Սեզոնային գրիպի դեմ պատվաստման համար Հայաստանում բոլորից շատ դիմում են բուժաշխատողները
Արդեն 11 տարի է, ինչ Հայաստանում իրականացվում են սեզոնային գրիպի դեմ ամենամյա պատվաստումներ: Մինչ այդ՝ գրիպի դեմ պայքարի ազգային քաղաքականություն չի եղել: Մարդիկ էլ առանձնապես հետաքրքրված չէին, նույնիսկ խուսափում էին պատվատումներից։
Իսկ 2020-ին, սեզոնային գրիպի ակտիվ շրջանը դեռ չսկսված՝ Հայաստանում արդեն իսկ սպառվել էր պատվաստանյութի տարեկան խմբաքանակի կեսը։
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումների հետ կապված իրավիճակի բոլոր մանրամասները։
- Հայաստանում կես տարով երկարաձգվել է կարանտինը, և փետրվարից կսկսեն պատվաստել կորոնավիրուսի դեմ
- Կորոնավիրուս․ համավարակից արագ տարածվող միֆերը
- Պատերազմի ընթացքում և դրանից հետո․ ինչպես են լուծվում արցախցի երեխաների կրթության խնդիրները
Պատվաստվողների մասին
58-ամյա Սվետա Ներսիսյանը առավոտյան շուտ շտապում է պոլիկլինիկա՝ պատվաստվելու: Չնայած՝ օրը դեռ նոր է սկսվել, առավոտյան 09.30 պատվաստվելու համար արդեն հերթագրվել է 21 մարդ: Շուրջ երկու ժամ միջանցքում սպասելը տիկին Սվետային չի անհանգստացնում: Արդեն երրորդ տարին է՝ պարտաճանաչ կերպով պատվաստվում է սեզոնային գրիպի դեմ: Ասում է՝ այս ընթացքում ոչ մի անգամ գրիպ չի ընկել.
«Անցյալ տարվա հոկտեմբերին կորոնավիրուսով էի հիվանդացել, բայց, ի տարբերություն իմ հասակակից շատ հիվանդների, գրեթե առանց ախտանշանների եմ տարել հիվանդությունը: Կարծում եմ՝ դրա պատճառը նաև այն է, որ նախորդ տարիներին պատվաստվել էի սեզոնային գրիպի դեմ, օրգանիզմս թուլացած չէր վարակներից: Այս տարի, ցավոք, շատ ուշ եմ գալիս պատվաստման, որովհետև պատերազմը ամեն բան երկրորդ պլան էր մղել»:
3 թոռնիկների տատիկը սովորաբար միայնակ չի պատվաստվում. իր հետ բերում է նաև նրանց: Այս օրերին թոռներից մեկը թեթև մրսածություն ունի, այդ վիճակում պատվաստումն արգելվում է, սակայն տիկին Սվետան վստահեցնում է՝ հենց երեխան կազդուրվի, նրանք ևս կգան պատվաստվելու: Բողոքում է, որ ամուսինը ոչ մի կերպ չի համաձայնում պատվաստվել, չնայած՝ ռիսկի խմբում է:
Պատվաստանյութերի հասանելիությունը
Քանի որ Հայաստանը պատվաստանյութ արտադրող երկիր չէ, դրա հասանելիությունը խնդիր է եղել երկրի համար: Տարիներ առաջ սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութերը անկանոն և խիստ սահմանափակ քանակությամբ էին մատակարարվում, պատվաստումները կատարվել են միայն ռիսկի խմբերում ընդգրկված մարդկանց շրջանում:
Այս խմբում են նաև կենսապահովման ծառայություններ մատուցողները, օրինակ՝ բուժաշխատողները, ոստիկանները: 2010-ին, օրինակ, հանրապետությունում սեզոնային գրիպի դեմ պատվաստումներ կատարվել են միայն բուժաշխատողների շրջանում:
Պատվաստանյութերի հասանելիությունը լուրջ խնդիր է ոչ միայն Հայաստանում:
Փորձագետի կարծիք
Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային պատվաստման մասնագետ Սվետլանա Շտեֆանետի՝ պատվաստումների ցուցանիշի վրա ազդում են տարբեր գործոններ.
«Այդ գործոններից է, օրինակ, պատվաստումների ծրագրերի անբավարար ֆինանսավորումը` պայմանավորված փոփոխվող առաջնահերթություններով: Հաջորդ գործոնը առավել մատչելի արժեքով պատվաստանյութերի անհասանելիությունն է, ինչի պատճառով հաճախ հետաձգվում է գնումների գործընթացը, քանի որ երկրները հույսերը կապում են ներքին ֆինանսական ռեսուրսների հետ:
Հաջորդ խնդիրը փաստային տվյալների վրա հիմնված պլանավորման բացակայությունն է։ Տարածաշրջանի յուրաքանչյուր երրորդ երկիր չունի կամ չի թարմացնում բազմամյա պատվաստման համապարփակ ծրագրերը: Դժվարություններ են առաջանում նաև նոր պատվաստանյութեր ներդնելու և պատվաստանյութերի պահպանման արդյունավետ կառավարման հարցում: Տվյալների որակը՝ այդ թվում նաև տեղեկատվական էլեկտրոնային համակարգերի բացակայությունը, ևս խնդիր է տարածաշրջանի որոշ երկրներում»։
Նա ասում է, որ շատ երկրներում պատվաստանյութերի վերաբերյալ կա անորոշություն, և դիտվում է իմունիզացիայի ցածր պահանջարկ՝ ապատեղեկատվության և հակապատվաստման շարժումների պատճառով, որոնք հատկապես ակտիվ են տարածվում սոցիալական ցանցերում:
Պատվաստման արդյունավետությունը
Մասնագետները բացատրում են, որ սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութը կարող է պաշտպանել գրիպի միայն այն տեսակներից, որոնց շճանյութերը պարունակում է: Հայաստանում պատվաստում են «Վաքսիգրիպ» կոչվող պատվաստանյութով, որը պաշտպանում է H1N1, H3N2 և B տիպի հարուցիչներից:
Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ պատվաստանյութը սկսում է դիմադրողականություն ձևավորել ոչ թե ներարկման հաջորդ օրը, այլ դրանից շուրջ մեկ ամիս անց: Այդ իսկ պատճառով պետք է պատվաստվել հնարավորինս շուտ՝ հոկտեմբերից սկսած:
Ապացուցված է, որ պատվաստանյութը 50-60 %-ով նվազեցնում է սեզոնի ընթացքում գրիպով հիվանդանալու ռիսկը:
Վտանգները և ռիսկի խմբերը
Սուր շնչառական հիվանդությունները և հատկապես գրիպը ամենատարածվածն են ոչ միայն վարակիչ, այլև ընդհանուր հիվանդացության կազմում: Գրիպի բարդությունները՝ թոքաբորբը, էնցեֆալիտն ու մենինգիտը հաճախ մահվան կամ հաշմանդամության պատճառ են դառնում:
Մասնագետները խորհուրդ են տալիս պատվաստվել հատկապես ռիսկային խմբերին․
- 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներին,
- այդ տարի բանակ զորակոչվող պատանիներին,
- հղիներին,
- քրոնիկ հիվանդություններ ունեցողներին,
- փակ հաստատություններում բնակվող և աշխատող անձանց,
- 65-ից բարձր տարիքային խմբի մարդկանց:
Հայաստանում սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կազմակերպվում և իրականացվում են կամավոր սկզբունքով, պետական պատվերի շրջանակներում՝ անվճար:
2019 թ.-ին այս գործընթացն իրականացվել է նոյեմբերից, պատվաստվել է 130 հազար մարդ:
Պատվաստման գործընթացի մասին
Պատվաստման համար տեղամասային պոլիկլինիկաներ դիմում են հիմնականում մանկահասակ երեխաների ծնողները և 55-ից բարձր տարիքային խմբի մարդիկ: Նրանց հիմնական մասը պատվաստվել է երկրորդ կամ երրորդ անգամ, քանի որ իր վրա զգացել է պատվաստման դրական ազդեցությունը:
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշում է, որ պատվաստման համար դիմելիության ամենաբարձր մակարդակը դիտվում է բուժաշխատողների շրջանում.
