Կարանտինն Ադրբեջանում երկարաձգվել է ևս երկու ամսով
Ադրբեջանում կարանտինը երկարաձգվել է ևս երկու ամսով՝ մինչև 2021 թ․ հունիսի 1-ը։ Որոշումն ընդունել է Ադրբեջանի նախարարների կաբինետին կից կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Ապրիլին և մայիսին հանրային տրանսպորտը շաբաթ և կիրակի օրերին չի աշխատելու։ Քաղաքացիները ստիպված կլինեն առանց ավտոբուսների տեղաշարժվել նաև մարտի 20-29-ին․ տոնական օրերին դրանց երթևեկությունն արգելված է։
- Վրաստանում բուժքույր է մահացել AstraZeneca պատվաստանյութի ներարկումից հետո։ Պատվաստումը մասնակիորեն կասեցված է
- Ադրբեջանում առաջին անկախ թատրոնը փողոցում է հայտնվել Ազգային թատրոնի օրը
- AstraZeneca․ փրկությո՞ւն, թե՞ վտանգ։ Ամեն ինչ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ վերջին վեճերի մասին
Վերջին անգամ կարանտինը երկարաձգվել է հունվարին՝ մինչև ընթացիկ տարվա ապրիլ։
Հանրային տրանսպորտն արձակուրդ է գնում
Ինը օր՝ մարտի 20-29-ը, ոչ աշխատանքային է հայտարարվել Նովրուզի կապակցությամբ։ Այդ օրերին արգելված է հանրային տրանսպորտի աշխատանքը ողջ երկրում։
Բացի այդ, ավտոբուսները չեն աշխատելու շաբաթ և կիրակի օրերին՝ ընդհուպ մինչև 2021 թ․ հունիսի 1-ը։ Սա նոր որոշում չէ․ Ադրբեջանում ավտոբուսները 2020 թ-ի հոկտեմբերից հանգստյան օրերին չեն աշխատում։
Հոկտեմբերից Բաքվում չի աշխատում նաև մետրոն՝ հանրային տրանսպորտի հիմնական տեսակն Ադրբեջանի մայրաքաղաքում։ Մետրոպոլիտենի բացումը դեռևս չի քննարկվում, ասել է նախագահի օգնական Շահմար Մովսումովը։ Տրանսպորտի այս տեսակը վարակի տարածման մեծ ռիսկ է կրում իր մեջ, նշել է նա։
Հարսանիք չի լինելու
Ադրբեջանի նախագահի օգնական Շահմար Մովսումովն օպերատիվ շտաբի ճեպազրույցի ժամանակ պատասխանել է հարսանիքների անցկացման թույլտվության վերաբերյալ լրագրողների հարցին։
Այս հարցը կառավարության մակարդակում դեռևս չի քննարկվել, և կարանտինի փուլում զանգվածային միջոցառումները խորհուրդ չեն տրվում, նշել է նա։
Ադրբեջանում հարսանիքների անցկացումն արգելված է 2020 թ-ի մարտից։
Շրջաններ տանող ճանապարհները չեն փակվել
Բաքվի բնակիչների առանձնահատուկ անհանգստությունը կապված էր տոնական օրերին մայրաքաղաքից դեպի շրջաններ երթևեկության հետ։ Բանն այն է, որ մարդիկ, ավանդույթի համաձայն, գարնանային արձակուրդներն անցկացնում են քաղաքից դուրս։
Սակայն օպերատիվ շտաբը որոշում է կայացրել չփակել դեպի երկրի շրջաններ տանող ճանապարհները։
Տոնական օրերին աշխատելու են սրճարաններն ու ռեստորանները։ Դրանք կարող են աշխատել առավոտյան վեցից մինչև կեսգիշեր։
Բրիտանական շտամն Ադրբեջանում
Մարտի 18-ին Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հայտարարություն է արել երկրում կորոնավիրուսի բրիտանական շտամի հայտնաբերման մասին։
Նշվում է, որ կորոնավիրուսի նոր, ավելի վտանգավոր շտամով արդեն վարակվել է երեք մարդ՝ երկու կին և մեկ տղամարդ։
Սկսվում է 40 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումը
Մարտի 22-ից Ադրբեջանում սկսվում է 40 տարեկանից բարձր տարիքի քաղաքացիների պատվաստումը։ Սա բնակչության պատվաստման գործընթացի արդեն չորրորդ փուլն է։
Առաջին փուլում պատվաստվել են բուժաշխատողները, երկրորդ փուլում՝ 65 տարեկանից բարձր անձինք, երրորդում՝ 50 տարեկանից բարձր քաղաքացիները։
Կառավարության հաղորդագրության համաձայն՝ մինչև մարտի 19-ն Ադրբեջանում պատվաստվել է ավելի քան 470 հազար մարդ։
Երկրում օգտագործվում է չինական արտադրության Sinovac պատվաստանյութը։
Մեկնաբանություններ
Սոցցանցերի օգտատերերն ակտիվորեն քննարկում են օպերատիվ շտաբի ճեպազրույցն ու նրա ընդունած որոշումը։ Ահա մի քանի բնորոշ մեկնաբանություն․
«Թրիլլեր-սերիալ՝ ադրբեջանական ձևով, որը կոչվում է «Ճեպազրույց»։ Եվ բոլորը սրտի տրոփյունով սպասում են դրա մեկնարկին և ագահաբար կլանում են օպերշտաբի յուրաքանչյուր խոսքը։ Նման հուժկու հաջողություն չի ունեցել անգամ Ռոբերտ դե Նիրոն «Կնքահայրը» ֆիլմում»։
«Կարծում եմ՝ բրիտանական շտամի և ճեպազրույցի շուրջ այս ամբողջ իրարանցումը տեղեկատվական շղարշ է»։
«Քանի դեռ ժամանակ կա, լուսանկարվեք ավտոբուսի հետ, հետո ուշ կլինի»։