«Ի՞նչ անել, կռվե՞լ Պուտինի դեմ». մեկնաբանություններ Բաքվից
Ղարաբաղում զինադադարի հաստատման եռակողմ հայտարարության պայմանների համաձայն՝ Ռուսաստանի խաղաղապահ ուժերը մտան տարածաշրջանի որոշ շրջաններ: Ադրբեջանում իրադարձությունների այդպիսի շրջադարձը հասարակության մեջ միանշանակ չընդունվեց:
Քաղաքական գործիչները, փորձագետները և սոցցանցերի սովորական օգտատերերը չեն դադարում մեկնաբանել տեղի ունեցածը:
Հայտնի ադրբեջանցի բլոգեր, պատմական գիտությունների թեկնածու Ալթայ Գեյուշովը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է ռուս խաղաղապահների մուտքը Ղարաբաղ.
«Պատերազմ ուզել, իսկ հիմա հառաչել ռուսական բանակի մուտքի կապակցությամբ՝ հիմարություն է, իսկ որոշ դեպքերում՝ անբարեխղճություն: Դիմում եմ այդպիսի մարդկանց:
Ձեզ համար նորությո՞ւն էր, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, և հողերը բռնազավթված էին Ռուսաստանի ուղղակի մասնակցությամբ: Չգիտեի՞ք այդ մասին: Բնականաբար, գիտեիք:
Հենց Ռուսաստանի ներգրավվածության մեծ հավանականությունն էր պատճառը, որ մինչև հիմա պատերազմ չէր լինում: Այս մասին ևս չգիտեի՞ք: Բնականաբար, գիտեիք: Դա այնքան վաղուց չի եղել, որ ձեզ բնորոշ կույր հիշողությունը խանգարեր հիշել: Տեսաք 2016-ին:
Չգիտեի՞ք նաև այն մասին, որ Պուտինը, նշանակություն չտալով ոչ մի միջազգային նորմի, ցանկության դեպքում կարող է ռազմական ներխուժում սկսել: Նույնիսկ այն մասին չգիտեի՞ք, թե ինչ է նշանակում Ռուսաստանի ռազմական հզորությունը: Չնայած այս ամենին՝ պատերազմ էիք ուզում: Եվ դրա համար ողբալ նախապես հայտնի արդյունքների համար կամ հիմարության, կամ երեսպաշտության արտահայտություն է:
Իսկ արդյունքը սպասվածից շատ ավելի լավն էր: Ռուսաստանն անմիջապես չներխուժեց: Դա չարեց Թուրքիայի բացահայտ աջակցության պատճառով: Ասենք, չխանգարեց Շուշին Ադրբեջանին վերադարձնելուն:
Այժմ այդ նույն Թուրքիան է ընդունել այդ որոշումը, կարգավորման շրջանակներում է, բայց հիմարների կամ պատեհապաշտների մի խումբ ելույթ է ունենում. ասում են՝ ինչու Ռուսաստանը մտավ այնտեղ:
Ի՞նչ անել: Կռվե՞լ Ռուսաստանի, Պուտինի դեմ: Փաստորեն, դուք այնքան նեղմիտ եք, որ անգամ դրան եք ունակ:
Պատերազմ էիք ուզում, և արդյունքը ձեր պատասխանատվության տակ է: Իրականում, ռազմական արդյունքը սպասվածից բազմակի անգամ ավելի լավն է: Չնայած մենք դեռ լիովին չգիտենք, թե ինչպիսին կլինեն քաղաքական արդյունքները: Տարածաշրջանը վերածվում է ակտիվ աշխարհաքաղաքական դիմակայության կենտրոնի: Բայց ինչ էլ որ լինի, ամեն ինչ նրանց խղճի վրա է, ովքեր պատերազմ էին ուզում»: