1 lurer.am-ում
Սկսենք պետական ֆինանսավորում ստացող Հանրային հեռուստատեսության կայքից՝ 1lurer.am-ից։ Մարտի 1-ի նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով քաղաքացիներին կաչ արեց մասնակցել իր հրավիրած հանրահավաքին։
Հանրայինն այս կոչը շատ անգամ հեռարձակեց, ապա այն հայտնվեց նաև կայքում։ Բուն հավաքն ու դրան հաջորդած երթը Հանրայինը ցուցադրեց ուղիղ հեռարձակմամբ՝ սկզբից մինչև ավարտ։
Երեկոյան՝ գլխավոր թողարկման ժամանակ, մոտ 17 րոպե նվիրվեց Փաշինյանի հրավիրած հանրահավաքի ամփոփմանը և նրա ելույթին։ Բաղրամյան պողոտայում հանրահավաք իրականացրած ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը» լուսաբանվեց ընդամենը 5 րոպե։
Ընդ որում, ընդդիմության հավաքը ներկայացվեց լրագրողի մեկնաբանությամբ, ոչ թե առանձին տեսաշարով։
Փաշինյանի՝ հարթակում հայտնվելու պահից սկսած անդադար ցուցադրվեց Հրապարակի հավաքը՝ մինչև վարչապետի ելույթի ավարտն ու երթը։ Երթի ընթացքում կրկին միացում եղավ Բաղրամյան պողոտայից և հավաքները ցուցադրվեցին միաժամանակ։
Փաշինյանի հանրահավաքը Հանրայինը ներկայացրեց դրոնով արված տեսանյութերի միջոցավ նաև։
Բացի եթերային թողարկումներից և ուղիղ եթերներից՝ 1lurer.am-ում հրապարակվեց Փաշինյանի ելույթներից և հավաքի մասնակիցների հարցազրույցներից առանձին հատվածներ։
Լուսաբանումը՝ 168.am-ում
Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 1-ի հանրահավաքը 168.am-ը ցուցադրել է վերահեռարձակելով վարչապետի ֆեյսբուքյանի էջի ուղիղ միացումը։ Նախքան այդ՝ լրատվականը երկու տարբեր դիրքերից ցուցադրեց՝ ինչ իրավիճակ է Հանրապետության հրապարակում՝ նախքան երթի մեկնարկը։ Հատուկ ուշադրություն հրրավիրվեց նաև դիպուկահարներին, որոնք պաշտպանում էին վարչապետի անվտանգությունը։
Լրատվականը նաև հրապարակել է վարչապետի ելույթից հատվածներ, որոնցից որոշների վերնագրում Փաշինյանի խոսքերը մեջբերվում են խեղաթյուրված։
Ահա այդ մեջբերումներից մեկը․
Վերնագրում տեղ գտած այս մեջբերումը սխալ է․ սա ելույթի տարբեր հատվածներում հնչած մտքեր են, որոնք միացված են իրար և ներկայացված՝ որպես մեկ միտք։
Այս դեպքում էլ Փաշինյանը ոչ թե հայտարարում է՝ «կիսանախագահական համակարգին անցնելու տարբերակը պետք է լինի», այլ նշում՝ «կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի»։
Իշխանության ակցիան լուսաբանելիս՝ 168.am-ը որոշ դեպքերում հղում էր անում Mediaport տելեգրամյան ալիքին։ Նշենք, որ 168.am-ը հայաստանյան մեդիայի հնաբնակներից է, գործում է 2006 թվականից, իսկ Mediaport-ը ստեղծվել է 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ 2020 թ. նոյեմբերի 11-ին, և այն որպես կանոն հրապարակում է չփաստարկված տեղեկատվություն։
Մարտիմեկյան հանրահավաքին ալիքը ևս զերծ չմնաց նման լուրեր տարածելուց։ Դիտարկենք նման մի հրապարակում, որը հայտնվեց 168.am-ում։
Հղում անելով Mediaport-ին, 168.am-ը գրում է, որ Կենտրոնի թաղապետարանում գումար են բաժանում մարդկանց, որպեսզի մասնակցեն Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին, մինչդեռ հրապարակված տեսանյութում մենք նման պատկեր չենք տեսնում։
Ավելի ուշ Կենտրոն վարչական շրջանից տեղեկացրին, որ տեսանյութում ցուցադրվում է սոցիալապես անապահով ընտանիքներին օգնության տրամադրման գործընթացը, որն իրականացվում է ՄԱԿ-ի գրասենյակի Պարենի համաշխարհային ծրագրով։ Նշված ծրագրով սննդամթերքի աջակցություն է տրամադրվում տարեց թոշակառուներին, Արցախից տեղահանվածներին, Արցախյան պատերազմի վիրավորներին, զոհվածների ընտանիքներին և ալյոց։
168.am-ը վերահրապարակել էր նաև տելեգրամյան ալիքներից մյուսի՝ Dejavu-ի ձայնագրությունները, որոնք մարզերից մարդկանց Փաշինյանի հանրահավաքին տեղափոխելու մասին էին: Այս ձայնագրությունները տարածել էին բազմաթիվ լրատվականներ, դրանցից մեկի բովանդակության իսկությունը հաստատել էր նաև Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը։
168.am-ի լրագրողները նաև ֆիքսել էին Լոռու մարզից հանրահավաքին մասնակցելու նպատակով Երևան շարժվող մարդկանց։
