Կայուն անկայունություն Հայաստանում. ելքը ռեստա՞րտն է
Հայաստանում սուր քաղաքական ճգնաժամն ավելի ու ավելի է խորանում: Կայուն անկայունության պատճառը պառակտված հայ հասարակության երկու բևեռների միջև հակասություններն են: Իսկ նրանց միջև կան մեծ թվով մարդիկ՝ ապատիայի և հիասթափության մեջ: Ո՞րն է ելքը քաղաքական ճգնաժամից:
Իրավիճակի վերլուծություն Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանից:
- Կոնսենսուս չկա, բայց երկխոսությունը կշարունակվի․ Հայաստանի ընդդիմությունն ու իշխանությունը սկսել են բանակցել
- Դիպուկահարներ, նռնակներ և զինվորականներ․ Երևանում ընդդիմության հերթական հանրահավաքը
Հասարակության պառակտումը
2020թ. աշնանը Հայաստանում սկսվեց սուր քաղաքական ճգնաժամ: Այն պայմանավորված էր Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայկական կողմի համար անբարենպաստ փաստաթղթի ստորագրմամբ: Ընդդիմությունը դրանից հետո պահանջում է այն ստորագրած վարչապետի հրաժարականը:
Ճգնաժամը շարունակվում է՝ ժամանակ առ ժամանակ ջրի երես հանելով որոշակի հակասություններ: Վերջին պոռթկումների պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցն էր, որում նա «անորակ» անվանեց ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգը, որը Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հպարտությունն է:
Նման պոռթկումներն ու հակասությունները կարող են շարունակվել տարիներով՝ երկրում ընդդիմության և իշխող ուժի միջև եղած պառակտման պատճառով:
Պառակտում կա նաև ընդդիմության ներսում, քանի որ այն միատարր խումբ չէ: Պառակտում կա և իշխանական շրջանակներում, մասնավորապես, կառավարության և ԶՈՒ Գլխավոր շտաբի միջև: Եվ սա չի կարելի բնական անվանել:
Ռազմական փորձագետներ և հեղափոխականներ
Հեղափոխությունները, սկզբունքորեն, դասավորված են այնպես, որ իշխանության են գալիս մարդիկ, որոնք նախկինում չեն եղել քաղաքականության մեջ կամ նույնիսկ եթե եղել են, ապա հատուկ ձևերով, օրինակ՝ բողոքական քաղաքականության մեջ:
Հազվադեպ է պատահում, որ հեղափոխականներն արդեն իսկ ունենան ձևավորված հիերարխիկ կառույցներ, բյուրոկրատական ապարատներ, քաղաքական կուսակցություններ:
Իրականում, Հայաստանում 2018-ի հեղափոխությունն արեցին մի քանի տասնյակ մարդիկ: Իշխանության գալուց ի վեր նրանք հավաքագրեցին մարդկանց՝ քիչ թե շատ պատահական սկզբունքով: Բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ էր աշխատել և ղեկավարել տարբեր կառույցներ, այսինքն՝ անհրաժեշտ էին մասնագետներ:
Այդ ժամանակ ի հայտ եկան պրոֆեսիոնալներ, որոնց մասնագիտական պատրաստվածությունը անհրաժեշտ էր այն ոլորտներում, որտեղ հեղափոխականների համար դժվար էր: Ռազմական ոլորտը դասվում է նման ոլորտների շարքին: Դժվար է գեներալների փոխարեն հեղափոխական նշանակել, հատկապես, երբ հակամարտության ունեք:
Եվ հակասություններ են առաջանում: Մարդիկ ունեն տարբեր կենսագրություն, քաղաքական իրականություն մտնելու տարբեր միջոցներ: Սկսում են բախվել նրանց գաղափարները, թե ինչպես կառուցել պետությունը: Այս խնդիրը գոյություն ուներ դեռ պատերազմից առաջ, բայց ռազմական կառույցի առանձնահատկություններից ելնելով՝ այն հանրությանը չի ցուցադրվել:
