Դարավոր ծառեր. միլիարդատիրոջ վերջին գայթակղությունը
Այս հոդվածն այն մասին է, թե ինչպես է Վրաստանի նախկին վարչապետ և ոչ ֆորմալ ղեկավար Բիձինա Իվանիշվիլին սևծովյան ափին գտնվող իր նստավայրում դենդրոպարկ կառուցում։ Դրա համար Արևմտյան Վրաստանի տարբեր վայրերից հսկայական ծառեր են արմատներով տեղահան արվում և ծովով տարվում դեպի միլիարդատիրոջ տուն։ Այդ գործընթացին հարյուրավոր մարդիկ են մասնակցում, դրան է լծված ողջ պետական մեքենան։ Հոդվածը հրապարակվել է մեկ տարի առաջ, սակայն այսօր Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին այն կրկին արդիական է։
__________________________
Վրաստանի նախկին վարչապետ և ոչ պաշտոնական ղեկավար Բիձինա Իվանիշվիլին Սև ծովի ափին իր կեցավայրում դենդրոպարկ է կառուցում: Դրա համար Արևմտյան Վրաստանի տարբեր հատվածներից հսկայական ծառեր են հանվում և ծովով ուղարկվում միլիարդատիրոջ տուն: Այս տեսարանն արդեն մեկ տարուց ավել է՝ վրացական լրատվամիջոցների գլխավոր թեմաներից մեկն է: Այդ գործընթացին ներգրավված են հարյուրավոր մարդիկ և մասնակցում է ողջ պետական ապարատը:
Երբ արևը մայր է մտնում, և ծովը պարուրվում է ջերմ, նարնջագույն լույսով, այս լիրիոդենդրոնն առանձնահատուկ հմայիչ է: Նրա հսկայական ճյուղերը սև ջղերի պես արտահայտիչ են վարդագույն երկնքի ֆոնին:
• Գյուղ, որտեղ ապրում է միլիարդերը
• Վեց բան Միխեիլ Սաակաշվիլիի մասին, որ դուք կցանկանայիք հարցնել վրացիներից
• Ականները՝ վրաց-ադրբեջանական սահմանին
Տաք է: Ոչ քամի, ոչ ալիքներ կան, այդ պատճառով էլ այն, ինչ ես տեսնում եմ իմ առջև, ավելի շատ նման է նկարի, այլ ոչ թե իրականության:
Այս լիրիոդենդրոնն ամենագեղեցիկն է այն վեց ծառերից, որոնք ես տեսել եմ Սև ծովի ափին՝ պատրաստ է տեղափոխվել դենդրոպարկ: Այն արմատներով հանել են հողից, և այժմ սպասում է ափին: Շուտով այն կբեռնեն բեռնանավի վրա և 35կմ կտանեն դեպի Իվանիշվիլիի կեցավայր:
Ես Բաթումում եմ եղել 4 օր և ամեն երեկո Մախինջաուրի էի մեկնում՝ ծովափ, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է ծովով լողում բեռնանավի վրա տեղակայված հսկան, որի նույնիսկ արմատներին հասակս չէր հասնում, և պետք է 12 քայլ անել այն շրջանցելու համար: Ես ինձ պատկերացնում էի, որ դա տեղի է ունենալու երեկոյան՝ մայրամուտին:
— Ե՞րբ են այն տանելու, — հարցնում էի բանվորներին, որոնք նրա հետ օրեր էին անցկացնում. հատուկ տեխնիկայով մանրաքար էին բերում, հողն էին փորում և ծովափն էին մաքրում մեծ քարերից, ճանապարհ էին կառուցում բետոնե սալիկներից և մետաղական խողովակներով ինչ-որ հսկայական կոնստրուկցիա էին հավաքում:
Սակայն ես ստիպված էի հեռանալ Աջարիայից՝ այդպես էլ ականատես չլինելով երազանքիս իրականացմանը: Արդեն Թբիլիսիում ինձ զանգահարեց Ռեզոն և հաղորդեց, որ այդ երեկո ծառը կտանեն:
-Բեռնանավը մոտեցրել են: Այդ բեռնանավը հանգուցյալի դագաղ է: Երբ այն հայտնվում է, ուրեմն ամեն ինչ ավարտված է, — ասաց նա:
Ռեզոն բանվորներից մեկն է, որը հսկայական ծառերը նախապատրաստում է տեղափոխության: Իրականում նրա անունն ուրիշ է, սակայն աշխատավայրում նրան խնդիրներ պետք չեն, այդ պատճառով էլ ստիպված էի նրան խոստանալ, որ հոդվածում անունը Ռեզո է լինելու:
Նրանից մենք իմացանք, թե ինչպես է այդ ամենն աշխատում. սկզբում ծառի շուրջ հողը կտրում են այնպես, որ չվնասեն արմատները: Այնուհետև ծառի տակ ռետինե անիվի պես բան են տեղադրում, որը փշում են հատուկ գործիքով, և ծառը վեր է բարձրանում: Այնուհետև այն պատում են տախտակներով և տեղափոխում են մետաղական խողովակներից պատրաստած կոստրուկցիայի վրա: Վերջում տեղադրում են անիվներով հսկայական կցասայլի վրա և տանում ափ: Այնտեղից ծառն արդեն բեռնանավով լողում է դեպի Իվանիշվիլիի կեցավայր:
Այդ տեխնոլոգիայի օգնությամբ Վրաստանի նախկին վարչապետն ու երկրի ամենահարուստ մարդն արդեն 20 ծառ է տեղափոխել Շեքվեթելիի իր տուն, որը Սև ծովի ափին է: Իվանիշվիլին ասում է, որ մեծ ծառերն իր հոբբին են, սիրած զվարճանքն ու պետք են իրեն բացառիկ դենդրոպարկ ստեղծելու համար:
Յուրաքանչյուր ծառի տեղափոխման համար մի քանի շաբաթ է պետք: Գործընթացին ներգրավված են հարյուրավոր մարդիկ՝ բուսաբաններ, երկրաբաններ, ինժեներներ, բանվորներ, ճանապարհային մասնագետներ, երկաթուղային աշխատակիցներ, էլեկտրիկներ և անվտանգության աշխատակիցներ, խոհարարներ ու վարորդներ:
Աշխատում է տեխնիկա և տրանսպորտ՝ տրակտորներ, վերամբարձ կռունկներ, բուլդոզերներ, բեռնատարներ, էլետկրաքարշներ, բեռնանավ և բուքսիր:
«Պարզվում է՝ աշխարհում նման բան միայն մեկ անգամ են արել՝ Չինաստանում: Իսկ այսօր անում ենք մենք՝ Աջարիայում», — ասում է Ռեզոն և ժպտում:
Ավելի ուշ, ճամփորդելով Աջարիայի և Գուրիայի գյուղերով, ես այդ զգույշ և երկիմաստ ժպիտը բազմաթիվ անգամ եմ տեսել, երբ մարդկանց հետ խոսել եմ միլիարդատիրոջ անսովոր հոբբիի մասին:
Շեքվեթելի՝ միլիարդատիրոջ կեցավայր
Բիձինա Իվանիշվիլիի կեցավայրը Շեքվեթելիում տեղակայված է 260 497 քառակուսի մետր տարածքում՝ ծովի ափի երկայքով, ցանկապատված է երկաթյա ճաղերով:
Ասում են, որ ինչ-որ ժամանակ անց այդ տարածքը բաց կլինի այցելուների համար, և դենդրոպարկը հանրային կդառնա: Սակայն այսօր այնտեղ մուկ էլ չի կարող մտնել:
Թվում է, թե Իվանիշվիլին այստեղ անցկացնում է ժամանակի մեծ մասը: Տեղացիները հաճախ են ուղղաթիռ տեսնում երկնքում:
Կեցավայրը պահպանում են բոլոր կողմերից, և այն հնարավոր է զննել միայն հեռվից, սակայն այնտեղից ոչ մի նորմալ բան չես տեսնի, այդ թվում՝ տները, որոնք օտար աչքերից ծածկված են բարձր սոճուտով:
