Իսկ կա՞ արդյոք ստատուս քվո
լուսանկարը՝ Օլեսյա Վարդանյանի
Շփման գծի երկայնքով մեռելային լռություն է: Մի քանի հարյուր մետրանոց դաշտը, որն արդեն 30 տարի է՝ հստակ բաժանում է հայ և ադրբեջանցի զինվորականներին, իր մեջ խեղդում է այդ դիմակայության մարդկային կողմի վերաբերյալ ցանկացած ակնարկ:
Հեռադիտակի ապակիները թույլ են տալիս տեսնել հակառակորդի դիրքերի միայն վերին հատվածը: Ցանկացած անզգույշ մարդկային ուրվագիծ անմիջապես զենքի թիրախ է դառնում:
Հազիվ թե շուտով ինչ-որ մեկը հանգստանա
46-ամյա փոխգնդապետ Մհեր Սարգսյանը չի հավատում, որ այլ կերպ կարող է լինել: Կյանքի գրեթե կեսը խրամատներում է անցկացրել, եղել է այն մարդկանց շարքում, որոնք պատերազմից անմիջապես հետո այստեղ սկսել են առաջին փայտե ամրությունները կառուցել. այն ժամանակ այդ նպատակով օգտագործվել են տարածաշրջանի՝ Բաքու տանող գլխավոր երկաթգծի փայտակոճերը: Ավելի ուշ հողաշեն խրամատները բետոնային կառույցներով են պատել: Այսօր Մհերը պատասխանատու է սարդոստայնի 25 կիլոմետրի համար, որը ձգվում է շփման գծի կամ ինչպես այստեղ են այն անվանում «ռազմաճակատի գծի» ողջ երկայնքով:
Այն սկսել է կազմավորվել 1990-ականների առաջին կեսին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմից հետո: Այն ժամանակ տեղացի կամավորականներից զատ մարտերին մասնակցում էին նոր կազմավորված, իսկ մինչ այդ Խորրդային Միության մաս կազմող երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի բանակները:
«Այնպիսի օր գա, որ մենք բոլորս այստեղից գնանք տուն հանգստանալո՞ւ, — ժպտում է փոխգնդապետն՝ ուշադիր զզնելով իմ սառած դեմքը, — աղջի՛կ ջան, կատակում ես, չէ՞»:
Նրա ծառայակիցները հազիվ են զսպում ծիծաղը:
«Նման բան երբեք չի լինի», — վստաորեն ասում է զրուցակիցս՝ մարտական դիրքերով էքսկուրսիայի շարունակության ուղղությունը ցույց տալու համար ձեռքն օդում թափահարելով:
Հակամարտության այս բոլոր տարիներին փոխգնդապետ Սարգսյանը դադարել է նույնիսկ մտքով անցկացնել, որ պատերազմը երբևէ կավարտվի:
Խրամատային դիվանագիտություն
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում երկու կողմերի ռազմական դիրքերը մայրաքաղաքներից բարձրաստիճան հյուրերի «արշավ» ապրեցին: Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները համատեղ բանակցությունների փոխարեն նախընտրեցին խրամատներ մեկնել:
Ռազմական համազգեստ հագին՝ Իլհամ Ալիևը, իսկ մի քանի շաբաթ անց՝ նաև Սերժ Սարգսյանը, մեկնեցին շփման գիծ՝ միմյանց դիրքերը հեռադիտակով զննելու:
Սերժ Սարգսյան. լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքից
Միջազգային միջնորդներն այդպես էլ չկարողացան համոզել երկու երկրների՝ տարածաշրջանի ճակատագրի համար պատասխանատու առաջնորդներին նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել իրենց առաջարկը:
Ապրիլյան սրացումից հետո ԵԱՀԿ դիտորդների առաքելությունն ուժեղացնելու գաղափար առաջացավ, ինչի հաշվին տեսականորեն միջադեպերի քանակի և տարածաշրջանում ընդհանուր լարվածության նվազման հույս կարող է առաջանալ: Դրա քննարկումը կայացավ նախագահների վերջին երկու հանդիպումների ընթացքում, սակայն նրանց կողմից վերջնական համաձայնություն այդպես էլ չստացվեց:
Առաջարկվում էր ավելացնել ԵԱՀԿ գործող առաքելության դիտորդների թիվը, նրանց հնարավորություն տալ ցանկացած ժամանակ այցելել հակամարտության գոտու ցանկացած կետ, ինչպես նաև միջադեպերի քննություն անցկացնել, եթե նրանց նման խնդրանքով դիմեն կողմերի ներկայացուցիչները:
Նախորդ հանդիպումների և քննարկումների ժամանակ ոչ ոք չհրաժարվեց նման առաջարկից: Սակայն այն արվել է բազմամյա բանակցային գործընթացի ֆոնին, որը դադարել է զգալի առաջընթաց ապահովել և կարծես լիովին սպառել է իրեն: «Գրավյալ» տարածքների ազատագրման կամ ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը լուծում չէր գտնում այնպես, ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականության ճանաչման հարցը: Այնպես որ, դիտորդների առաքելության ավելացման առաջարկին զուգահեռ օդում մեկ այլ հարց կախվեց. իսկ ինչ է լինելու այն բանից հետո, երբ տարածաշրջանում դիտորդների առաքելություն հայտնվի: Կողմերը հերթական անգամ չկարողացան պայմանավորվել, թե որն է լինելու խաղաղության գործընթացի այդ հաջորդ քայլը:
Մինչ երկու երկրների առաջնորդները խրամատներ էին այցելում, նրանց նախարարները դիվանագիտական պատերազմի ակտիվ փուլում էին: Ելույթ ունենալով ԵԱՀԿ անդամ երկրների ամենամյա հանդիպմանը Համբուրգում՝ Ադրբեջանի արտգործնախարարը հայկական կողմին մեղադրեց բանակցային գործընթացի միտումնավոր ձգձգման համար, որն ուղղված է միայն այսպես կոչված ստատուս քվոյի պահպանմանը, այլ ոչ թե Ղարաբաղի վերադարձին Բաքվի ուղղակի վերահսկողության տակ: Էլմար Մամեդյարովը հստակ նախանշեց այն, թե ինչպես է նա տեսնում գործընթացի շարունակությունը. հայկական բանակի դուրսբերում Ղարաբաղից, տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնում և փախստականների վերադառնալու գործընթացի սկիզբ՝ տարածաշրջանին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հետ մեկտեղ:
Նրա հայ գործընկերը «խայթոցով» պատասխանեց՝ իրեն հասցեագրված մեղադրանքները որակելով որպես «ложь на тараканьих ножках»: Էդվարդ Նալբանդյանի խոսքով, Ադրբեջանը խաղաղ կարգավորման գործընթացը պատկերում է միայն մեկ նպատակով, որպեսզի իր բնակչությանն ու միջազգային հանրությանը համոզի, որ պատերազմն իր զինանոցում մնացած միակ միջոցն է: Նա նշեց, որ Բաքվի հանդեպ վստահություն չունեն ոչ ղարաբաղցիները, ոչ էլ Հայաստանի բնակիչները, քանի որ նույնիսկ վերջին սրացման ժամանակ ադրբեջանցիները բարբարոսություններ են կատարել, հայ զինվորների և տեղի տարեց բնակչների վերջույթներ են կտրել: Ադրբեջանական կողմից այդպես էլ ոչ ոք դրա համար պատասխանատվություն չկրեց:
Նման հանրային վեճից հետո նախարարները վերադարձան իրենց երկրներ՝ այդպես էլ վերջակետ չդնելով ապրիլյան դիմակայությունում:
«Ինչո՞ւ այս ամենը չավարտեցիք», կամ ոչ պետքական ստատուս քվո
Շփման գծում խրամատներով անցնում է Ղարաբաղի երիտասարդների արդեն երրորդ սերունդը: Զինվորական ծառայություն 2 տարվա ընթացքում պարտավոր է կրել յուրաքանչյուր տեղացի երիտասարդ, և դրա հանդեպ վերաբերմունքն այստեղ շատ լուրջ է: Նրանց մեծ մասի համար խրամատային ծառայությունը գլխավոր, երբեմն էլ միակ ինստիտուտն է, որտեղ նրանք կյանքի հմտություններ են սովորում:
Նրանցից շատերի համար ապրիլյան սրացումն առաջին իրական մարտական մկրտումն էր: Հաշված ժամերի ընթացքում դիրքեր էին հասել հարյուրավոր տեղացի տղամարդիկ: Յուրաքանչյուրին զենք և զինվորական համազգեստ էր հասնում:
«Հայր ու տղա ուս ուսի կանգնած էին», — պատմում է փոխգնդապետ Սարգսյանը:
Նման խառնաշփոթը, նրա խոսքով, դիրքերում անկարգություն չառաջացրեց, քանի որ յուրաքանչյուրը հստակ գիտեր, թե «ինչ պետք է անի և ով է հրաման տալիս»:
Այդ մարտական տրամադրվածության մասին եկվորներին հպարտությամբ է պատմում: Սակայն այս պատմությունը հակառակ կողմ էլ ունի:
«Ինչո՞ւ դուք այս ամենը ժամանակին չավարտեցիք: Ինչպե՞ս կարող էիք սա մեզ թողնել, — ինձ ու քրոջս վրա գոռում էր նրա որդին», — երևանյան հետազոտողն ինձ պատմում է այն մասին, թե ինչ էր տեղի ունենում իր հարազատ ղարաբաղյան հողում ապրիլյան դեպքերից անմիջապես հետո:
«Դա այն պատերազմի հակառակ կողմն էր: Եվ մենք պատասխան չունեինք նրան տալու, պատերազմի առաջին ժամերին զոհվել էին նրա երեք ընկերները»:
Այդ երիտասարդի, ինչպես նաև շատ տեղացիների համար ապրիլյան դեպքերը երկար տարիների ընթացքում պատերազմի իրական վտանգի մասին առաջին լուրջ հիշեցումն էին: Հարաբերական խաղաղության երկու տասնամյակում Ղարաբաղը հասցրել է վերականգնվել և սկսել ավելի ու ավելի շատ նմանվել ֆունկցիոնալ, թեկուզև դե ֆակտո պետական կազմավորման, որն ի վիճակի է գոնե 40 տոկոսով ապահովել սեփական բյուջեն և մտադիր է բարեփոխել իշխանության տեղական ճյուղերը: Մարդիկ ոչ միայն ապրուստի միջոց ունեն, այլ նաև կարողացել են վերականգնվել և սկսել են մտածել բիզնեսի զարգացման, արտասահմանում կրթություն ստանալու անհրաժեշտության և շատուշատ այլ բաների մասին, ինչը հնարավոր չի լինի կյանքի ռազմական պայմաններին վերադառնալու դեպքում:
Թեկուզև խրամատային կյանքը տեղական կյանքի նորմա է դարձել, սակայն միևնույն ժամանակ Ղարաբաղի խաղաղ զարգացում էլ է թույլ տվել: Պատերազմը տեղացիների համար ինչ-որ տեղ դիրքերում վարվող մի բան էր, իսկ մնացածը շարունակում էին ապրել ու զարգանալ:
Դրա ամենավառ օրինակներից մեկը տեղացի խոշոր ֆերմերի հետ կապված պատմությունն է, որը, չհասցնելով գիտակցել, որ իրական ռազմական դիմակայություն է սկսվել, փորձել է ռազմական ղեկավարությանը համոզել տանկերն իր ցանած դաշտերով չանցկացնել: Նա դեռևս ապրում էր խաղաղ Ղարաբաղում, որն ապրիլին անսպասելիորեն վերածվեց պատերազմի վայրի:
Սակայն չլուծված խնդրով այստեղ ապրել հազիվ թե ինչ-որ մեկը ցանկանա: Ղարաբաղի ներկայիս բնակչների պես ստատուս քվոն անընդունելի է նաև Աղդամի փախստականի՝ ադրբեջանական ծագում ունեցող հայտնի պետերբուրգյան ակադեմիկոսի համար, որի հետ շփվեցի.
«Այս ամենն արդեն այնքան երկար է ձգվում, երիտասարդները մեծանում են, և նրանք արդեն չեն խնդրում, նրանք պահանջում են վերադառնալ տուն», — բացատրում է նա Բաքվի ղեկավարության պահվածքի տրամաբանությունը:
Նա, ինչպես և Ղարաբաղի հազարավոր փախստականները, հնարավորություն ունի իր տան փլատակները տեսնելու միայն Google Maps-ով: Իրերի նման դասավորության հետ նա չի պատրաստվում հաշտվել:
Մի ամբողջ ձմեռ տևողությամբ դադար
Ապրիլյան դիմակայությունից հետո ողջ տարվա ընթացքում երկու կողմից էլ տեղական մասշտաբներով մեծ շինարարություն էր ընթանում: Նախկին խրամատներին նոր շարքեր, ավելի պաշտպանված ճանապարհներ և վերահսկողության հատուկ սարքավորումներ էին ավելացվում: Ամեն ինչ արվում էր նշանակված պահին նվազագույն կորուստներով դրված խնդիրը կատարելու համար:
Միայն ցրտերն սկսվելուց հետո դիրքերից սկսեցին ետ քաշել ծանր տեխնիկան: Այն էլ՝ դեպի բազաներ, որտեղից վայրկյանների ընթացքում հնարավոր է այն կրկին առաջ տանել: Ամենօրյա փոխհրաձգության մասին հաղորդումները նույնպես զգալիորեն կրճատվեցին: Այնպես ստացվեց, որ ձմեռային ցրտերն ավելի արդյունավետ խաղաղապահ են, որն, ինչպես կանխատեսում են տեղի զինվորականները, հավանաբար կարող է «վերակենդանանալ» գարնան հետ միասին:
Խրամատի ծայրին՝ ցածր առաստաղով կառույցի ներսում, երկհարկանի մահճակալ է դրված: Պատերից մեկը պատված է դիմակայության տարիներին զոհվածն հերոսների անուններով: Հակառակ կողմից՝ ադրբեջանական բանակում տարբեր աստիճանների զինծառայողների նշաններն են:
Մահճակալի վերևի հարկից սև վերմակի տակից ժպտում է 18-ամյա տղայի քնաթաթախ դեմքը, որն իմ գալուց մի փոքր առաջ վերադարձել է գիշերային հերթափոխից:
«Իսկ դու գիտե՞ս՝ ինչ է այնտեղ կատարվում», — բազմանշանակ հարցնում եմ ես և մատով ցույց տալիս առաստաղը՝ նկատի ունենալով բարձրագույն ղեկավարությանը:
Նա, շարունակելով ժպտալ, բացասաբար գլուխն է շարժում՝ կոչումով իրենից ավագ սպայից թխվախքաբլիթ վերցնելու համար ձեռքը պարզելով:
Այս տղաներից ոչ ոք բջջային հեռախոս և հեռուստացույց չունի, այնպես որ վերջին քաղաքական հայտարարությունների և դիվանագիտական վեճերի մասին նրանք ոչինչ չգիտեն:
Իսկ եթե ինչ-որ լուրջ բան սկսվի, նրանք թերևս առաջիններից մեկը կլինեն, ով այդ մասին կիմանա: Քանի որ եթե սկսվի էլ, ապա՝ այս խրամատներում: