Անկախության հասակակիցները
1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե, որին մասնակցեց ընտրական իրավունք ունեցող բնակչության շուրջ 95 տոկոսը, և ավելի քան 99 տոկոսը «կողմ» քվեարկեց անկախ, ազատ և ինքնիշխան պետության հռչակմանը:
25 տարեկան պետությունն ունի նաև իր անկախության սերունդը
Սոնա Մելիքջանյան, 25 տարեկան, սոցիոլոգ
Ամեն տարի, երբ մոտենում է անկախության օրը, հպարտությամբ հիշում եմ, որ երկիրս ունի ճիշտ նույն տարիքը, ինչ և ես: Անկախությունն ինձ համար նույնականացվում է ազատության հետ: Ինձ դուր է գալիս ապրել ազատ. անել այն ամենն, ինչ ճիշտ է ինձ համար և ինչը չի խախտում այլոց իրավունքները:
Ուրախանում և հպարտանում եմ, որ ես ծնվել եմ անկախ Հայաստանում և ունեմ անկախ ապրելու, մտածելու և գործելու հնարավորություն: Ինչպես ասել է Էյնշտեյնը, «հասարակության բարոյական առաջընթացը բացառապես կախված է մարդու անկախությունից»:
Միքայել Մալխասյան, 25 տարեկան, պատմաբան
Հայոց պետականության վերականգնումը մի քանի հարյուրամյակ շարունակ մեր ազգի տասնյակ սերունդների գերագույն փափագն ու նվիրական նպատակն է եղել, քանի որ հենց անկախ պետականությունն է դիտարկվել՝ որպես ազգի շարունակական գոյության և ուղղորդված զարգացման երաշխիք:
Ինձ համար ևս «անկախություն» հասկացությունն ասոցացվում և նույնացվում է «պետականություն» հասկացության հետ, որը հնարավորություն է տալիս կայուն զարգացում ապահովել: Անկախությունն ինձ հնարավորություն է տալիս զգալ միաժամանակ և՛ սեփական ազգային հասարակության, և՛ գլոբալիզացվող աշխարհի մասնիկը:
Մարիամ Մելքումյան, 25 տարեկան, հոգեբան
Ինձ համար անկախությունը ազատ ապրելու, կրթվելու ու ստեղծագործելու հնարավորթյույուն է, և այն սկսվում է ինձ համար ծննդավայրիցս՝ սահմանամերձ Բերդ աղաքից: Անկախությունը պահպանելու համար բոլորիցս պահանջվում է պարտաճանաչություն, պատասխանատվություն ու սեր սեփական երկրի ու անձի նկատմամբ: Սեփական դեմքն ու արժեքները պահպանելու համար գիտակցված անկախ է պետք ապրել: Ես երջանիկ եմ, որ ապրում եմ անկախ երկրում:
Արմեն Սիմոնյան, 25 տարեկան, աշխարհագետ
Երբ ունես հայրենիք ու ազատ ապրում ես անկախ հայրենիքումդ, պետք է առաջնորդվես այն պարզ գիտակցությամբ, որ պարտավոր ես, քո սուրբ պարտքն է ապահովել նրա պաշտպանութունը, նոր շունչ հաղորդել նրա զարգացմանը և լինել նրա արժանի զավակը:
Հայրենիքի անկախության և դրա զարգացման գրավականը, իմ կարծիքով, նոր սերնդի գիտելիքի աստիճանն է: Պետք է գնալ գիտության հետևից և ցանկացած մասնագիտություն ծառայեցնել հայրենիքի շահերին: Իմ մասնագիտությունը երկրաբանությունն է, և այն նպաստել է, որպեսզի լավ ճանաչեմ և ըստ արժանվույն գնահատեմ երկիրս, զգամ ինձ ամեն քարի ու թփի տերը:
Շնորհավորում եմ Անկախության տոնի առթիվ և մաղթում խաղաղություն Մայր Հայաստանին ու հայ ժողովրդին:
Տեսանյութը՝ Լուսի Սարգսյանի
Կադրեր «Անկախության սերունդ» համերգից, որը սեպտեմբերի 21-ի տեղի ունեցավ Երևանում, Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում: Նվագախմբի և երգչախմբի կազմում հանդես եկան անկախության սերնդի 1100 ներկայացուցիչ Երևանից, Հայաստանի մարզերից և Արցախից: Նախագծի հեղինակն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, որը ևս այս սերնդի ներկայացուցիչն է: Կատարվեցին հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Հրապարալվել է՝ 21.09.2016