Տեղի ունեցան պաշտոնանկություններ, պաշտոնի բարձրացումներ, շքանշանների բաշխում, անցում ընդդիմության շարքեր, տարբեր տեսակի ելույթներ, շարժումներ բանակի կառույցներում, բայց այս բոլոր հակասությունները չէին երևում:
Հակասությունների ազդակ
Պատերազմից հետո, երբ ռազմական էլիտայի և քաղաքական ղեկավարության միջև հարաբերությունները ծայրաստիճան բարդացան, նրանք սկսեցին միմյանց մեղադրել: Գեներալները մեղադրում են քաղաքական ղեկավարությանը պատերազմի ընթացքում ռազմական գործողություններին միջամտելու մեջ՝ մինչև մարտավարական մակարդակ:
Իսկ քաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ պատերազմը պարտվել ենք, քանի որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք սխալ զենք է գնվել սխալ գներով, իսկ բանակի կոռումպացված ղեկավարությունը բավականաչափ ճիշտ չի մշակել ռազմական մարտավարությունը:
Հարցազրույցների և հայտարարությունների տեսքով ազդակն արտահայտվեց հրապարակավ, բայց այժմ այդ ամենը պետք է կարգավորել: Ինչ-որ մեկին աշխատանքից կհեռացնեն, ինչ-որ մեկին ինչ-որ բան կտան, բայց հակասությունը չի վերանա:
Փաշինյանի հրաժարականի կոչը ստորագրած զինվորականները կմնան, նրանց բոլորին հնարավոր չէ հեռացնել աշխատանքից: Իսկ քաղաքական վերնախավում դրա հետքը կմնա:
Այսօր մենք գտնվում ենք այս փուլում, ուստի ժամանակ առ ժամանակ պետք է ակնկալենք որոշ ազդակներ և, համապատասխանաբար, որոշակի հակասություններ:
Դժվարությունների, տարատեսակ փոխհարաբերությունների միջով անցնելը նորմալ ու անհրաժեշտ գործընթաց է պետություն կերտելու համար: 17-րդ դարում Մեծ Բրիտանիան ավելի շատ նման էր ժամանակակից Աֆղանստանին, քան ժամանակակից Մեծ Բրիտանիային:
Հարցն այն է, թե արդյոք Հայաստանը դրա համար պատմական ժամանակ ունի: Ի վերջո, Հայաստանը ինչ-որ հսկա պետություն չէ և տեղակայված չէ ինչ-որ կղզում: Հայաստանն ունի հատուկ միջավայր, որը լուրջ խնդիր է, բավականին խնդրահարույց է ափին նստել և սպասել, թե երբ պետությունն ինքն իրեն կձևավորվի:
- «Առանց Նիկոլ Հայաստան»․ տեսանյութ Երևանից, որտեղ վերսկսվել են ընդդիմության բողոքի ակցիաները
- Հայաստանի վարչապետը քննադատել է ռուսական զենքը, Մոսկվայում հայտարարել են, թե ստում է
Հայաստանին ռեստարտ է պետք
Աշխատել և նորից աշխատել: Ձևավորել պաշտոնյաների և փորձագետների բազա՝ կախված ոչ թե հավատարմությունից, այլ՝ կոմպետենտությունից:
Կառուցել կուսակցական համակարգ: Խորհրդարանական երկիրը առանց քաղաքական կուսակցությունների չի կարող ապրել: Այն ունի կուսակցական հիմք, բայց չկա ոչ մի քաղաքական կուսակցություն: Այն ամենը, ինչ մենք անվանում ենք քաղաքական կուսակցություններ, ապրիորի կուսակցություններ չեն հանդիսանում:
Անհրաժեշտ է կենտրոնացնել և ինստիտուցիոնալացնել ռացիոնալ որոշումներ կայացնելու գործընթացը: Մոբիլիզացնել հասարակությանը, կտորները հավաքելով՝ վերակառուցել պետականաշինությունը:
Անցած փուլերը
1.
1988 թվականից մինչև 1990-ականների կեսերը հայկական պետության գաղափարն ու հիմքը Ղարաբաղն էր: Դա այն առանցքն էր, որի վրա հիմնված էր Հայաստանի շինարարությունը:
Տարբեր ջոկատներից կազմված մեր բանակը ի հայտ է եկել պետությունից առաջ: Քաղաքական կուսակցությունները ձևավորվեցին Ղարաբաղի համար պայքարում: Տարածքային կառավարումը, տնտեսությունը ձևավորվեցին որպես վարչարարություն, այդ թվում՝ ռազմական գործողությունների համար: Դիվանագիտությունը ձևավորվեց որպես դիվանագիտություն, որն ունի Ղարաբաղյան խնդիր:
2.
1990-ականների կեսերից մինչև 2018 թվականը Հայաստանի նպատակն էր՝ «գոյատևել մինչև աշխատավարձ», հաղթահարել կոնկրետ իրավիճակներ։
Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ հասարակությունը չի կարող անընդհատ մոբիլիզացված մնալ, մանավանդ որ պատերազմում տարած հաղթանակից հետո բոլորը լիցքաթափվել էին, մարդիկ սկսում էին իրենց համար շատ բնական բաներ ցանկանալ՝ սնունդ, հարմարություններ, հագուստ, եկամուտներ:
3.
Հետո սկսվեց մի շրջան, երբ Հայաստանը փորձում էր պարզ մեթոդով լուծել բարդ խնդիրներ. մենք հեղափոխություն կանենք, և ամեն ինչ հիանալի կլինի: Կփոխենք վատ մարդկանց լավերով, և բոլորի համար լավ կլինի: Հեղափոխությունից հետո մարդիկ մտածում էին, որ չեն լինի արագաչափեր և տեսախցիկներ ճանապարհներին, բանկերը տոկոսներ չեն վերցնի վարկերի համար, օլիգարխները կվերադարձնեն թալանածը և այլն:
4.
Հիմա անոմիայի փուլն է: Հին կարգը մահացել է, նորը դեռ չի ծնվել: Հնարավոր են նոր գաղափարներ, այդ թվում նաև Ղարաբաղի գաղափարի վերարտադրությունը:
Կոմպետենտության սոցիալական պահանջ
1990-ականներին սոցիալական պահանջ էր մտավորական լինելը, և իշխանության եկավ տարբեր լեզուների տիրապետող Լևոն Տեր-Պետրոսյանը: Հաջորդ պահանջը խստությունն ու դիմացկունությունն էր. և եկավ պատերազմի միջով անցած Ռոբերտ Քոչարյանը: Հետո կոնսենսուսի պահանջ կար. եկավ կոմպլեմենտար Սերժ Սարգսյանը: Ապա ազնվության պահանջն էր. եկավ հեղափոխական Նիկոլ Փաշինյանը:
Հենց լինի կոմպետենտության պահանջ՝ ոչ թե ազնիվի ու լավի, այլ իրենց ոլորտում կոմպետենտ մարդկանց պահանջ, այդ դեպքում կարող է հույս լինել, որ երկիրը հնարավոր է վերստեղծել:
Հիմա մենք վերադառնում ենք ուշ հանրապետականների փուլ՝ թույլ կառավարություն, թույլ ընդդիմություն և բացասական ծրագիր: «Մերժի՛ր Սերժին» էր, դարձավ «Մերժի՛ր Նիկոլին»:
Նիկոլին կփոխեն, բայց խնդիրները կմնան: Առջևում շատ ծանր աշխատանք է սպասվում:
Պետք է աշխատել, ոչ թե չմտածել, թե հնարավոր է մեկ պարզ շարժումով կամ փոփոխությամբ, օրինակ, մեկ անձի, իշխանության տասը կամ հարյուր ղեկավարի փոփոխությամբ փոխել իրավիճակը:
Հարկավոր է փոխել պատկերացումները: Հասարակությունը պետք է հասկանա, որ չի կարող դուրս գալ հրապարակ, կանգնել տասը օր և հետո ապրել այնպիսի երկրում, ինչպիսին Շվեյցարիան է: Անհրաժեշտ է աշխատել՝ վերստեղծելով կառուցվածքները, յուրաքանչյուրն իր տեղում, վախենամ՝ սերունդներ շարունակ: