Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները չեն փոխվել։ Շեշտադրումների մասին՝ ըստ ԱԳՆ խոսնակի
Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը խոսել է երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին և ներկայացրել իր գերատեսչության դիրքորոշումն առավել արդիական հարցերի վերաբերյալ։
Խոսքը, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Ադրբեջանի հետ գերիների փոխանակման, Ռուսաստանի հետ համագործակցության, ինչպես նաև Ադրբեջանում սիրիացի վարձկանների մասին տեղեության մասին էր։
Բոլոր արծարծված թեմաների մանրամասները։
● Հայաստանում աշխարհազոր են ստեղծում՝ «հավանական հակառակորդին հակահարված տալու համար»
● Արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակում կլինի։ Հայ փորձագետների կարծիքը
Լեռնային Ղարաբաղի հետ համագործակցության մասին
Մամուլի քարտուղարը ճեպազրույցը սկսել է Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ շնորհավորանքով։
Ըստ Նաղդալյանի՝ 29 տարվա ընթնացքում Արցախն ապացուցել է իր բնակչության անվտանգությունն ապահովելու, միջազգային՝ մասնավորապես ժողովրդավարության զարգացմանն ու մարդու իրավունքներին վերաբերող պարտավորությունները կատարելու ունակությունը։ Միաժամանակ Հայաստանն, ըստ նրա, պատրաստ է շարունակել և ամրապնդել ԼՂ հետ սերտ համագործակցությունը։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին
Հայաստանի համար խաղաղության գործընթացում առաջնահերթություն է հենց հրադադարի ռեժիմի ամրապնդումը, ուժի կիրառման կամ դրա կիրառման սպառնալիքի բացառումը, ատելության հռետորաբանության դադարեցումը։
Մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հայտարարել են բանակցությունները շարունակելու պատրաստակամության մասին։ Սակայն բանակցությունների հստակ ժամկետներ դեռ հայտնի չեն։
Հայաստանի համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է։ Եվ ոչ մի կերպ որպես միջնոդ չի դիտարկվում Թուրքիան։
«Թուրքիան իր պահվածքով, կարծես, իրեն ցանկանում է դիրքավորել որպես հակամարտության կողմ, ինչը Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության հերթական դրսևորումն է», — հայտարարել է Աննա Նաղդալյանը։
Գերեվարված հայ սպայի և գերիների փոխանակման մասին
Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռ չեն կարողացել կապ հաստատել Ադրբեջանում գերության մեջ հայտնված հայ սպայի հետ, հաղորդել է մամուլի քարտուղարը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օգոստոսի 23–ին հայտարարել է, որ ադրբեջանական ԶՈՒ–ն «դիվերսանտի» է գերեվարել։ Հայկական կողմը պնդում է, որ Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է վատ եղանակային պայմանների պատճառով, դիտարկվում է նաև նրան առևանգելու հավանականությունը։
Հայաստանի ԱԳՆ–ն կարծում է, որ հայ զինծառայող Գուրգեն Ալավերդյանի հանդեպ Ադրբեջանում կիրառվող նվաստացնող վերաբերմունքը միջազգային հումանիտար իրավունքի բացահայտ և կոպիտ խախտում է: Խոսքը Գուրգեն Ալավերդյանի տեսաուղերձի մասին է, որտեղ նա ասում է, որ «զղջում է կատարվածի համար և ուզում է ծառայել Ադրբեջանին»։ Հայաստանում կարծում են, որ ադրբեջանական կողմը հայ սպային ստիպել է կարդալ այդ տեքստը։
Ըստ Նաղդալյանի՝ Ադրբեջանում մտացածին մեղադրանքներ են առաջադրվում Ադրբեջանի տարածքում ՀՀ քաղաքացիների նկատմամբ՝ որոնք որևէ հանցագործություն չեն իրականացրել։ Այսպիսով, ըստ նրա, «Ադրբեջանը փորձում է, վերադարձնել «իր երկու մարդասպաններին, ովքեր իրենց պատիժը կրում են Արցախում»։
Ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին Ղարաբաղում դատապարտել են դիվերսիայի, հայ դեռահասի և սպայի սպանությունների համար։ Իսկ Ադրբեջանում կարծում են, որ նրանք Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածք են մեկնել՝ իրենց նախնիների գերեզմաններն այցելելու։
Ադրբեջանում սպա Գուրգեն Ալավերդյանից բացի ևս երկու գերի կա՝ Կարեն Ղազարյանն ու Արայիկ Ղազարյանը։ Առաջինին Ադրբեջանում դիվերսանտ են համարում իսկ Հայաստանում՝ հոգեպես անառողջ մարդ։ Երկրորդն, ըստ ադրբեջանական կողմի՝ ինքն է փախչել զորամասից անմարդկային վերաբերմունքի պատճառով։ Հայաստանը, սակայն, կարծում է, որ Ղազարյանը մոլորվել է։
Մամուլի քարտուղարի խոսքից պարզ է դառնում, որ Հայաստանը փոխանակման չի համաձայնի․
«Հայաստանում ռազմագերիներ չկան: Միայն այս տարվա ընթացքում Հայաստանի իրավասության ներքո են հայտնվել Ադրբեջանի երկու քաղաքացի։ Եվ Հայաստանը նրանց նկատմամբ չի իրականացնում քրեական հետապնդում, չի դարձնում վերջիններիս ռազմագերի և լիարժեքորեն հարգում է վերջիններիս իրավունքները և արժանապատվությունը»։
Ռուսաստանի հետ համագործակցության մասին
Աննա Նաղդալյանը մեկնաբանել է ադրբեջանական կողմի հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը Հայաստանին ինտենսիվորեն զենք է մատակարարում․
«Ըստ ադրբեջանական կողմի՝ դաշնակցային հարաբերություններ ունեցող երկրները, տվյալ պարագայում՝ Հայաստանը և Ռուսաստանը, չպետք է սերտ համագործակցություն ունենան ռազմաարդյունաբերական ոլորտում։ Գուցե բացահայտում անեմ իրենց համար, բայց Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները հաստատվել են դեռևս 90-ական թվականներին»։
Ադրբեջանում սիրիացի վարձկանների մասին
Միջազգային մամուլում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Թուրքիան Ադրբեջան է բերում վարձկանների Սիրիայի Աֆրին և Ազազ շրջաններից, որոնք «պատրաստվում են բլիցկրիգ իրականացնել Հայաստանում»։
Ըստ Նաղդալյանի՝ Հայաստանի ԱԳՆ–ն ստուգում է այդ տեղեկությունը․
«Այս տեղեկությունը իսկապես մտահոգիչ է․․․ Նման վտանգի հավանականություն կա՝ հաշվի առնելով հատկապես Ադրբեջանի՝ կրոնական ծայրահեղականներին ներգրավելու, ինչպես նաև Թուրքիայի՝ այլ տարածաշրջաններ ահաբեկիչներ մատակարարելու փորձառությունը»։