Չնանյած կորոնավիրուսով վարակման դեպքերի աճին՝ կառավարությունը մտադիր չէ բիզնեսի համար խիստ սահմանափակումներ մտցնել։ «Վրաստանը տնտեսությունը կանգնեցնելու պլաններ չունի, բավական է, որ ողջ երկրում չի գործում հանրային տրանսպորտը (2021 թ․ մայիսի 3-12-ը), ինչը նպաստել է բնակչության տեղաշարժի նվազմանը»,- մայիսի 6-ին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավան։
2020 թ-ին այլ մոտեցում էր կիրառվում․ կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի պարագայում փակվում էին բիզնեսի բոլոր տեսակները։ Այժմ համաճարակային իրավիճակը կառավարվում է առանց այդ ծայրահեղ միջոցների, ինչն, ըստ Տուրնավայի, ճիշտ մոտեցում է։
Վրաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը սկսվել է 2021 թ-ի ապրիլի կեսերին, և համաճարակաբանները դրա գագաթնակետին են սպասում մայիսի կեսերին։
Տեղաշարժը սահմանափակելու համար կառավարությունը Զատկի երկարատև արձակուրդ է հայտարարել՝ մինչև մայիսի 13-ը։ Այդ ողջ ընթացքում չի աշխատելու հանրային տրանսպորտը, շարունակվում է պարետային ժամի կիրառումը՝ ժամը 21.00-ից մինչև 05.00-ն։ Շաբաթ և կիրակի օրերին սրճարաններն ու ռեստորանները նախկինի պես կարող են աշխատել միայն բացօթյա տարածքներում։
Ավելի վաղ կառավարությունը չեղարկել էր սահմանափակումների մեծ մասը, որոնք սահմանվել էին 2020 թ-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Դա դեռևս չի օգնել տնտեսությանը․ 2020 թ-ի աշնանը ՀՆԱ-ն նվազել է 6,2 տոկոսով։
Վրաստանը փակ էր անցյալ տարվա մարտին կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Սակայն դրանից առաջ՝ 2019 թ-ին, Վրաստան էր այցելել ավելի քան ինը միլիոն օտարերկրյա հյուր, և զբոսաշրջությունը Վրաստանի տնտեսությանը բերել էր 3,2 մլրդ դոլար։
Ազգային վիճակագրական վարչության տվյալներով՝ Վրաստանի տնտեսությունը 2020 թ-ին կրճատվել է 6,1 տոկոսով, ինչը ռեկորդային անկում է վերջին 26 տարում։