Վրացի քաղաքական գործիչներն ու փորձագետները՝ ղարաբաղյան հակամարտության մասին։ Մեկնաբանություններ
Ռազմական գործողությունները տարածաշրջանում․ արդեն երրորդ օրն է՝ Ղարաբաղում կրակոցներ են։ Կան զոհեր։
Ի՞նչ է շանակում այս հակամարտությունը Վրաստանի համար։ Տարածաշրջանային իրավիճակի հետ կապված մեկնաբանություններ են անում վրացի քաղաքական գործիչներն ու փորձագետները։
Միխեիլ Սաակաշվիլի, Վրաստանի երրորդ նախագահ
«Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է, և ոչինչ դա չի փոխի», — գրել է Միխեիլ Սաակաշվիլին Ֆեյսբուքում։
Ղարաբաղյան հակամարտությանը նա ծավալուն գրառում է նվիրել։
«Իմ դիրքորոշումն ամբողջությամբ պարզ է։ Այն հիմնված է պետության տարածքային ամբողջականության սկզբունքի վրա։ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածքն է, և ոչինչ դա չի կարող փոխել։ Միաժամանակ, բնականաբար, այդ տարածաշրջանից տեղահանված ամեն ոք իրավունք ունի իր տուն վերադառնալ, իսկ ովքեր արդեն ապրում են այնտեղ, հանգիստ կյանքի իրավունք ունեն, նրանց իրավունքները պետք է պաշտպանված լինեն», — գրում է Սաակաշվիլին։
Ըստ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Վրաստանը շահագրգռված է Կովկասի երեք պետությունների հետ բարեկամական հարաբերություններ ունենալ։
«Մեր ապագան պետք է լինի այնպիսին, ինչպես Բալթյան երեք երկրների միջև հարաբերություններ են, և միայն արտաքին ուժերն են շահագրգռված մեզ բաժանելու և իշխելու հարցում, և մենք չպետք է նրանց այդպիսի հնարավորություն տանք»։
•Ղարաբաղյան մարտերն ու Ռուսաստանն, ի՞նչ կապ կա։ Մեկնաբանություն Բաքվից
•Կարծիք Երևանից․ «Ադրբեջանը նախապես էր պատրաստվել ռազմական գործողություններին Ղարաբաղում»
Իրակլի Սեսիաշվիլի, խորհրդարանական մեծամասնության անդամ, պաշտպանության կոմիտեի նախագահ
Իրակլի Սեսիաշվիլիի խոսքով՝ Վրաստանը պատրաստ է ներգրավվել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին, եթե կողմերը նման ցանկություն ունենան։
«Ցանկացած ուղղությամբ մենք պատրաստ ենք երկու կողմերին էլ մարդասիրական օգնություն և աջակցություն ցուցաբերել, եթե նման ցանկություն առաջանա, և, բնականաբար, կանենք դա միջազգային հարաբերությունների ձևաչափով», — հայտարարել է Սեսիաշվիլին։
Պաատա Զաքարեիշվիլի, կոնֆլիկտաբան, Վրաստանի նախկին պետնախարար
«Եվ Հայաստանը, և Ադրբեջանը պետք է իմանան, որ Վրաստանը չի կարող որևէ մեկի կողմը բռնել», — ասում է Զաքարեիշվիլին։
Նրա խոսքով՝ Վրաստանը դեռևս, քիչ թե շատ, իրեն ճիշտ է պահում․
«Մենք պետք է հստակ և միանշանակ ասենք, որ երկու ռազմավարական գործընկեր ունենք՝ Թուրքիան ու Ադրբեջանը, սակայն մենք շատ լավ բարիդրացիական հարաբերություններ ունենք Հայաստանի հետ։ Այդ պատճառով էլ և Հայաստանը, և Ադրբեջանը պետք է իմանան, որ Վրաստանը չի կարող ոչ մեկի, ոչ մյուսի կողմը բռնել։ Նրանք պետք է հասկանան, որ Վրաստանը տարածաշրջանի միակ երկիրն է, որն այս դիմակայության հարցում որևէ շահ չունի՝ խաղաղությունից զատ։ Ի աջակցություն որևէ մեկի մեր ցանկացած քայլ էլ ավելի կխաթարի իրավիճակը, և նրանք, կարծում եմ, սա շատ լավ հասկանում են», — հայտարարել է Զաքարեիշվիլին։
Նրա խոսքով՝ այս հակամարտությունն ուղղակիորեն չի անդրադառնա Վրաստանի տարածքի վրա։
«Եթե Հայաստանի և Ադրբեջանի դիմակայությունը վերաճի էլ ավելի մասշտաբային տարածաշրջանային հակամրտության, նշանակում է, որ հակամարտությունը դուրս կգա Ղարաբաղի սահմաններից, կմոտենա Վրաստանին, սակայն ես գրեթե վստահ եմ, որ դա ուղղակիորեն չի տարածվի Վրաստանի տարածքի վրա», — հայտարարել է Զաքարեիշվիլին։
Նրա խոսքով՝ Վրաստանում Ղարաբաղի թեման «քննարկում են միայն ինչ-որ կաբինետներում»։
«Ցավոք, այդ քննարկումը չի գնում անմիջականորեն Ազգային անվտանգության խորհրդում, քանի որ Ազգային անվտանգության խորհուրդ մենք իրականում չունենք, այն չի գործում», — ասում է փորձագետը։
Ըստ նախկին պետնախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի դիմակայությունը 4-5 օր կտևի։
Թենգիզ Փխալաձե, միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետ․
Ըստ Թենգիզ Փխալաձեի՝ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված դիմակայությունը լայնամասշտաբ պատերազմի վերաճի, դա Վրաստանի համար ապոկալիպտիկ սցենար կլինի։
Նրա խոսքով՝ Վրաստանի իշխանությունները պետք է դիտարկեն իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր սցենարներն ու նախանշեն հարևան երկրների հետ հարաբերություններում իրենց ապագա քայլերը ստեղծված իրավիճակում։
«Հակամարտության սրացումը միայն վնասում է Վրաստանի շահերին բոլոր ուղղություններով։ Դա վերաբերում է ռազմական, տնտեսական, էներգետիկ անվտանգության և այլ ոլորտներին», — ասում է Փխալաձեն։
Նա նշել է, որ Վրաստանը կարող է հակամարտ կողմերին առաջարկել իրեն՝ որպես բանակցությունները վարող երկիր։
«Նախևառաջ, Վրաստանը պետք է ուսումնասիրի և գնահատի խնդիրը, արդեն պետք է Ազգային անվտանգության խորհրդի նիստ ընթանա և քննարկվեն բոլոր հնարավոր սցենարները, որոնք կարող են զարգանալ ստեղծված իրավիճակում, և պետք է պլանավորել, թե ինչ ենք անելու մենք։ Մենք նաև շփումներ պետք է ունենանք այդ երկրների առաջնորդների հետ, սա շատ կարևոր է, սակայն ոչ միայն նրանց, այլև միջազգային հանրության հետ այս հարցի առնչությամբ։ Ընդ որում, մենք կարող ենք անհրաժեշտության դեպքում Վրաստանն առաջարկել որպես բանակցությունների վայր։ Բազում այլ քայլեր կարող ենք անել այս իրավիճակում», — հայտարարել է Թենգիզ Փխալաձեն։
Սերգի Կապանաձե, պատգամավոր, ընդդիմադիր «Եվրոպական Վրաստանի» անդամ
Ըստ Կապանաձեի՝ կարևոր է, որ ղարաբաղյան հարցում Վրաստանի դիրքորոշումը խաղաղամետ լինի։
Նրա խոսքով՝ պատերազմի դեպքում Վրաստանի համար անցանկալի սցենար կարող է զարգանալ։
«Կարևոր է, որ մեր դիրքորոշումը լինի հօգուտ խաղաղության, ավելի մեծ սրացում թույլ չտվող, հակառակ դեպքում բոլորը պետք է հասկանան, չգիտեմ, թե ով է շահելու այս պատերազմում, սակայն Վրաստանը կարող է պարտված դուրս գալ», — ասում է Կապանաձեն։
Թեոնա Ակուբարդիա, ռազմական փորձագետ, «Աղմաշենեբելիի ռամավարություն» քաղաքական շարժման անդամ
Ակուբարդիան կառավարությանը կոչ է անում Ազգային անվտանգության խորհրդի նիստ գումարել։ Նա կարծում է, որ անհրաժեշտ է գնահատել, թե ինչ սպառնալիքներ կարող են կրել ղարաբաղյան իրադարձությունները Վրաստանի համար։
«Անհրաժեշտ է ապահովել տարածաշրջանային հանգստություն երկրում և պահպանել գործընկերային հարաբերությունները երկու երկրների հետ այնպես, ինչպես պահանջում է գործնկերությունն ու մեր օրենսդրությունն», — ասում է Ակուբարդիան։