Ընդդիմության հավաքը 168.am-ը բնութագրում էր լեփ-լեցուն, մինչդեռ իշխանության հավաքի դեպքում, կրկին Mediaport-ին հղումով, գրում էր՝ «Փաշինյանի երթին ոստիկանները ժողովրդից շատ են», և ցուցադրում կարճ տեսանյութ քաղաքացիներին ուղեկցող ոստիկանների մասնակցությամբ։
Տեսանյութում սակայն չէին երևում հավաքի մասնակիցները։ Հնարավորություն չկար համեմատելու ոստիկանների և քաղաքացիների քանակը։
Օրինակ 1lurer.am-ի ցուցադրած կադրերում տեսնում ենք բոլորովին այլ պատկեր։
Ընդդիմության իրազեկման ակցիան 168.am-ը լուսաբանում է դրա մեկնարկից, երբ ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժուման» ներկայացուցիչները հավաքվել էին Երևանի Սրբ. Աննա եկեղեցու դիմաց։
Ակցիայի նպատակն էր տեղեկացնել քաղաքացիներին 18:00-ի հանրահավաքի մասին։ Ուղիղ միացումը տևում է ավելի քան մեկ ժամ։ Բուն «Ազգ, բանակ, հաղթանակ» խորագրով ընդդիմության հանրահավաքը ևս լուսաբանվում է ուղիղ հեռարձակմամբ։ Այն 168.am-ի եթերում էր 3 ժամ 23 րոպե։
Ընդդիմության պարագայում հաճախ էին օգտագործվում հավաքի առատությունն ընդգծող կապակցություններ, օրինակ՝ «լեփ-լեցուն հրապարակ», «բազմահազար մասնակիցներով հանրահավաք», «Բաղրամյան պողոտան՝ լույսերի մեջ» և այլն։
Ընդդիմության ակցիան լուսաբանելիս՝ 168.am-ը նշում էր, որ Փաշինյանի հանրահավաքին մարզերից և մայրաքաղաքից ստիպողաբար բերված քաղաքացիներից շատերը միանում են ընդդիմության հավաքին, սակայն ոչ կցված տեսանյութում, ոչ էլ լուսանկարներում ասվածն ապացուցող որևէ փաստ չի ներկայացվում։
Ի տարբերություն lurer.am-ի՝ 168-ը ընդդիմության ակցիան ցուցադրում է բարձրից, ինչն ավելի որոշակի պատկերացում է ստեղծում հավաքված մարդկանց քանակի վերաբերյալ։
Ուղիղ հեռարձակումներից բացի՝ 168.am-ը հրապարակում է նաև ընդդիմության հանրահավաքին ելույթ ունեցած Վազգեն Մանուկյանի, ԻշխանՍաղաթելյանի, Յուրի Խաչատուրովի, ՍեյրանՕհանյանի և մյուս անձանցից առանձին տեսանյութերը։
Լուսաբանումը՝ Azatutyun.am-ում
Ազատություն ռադիոկայանի առավոտյան 10։00-ի, 12:00-ի, 14:00-ի եթերներում հնչում է Նիկոլ Փաշինյանի նախորդ օրվա կոչը՝ մարտի 1-ին հավաքվելու Հանրապետության հրապարակում։ Ցերեկվա՝ 14:00-ի թողարկման մեջ խոսվում է թե՛ Փաշինյանի, թե՛ «Հայրենիքի փրկության շարժուման» նախաձեռնած հավաքների մասին:
Երեկոյան՝ 18:00-ի եթերում կարճ միացմամաբ ռադիոկայանի թղթակիցները ներկայացրին իրավիճակը երկու հրապարակներում՝ նախքան ելույթների մեկնարկը։
Ազատությունը ուղիղ միացմամբ զուգահեռաբար ցուցադրեց նաև երկու կողմերի երթերը։
Նշենք, սակայն, որ Նիկոլ Փաշինյանի խոսքի ժամանակ զուգահեռ միացումներ չեղան։ Բացի դրանից՝ իշխանության հանրահավաքը ամբողջությամբ վերահեռարահրապարակվեց Ազատության յութուբյան էջում։
Գլխավոր թողարկման ժամանակ լրատվամիջոցը ամփոփեց երկու հանրահավաքները։
Ազատության լրագրողը նաև այցելել էր Լոռու մարզ, որտեղ մեկ տասնյակ ավտոբուսներով մարդիկ շարժվում էին Երևան՝ մասնակցելու իշխանության հանրահավաքին։ Այդ մարդկանց թվում էին նաև պետական հաստատության (պոլիկլինիկայի) աշխատակիցներ, որոնց խոսքով՝ իրենք մասնակցել են թե՛ նախկին, թե՛ ներկայիս իշխանության կազմակերպած հանարհավաքներին։
Լրատվականը նաև անդրադարձել էր վարչական ռեսուրսի կիրառման մասին մեղադրանքներին՝ ներկայացնելով ընդդիմության և իշխանության կարծիքը խնդրի վերաբերյալ։
Անփոփելով, կարելի է նկատել, որ հայաստանյան ամենաայցելվող լրատվականներն անհամաչափ ժամանակ էին տրամադրել երկու հանրահավաքների լուսաբանմանը։ Որոշները դիմել էին մանիպուլյացիոն մեթոդների այս կամ այն կողմի հանրահավաքի մարդաշատությունը ընդգծելու, կամ հակառակը՝ այն սակավամարդ ցուցադրելու համար։
Ոչ բոլոր լրատվականներն էին խոսել վարչական ռեսուրսի չարաշահման, մարզերից Երևան տեղափոխվող պետական ծառայողների մասին։ Նկատի ունենալով ամռանը կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունները ու դրան նախորդող քարոզարշավը՝ քաղաքական ուժերի հավասարակշիռ լուսաբանումը առավել ակտուալ և օրախնդիր է դառնում։