Ի՞նչ է «Իտալիայի համախտանիշը»․ ինչի՞ միջով են անցնում Մոլդովայի կին միգրանտները
«Իտալիայի համախտանիշ»․ ընկճախտ՝ Մոլդովայի կին միգրանտների շրջանում։ Մասնագետներն արդեն անվանում են տվել իրենց ընտանիքներին օգնելու նպատակով հայրենիքը հարկադրաբար լքող կանանց վիճակին։ Այդ կանանց աշխատանքը հայտնի է badanta («խնամակալ») ընդհանուր անվամբ, իսկ նրանց շրջանում տարածված ընկճախտը ֆենոմեն է դարձել, որն ուսումնասիրում են մասնագետները։ Նրանց պատմությունները՝ մոլդովական Ziarul de Gardă պարբերականի նյութում։
Նինա
Նինա Մակարը խնամակալ աշխատելու նպատակով Մոլդովայից Իտալիա է մեկնել 2005 թ-ի աշնանը՝ տանը թողնելով երեք անչափահաս երեխաներին և կուտակված պարտքերը։
Նա ամեն օր հեռախոսով խոսում էր ընտանիքի անդամների հետ, սակայն չորս տարվա ընթացքում ընդհանրապես երեխաներին չի տեսել։ Միայն 2009 թ-ին է նա կարողացել ձևակերպել փաստաթղթերն ու Մոլդովա վերադառնալ։ Այդ ժամանակ նա իր առաջին հոգեբանական տրավման է ստացել։
«Այդ ընթացքում կրտսեր դուստրս այնքան էր փոխվել, որ, ցավով եմ ասում, չճանաչեցի նրան։ Եվ դա ամենամեծ ցավն է, որը մինչ օրս զգում եմ», – խոստովանում է Նինան։
- Վրաստան․ «Բաժանում, որն անհետևանք չի մնա»
- Աշխատանքը կորցնելը դեռ ամենասարսափելին չէ
- Նրանց արտաքսում են գիշերը՝ հավաքվելու ժամանակ չտալով․ հայ միգրանտներին Եվրոպայում այլևս ապաստան չեն տալիս
Այն բանից հետո, երբ կինը, որին նա խնամում էր, մահացել է, Նինան ամիսներ շարունակ չի կարողացել ուրիշ աշխատանք գտնել։
«Նոր եմ կրտսեր աղջկաս այստեղ բերել։ Ես պետք է տան վարձը վճարեի, պետք է նրան դպրոց տանեի։ Շատ ծանր էր», – հիշում է նա։
Այդ ժամանակ սկսել են ընկճախտի առաջին նշանները դրսևորվել։ Նինան զգացել է փոփոխությունն իր վարքի մեջ և կորսվածության զգացում է ունեցել։
«Շրջապատի մարդիկ տեսնում էին, որ փոխվել եմ, բայց ես չէի տեսնում։ Ինձ թվում էր, որ ես ճիշտ եմ, և ոչ ոք չպետք է ինձ կյանք սովորեցնի, ես ինքս գլուխ կհանեմ և դրա միջով կանցնեմ՝ առանց որևէ մեկի խորհրդի։ Ամեն ինչ սկսել էր նյարդայնացնել։
Այն տան հարևանը, որտեղ աշխատում էի, բժիշկ էր և, ըստ էության, առաջինն էր, որը, տեսնելով ինձ, ասաց, որ այնքան էլ լավ տեսք չունեմ, որ ընկճախտի մեջ եմ և եթե չբուժվեմ, կմահանամ։ Հենց այդպես երեսիս ասաց», – հիշում է Նինան։
Նա թերապիայի է գնացել այն բանից հետո, երբ պարզ է դարձել, որ չբուժված ցիռոզի պատճառով լյարդի փոխպատվաստման կարիք ունի։ Բժիշկն ասել է, որ նա չի կարողանա դոնորի օրգան ստանալ, եթե սկզբից «հոգին չբուժի»։
Ներկա պահին, թեև նրա վիճակն այնքան էլ լավ չէ, նա շարունակում է իր աշխատանքն Իտալիայում՝ տարեց կնոջ խնամելով։
Վերա
Վերա Անտոչը Մոլդովայից Իտալիա է մեկնել 2005 թ-ին։
Առաջին տարին նա աշխատել է միայն կուտակած պարտքերը վճարելու համար։
