Հայաստանի վարչապետը հերքում է․ քաղաքացիական պատերազմի կոչ չի եղել
Հայաստանի վարչապետն առցանց ասուլիս է տվել և հայտարարել, որ իր խոսքերը սխալ են մեկնաբանվել։
Նա մանրամասն անդրադարձել է գիշերվա իր սկանդալային գրառմանը։ Ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանը գրել էր․
«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երևանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»։
Հայաստանում այս գրառումն ընկալվել էր որպես քաղաքացիական պատերազմի, ընդդիմախոսների նկատմամբ հաշվեհարդարի և բռնության կոչ։ Այն դատապարտել էր մարդու իրավունքների պաշտապնը, երկրի նախագահն էլ զսպվածություն ցուցաբերելու կոչ էր արել։
Սակայն վարչապետն առցանց ասուլիսի ժամանակ պարզաբանեց, որ Երևանում սպասում է զինվորներին՝ միայն նրանց հետ անձամբ հանդիպելու համար, որ նրանք Հայաստան են վերադառնալու առանց զենքի, և ինքը բնավ որևէ մեկի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի կոչ չի արել։
Պատասխանելով 12 հայկական պարբերականների լրագրողների հարցերին՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ղարաբաղյան պատերազմի արդյունքներին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքին և ռուս խաղաղապահների առաքելությանը։
Ի՞նչ էր ուզում ասել վարչապետն իր գրառմամբ
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է այն մեղադրանքները, թե ինքը պատրաստվում էր քաղաքացիական պատերազմ հրահրել։
Նրա խոսքով՝ առաջնագծից զինվորները զենքով չեն վերադառնալու, այդ պատճառով էլ պնդումները, թե իբր ինքը քաղաքացիական պատերազմի կոչ է արել, բացարձակ անհիմն են․
«Պարզապես մարդիկ այժմ լարված են, նրանց հեշտ է մանիպուլացնել»։
Փաշինյանը նշել է, որ Երևանում սպասում է զինվորներին նրանց հետ անձամբ շփվելու համար․
«Այժմ կառավարությանը մեղադրում են ինչ-որ մութ սխեմաների համար։ Զինվորականը, որը կանգնած էր առաջնագծում, արցախյան իրավիճակի մասին բոլորից ավելի տեղյակ է։ Նրանցից շատերն ինձ հետ հանդիպում են խնդրում, և ես դրա համար եմ սպասում նրանց վերադարձին»։
Փաշինյանն ասել է նաև, որ «պատերի տակ վնգստացողներ» իր արտահայությունն ուղղված է եղել ընդդիմությանը։
Արցախյան պատերազմի մասին
Հայաստանի վարչապետն իրեն է գլխավոր պատասխանատու անվանել Արցախում ստեղծված իրավիճակի համար։ Ըստ նրա՝ ինքը պատրաստ է ժողովրդի դատի առաջ կանգնել «հասարակության և քաղաքական ուժերի հետ ազնիվ և անկեղծ երկխոսության պայմաններում»։ Սակայն դրանից առաջ մարդիկ պետք է իմանան բոլոր մանրամասները, որոնք նրանց դեռ հայտնի չեն։
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ անհրաժեշտ է նոր օրակարգ ձևավորել։ Եվ դրանում առանձնահատուկ տեղ է գրավելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որն այժմ նույնիսկ ավելի սուր և կարևոր է դառնում․
«Ամենակարևոր հարցն այն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է ապրի Լեռնային Ղարաբաղում»։
Ընդ որում, Արցախի Պաշտպանության բանակն, ըստ նրա, կպահպանվի և կլինի ԼՂ ինքնիշխանության երաշխավորը։
Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է Շուշի բերդաքաղաքի անկման մասին հարցը, որի համար հայկական ստորաբաժանումներն, ինչպես նշել է վարչապետը, մինչև վերջ հերոսաբար կռվել են․
«Ապատեղեկատվություն է տարածվում այն մասին, թե իբր Շուշին առանց մարտի է հանձնվել։ Եթե քաղաքն առանց պայքարի է հանձնվել, ապա ինչպե՞ս են դրա մերձակայքում հայտնաբերվել զոհված հայ զինծառայողների մարմինները։ Ո՞վ է քաղաքը պաշտպանելու հրաման տվել նրանց։ Ինչո՞ւ են նրանք կռվել, եթե քաղաքը հանձնվել է»։
Նա հերքել է նաև այն լուրերը, թե ռուսական խաղաղապահ զորակազմը հակամարտության գոտի է տեղափոխվել եռակողմ հայտարարության ստորագրումից առաջ։
Փաշինյանը հայտարարել է նաև, որ չի պատրաստվում հրաժարական տալ, նման հարց իր օրակարգում չկա։
Վարչապետի գրառման հետևանքները
Քննարկումներն ու Փաշինյանի գրառմանն արձագանքը սկսվել է դեռևս գիշերը՝ դրա հրապարակումից անմիջապես հետո։
Մասնավորապես, այն հրաժարականների պատճառ է դարձել կառավարությունում։ Իր պաշտոնից հրաժարվել է շրջակա միջավայրի հարցերով փոխնախարար Իրինա Ղափլանյանը։ Հրաժարական է տվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը, նա հայտարարել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը լքելու մասին, որի առաջնորդը վարչապետն է։
«Իմ քայլն» իշխող դաշինքի երեք պատգամավորներ՝ Գայանե Աբրահամյանը, Թագուհի Թովմասյանն ու Լուսինե Բադալյանը, որոշել են վայր դնել մանդատները։
Կառավարությանը հրաժարական տալու կոչով է դիմել «Մարդկային զարգացման կենտրոն» կազմակերպության ղեկավար, հանրային հիմունքներով նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը․
«Հեռացեք, ու այդ քայլը թող լինի առաջինը դեպի ազգային միասնականություն»։