Վրաստանի քաղաքացիները կարող են Գերմանիա մեկնել և սեզոնային օրինական աշխատանքներ կատարել
Վրաստանի և Գերմանիայի միջև համաձայնագիր է ստորագրվել, որի համաձայն՝ Վրաստանի քաղաքացիները կարող են օրինական կերպով Գերմանիա մեկնել և ժամանակավորապես սեզոնային աշխատանքներ կատարել։ Այս մասին հայտարարել են Վրաստանի առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարությունում։
Վրաստանում Գերմանիայի դեսպանի խոսքով՝ Վրաստանն առաջին երկիրն է, որի հետ Գերմանիան սկսել է աշխատել այս ուղղությամբ։
Սեզոնային աշխատանքները ենթադրում են աշխատանք գյուղատնտեսության ոլորտում։
Այլ կերպ ասած՝ Վրաստանի բնակիչները հիմնականում մասնակցելու են սեզոնային տարբեր մշակաբույսերի բերքահավաքին։
Ըստ ծրագրի՝ զբաղվածության տևողությունն ու պայմանները կարգավորվում են․ Վրաստանի քաղաքացիները Գերմանիայում կարող են մնալ մեկից երեք ամիս՝ աշխատելով շաբաթը հինգ-վեց օր։ Աշխատանքային օրվա տևողությունը 8-10 ժամ է։
Նվազագույն աշխատավարձը կազմում է ժամը 9,5 եվրո (փոխանցվում է)։ Այդ գումարից կվճարվեն հարկեր և սննդի ու կեցության ծախսեր։
Ի՞նչ պետք է անի քաղաքացին, որն ուզում է Գերմանիայում աշխատել
Վրաստանի քաղաքացին սկզբից պետք է գրանցվի workabroad.gov.ge պորտալում։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ Վրաստանի քաղաքացիների առաջին խումբը Գերմանիա կմեկնի այս տարվա ապրիլին․ սեզոնային աշխատանքները սկսվում են ապրիլի 1-ին։ Գրանցումը հասանելի կլինի փետրվարի 15-ից մինչև տարեվերջ։
Մեկնել ցանկացողը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին․
- պետք է Վրաստանի քաղաքացի լինի,
- տարիքը՝ 18-60 տարեկան,
- Շենգենյան գոտի չմեկնի Գերմանիա մեկնելուց երեք ամիս առաջ,
- ֆիզիկապես առողջ լինի,
- բերքահավաքի փորձ և մոտիվացիա ունենա,
- երկրորդ անգամ երկիր մուտք գործելու սահմանափակման որևէ պատճառ (խախտում) չունենա,
- շփման բազային ունակություններ ունենա գերմաներենով կամ անգլերենով (խմբակային աշխատանքի դեպքում անհրաժետ է, որ մասնակիցներից գոնե մեկը կարողանա շփվել գերմաներենով կամ անգլերենով)։ Լեզվի վերաբերյալ պահանջը դնում է գործատուն։
Ինչպե՞ս է կատարվում ընտրությունը
Գրանցվելուց հետո, մեկնել ցանկացողների հետ կկապվեն զբաղվածության գործակալության աշխատակիցները։ Սպասարկման կենտրոն այցելելիս մարդը պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ կամ անձնագիր։
Ինչ վերաբերում է հստակ աշխատատեղերի համար անձնակազմի հավաքագրմանը, ապա այստեղ արդեն ներգրավված է գերմանական կողմը։ Գերմանացի գործատուին կներկայացվեն հստակ աշխատատեղի թեկնածուների տվյալները, և նա էլ հենց կկայացնի վերջնական որոշումը։
Դրական ելքի դեպքում՝ աշխատել ցանկացողին աշխատանքային պայմանագիր կուղարկվի, որը կողմերը կստորագրեն քաղաքացու Գերմանիա մեկնելուց առաջ։
Գնահատականներ
Առողջապահության նախարարության հետ հանդիպումից հետո նոր պրակտիկան մեկնաբանել է նաև Վրաստանում Գերմանիայի դեսպան Հուբերտ Կնիրշը։
Նրա խոսքով՝ այն, որ Վրաստանի քաղաքացիներն աշխատանքի են տեղավորվելու ագրարային հատվածում, նաև երկրի համար կարևոր փորձ կլինի․
«Մենք վստահ ենք, որ Վրաստանում շատերն են լավ ծանոթ ոլորտին և կարող են իրենց ներդրումն ունենալ Գերմանիայի գյուղատնտեսության մեջ, ինչպես նաև՝ վերադառնալուց հետո իրենց երկրում նույն ոլորտում անել դա։ Գերմանիան այս նախագիծը ոչ բոլոր երկրների հետ է անում, մենք այն սկսում ենք Վրաստանից։ Երկար ժամանակ անց առաջին անգամ աշխատուժ ենք հրավիրում այլ երկրից», — ասել է դեսպանը։
● Նախկին վարչապետ և «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին արտասահմանում Վրաստանի քաղաքացիներին աշխատանքի տեղավորելու մասին առաջին անգամ հայտարարել է երկու տարի առաջ։
Իվանիշվիլին այն ժամանակ հայտարարել էր, որ կառավարությունն աշխատում է մի քանի երկրների հետ, որպեսզի կարողանա Վրաստանի քաղաքացիներին օրինական աշխատանք ապահովել․
«Եթե այս նախագիծն աշխատի, իսկ այն, ըստ ամենայնի, կաշխատի, էմիգրանտների մեծ մասը կուսուցանվի Վրաստանում, օրինական հիմքերով աշխատանքի կտեղավորվի և եվրոպական աշխատավարձ կստանա։ Մենք նաև կավելացնենք էժան ավիատոմսերը, որպեսզի մարդիկ կարողանան ամիսը մեկ տուն վերադառնալ։
● Վրաստանի յուրաքանչյուր յոթերորդ քաղաքացի սոցիալական օգնություն է ստանում։ Գործազրկության մակարդակն, ըստ պաշտոնական տվյալների, կազմում է 12 տոկոս, թեև իրեն գործազուրկ է համարում 63 տոկոսը։