«Շուրջ 60 %-ը դիմում են պատվաստման համար: Մենք սա շատ կարևոր ցուցանիշ ենք համարում, քանի որ դրանից կախված է ոչ միայն նրանց առողջությունը, այլև հանրության շրջանում պատվաստումների հետ կապված վստահության աստիճանի բարձրացումը: Հարցումները ցույց են տալիս, որ հասարակության 96-98%-ը պատվաստումների վերաբերյալ որոշում ընդունելիս հիմնվում է բուժաշխատողների կարծիքի վրա»:
Ըստ առողջապահության նախարարության ներկայացրած տվյալների՝ 2020-2021 թթ․ սեզոնի համար գրիպի դեմ պատվաստանյութի երաշխավորված քանակությունը 210 հազար դեղաչափ է եղել։ Հաշվի առնելով կորոնավիրուսի ահագնացող ցուցանիշները, որոշում է կայացվել լրացուցիչ 50 հազար դեղաչափի ներկրման մասին: Սեպտեմբերի վերջին դրանք արդեն Հայաստանում էին։
«Որպես կանոն, պատվաստումները մեկնարկում են նոյեմբերից, սակայն սեզոնային գրիպի ակտիվացում դիտվում է հունվարի վերջին — փետրվարի սկզբին: Սովորաբար պատվաստումների հիմնական մասը կատարվում է հենց այդ ժամանակաշրջանում: Օրինակ՝ անցյալ տարի հունվարի վերջին սեզոնային գրիպից մահացության դեպք գրանցվեց, ինչը լայնորեն քննարկվեց նաև լրատվամիջոցներով:
Այդ դեպքից հետո շատ կարճ ժամանակի ընթացքում Հայաստանում միանգամից սպառվեց սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութի ողջ խմբաքանակը: Այս տարի քաղաքացիների մոտ դիմելիության աճ է նկատվում: Սեզոնային գրիպի ակտիվացում դեռևս չկա, բայց պատվաստանյութի կեսն արդեն սպառվել է։ Դրա վրա ազդել է նաև կորոնավիրուսի տարածումը», — ասում է Գայանե Սահակյանը:
Պատվաստանյութի ձեռքբերման համար հիմք է հանդիսանում ռիսկային խմբերում ընդգրկված քաղաքացիների թիվը: Եթե տարիներ առաջ Հայաստան ներմուծվում էր պատվաստանյութ ռիսկային խմբերի 5 %-ի համար, հաշվի առնելով պատվաստվելու պատրաստակամությունը, ապա այս տարի ներմուծված պատվաստանյութը կբավարարի ռիսկային խմբերում ընդգրկվածների 50 %-ին:
Պե՞տք է արդյոք պատվաստվել
Հայաստանի առողջապահության նախարարության 2014 թ.-ին կատարած ուսումնասիրության համաձայն՝ գրիպի դեմ պատվաստումները 2010-2012 թվականներին նվազեցրել են երեխաների՝ գրիպով պայմանավորված՝ վերակենդանացման բաժանմունքներում հայտնվելու ռիսկը 74%-ով:
2016-ի ամռանը հրապարակված մեկ այլ ուսումնասիրության համաձայն՝ 50 և բարձր տարիքային խմբի անձանց շրջանում, որոնք պատվաստվել են գրիպի դեմ, հիվանդանալու ռիսկը նվազել է 57%-ով:
Գրիպի դեմ պատվաստվելը կարևոր կանխարգելիչ միջոց է նաև քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց համար: Գրիպի դեմ պատվաստման արդյունքում նվազել է շաքարային դիաբետով (79%) և թոքերի քրոնիկ հիվանդություն (52%) ունեցող հիվանդների հոսպիտալացման ցուցանիշը: Պատվաստման արդյունքում նվազել է նաև սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդություն ունեցողների հոսպիտալացման ցուցանիշը:
Հղիների շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ պատվաստանյութը նվազեցրել է գրիպով հիվանդացությունը շուրջ մեկուկես անգամ: Որոշ ուսումնասիրությունների համաձայն՝ հղի կնոջ պատվաստումը կարող է 50 %-ով նվազեցնել գրիպով վարակվելու վտանգը երեխայի մոտ: Պաշտպանությունը պահպանվում է երեխայի ծնվելուց հետո չորս ամիս:
Բժիշկների պնդմամբ՝ կորոնավիրուսով հիվանդացածները ևս պետք է պատվաստվեն սեզոնային գրիպի դեմ, քանի որ նրանց դիմադրողականությունն արդեն իսկ թուլացած է, և ինքնուրույն դժվար է պայքարել գրիպի դեմ: Նրանց խորհուրդ է տրվում սեզոնային գրիպի դեմ պատվաստվել թեստի բացասական արդյունքը ստանալուց 14 օր անց:
Կորոնավիրուսից պատվաստման մասին
Կորոնավիրուսի մասսայական պատվաստում Հայաստանում դեռևս չի իրականացվում։ Երկիրը որպես նվեր նոյեմբերին ստացել էր ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի շատ փոքր խմբաքանակ:
Եվ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը (արդեն անցել է այլ աշխատանքի) պատվաստվող առաջին կամավորն էր: Նախարարությունից հայտնում են, որ նրա պատվաստումից հետո շատացել են զանգերը նաև հետաքրքրված քաղաքացիների կողմից։
«Իհարկե, հետաքրքրություն կա, բայց կան նաև մտավախություններ: Դրանք առավել զգալի են սոցիալական ցանցերում: Մենք հետևում են պատվաստումների վերաբերյալ բացասական հրապարակումներին, սակայն պետք է նշել, որ դրանք, հիմնականում, ոչ թե սկզբունքային հակավակցինացման հետևանք են, այլ անհիմն ահազանգեր, որոնք, ցավոք, իրենց ազդեցությունն են ունենում ընդհանուր պատկերի վրա»,- ասում է Գայանե Սահակյանը:
Հայաստանի առողջապահության նախարարությունը բանակցում է պատվաստանյութերի, մասնավորապես, «Սպուտնիկ V»-ի և AstraZeneca-ի ձեռքբերման շուրջ: Առաջին փուլում նախարարությունը մտադիր է պատվաստել բնակչության 10 տոկոսին: