Չինական պատվաստանյութն Ադրբեջանում․ հարցեր, որոնք ունեն պատասխաններ
Ադրբեջանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը։ Դրանից բառացիորեն մի քանի օր առաջ հայտարարվել էր, որ պատվաստելու են չինական «Sinovac» ընկերության CoronaVac պատվաստանյութով։
Պատվաստվե՞լ, թե՞ ոչ։ Արդյո՞ք դա անվտանգ է։ Ինչո՞ւ է հենց այդ պատվաստանյութն ընտրվել։ Որքանո՞վ է այն արդյունավետ։ Կփորձենք պատասխանել գոնե որոշ հարցերի։
Որքանո՞վ է արդյունավետ չինական պատվաստանյութը
Ի սկզբանե՝ արտադրողը հայտարարում էր, որ CoronaVac-ի արդյունավետությունը կազմում է մոտ 92%։ Եվ ադրբեջանցի պաշտոնյաները հենց այս ցուցանիշն են պնդում։
«Ադրբեջանը ձեռք է բերել ամենաանվտանգ և արդյունավետ պատվաստանյութը», – հայտարարել է նախագահի օգնական Շահմար Մովսումովը։
Պետք է հաշվի առնել, որ համավարակի պայմաններում անհնար է դեղագործական ընկերություններից պահանջել երկարատև արդյունավետության մասին ճշգրիտ տվյալներ, քանի որ և՛ մշակումը, և՛ փորձարկումներն անցկացվում են սեղմ ժամեկտներում։ Սակայն, քանի որ CoronaVac-ով արդեն սկսել են պատվաստել այլ երկրներում, արդյունավետության մասին որոշակի տեղեկություններ կան, և այն լավատեսություն չի ներշնչում։
Նախ, պետք է հասկանալ, թե ինչպես են փորձարկում պատվաստանյութը։
Ցանկացած հիվանդության դեմ ցանկացած պատվաստանյութի արդյունավետությունն ու անվտանգությունը հաստատելու համար ընդունված է կլինիկական փորձարկումների երեք փուլ իրականացնել։ Առաջին փուլում պատվաստանյութը ներարկում են միայն երիտասարդների և առողջ կամավորների համեմատաբար ոչ մեծ խմբի։ CoronaVac-ի դեպքում այդ խմբում 144 մարդ է եղել։
Եթե փորձարկումը հաջող է ընթանում, անցնում են երկրորդ փուլին․ արդեն ավելի մեծ թվով կամավորների են պատվաստում, ընդ որում՝ նրանց մի մասը ստանում է ոչ թե պատվաստանյութ, այլ՝ պլացեբո․ սա հսկիչ խումբն է, որի հետ համեմատում են պատվաստվածների արդյունքները։ Այդ փուլում CoronaVac-ը ստուգվել է 600 կամավորի միջոցով։
Եվ վերջապես, հետազոտության երրորդ փուլին մասնակցում է է՛լ ավելի շատ կամավոր, որոնց թվում են նաև ռիսկի խմբի մարդիկ, որոնց համար պատվաստանյութը կարող է ամենավտանգավորը լինել։
Տեսականորեն՝ զանգվածային պատվաստում կարելի է սկսել միայն երրորդ փուլից հետո։ Սակայն արտակարգ իրավիճակներում, ինչպես հիմա է, պատվաստանյութն օգտագործելու թույլտվություն է տրվում արդեն երկրորդ փուլից հետո, իսկ երրորդը փաստացի համատեղվում է պատվաստման մեկնարկի հետ։ Հենց սա է տեղի ունենում ողջ աշխարհում։
Ինչ վերաբերում է CoronaVac-ին, ապա հենց Չինաստանում հայտնի են փորձարկումների միայն առաջին և երկրորդ փուլերի արդյունքները։ Հենց դրանք են ցույց տվել 92% արդյունավետություն։
Թուրքիայում հետազոտության երրորդ փուլի միջանկյալ արդյունքները ցուցադրել են 91.25% արդյունավետություն, Ինդոնեզիայում՝ 65.3%, իսկ Բրազիալիայում՝ սկզբից 78%, իսկ հետո՝ ընդհանրապես 50.4%, գրում է ВВС-ն։
Այսինքն՝ թվերը շատ են տարբերվում։
Եվ եթե հաշվի առնենք բրազիլական ցուցանիշը, ապա կստացվի, որ 100 պատվաստվածից միայն 50-ի մոտ է վարակի դեմ իմունիտետ ձևավորվում։
Սակայն վերջնական եզրակացություններ չեն ուզում անել նույնիսկ փորձագետները։
Ադրբեջանը CoronaVac-ի 4 մլն չափաբաժին է գնել, դա կհերիքի 2 մլն մարդու (քանի որ յուրաքանչյուրին պետք է երկու ներարկում արվի), փոխանցում է APA-ն։
Բնակչության պաշտոնական թիվը, սակայն, մոտ 10 մլն մարդ է։
Պատվաստումը կամավոր է լինելու, և հրաժարվածներին ոչ մի կերպ «չեն պատժելու»։
Ի՞նչ է իրենից ներկայացնում CoronaVac պատվաստանյութը
CoronaVac պատվաստանյութն արտադրված է ավանդական եղանակով։ Կոպիտ ասած, օրգանիզմն արհեստականորեն վարակում են թուլացած, ոչ ակտիվ վիրուսի մասնիկով, որպեսզի մարդու իմունիտետը «միանա» և, որ ամենագլխավորն է, հիշի վարակը։ Վերջինս աճեցնում են լաբորատորիայում և թուլացնում քիմիական եղանակով։
Համեմատության համար՝ բրիտանական Oxford-AstraZeneca-ն և ռուսական «Սպուտնիկն» արտադրվում են այլ տեխնոլոգիայով․ դրանք պարունակում են ոչ թե ամբողջական վարակը, այլ դրա ԴՆԹ-ի միայն մի հատված, որը միացված է այլ, մարդու համար ոչ վտանգավոր վարակի հետ։
Ամերիկյան Moderna-ն ու ամերիկյան-գերմանական Pfizer-BioNTech-ն արտադրված են երրորդ, առավել ժամանակակից տեխնոլոգիայով։ Դրանք պարունակում են վարակի թաղանթի՝ այն «փշերի» արհեստականորեն սինթեզված «գենետիկ կոդը»՝ որոնցով կորոնավիրուսը «կառչում է» առողջ բջիջներից։ «Փշերն» իրենք իրենցով անվտանգ են և կարծես «բազմանում են» օրգանիզմում՝ նրան ստիպելով հակամարմիններ արտադրել, որոնք հետագայում արագ կարող են վնասազերծել կորոնավիրուսը, եթե այն օրգանիզմ ներթափանցի։
Կարծիք կա, որ հենց այս նորարարական մոտեցումն է այն պատճառներից մեկը, որ Moderna-ն ու Pfizer-BioNTech-ն այդ պահին ամենաարդյունավետն են։
Միաժամանակ, CoronaVac-ի առավելությունն այն է, որ այն կարելի է տեղափոխել և պահպանել ստանդարտ սառնարաններում (ինչպես նաև Oxford-AstraZeneca-ն և «Սպուտնիկը»)։ Այն դեպքում, երբ առաջատար պատվաստանյութերը պահանջում են շատ ցածր ջերմաստիճաններ և պահպանման ու տեղափոխման համար համապատասխան սարքավորումներ, որոնք ամեն երկիր չէ, որ կարող է իրեն թույլ տալ։ Այդ պատճառով էլ CoronaVac-ն այս պահին համարվում է առավել օպտիմալը զարգացող երկրների (հետևաբար՝ նաև Ադրբեջանի) համար։
Արդեն հիշատակված Ինդոնեզիայից, Թուրքիայից և Բրազիլիայից զատ՝ CoronaVac են գնել կամ պատրաստվում են գնել Սինգապուրը, Մալայզիան, Ֆիլիպիններն, Ուկրաինան ու Չիլին։
Ո՞ւմ են պատվաստելու, և ինչպե՞ս է դա տեղի ունենալու
Ադրբեջանի բնակիչներին պատվաստելու են մոտավորապես հետևյալ հերթականությամբ․
— բուժաշխատողներ,
— 65 տարեկանից բարձր անձինք,
— քրոնիկ շնչառական հիվանդություններով, շաքարախտով, ավելորդ քաշով և հեմոդիալիզի կարիք ունեցող անձինք,
— 50 տարեկանից բարձր անձինք, որոնք գոնե մեկ քրոնիկ հիվանդություն ունեն,
— դասախոսներ, սոցաշխատողներ և այլ ոլորտների աշխատակիցներ, որոնք ենթադրում են բնակչության հետ անմիջական շփում,
— մնացած բոլորը։
Յուրաքանչյուրը պատվաստանյութի երկու չափաբաժին կստանա 21 օր տարբերությամբ։
Չեն պատվաստվի երեխաներն ու մինչև 18 տարեկան դեռահասները, ինչպես նաև հղիներն ու կերակրող մայրերը։
Պատվաաստումն անվճար է, իրականացվում է պետական հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում։ Ցանկացողները կարող են գրանցվել հատուկ էլեկտրոնային համակարգի միջոցով։
Արդյո՞ք կարող է որևէ սարսափելի կողմնակի արդյունք լինել
Այս հարցում գիտական հանրությունը միաձայն պնդում է՝ թուլացրած վարակի շտամը չի կարող ավելի վտանգավոր լինել, քան վարակն ինքը։ Պատվաստանյութերի հակառակորդները հաճախ որպես փաստարկ են նշում այն դեպքերը, երբ մարդը հիվանդացել է պատվաստումից հետո, մոռանալով, որ «հետո»՝ բնավ չի նշանակում՝ «պատճառով»։
CoronaVac-ն արտադրող ընկերության ներկայացուցչի խոսքով՝ սեպտեմբերին պատվաստված մինչև 5% կամավոր է դրանից հետո թեթև անհարմարություն զգացել։
Միաժամանակ, մասնագետները զգուշացնում են, որ ցանկացած պատվաստանյութից հետո թեթև տկարությունը նորմալ է։ Ալերգիկ արտահայտումների դեպքում պատվաստումից հետո անհրաժեշտ է որոշ ժամանակ հիվանդանոցում մնալ, որովհետև այնտեղ բժիշկները միանգամից կարող են օգնություն ցուցաբերել։
Պատվաստվելուց հետո կարելի՞ է արդյոք ճամփորդել
Ոմանց հետաքրքրում է ոչ այնքան պատվաստման արդյունավետությունը, որքան այն, թե արդյո՞ք այն կօգնի նորմալ կյանք վերադառնալ։ Մասնավորապես, կբացվե՞ն արդյոք սահմանները։
Խոսակցություններն այն մասին, որ «պատվաստման հատուկ անձնագրեր» են ներդրվելու, արդեն վաղուց են պտտվում։ Այդպիսի անձնագրեր իրենց քաղաքացիների համար պատրաստում են Եվրամիության շատ երկրներ։ Թեև այս գաղափարը բազում հակառակորդներ ունի, որոնք այն խտրական են համարում․ չէ՞ որ դա ճամփորդելու հնարավորությունից կզրկի նրանց, ովքեր չեն կարող պատվաստում անցնել։ Դեռևս հայտնի չէ նաև, թե երբ և ինչ ձևով են մտցվելու այդ անձնագրերը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի քաղաքացիներին՝ ապա, ըստ СВС հեռուստաալիքի, կարելի է պատվաստման մասին տեղեկանք ստանալ։
«Ավելի լավ է՝ դեռ մի քիչ սպասեմ»։ Ովքե՞ր են պատվաստվելու
Հասարակությունում պատվաստման մասին նորությանը զգուշությամբ և նախապաշարմունքով են վերաբերվում։ Ահա մի քանի մեկնաբանություն սոցցանցերից․
«Ես վախենում եմ ոչ այնքան պատվաստանյութից, որքան այն անձանց ոչ կոմպետենտությունից, որոնք Ադրբեջանում պատասխանատու են պատվաստման համար»։
«Ասում են, որ այդ պատվաստումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Ոչ։ Չեմ ուզում»։
«Ինքս բժիշկ եմ, և պատվաստմանը, որպես այդպիսին, հավատում եմ։ Սակայն, հաշվի առնելով տարիքս և այն, որ այդ պատվաստանյութը դեռ նոր է, մի քիչ մտավախություն ունեմ։ Այնպես որ, մի քիչ կսպասեմ, հետո նոր կպատվաստվեմ»։
«Չեմ վախենում պատվաստումից, սակայն դրա արդյունավետության վրա նույնպես կասկածում եմ, անկեղծ ասած։ Բայց պետք է, չէ՞, ինչ-որ բան անել, որ համավարակի հետ կապված այս ողջ պատմությունն, ի վերջո, ավարտվի։ Այնպես որ, երբ հերթը ինձ հասնի, պատվաստում կանեմ»։
«Թող սկզբից պատգամավորներին և մյուս պաշտոնյաներին այն ներարկեն։ Իսկ մենք կտեսնենք, թե ինչ կլինի նրանց հետ, և հետո նոր կորոշենք»։
Մի քանի միտում կա, որոնք բացատրում են Ադրբեջանում պատվաստանյութերի նկատմամբ անվստահությունը։ Օրինակ՝ դավադրության տեսությունները չիպավորման մասին, ինչպես աշխարհի մնացած երկրներում։ Կա նաև հակապատվաստման շարժում, որը կար նաև կորոնավիրուսից առաջ։ Կա նաև սկզբունքորեն իշխանություններին չվստահելու միտում, որն առաջացել է որպես պատասխան՝ միշտ իր շահերը հետապնդելու իշխանության միտմանը։ Հաճախ այս ամենը բարգավաճում է կրթական ցածր մակարդակի պատճառով և հաճախ վստահություն է առաջացնում, որ «ոչ մի վարակ էլ չկա»։