Կարծիք․ ինչո՞ւ է խաղաղությունն Արցախում անհուսալի, և ինչո՞ւ է Ռուսաստանին պետք Արևմուտքի աջակցությունը
Արցախի վերաբերյալ եռակողմ (Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան) համաձայնագիրը, որը ստորագրվել է նոյեմբերի 10-ին, անհուսալի որոշում է, կարծում է Հարավային Կովկասի հարցերով առաջատար եվրոպացի փորձագետ Թոմ դը Վաալը։
Carnegie Moscow Centre պարբերականում հրապարակված նրա վերլուծությունը՝ հակիրճ
Պլանն իրացնելը շատ դժվար է լինելու
Արյունալի բախումները շարունակվում էին մի քանի շաբաթ, իսկ խաղաղությունը ձեռք է բերվել մի քանի ժամում։
Ռուս խաղաղապահները սկսել են Արցախ ժամանել Լաչինի միջանցքով արդեն նոյեմբերի լույս 10-ի գիշերը, թեև դրանից մի քանի ժամ առաջ հայկական ղեկավարությունը հաղորդում էր, որ Շուշիի մարտերը շարունակվում են։
Ամեն ինչ տեղի ունեցավ արագ, բայց պարզ է, որ սցենարն ավելի վաղ էր նախապատրաստվել։
Վերջին երեք տարում Ռուսաստանը հակամարտության կողմերին առաջարկում էր այսպես կոչված «լավրովյան պլանը», թեև հանրային կերպով դրա գոյությունը հերքվում էր։
Պլանի էությունը հետևյալն էր․ Արցախից հայկական զինված կազմավորումների փուլային դուրսբերում ու ռուս խաղաղապահների տեղակայում, որոնք երաշխավորում են հայկական բնակչության անվտանգությունը։
«Նման որոշումը ձեռնտու չէ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և եվրոպական այլ երկրներին, որոնք պնդում էին, որ հակամարտությունը լուծվի բազմակողմ ձևաչափով և խաղաղության միջազգային պայմանագիր կնքվի։ Կարծես ռուսական պլանի հայտարարումը Փարիզին ու Վաշինգտոնին հանկարծակիի է բերել», — գրել է Թոմաս դը Վաալը։
Այժմ հենց Լավրովի պլանն է իրականացվում, սակայն Բաքվի համար ավելի շահեկան պայմաններով։ Մասնավորապես․
- Արցախի տարածքում շփման նոր գիծ է լինելու։
- Հայկական կողմը տարածք է զիջում, այդ թվում՝ Հադրութի զգալի մասը։
- Փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ընդհանրապես չի հիշատակվում։
- «Ի՞նչ անել, կռվել Պուտինի դե՞մ»․ մեկնաբանություն Բաքվից
- Ո՞վ է մեղավոր և ի՞նչ անել։ Երևանի փորձագետներն՝ Արցախի վերաբերյալ համաձայնագրի մասին
- Ի՞նչ է կատարվել արցախյան մարտադաշտում։ Ռազմական փորձագետների գնահատականները
Առաջին հայացքից կարող է թվալ, որ Ռուսաստանը տպավորիչ դիվանագիտական հաջողության է հասել, թեև սկզբից Ադրբեջանն ու Թուրքիան նրանից առաջ էին անցնում։
Սակայն իրականում ինը կետից բաղկացած այս պլանը շատ դժվար է լինելու իրականացնել։
1.
Մոտակա շաբաթների ընթացքում Ռուսաստանը պետք է ապահովի հայերի կողմից Աղդամի, Քարվաճառի և Բերձորի ազատումը (բացառությամբ Բերձորի միջանցքի), որոնք հայկական կողմը վերահսկում էր 25 տարի։
Հազարավոր մարդիկ, որոնք այժմ այնտեղ են ապրում, կարող են ընդդիմանալ։
2.
Երկու հազար խաղաղապահը շատ քիչ է՝ տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Եվ նրանց մանդատը միայն հինգ տարով է, ինչը շուտով արդիական կդարձնի երկարաժամկետ հեռանկարների մասին հարցը։
Ենթադրվում է, որ խաղաղապահների ոչ մեծ թիվն Ադրբեջանի պահանջն է։
3.
Ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի նշանակելու է, որ 1991 թ-ից ի վեր առաջին անգամ ադրբեջանցիներն ու հայերը (Ստեփանակերտում) կողք-կողքի են ապրելու, շփվելու են միմյանց հետ և օգտվելու են միևնույն ճանապարհից։
4.
Ստեփանակերտից դեպի Լաչին նոր ճանապարհի շինարարությունը, որը նախատեսված է հրադադարի համաձայնագրով, լեռնային տեղանքի պատճառով դժվարագույն խնդիր է թվում։
5.
Պարզ չէ, թե ինչ դեր են ունենալու թուրք զինվորականները տարածաշրջանում։
6.
Անհասկանալի է, թե ինչպես է Հայաստանի տարածքով կառուցվելու Բաքու-Նախիջևան (Ադրբեջանի անկլավը Հայաստանի տարածքում) միջանցքը։
7.
Համաձայնագրի մեջ խոսք չկա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին։ Այս հարցը գլխավոր խնդիրն էր ավելի քան մեկ դար։ Հասկանալի է, որ դա միտումնավոր չի հիշատակվել, սակայն դա նշանակում է, որ որոշում այդպես էլ չի գտնվել։
Ռուսաստանին անհրաժեշտ կլինի Արևմուտքի աջակցությունը պլանի իրականացման հարցում
Իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը վառ դիվանագիտական քայլ է կատարել, սակայն նաև իր վրա հսկայական պատասխանատվություն է վերցրել։ Եթե ինչ-որ բան այնպես չլինի, երկու կողմերը մեղադրելու են հենց նրան։
Հնարավոր է՝ շուտով պարզվի, որ նոյեմբերի 10-ին ստորագրված հրադադարի համաձայնագիրը խախուտ փաստաթուղթ է։ Եվ Մոսկվան կարող է շուտով որոշել, որ ինքը չի կարողանում արագ լուծել հակամարտությունը։
Նրան պետք կլինի Մինսկի խմբի (միակ միջազգային կառույցը, որը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի միջնորդն է), ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի օգնությունը։
Եվ, ըստ ամենայնի, անհրաժեշտ կլինի Արևմուտքի գործնական աջակցությունը՝ ի հեճուկս տարաձայնությունների, որոնք Ռուսաստանն ունի արևմտյան երկրների հետ՝ Վրաստանի և Ուկրաինայի պատճառով։
Ինչո՞ւ է նախագահ Ալիևը համաձայնել ռուս խաղաղապահների տեղակայմանը
Ադրբեջանն ակնհայտ հաղթող է։ Եթե վաղը երկրում ազատ ընտրություններ անցկացվեին, նախագահ Ալիևը վստահ հաղթանակ կտաներ։ Անսպասելիորեն նա ավելիին հասավ, քան կարող էր հույս ունենալ մի քանի շաբաթ առաջ․ Ղարաբաղի հարակից յոթ շրջաններն ու Շուշին։
«Այժմ Ալիևն, ըստ ամենայնի, կփոխի ագրեսիվ հռետորաբանությունն ավելի մեղմ տոնով և իրեն կսկսի ներկայացնել որպես խաղաղության, այլ ոչ թե պատերազմի կողմնակից։ Թեև ադրբեջանական ընդդիմության շարքերում հավանաբար հարցեր կառաջանան, թե ինչու նա Ղարաբաղն ամբողջությամբ չգրավեց և ինչու թույլ տվեց ռուսական զորքերի տեղակայում, չէ՞ որ հոկտեմբերի 9-10-ի մոսկովյան հանդիպմանը նա, ինչպես հաղորդում են, հրաժարվեց դրանից», — գրում է Թոմաս դը Վաալը։
Դա կարող է մի քանի պատճառ ունենալ, կարծում է փորձագետը․
- Մայրաքաղաք Ստեփանակերտի վրա հարձակումը բազում զոհերի կբերեր և կփչացներ Ադրբեջանի միջազգային հեղինակությունը։
- Քաղաքի գրավման դեպքում կամ ողջ հայկական բնակչությունը պետք է լքեր Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը, կամ Ադրբեջանը նրանց պետք է առաջարկեր ինքնավարության բարձր աստիճան։
- Երկրորդ որոշման համար ստիպված կլինեին փոխել Ադրբեջանի սահմանադրությունը։
Այդ պատճառով էլ, հնարավոր է, Բաքվում որոշել են, որ ավելի արդյունավետ կլինի Արցախի հայերի ճակատագիրը Մոսկվայի վրա դնելը, գրում է Թոմաս դը Վաալը։
Ի՞նչ է լինելու Հայաստանում
Հայկական կողմը ծանր պարտություն կրեց, որի հետևանքները դեռ տարիներով զգալու է։
Հայ հասարակությունը պատրաստ չէր այսպիսի արդյունքի, և ընդդիմադիր քաղաքական գործիչներն այժմ կոշտ ձևով դիմադրում են ստորագրված համաձայնագրին։
«Սակայն, եթե անգամ Փաշինյանի փոխարեն այլ մարդ գա, դժվար է պատկերացնել, որ նա կարող է ավելի լավ պայմաններ ստանալ», — կարծում է Թոմաս դը Վաալը։