Ցանկապատի կողքով քայլում եմ դեպի ծովափ: Լսվում է տրակտորների և բուլդոզերների աղմուկը: Բանվորնները զբաղված են ծովում լողացող փոքր «թերակղզիով»: Դա բեռնանավն է, որը ծառեր է տեղափոխում: Չափսերի մասին դժվար է դատել, սակայն եթե իմ 11-հարկանի շենքն այսպիսի կայանատեղի ունենար, բոլոր հարևանների համար տեղը կհերիքեր:
Հարևանությամբ ալիքների վրա տարուբերվում է ժանգոտ բուքսիրը՝ Վրաստանի հնգախաչ դրոշը նավախելին: Հենց այն է բեռնանավը քարշ տալիս, որի վրա լողում են ծառերը:
Նաթանեբիից,
-Սենակիից,
— Զուգդիդիից,
-Լիխաուրայից,
-Օզուրգեթիից (քաղաքներ և գյուղեր Արևմտյան Վրաստանում). այսպիսի պատասխաններ եմ ստանում բանվորներից ի պատասխան այն հարցին, թե որտեղից են դրանք բերվել: Նրանց մոտ ընդմիջում է և նրանք տաքանում են մայիսյան արևի տակ՝ տեղական ծովափի մոխրագույն ավազի վրա:
Նրանք բոլորը շնորհակալ են Իվանիշվիլիին աշխատանք տրամադրելու համար: Աշխատավարձից գոհ են: Նրանք փող չեն ծախսում սննդի և գիշերակացի վրա. այդ ամենը նրանց առանձին տրամադրվում է:
-Մարդը հնարավորություն ունի, այդ պատճառով էլ անում է, ինչ ուզում է, — ասում է մեգրելի առոգանությամբ մի երիտասարդ այն դեպքում, որ ես նրանից ոչինչ չէի էլ հարցրել:
Նա փոխում է լանդշաֆտը
Արդեն երրորդ տարին է, ինչ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի վարչապետ չէ: 2012թ-ին նա բոլորի համար անսպասելի կերպով հաղթանակ տարավ Միխայիլ Սահակաշվիլիի իշխանության հանդեպ ընտրությունների միջոցով: Սահակաշվիլիի «Ազգային շարժումը» երկիրը ղեկավարում էր 9 տարի, և թույլ ու պառակտված ընդդիմության ֆոնին անպարտելի էր թվում:
Իսկ այսօր Իվանիշվիլին ոչ մի տեղ չի երևում դենդրոպարկի շինարարության գործընթացից բացի: Կարծես թե այդ բոլոր քաղաքական առճակատումները նրան պետք էին միայն մեկ բանի համար, որ նա իրավունք ստանա ծառեր տեղափոխելու, և որ ոչ ոք նրան այդ գործում չխանգարի:
Նա բարձրագույն պաշտոնյա չէ և խորհրդավոր օլիգարխ, ինչպիսին էր քաղաքականություն մտնելուց առաջ: Ինքն իրեն նա շարքային քաղաքացի է անվանում, սակայն Իվանիշվիլին բոլորից լավ գիտի, որ դա այդպես չէ: Լրատվամիջոցներում հայտնվում է միայն ընտրությունների ժամանակ, որպեսզի մասնակցի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական արշավին: Դրանից հետո կրկին անհետանում է հանրային տարածքից: Սակայն նրա հետքերն ամենուր են, ինչպես այստեղ՝ Սև ծովի ափին, այնպես էլ Թբիլիսիում, կառավարական կաբինետներում, խորհրդարանի միջանցքներում:
2015թ-ի վերջին, երբ մի վարչապետը փոխարինեց մյուսին, այդ որոշումը կայացվել էր Իվանիշվիլիի կաբինետում: Նախագահ Մարգվելաշվիլիի հետ իշխող թիմի նվագախմբային պայքարը սկսվեց հենց այն օրվանից, երբ Իվանիշվիլին նախագահին անվանեց «իր ամենամեծ սխալ»:
Իվանիշվիլին այսօր նոր դեր ունի. նա անսահմանափակ իշխանություն ունի, սակայն ոչ մի պատասխանատվություն չի կրում:
Վրաստանում ոչ ոք չի կասկածում, որ մարդն, ով արմատներով հանում է բազմատոննանոց ծառերն ու տանում դրանք տուն, Վրաստանի ոչ ֆորմալ ղեկավարն է: Մարդ, որը երկրի ճակատագիրն է կանխորոշում:
«Մենք այնպիսի մասշտաբների հետ գործ ունենք, որ փաստացի նա փոխում է տարածաշրջանի լանդշաֆտը», — ինձ ասաց բնապահպան Նաթա Փերաձեն:
Սեկվոյան և գինկգոն
Աջարիայի Ցիխիսձիրի գյուղում Վալենտինա Սլոբոդենյուկի տունը փոքր բրլի վրա է և թաղված է կանաչի մեջ: Տան ետնամասում ծովի գեղեցիկ տեսարան է բացվում: Իսկ ձախ կողմից, ընդամենը 50 մ հեռավորության վրա մեծ ձորակ է: Բլրի մոտ, որտեղ տեղակայված է տունը, կտրել են մի լանջը: Բոլորավին վերջերս այստեղ երկու հսկա ծառ էր աճում՝ սեկվոյա և գինկգո: Դրանք երկուսն էլ հանվել են այդտեղից Իվանիշվիլիի կեցավայր տեղափոխելու համար:
«Երբ տարան սեկվոյան, ես լաց եղա ողջ գիշեր: Դա իմ ընտանիքի պատմությունն էր», — ասում է հաճելի արտաքինով ուկրաինուհի Վալենտինան, որը ծնվել և ողջ կյանքն ապրել է այստեղ:
— Իսկ ինչո՞ւ դուք նրան զիջեցիք այն, ինչ այդքան սիրում էիք, — հարցնում եմ:
— Նա ինձ չի ստիպել, ընդհակառակը նա շատ մարդկային և ուշադիր է: Ինձ գումար էր պետք, բացի այդ, չէի էլ կարող մերժել: Քույրս ասում է, որ ես հիմար եմ, սակայն ես չեմ ափսոսում: Այնտեղ իմ ծառերին ավելի լավ կնայեն, իսկ այստեղ նորերը կտնկեն, — ասում է Վալենտինան:
Ես ցույց եմ տալիս տան կողքի հսկայական փոսն ու հարցնում՝ արդյոք նա չի վախենում, որ ուժեղ անձրևն իր տունը կքշի կտանի:
«Նա ամեն ինչ կհարթի: Նա խոստացել է, որ այստեղ պատ կկառուցեն և ամեն ինչ կամրացնեն»:
Հետքեր ամենուր
«Այստեղ հետքերն ամենուր են: Պարզապես հետևիր բետոնե սալիկներին, անպայման նպատակակետին կհասնես», — ինձ ուղղորդում էր ծանոթ լրագրողը ճամփորդությունից առաջ:
Բետոնե սալիկներն իրոք շատ էին կենտրոնական ճանապարհի երկայքով և գյուղերում՝ Նաթանեբիում, Բոբոքվաթիում, Չակվիում, Ցիխիսձիրիում, Բուկնարիում, Մծվանե Կոնցխիում և Մախինջաուրիում: Դրանք շարում են, որ տեխնիկան կարողանա հասնել հսկայական ծառերին և տանել դրանք: Ճանապարհները կառուցված են խնամքով, ինչպես տանկերի համար: Մնացած ծառերը, որոնք խանգարել են այն կառուցել, արմատից կտրված են: Իսկ որոշները կանգնած են՝ բաց արմատներով, քանի որ շուրջբոլորը մեծ քանակությամբ հող է փորվել:
Տեսարանն ավելի ազդեցիկ է, քան լուսանկարներում և տեսագրություններում: Կարծես, այստեղով հսկա է անցել՝ հետքեր թողնելով:
Հատվել են էկզոտիկ ծառերի ճյուղերը, որոնք աճում են մերձարևադարձային բացառիկ բուսականություն ունեցող Քոբուլեթի-Բաթում ճանապարհի երկայնքով և որոնք խանգարում էին հսկայական ծառերի տեղափոխությանը: Դրանք հենց այստեղ էլ թափված են: Նույն բանը Գուրիայում է՝ Նաթանեբի գյուղ տանող ճանապարհին:
Չակվի ավանում ընդլայնել են փողոցն ու նեղացրել մայթը, որպեսզի հատուկ տեխնիկան կարողանա ավելի լավ տեղաշարժվել: Այստեղ գլխավոր նավամատույցն է կառուցած, որտեղից ծառերը տեղափոխում են բեռնանավ: Նավամատույցի կառուցման համար մոտակա տների բնակիչների համար փակել են ելքը դեպի ծովափ:
Երբ ծառերը տեղափոխում են ցամաքով, դրան մասնակցում են ոստիկանական մեքենաներ, ծառը դեպի վերջնակետ ուղեկցում է մի քանի պարեկային անձնակազմ: Մի քանի ամիս առաջ ծառը մի քանի ժամ տևած խցանման պատճառ էր դարձել Բաթում-Քոբուլեթի մայրուղում՝ երկրի գլխավոր տրանսպորտային զարկերակի վրա, որով տեղաշարժվում են Թուրքիայից ապրանքով բեռնված բեռնատարները: Ինչպես պատմում էին Նաթանեբի գյուղում, երբ ծառ են տանում, էլեկտրաէներգիան անջատվում է, քանի որ տեղափոխման ժամանակ էլեկտրալարերը կարող են վնասվել, և կարող է հրդեհ բռնկվել: Նույն գյուղում մի քանի ընտանիքներ զրկվել են ջրից, քանի որ, երբ հերթական ծառն էին հանում, վնասել են ջրատարը:
Բոբոքվաթի գյուղում՝ Քոբուլեթիից ոչ հեռու, համազգեստով մոտ 50 մարդ եմ տեսնում: Էլեկտրահաղորդակցման լարերի մոտ ջերմաքարշ էին բերել: Նրանք հանում են երկաթգծի կոնտակտային լարերը: Հսկայական փշատերև ծառը պետք էր անցկացնել երկաթուղու վրայով, այդ պատճառով էլ լարերը պետք էր հանել:
— Իսկ այստեղով գնացք չի՞ անցնելու, — հարցնում եմ:
— Կվերականգնենք կես ժամից: Դա ոչ ոքի չի խանգարի: Այդ ընթացքում, գրաֆիկի համաձայն, գնացք չի անցնելու, — պատասխանում է մեկը:
— Իսկ եթե ուզեք, ձեզ իրավունք կտա՞ն հանելու լարերը:
— Սկզբում մի քիչ փող կաշխատեմ, հետո ամեն ինչի իրավունք կտան:
Բանվորները պատմում են, որ երբեմն անհրաժեշտ է լինում անգամ ռելսերը քանդել: Նրանք Սամտրեդիայից են (քաղաք Քութայիսիի մոտ՝ Արևելյան Վրաստանում) և նրանց հրավիրել են հենց դրա համար:
Սակայն բնապահպաններն ասում են, որ այն, ինչ մենք տեսնում ենք անզեն աչքով, կաթիլ է ծովում: Գլխավոր վնասը, նրանց խոսքով, հասցվում է հողին և լանդշաֆտին: Բաթումում և Քոբուլեթիում հողը հիմնականում կավոտ է, սողանքների վտանգ կա, և դրսից ցանկացած միջամտություն վտանգավոր է: Հսկայական ծառերը հողից հանելու ընթացքում հողը զրկվում է պտղաբեր շերտից, ինչը կարող է էրոզիաներ առաջացնել:
«Բնական միջավայրն այստեղ այլևս երբեք չի վերականգնվի, ինչ էլ անեն», — ասում է բնապահպան Իրակլի Մաչարաշվիլին:
Երկրաբանների և բուսաբանների մի մասն ընդհանրապես խուսափում է լրագրողների հետ այս թեմայի շուրջ խոսել: Նրանցից շատերն աշխատում են Իվանիշվիլիի նախագծերում, և, ինչպես իրենք են բացատրում, նրանք «շահերի բախում» ունեն:
Իվանիշվիլիի ծառերի տեղափոխման գործում ներգրավված է 4 մասնավոր ընկերություն: Միլիարդատերը մի անգամ հանրային կերպով պահանջել է պահպանել օրենքը և ձեռք բերել բոլոր թույլտվությունները նախքան աշխատանքները պլանավորելը: Դա տեղի է ունեցել Քոբուլեթիում, երբ պարզվել է, որ ծառերից մեկը հողից հանելու ժամանակ չեն պահպանվել բոլոր ֆորմալ հատվածները: Այդ ժամանակ նա ընդդիմության և բնապահպան ակտիվիստների ներկայացուցիչների ներկայությամբ հրահանգել է ժամանակավորապես դադարեցնել աշխատանքները:
Աշխատանքները շուտով վերսկսվել են: Պարզվել է, որ տեղական իշխանություններից թույլտվություն ձեռք բերելը դժվար չէ, սակայն երկրի ոչ ֆորմալ ղեկավարի ծառերի տեղափոխմամբ զբաղվող ընկերությունը հարկ չի համարել հոգ տանել ֆորմալ կարգուկանոնի մասին:
Իվանիշվիլին դարավոր ծառերը վերցնում է ինչպես մասնավոր անձանցից, այնպես էլ պետությունից: Հայտնի չէ, թե դրանից ընդհանուր առմամբ ինչ է ստացել բյուջեն: Սակայն հայտնի է որոշ ծառերի համար վճարված գինը: «Բաթումելեբի» ամսագիրը ծառերի տեղափոխման գործընթացին մանրամասն հետազոտություն է նվիրել: Պարզվել է, որ Ցիխիսձիրիում աճուրդի հանված երեք ծառերը վաճառվել են 13 հազար 500 լարիով (5,5 հազար դոլար) աճուրդին մասնակցած միակ ընկերությանը, որը պատկանում է Իվանիշվիլիին: Առաջին տեղափոխված ծառը՝ հսկայական լիրիոդենդրոնը, միլիարդատերը ձեռք է բերել մնացած երկու ծառերի հետ միասին 6200 լարիով (մոտ 2500 դոլարով):
«Ողջ այդ գործընթացն այն բանի նշան է, որ այն, ինչ Վրաստանում հանրության սեփականություն է, շատ հեշտությամբ կարող է հանկարծ դառնալ Իվանիշվիլիի մասնավոր սեփականությունը պաշտոնապես, թե ոչ պաշտոնապես», — ասում է հրապարակախոս Զաալ Անդրոնիկաշվիլին, որի հետ ես կիսվեցի Աջարիա իմ այցելության տպավորություններով:
Հասարակ մարդ
«Նա եկավ 8 անգամ, մի անգամ ցատկեց ցանկապատի վրայով: Շատ երկար ուշադիր զննում էր ծառը: Նա շատ հասարակ մարդ է», — ասում է Լադո Սուրմավան Նաթանեբի գյուղից, որն օլիգարխին վաճառել է իր բակի հաճարենին 5 հազար դոլարով: Այդ փողով նա վճարել է բանկի վարկը: Բոլոր նրանք, ումից Իվանիշվիլին ծառ է գնել, նույն բանն են ասում՝ օլիգարխն անձամբ մի քանի անգամ եկել է ծառերը զննելու: Նա ոչ ոքի չի ստիպում, բայց մերժում էլ գրեթե երբեք չի ստանում:
Հարևան գյուղում մի ընտանիք Իվանիշվիլիին է տվել ծառը երեխայի համար մեկ համակարգչի դիմաց: Նրանք բոլորն ասում են, որ չեն էլ փորձել սակարկել և ընդունել են առաջարկը:
Սուրմավա ընտանիքի հաճարենին ամենատխուր պատմությունն ունի: Ծառը չի դիմացել տեղահանմանն ու կիսվել է: Ասում են՝ այդ օրը բոլորն ընտանիքում լալիս էին՝ և երեխաները, և մեծերը:
Այն վայրում, որտեղ հաճարենին էր, հիմա կարմիր կավի գույնի հսկայական փոս է՝ մեկ հարկանի տան հիմքի չափ: Փոսում հսկայական ծառի մեծ և ճյուղազուրկ մարմինն է: Կացիններով երկու հոգի կտրում են նրա մնացորդները: Սուրմավա ընտանիքի հաճարենին գյուղի համար վառելափայտ կդառնա:
Այդ հաճարենին շատերի համար անհնազանդության խորհրդանիշ է դարձել. նա միակ կենդանի էակն էր, որն անսպասելի ուղղումներ է մտցրել օլիգարխի պլանների մեջ:
Գուրիա շրջանի Նաթանեբի և Ուռեկի գյուղերում մարդիկ առանձնահատուկ շնորհակալ են Իվանիշվիլիին: Ինչպես ինձ այստեղ պատմեցին, յուրաքանչյուր ընտանիքից նվազագույնը մեկ մարդ աշխատում է կամ Իվանիշվիլիի կեցավայրի բարեկարգման աշխատանքներում կամ ծառերի տեղափոխման գործընթացում, կամ նրա այլ նախագծերում:
«Այդ մարդն ամեն ինչ կարող է, դրա հետ ի՞նչ կարող ես անել: Մի քիչ փող է տալիս կարիքավորներին, ո՞վ դրանից կհրաժարվի: Մարդն Աջարիան ու Գուրիան տեղերով փոխել է, իսկ Նաթանեբին՝ տեղափոխել Շեքվեթելի», — ինձ ասաց միջին տարիքի տեղացի, որին ես տարա մինչև կենտրոնական մայրուղի:
Տարօրինակ հոբբի
Վրաստանի ամենահարուստ մարդն ասում է, որ բազմամյա ծառերը նրա հոբբին են և գլխավոր հետաքրքրությունը և դրանով նա ոչ ոքի չի խանգարում:
«Ես ճոխության մեջ չեմ ապրում: Թանկարժեք իրեր, հագուստ կամ այլ հարմարություններ չունեմ, որի պատճառով ինձ անհարմար կարող եմ զգալ: Ես այդ հետաքրքրությունն ունեմ… Սակայն ես համաձայն եմ այն հարցի հետ, որ դա երևի թե չափազանց է այդքան գումար ծախսել ծառերի տեղափոխման վրա», — «Լիրիոդենդրոն» ֆիլմում ասում է Իվանիշվիլին, որը նկարահանել է նրան պատկանող GDS հեռուստաընկերությունը, և որն ամբողջությամբ նվիրված էր օլիգարխի անսովոր հոբբիին:
Որքան արժե մեկ ծառի տեղափոխումը՝ կարելի է պատկերացնել՝ ողջ գործընթացի մասշտաբայնությունից դատելով:
«Ֆորբս» ամսագրի այս տարվա վարկանիշի համաձայն՝ Իվանիշվիլին միլիարդատերների ցուցակում 367-րդ տեղն է զբաղեցնում: Նրա կարողությունը ենթադրաբար 4,5մլրդ դոլար է գնահատվում: Կարողության մի մասը նա ծախսում է արվեստի գործերի վրա: Նրա հավաքածուում է Պիկասոի վրձնին պատկանող «Դորա Մաարը կատվի հետ» կտավը կա, որի համար 95մլն դոլար է վճարել, ինչպես նաև Ֆրիդա Կալոյի նկարները: Նրա տանն ապրում են էկզոտիկ կենդանիներ՝ վագրաձի, պինգվիններ և անգամ շնաձուկ:
Իվանիշվիլին քնում է վրացիների համար անսովոր ժամի՝ 10-ին, իսկ հեռուստահաղորդումներում սիրում է խոսել հագեվերլուծության, Նիցշեի և Ֆրեյդի մասին: Ասում է, որ ինքն էլ է աշխատում մարդու էության մասին գրքի վրա: 2011թ-ին նախքան Իվանիշվիլիի իշխանության գալը Թբիլիսիի օդանավակայանում ձերբակալեցին նրա ընկերոջը, որը օլիգարխի համար Մոսկվայից օկուլտային հանքանյութեր և գրականություն էր բերում:
Իվանիշվիլիի ինչի՞ն են պետք հսկայական ծառերը: Այդ մասին ես շատերին հարցրի ծովափին:
«Նա փող ունի, այդ պատճառով էլ անում է այն ամենն, ինչ ուզում է». այսպիսին էր ամենատարածված պատասխանը: Այդպես է կարծում նաև Քեմալ Սարուխանիշվիլին՝ Մախինջաուրիի բնակիչը, որն ամեն օր ծովափով զբոսնում է թոռների հետ, որպեսզի նայի կոնտեյների վրա բեռնված ծառին:
Ավելի օրիգինալ վարկածներ էլ կային: Օրինակ, ոմանք վստահ են, որ Իվանիշվիլին անտեղի չէր ծախսի այդպիսի փողեր, և իրականում հսկայական ծառերի տակ այլ ինչ-որ կարևոր գաղտնիք կա. «Ասում են, նա գրկում է այդ ծառերն ու էներգիա ստանում դրանցից»: Իսկ ոմանք կարծում են, որ նա ուզում է պատմության մեջ մտնել՝ բացառիկ դենդրոպարկ ստեղծելով:
Լսել եմ նաև այսպիսի վարկած. «Գուրիայում, որտեղ նրա կեցավայրն է, թթվածինը չի հերիքում: Այդ պատճառով էլ նա Աջարիայից ծառերը տանում է, որ լավ օդ շնչի»:
«Ինչի՞ համար է հավաքում բացառիկ ծառերը: Դենդրոպարկ ստեղծելու համար, որը հանրության համար բաց կլինի», — սա արդեն Իվանիշվիլիի «Քարթու» հիմնադրամի ներկայացուցիչ Գոերգի Ուձիլաուրին է ասում:
Սակայն միաժամանակ նա ասում է, որ Իվանիշվիլին պարտավոր չէ դենրոպարկը պետությանը փոխանցել, և դա կախված է նրա բարի կամքից:
«Եթե ես ինձ մոտ կարող եմ դենդրոպարկ ստեղծել, եթե ես ֆինանսական հնարավորություններ ունեմ, ես դա կանեմ: Եթե հարկ համարեմ, որ դենդրոպարկ այցելելու համար գին է պետք սահմանել, կսահմանեմ: Եթե ոչ, կբացեմ, քանի որ դա իմ մասնավոր սեփականությունն է», — բացատրում է Ուձիլաուրին:
Մայիսի վերջին բոլոր «պահեստավորված» ծառերը, որոնք ես տեսել եմ ծովափին, պետք է տեղափոխվեն նրա տուն: Ինչպես ասում են, ծառերի տեղափոխման գործընթացը կդադարեցվի մինչև սեպտեմբեր, քանի որ ամռանը ծառերը խորհուրդ չի տրվում տեղափոխել: Բացի այդ, Աջարիայում մեկ ամիս անց հանգստյան սեզոն կսկսվի:
«Սեպտեմբերից կրկին կվերականգնենք աշխատանքը», — ասում է Ռեզոն: Նրա համար այդ աշխատանքը կարևոր է. նա երեք փոքր երեխա ունի:
Ես կանգնած եմ Շեքվեթելիում՝ ցանկապատի մոտ, որն առանձնացնում է միլիարդատիրոջ առանանձատունը, և փորձում եմ տեսնել, թե ինչ է տեղի ունենում ներսում: Խճաքարով պատված ճանապարհով անվերջ շարժվում են հսկայական բեռնատար մեքենաներ՝ փոշու ամպեր ստեղծելով: Կարծես դիտմամբ, որ ոչինչ չերևա:
Սակայն երբեմն, երբ դադարը ձգվում է, և փոշին՝ հասցնում նստել, սոճիների արանքից շատ բարձր, կմախքի նման ծառի ուրվագիծ է երևում՝ գրեթե առանց տերևների: Դա դարավոր կակաչենին է, Վրաստանում լեգենդ դարձած լիրիոդենդրոնը՝ առաջին ծառը, որն այստեղ է տեղափոխվել նախորդ տարվա գարնանը: Եվ այստեղ ես կրկին հիշում եմ Սուրմավա ընտանիքի հաճարենին՝ միակ անհնազանդ ծառը, որը խաթարել է Իվանիշվիլիի պլանները:
Աջարիայից վերադառնալիս Ուռեկի գյուղի մոտ ես մանրաքարով մեծ բեռնատար տեսա:
— Ծա՞ռ եք տեղափոխում, — հարցնում եմ՝ ավտոմատ կերպով պատրաստելով ֆոտոխցիկը:
— Ի՞նչ ծառ, գենացվալե՛: Հյուրանոց ենք կառուցում, — պատասխանում է վարորդն ինձ արդեն հայտնի երկակի ժպիտով, որը ես բազմաթիվ անգամ հանդիպել եմ այս տեղանքում միլիարդատիրոջ տարօրինակ հոբբի մասին զրուցելիս: