Կործանված ինքնաթիռ
Սոչիի մերձակայքում Սև ծովը պատված է լույսերի շղթայով: Որոնողական գործողությանը 39 նավ և 3 հազար մարդ է մասնակցում՝ զինվորականներ և ԱԻՆ աշխատակիցներ:
Որոնումներ են սկսվել նաև Աբխազիայի առափնյա հատվածում: Որոնումների ամենահեռավոր կետը ծովափից 8 կիլոմետր հեռավորության վրա է, ամենամոտը՝ մեկուկես: Ջրում աշխատում է 135 ջրասուզակ, Մոսկվայից Ռուսական աշխարհագրական հանրության երկու ստորջրյա սարքավորում է արդեն բերվել:
Միասնական ուժերով դեռևս 14 մարմին, ֆյուզելյաժի 200 կտոր և բեկոր է հաջողվել գտնել: Գտնված բեկորներն օդանավարան են տարվում հետազոտելու համար, իսկ մարմիններն ու ֆրագմենտները մտադիր են Մոսկվա ուղարկել ճանաչման և գենետիկ նույնականացման համար:
Կիրակի՝ դեկտեմբերի 25-ին, Սիրիա ուղևորվող ՏՈւ-154 ինքնաթիռն անհետացավ ռադարներից: 92 մարդ զոհվեց՝ 84 ուղևոր և անձնակազմի 8 անդամ:
Հարազատները
Զոհվածների հարազատները սկսեցին Սոչի գալ աղետից մի քանի ժամ անց: Ժամանումների սրահում նրանց ԱԻՆ և պաշպանության նախարարության աշխատակիցներն են դիմավորում և ուղեկցում հոգեբանի կաբինետ: Եվ արդեն այդտեղից օդանավակայանի տրանսպորտով նրանց տեղափոխում են «Ավրորա» ռազմական առողջարան:
Սակայն կառավարական հանձնաժողովը որոշեց, որ մարմինները պետք է ճանաչել Մոսկվայում:
Օդանավակայանի երկրորդ հարկում գտնվող հոգեբանների կաբինետը դպրոցական դասարան է հիշեցնում. շարքով դասավորված գրասեղաններ են: «Խաղաղ ժամանակ» այստեղ օդանավակայանի աշխատակիցների համար դասախոսություններ և դասընթացներ են կազմակերպվում: Այժմ թափանցիկ վարագույրի ետևը կարմրամոխրագույն բաճկոններով ԱԻՆ աշխատակիցներ են նստած, ինչպես նաև ռազմական հոգեբաններ:
Կամուֆլյաժով միջին հասակի կինը աղջկա համար ջուր է լցնում բաժակի մեջ: Աղջիկը գլխաշորով փաթաթված է, ծայրերը բռնել է և կարծես վախենում է կտորը բաց թողել: Հոգեբանը բաժակը դնում է կողքը:
Մոխրագույն սվիտերով տղամարդը հարազատների հեռախոսահամարներն է թելադրում: Նրա անունը Յուրի է: Նրա կնոջ եղբայրը՝ Ալեքսանդրովի երգչախմբի մեներգիչ 25-ամյա Միխայիլ Վասինն, ու նրա ընկերուհին՝ 22-ամյա պարուհի Ռալինա Գիլմանովան, նույն ինքնաթիռի մեջ էին: Սիրիայից վերադառնալուց հետո նրանք պատրաստվում էին ամուսնանալ և արդեն տեղեկացրել էին ծնողներին:
— Ռալինայի մայրը Կազանում է, նա ուժ չունի ոչ մի բանի համար: Նրանք բոլորը մեկ հարց ունեն՝ ինչպե՞ս, — վերջապես խոսում է Յուրին: — Ինչո՞ւ: Կարո՞ղ եք ասել:
— Բոլորը մահացան, — ասում է կամուֆլյաժով կինը: — Ոչ ոք ոչինչ չգիտի: Ամեն ինչ լղոզված է:
— Մարմինների որոնում, 10 քառակուսի կիլոմետր: Եթե չգտնեն… Ծովի ջուր: Ես մտածում եմ՝ միգուցե ավելի լավ է, որ Միշային չգտնեն: Նա կմնա որպես… Հեռացավ երիտասարդ, ժպիտը դեմքին:
— Ավելի լավ է, որ գտնեն, — ծանրակշիռ կերպով ասում է կինը: — Այլ կերպ կթվա: Ինչ-որ բան, ինչ-որ կերպ: Հավատացեք ինձ: Մարմինը նույնպես կարևոր է:
Օդանավակայան
Օդանավակայանի աշխատակիցներին աշխատանքից հեռացնելու սպառնալիքով արգելված է խոսել լրագրողների հետ:
Օդանավակայանում ուժեղացված և օպերատիվ շտաբ է գործում, այդ պատճառով էլ առանց հանգստի երկրորդ հերթով են աշխատում՝ ի հեճուկս ողջախոհությանը:
Ինչ է հայտնի. եղանակը պարզ էր, «շատ ամառային», ծովում փոթորիկ չկար, անսպասելի քամիներ ջրի վրա չկային:
«Կրասնոդարը, Անապան ինքնաթիռներ չէին ընդունում, իսկ մենք և՛ ընդունում էինք, և՛ ճանապարհում»:
Այդ առավոտյան ՏՈւ-154-ից առաջ չվերթեր են իրականացվել դեպի Սիմֆերոպոլ, որոնք մինչ այդ հետաձգվել էին վայրէջքի վայրում վատ եղանակային պայմանների պատճառով: Մնացածը լուրերի մակարդակով է:
Դիսպետչերներին հարցաքննում են քննիչներն ու Անվտանգության ֆեդերատիվ ծառայության աշխատակիցները, նրանց հետ կապ հաստատել հնարավոր չէ: Այդ պատճառով էլ կատարվածի վերաբերյալ Ադլերի օդնավակայանի աշխատակիցները միասնական կարծիք չունեն: Փոխարենը նրանք 100% հավանականությամբ բացառում են անորակ վառելիքի վարկածը: «Մեզ մոտ նախագահի օդանավն է լիցքավորվում, իսկ դա ինքներդ եք հասկանում…»:
Ասում են՝ ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Մոզդոկում ինքնաթիռի վերալիցքավորման համար, սակայն Մոզդոկում վատ եղանակային պայմաններ էին և օդանավակայանը հրաժարվել է ընդունել օդանավը: Ինքնաթիռն ուղարկել են Սոչի:
Սոչիում ինքնաթիռից դուրս է եկել տեխնիկական աշխատակիցը՝ լիցքավորելու համար, ներս է մտել երկու սահմանապահ՝ արտասահմանյան անձնագրերը ստուգելու համար: Ո՛չ ուղևորները, ո՛չ անձնակազմը (բացի տեխնիկական աշխատակցից) չեն լքել ինքնաթիռը: Ոչ նոր ուղևորներ, ոչ նոր բեռներ չեն ավելացվել: «Եթե նույնիսկ ահաբեկչական ակտ էր, ապա մեզ մոտից չէր»:
Վարորդ Սերգեյ Կոչերգինն աշխատում է «Օդանավակայան» հյուրանոցում: Այժմ այն զբաղված է ԱԻՆ աշխատակիցներով և զինվորականներով, իսկ ընդհանրապես նախատեսված է հետաձգված չվերթերի ուղևորների համար: Սերգեյն, ինչպես օդանավակայանի բոլոր վարորդները, մեքենայում flightradar24 ծրագրի համար առանձին պլանշետ ունի, որը ցույց է տալիս ինքնաթիռների երթևեկությունն ու երթուղիները: Այդ ծրագիրը նրանց օգնում է ժամանակին մոտենալ չվերթերին:
— 5:30 ինչ-որ տեղ մի տղայի հետ կանգնած ծխում էինք: Մեր դիմացն օդանավակայանն էր, տուրբինների ձայնը լսվում էր: Կարծես Բոինգ էր օդ բարձրանում, կարծես ռեակտիվ ինքնաթիռ լիներ: Տուրբինները որքան ուժ ունեին ոռնում էին: Մենք նույնիսկ լարվեցինք: Flightradar-ով նայեցինք, կարծես թե օդ բարձրացավ: Սակայն, երթուղու համաձայն, այն պետք է ձախ թեքվեր՝ դեպի Աբխազիայի կողմը և հետո՝ դեպի Սիրիա: Իսկ նա աջ թեքվեց: Եվ մի քանի րոպե անց Կուդեպստայի և Խոստոյի արանքում (ծովափնյա ավաններ – հեղ.) անհետացավ ռադարներից:
Մենք առանձնապես չանհանգստացանք, մտածեցինք, որ ռազմական ինքնաթիռ է, պարզապես ընդհանուր ռադարներից հեռացրել են և վերջ: Մեզ մոտ նախագահական օդանավերը նույնպես չեն երևում: Ծխեցինք, գնացինք քնելու: Իսկ առավոտյան իմացանք, որ այն ծովն է ընկել:
— Հիմա ես մտածում եմ, որ օդաչուն միանգամից հասկացել է, որ ինքնաթիռը սարքին չէ, ցանկացել է շրջադարձ անել և անմիջապես վերադառնալ, սակայն չի հասցրել: Հանդիպակաց ինքնաթիռներ չեն եղել, նա չի փորձել շրջանցել դրանք, ուղությունը չի փոխել բախումից խուսափելու համար, նա հենց ուզում էր շրջադարձ կատարել: Եթե որոնողական աշխատանքների տարածքը նայենք, բեկորների ուղեծրից երևում է, որ ինքնաթիռը մոտենում էր ափին, փորձում էր ցամաք վերադառնալ: Եվ ևս մեկ բան: Ինքնաթիռը ջուրն է ընկել ափից առավելագույնը 8 կմ հեռավորության վրա: Եթե դրանից առաջ պայթյուն լիներ, կլսվեր: Քաղաքը կլսեր: Սակայն պայթյուն չի եղել:
Ավելի ուշ քննության ընթացքին ծանոթ աղբյուրը հերքեց ուղղության փոփոխության մասին ենթադրությունը.
«Օդանավն օդ է բարձրացել, ինչպես հարկն է: Հիմա Սիրիա Թուրքիայի տարածքով չեն մեկնում, մեկնում են Ադրբեջանի և Իրանի տարածքով, հետո արդեն Սիրիա են հասնում: Նա օդ է բարձրացել սխեմայի համաձայն, ինչպես և պլանավորված էր: Դիսպետչերները ոչ մի տագնապի ազդանշան չեն ստացել: Սակայն դա բացարձակապես ոչ մի բանի մասին չի խոսում: Ոչ միայն ռուսական, այլ նաև համաշխարհային ավիացիայի պատմության մեջ բազմաթիվ աղետներ են եղել, երբ ինքնաթիռներն անձնակազմով ընկել են մեծ բարձրությունից, և անձնակազմը մինչև ընկնելու պահը ողջ է եղել, ինքնաթիռը չի պայթել, օդում մասերի չի բաժանվել և ժամանակ է եղել, սակայն տագնապի ազդանշան չի եղել:
Խոսքն անձնակազմի հոգեբանական-էմոցիոնալ վիճակի մասին է, որն աղետ է ապրում, նրանք բոլորովին այլ բանով են զբաղված լինում, ոչ նրանով, որ հետո այլ բաներ չմտածեն, նրանք փորձում են անել ամեն անհրաժեշտը, որպեսզի ինքնաթիռը շարունակի թռչել, չվթարվի, չընկնի, չշրջվի: Եվ պատահել է, որ անձնակազմներն ընկել են 10 հազար մետր բարձրությունից և դիսպետչերների հետ չեն կապվել:
Հոգեբանությունը բոլորովին այլ կերպ է աշխատում: Ոմանց մոտ հիսթերիա կարող է լինել, ինչ-որ մեկը կարող է մտածել, թե ինչպես հավասարակշռել ինքնաթիռը, ինչ-որ մեկը որոշումներն է քննարկում: Դա շատ բարդ իրավիճակ է. դուք գիտեք, որ 99% հավանականությամբ 30 վայրկյանից մահանալու եք, և ոչ աղոթքը կօգնի, ոչ էլ մեկ այլ բան: Դիսպետչերի ժամանակ չի լինում:
Հիմա ոչ ոք վարկած չունի: Ավելի ճիշտ՝ երեք ստանդարտ վարկած է միշտ լինում՝ տեխնիկա, մարդիկ և արտաքին ուժ՝ եղանակ կամ ահաբեկչություն: Բայց ի՞նչ է տեղի ունեցել և ինչպե՞ս: Քանի դեռ սև արկղերը չենք գտել և չենք վերծանել, ըմբռնում չի լինի»:
Քաղաքը
Տոնական լուսավորությունը չէին հասցրել անջատել: Չնայած սգին՝ բազմագույն «Շնորհավոր Ամանորը» տեղ-տեղ թարթում էր արմավենիների ֆոնին: Գիշերային Սոչին փայլում է, դրա փողոցներից որոնողական նավերի լույսերը չեն երևում:
Սոչիում տեղի ունեցածն «աղետ» են անվանում: Սակայն միաժամանակ հստակեցնում են. ավելի վատ էլ կարող էր լինել:
— Բոլոր թռչող և վայրէջք կատարող ինքնաթիռներն Ադլերի վրայով են անցնում: Մենք սովոր ենք դրան, կարծում ենք, կարծել ենք, որ դա անվտանգ է: Եթե այն քաղաքի վրա ընկներ…
Սոչիի բնակիչներն անհանգստանում են նաև լեռնադահուկային սեզոնի համար, որը 5 օր առաջ է բացվել: Կրասնայա Պոլյանայի բոլոր հյուրանոցները 100%-ով զբաղեցված են, մնացածները հյուրերի են սպասում: «Զբոսաշրջային քաղաքում ավիավթարը, չեք պատկերացնի՝ ինչ է դա»:
Քաղաքապետի հրահանգով լուսաբացին ադմինիստրացիայի պաշտոնյաներն ու ոստիկանները պետք է ծովափ դուրս գային՝ «փնտրելու, թե ինչ է բերելու ջուրը»:
Ծովային նավամատույց, որտեղից շարժվում են որոնողական նավերը, մարդիկ ծաղիկներ են տանում: Մացեստա նավամատույցը, որտեղից նավերը դուրս են բերում ինքնաթիռի բեկորներն ու մարմինները, դատարկ է, փարոսի կարմիր լույսը թարթում է, ալիքը բախվում է ողորկ քարերին:
Զոհերի մարմիններով ինքնաթիռը Մոսկվայում վայրէջք կատարեց առավոտյան ժամը 9-ին Չկալովի ռազմական օդանավակայանում, որտեղից մեկ օր առաջ դուրս էր եկել ՏՈւ-154 ինքնաթիռը:
Աշխատանքային խորհրդակցությունից հետո տեղի ունեցած ասուլիսին տրանսպորտի նախարար Սոկոլովը հայտարարեց, որ ահաբեկչության վարկածը գործնականում բացառվում է, օդանավակայանների անվտանգությունն ուժեղացնելու անհրաժեշտություն չկա, կատարվածի հիմնական վարկածները տեխնիկական անսարքությունը կամ օդանավի կառավարման սխալն են:
Հրապարակվել է՝ 26.12.2016