ՀՀ-ում շտապ փոփոխել են Ընտրական օրենսգիրքը՝ ընտրությունների նախաշեմին
Հայաստանի խորհրդարանն արագացված ռեժիմով ընդունել է Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները։ Դրանք նախաձեռնել է «Իմ քայլը» իշխող դաշինքը։ Սա նշանակում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք նշանակված են հունիսի 20-ին, անցկացվելու են միայն կուսակցական ցուցակներով, այսինքն՝ համամասնական ընտրական համակարգով, ռեյտինգային ցուցակներ այլևս չեն լինելու։
Փոփոխությունների ընդունման օգտին է քվեարկել 82 պատգամավոր։ Դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել։
Խորհրդարանում ներկայացված երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ փոփոխություններին դեմ են արտահայտվել։ «Լուսավոր Հայաստանը» նաև հայտարարել է, որ այս պահից ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում։
Համամասնական ընտրական համակարգը ենթադրում է իշխանության ընտրական մարմինների ձևավորում միայն կուսակցական ցուցակներով։ Համամասնական համակարգով ընտրությունների անցկացման դեպքում մանդատները բաշխվում են՝ ըստ կուսակցությունների հավաքած ձայների քանակի։
Ռեյտինգային քվեարկությունն ընտրական համակարգ է, որը կիրառվում է՝ ընտրացուցակներում ներկայացված երկու և ավելի թեկնածուներից մեկին որպես հաղթող ընտրելու համար։ Քվեարկության ժամանակ ընտրողները թեկնածուներին դասավորում են՝ ըստ նախընտրության, այլ ոչ թե պարզապես քվեարկում են մեկ թեկնածուի օգտին։ Եթե թեկնածուն ստանում է ձայների կեսից ավելին, նա հաղթում է։
- Օրը հայտարարվել է․ արտահերթ ընտրությունները Հայաստանում կանցկացվեն հունիսի 20-ին
- Հետհեղափոխական մեդիամետաստազներ Հայաստանում
- Ռուսաստանի խաղաղապահ առաքելության խաթարում․ Արցախի արձագանքն Ադրբեջանի սադրանքին
Ի՞նչ էր ուզում փոխել իշխող ուժը
«Իմ քայլը» խմբակցությունը հետևյալ փոփոխություններն է առաջարկել․
- ռեյտինգային համակարգը փոխարինել համամասնականով,
- նոր անցողիկ շեմ սահմանել կուսակցությունների և կուսակցական դաշինքների համար․ կուսակցությունների համար՝ 4%, երկու կուսակցությունից բաղկացած դաշինքի համար՝ 8%, երեքի համար՝ 9%, չորս և ավելի կուսակցությունների համար՝ 10%,
- չեղարկել կուսակցությունների թվի սահմանափակումը, որոնք մասնակցում են հետընտրական կոալիցիաների ձևավորմանն, ու երկարաձգել դրանց ձևավորման համար նախատեսված ժամկետը,
- ավելացնել խորհրդարանում ներկայացված ներկայիս երեք ուժերի թիվը՝ հասցնելով այն չորսի,
- կրճատել ընտրական գրավի չափը խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցական դաշինքների համար։
Իշխանության դիրքորոշումը
Մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղորդեց, որ հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու։
Արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ պայմանավորվածությունն իշխանությունն ու խորհրդարանում ներկայացված երկու ընդդիմադիր կուսակցությունները ձեռք են բերել՝ հանուն երկրում երկարատև ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման։ Այն առաջացել է 2020 թ-ի աշնանն Արցախյան երկրորդ պատերազմում պարտություն կրելուց անմիջապես հետո։ Ընդդիմությունն այդ օրվանից պահանջում է վարչապետի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է հեռանալ միայն ընդդիմության կողմնակիցների պահանջով։
Գործող իշխանության ներկայացուցիչները միանգամից հայտարարել են, որ ուզում են փոփոխություններ կատարել Ընտրական օրենսգրքում։
Եվ ամենագլխավոր փոփոխությունը նույնպես նախապես է հայտարարվել․ ընտրությունները պետք է անցկացվեն միայն համամասնական ընտրական համակարգով, այսինքն՝ կուսակցական ցուցակներով։
Ապրիլի 1-ին փոփոխությունների քննարկման ժամանակ «Իմ քայլը» իշխող կուսակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը հիշեցրել է, որ ռեյտինգային ընտրական համակարգը Հայաստանում բոլոր ընդդիմադիր կուսակցությունների քննադատությանն է ենթարկվել ներդրման պահից ի վեր․
«Ցանկանում եմ ընդգծել, որ մաքուր համամասնական համակարգով ընտրությունների անցկացման հարցի շուրջ քաղաքական ուժերի շրջանում ի սկզբանե մեծ կոնսենսուս է եղել։ 2018 թ-ի ընտրություններին ռեյտինգային համակարգից հրաժարումը ներկայացված է եղել ներկայիս բոլոր խորհրդարանական կուսակցությունների ծրագրում»։
Ընդդիմությունը դեմ է, բայց նախկինում կողմ էր
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդհանրապես հրաժարվել է մասնակցել նիստին։ Իսկ «Լուսավոր Հայաստանն» առաջարկված փոփոխությունները խիստ քննադատության է ենթարկել։ Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է․
«Հարգելի քաղաքացիներ, ձեր անվան տակ շահարկումների միջոցով փորձ է արվում հերթական սխալ քայլը կատարել։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է դրվում, եթե խաղի կանոնները փոխվում են»։
Ընդդիմադիր գործչի խոսքով՝ Հայաստանի քաղաքացիներն, առանց այդ էլ, զրկված են նախագահ և խոշոր քաղաքներում քաղաքապետ ընտրելու իրավունքից։ Իշխանության կարծիքով՝ եթե ժողովրդին ընտրելու հնարավորություն տրվի, մարդիկ կքվեարկեն հանցագործների օգտին։ Այդ պատճառով էլ, ըստ նրա, հենց իշխանությունը պետք է կազմի ընտրական ցուցակները։
«Ձեզ մոտ 44 մարդ ընտրվել է ռեյտինգային համակարգով։ Ձեզնից ո՞վ է հանցագործ։ Խնդիրն ընտրակարգը չէր, այլ այն, որ ընտրակաշառք էր բաժանվում։ Դուք չեք կարողանում նույնիսկ ճիշտ ձևակերպել խնդիրը», — իշխանության ներկայացուցիչներին է դիմել ընդդիմադիր գործիչը։
Այս քննադատությանը պատասխանել է իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։ Նա մեջբերել է հատվածներ Մարուքյանի 2018 թ-ի ելույթից, երբ նա դեմ էր արտահայտվել ռեյտինգային համակարգին։
Այս փոփոխություններով, ըստ Ռուբինյանի, իրենք ոչ միայն կատարում են իրենց խոստումն ու պարտավորությունն, այլ նաև մյուս խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ցանկությունը։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը կարծում է, որ ռեյտինգային համակարգը աշխարհի ամենախայտառակ ընտրական համակարգերից մեկն է։
«Ես չգիտեմ նույնիսկ երկիր, որտեղ դա կիրառվում է, ասում են՝ 1-2-ը կան: Թե որտեղից գտան բերեցին նախորդ իշխանությունները՝ այդպես էլ հանելուկ մնաց: Դա այնպիսի խառը ընտրակարգ է, որ նույնիսկ մասնագետները գլուխ չեն հանում:
2017-ի ընտրությունների ժամանակ 2300 մարդ եղել է պատգամավորի թեկնածու, ընտրությունից հետո կիրառվում էր 8-9 բանաձեւ, որ հաշվեին՝ ում կուսակցությունը ինչքան մանդատ պիտի ունենա: Ես սա պատկերավոր մեկնաբանում էի «աջ ոտքով ձախ ականջը քորելու ընտրակարգ»։
Այս համակարգով ոչ մի դեպքում չէր կարելի գնալ ընտրության: Կա բրիտանական համակարգ՝ 100 տոկոս մեծամասնական, կամ իտալականը՝ 100 տոկոս համամասնական, երբ որ մարդը քվեարկում է կուսակցությանը և ամեն կուսակցություն ստանում է այնքան տեղ, որքան ձայն է ստացել:
Ի՞նչ կարիք կար այդքան բարդ հիմարություն հորինել»։