«Ես տարբեր մարդկանց հետ եմ աշխատել տարիներ շարունակ․ անկողնային, տկարամտությամբ տառապող, որոնք ինչ ասես ասում ենք քեզ, չեն ուզում, որ դիպչես իրենց, միշտ նյարդային են։ Երբեմն նրանց երեխաները հյուր են գալիս և չեն կարողանում հինգ րոպեից ավելի մնալ, արտասվելով դուրս են գալիս, որովհետև չեն կարողանում հասկանալ միմյանց, սակայն մենք պետք է սովորենք աշխատել այդ պայմաններում», – կիսվում է կինը։
Տասնամյակ տևած աշխատանքն անդրադարձել է նրա առողջության վրա։ 2015 թ-ին Վերան սկսել է իրեն ավելի ու ավելի վատ զգալ։ Սովորական մի օր, առավոտյան յոթին նա վահանագեղձի իր դեղերն է խմել, որոնք բժիշկն է նշանակել, և ինքնազգացողությունը վատթարացել է։
Արդյունքում՝ շտապօգնություն են կանչել։ Բժիշկն այլ դեղեր է նշանակել և խորհուրդ տվել հոգեբանի դիմել։
Երբ Վերան իրեն ավելի լավ է սկսել զգալ, վերադարձել է աշխատանքի։
2017 թ-ի մարտին նա որոշել է տուն վերադառնալ և որոշ ժամանակ մնալ տանը՝ հույս ունենալով, որ շուտով թոշակի է անցնելու։ Սակայն կենսաթոշակային տարիքը բարձրացրել են, և նա չի ցանկացել երեխաներից ամեն անգամ օգնություն խնդրել։
2019 թ-ի աշնանը նա կրկին լքել է Մոլդովան, քանի որ այլ ելք չի տեսել։
Իտալիայում նա սկսել է խնամել 93-ամյա մի կնոջ, որը, Վերայի խոսքով, «ոտքի վրա էր և պարզ միտք ուներ»։ Այնքան, որ թույլ չէր տալիս Վերային տունը մաքրելիս տաք ջուր օգտագործել․ «Ամեն ինչ սառը ջրով էի լվանում»։
Նա դիմացել է, մինչև որ առողջական խնդիրներ են սկսել ի հայտ գալ։
Վերան սարսափով գիտակցել է, որ անդադար դողի պատճառով ոչինչ չի կարողանում բռնել։
Շուտով նա տուն է վերադարձել, որտեղ հիվանդանոց է պառկել հետազոտման։ Նրա մոտ ռևմատոիդ արթրիտ է ախտորոշվել, բժիշկները դեղեր են նշանակել և հաշմանդամության կարգ տվել։
«Իսկ երբ «վերակենդանացա», հետ մեկնեցի, և այդպես՝ ամեն անգամ։ Մենք ընտրություն չունենք։ Աշխատել եմ, որքան կարողացել եմ, մինչև վերջին կետը», – նշում է կինը։
Ներկա պահին նա խնամում է տկարամտություն ունեցող 81-ամյա մի կնոջ։ Նրա մոտ դեռ լինում են դեպրեսիվ դրսևորումներ, երբ ձեռքերը դողում են և չեն ենթարկվում, սակայն տուն վերադառնալու մասին չի մտածում։
Ինչպե՞ս կանխել հուզական այրումը
Ընկճախտի առաջին նախանշաններն են դեմոտիվացիան, էներգիայի պակասը, քաշի կորուստը, ինչպես նաև քնի հետ կապված խնդիրները, նյարդայնությունը, ծիծաղից դեպի լաց կտրուկ անցումները, ասում է հոգեբան Աննա Նիկուլայեշը։
«Արտասահմանում ապրող այս կանանց դեպքում անպայման անհրաժեշտ է պայմանավորվել աշխատանքային պայմանների մասին, որոնք նրանց թույլ կտան դադարներ ունենալ՝ օրական, շաբաթական, տարեկան՝ կանխելու համար հուզական այրումը, ինչպես նաև կարևոր է բժշկական ապահովագրություն ստանալ՝ էմոցիոնալ հյուծվածության առաջին ախտանիշների դեպքում մասնագետներին դիմելու համար», – խորհուրդ է տալիս Նիկուլայեշը։
Նրա խոսքով՝ «Իտալիայի համախտանիշը» սոցիալական ընկճախտի ձևերից մեկն է, որը, նախևառաջ, հանդիպում է այն մարդկանց մոտ, որոնք չունեն բժշկական պատրաստվածություն, սակայն երկար ժամանակ խնամում են ծանր հիվանդ մարդկանց, որի պատճառով անօգնականության սուր զգացում են ունենում։