Նոր հայ գերիներ՝ Արցախում հրադադարից հետո
Հայկական լրատվամիջոցները հաղորդում են ղարաբաղյան հակամարտության գոտում նոր գերիների մասին։ Հայաստանի վարչապետը, Արցախի նախագահն ու օմբուդսմենը հաստատում են այդ փաստը։
Ընդհանուր առմամբ, իրավիճակն Արցախում և դրա հարակից տարածքներում հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո բազում հարցեր է առաջացնում։ Այդ փաստաթուղթը հայ քաղաքագետներն ի սկզբանե գնահատեցին որպես «հում», ցայտնոտի մեջ ստորագրված։ Եվ այժմ խնդիրներ են առաջանում, որոնք կողմերը չեն կարողանում կարգավորել՝ ըստ համաձայնագրի կետերի, և այդ պատճառով երկարատև լրացուցիչ բանակցություններ են անցկացվում։
Խոսքը, մասնավորապես, այն մասին է, թե որ բնակավայրերն են մնում հայկական կողմի կամ անցնում ադրբեջանական կողմի վերահսկողության տակ, հակամարտության գոտու որ հատվածներում պետք է գտնվեն խաղաղապահները։
Հայ զինծառայողների գերեվարման փաստն, ըստ ամենայնի, կապված է այս հարցերի հետ։
Ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբ, հայ զինծառայողների գերեվարման վերջին միջադեպի բոլոր մանրամասները։
- Սրացում Արցախում․ հայկական և ադրբեջանական կողմերի վարկածները
- Հայաստանի վարչապետը մտադիր չէ հրաժարկան տալ մինչև ընտրությունները
Ի՞նչ են հաղորդում լրատվամիջոցները
Սկզբից սոցցանցերում տեսանյութ հայտնվեց, որում անզեն հայ զինվորականները գնում են անհայտ ուղղությամբ՝ ադրբեջանցիների ուղեկցությամբ։
Միաժամանակ Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդեց, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի ուղղությամբ տեղակայված մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Նշվում էր, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում՝ պարզելու համար, թե արդյոք հայ զինծառայողները գերի են ընկել։
Հայկական լրատվամիջոցները փոխանցում էին, որ միջադեպը տեղի է ունեցել Հադրութի շրջանի գյուղերից մեկի մոտ։ Տարբեր թվեր էին նշվում այն մասին, թե քանի մարդ է գերեվարվել։ Ընդհանուր առմամբ, խոսքը մոտ 100 զինծառայողի մասին է։ Սակայն տեղեկություններ էլ կան, որ ադրբեջանական գերության մեջ է հայտնվել 150 մարդ, և նրանք բոլորը Հայաստանի Շիրակի մարզից են։
Ինչ վերաբերում է տեսանյութին, ապա սկզբից հաղորդվում էր, իբր դրանք հայ զինծառայողների գերեվարման կադրեր են։ Այնուհետև տեղեկություններ հայտնվեցին այն մասին, թե տեսանյութում այն 30 անձինք են, որոնք, ադրբեջանական կողմի հետ բանակցությունների շնորհիվ, կարողացել են դուրս գալ շրջափակումից։ Նրանք փոխանցվել են ռուս խաղաղապահներին։ Շարունակվում են մնացածների որոնումները։ Նրանց հետ կապի դուրս գալ չի հաջողվում։
Արցախ է մեկնել Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը՝ ռուս խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ հանդիպելու նպատակով։
Ռուս խաղաղապահները շրջափակման մեջ
«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետը, մեկնաբանելով գերեվարված զինվորականների միջադեպը, ասել է, որ շրջափակման մեջ են գտնվում նաև ռուս խաղաղապահները.
«Կապի խնդիր կա, որովհետև տեղանքի բերումով, նաև իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան, ընդ որում՝ այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահները, և այնտեղ որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք մենք»:
Արցախի օմբուդսմենի մեկնաբանությունը
Արտակ Բեգլարյանը Facebook-ի իր էջում գրել է, որ նոր հայ ռազմագերիների մասին տեղեկությունների առնչությամբ կապվել է մի շարք հաստատությունների և տեղի զինվորականների հետ։
Ըստ նրա նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի ուղղությամբ անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում։ Նրա խոսքով՝ այս միջադեպը բացարձակ անընդունելի է, այն պետք է արագորեն ու խստորեն քննվի իրավապահ մարմինների կողմից՝ պարզելու համար բոլոր հանգամանքներն ու մեղավորների շրջանակը:
Արտակ Բեգլարյանը կարծում է, որ Հայաստանի բոլոր լիազոր մարմինները պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել բոլոր ռազմագերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ: Նա պնդում է նաև, որ անհրաժեշտ է հստակ տեղեկություններ տրամադրել ռազմագերիների հարազատներին և վարել հնարավորինս թափանցիկ հանրային հաղորդակցություն՝ խուսափելու համար ապատեղեկատվություններից ու ավելորդ լարվածություններից:
Արցախի նախագահի մեկնաբանությունը
Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 16-ին ուղերձով է հանդես եկել, որում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում անվտանգության հարցերը։ Նա ընդգծել է, որ այս պահի դրությամբ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո շուրջ երկուսուկես անգամ երկարել է շփման գիծը՝ միևնույն սուղ մարդկային ու տեխնիկական միջոցների պայմաններում։
Սակայն Արցախի նախագահը վստահեցնում է, որ արվում է հնարավոր ամեն ինչ՝ անվտանգության մարտահրավերները չեզոքացնելու համար։
Նա հաստատել է նաև, որ մի քանի տասնյակ զինծառայողներ գերեվարվել են, և պաշտպանության նախարարությունը պարզում է միջադեպի հանգամանքները․
«Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության ստանձնած խաղաղապահ մանդատն Արցախում՝ ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների ու ձևավորված շփման գծի խախտումները հստակ անհարգալից վերաբերմունք են Ռուսաստանի և՛ միջնորդական ջանքերի, և՛ խաղաղապահ մանդատի նկատմամբ»: