Իրանում յուրաքանչյուր հինգերորդ մահվան պատճառը կորոնավիրուսն է, Թեհրանում կրիտիկական վիճակ է
Վերջին մեկ ամսում Իրանում կտրուկ վատթարացել է կորոնավիրուսով վարակման և մահացության վիճակագրությունը, առանձնապես վտանգավոր վիճակում է Թեհրանը, հուլիսի 26–ի ասուլիսին հայտարարել է Իրանի առողջապահության փոխնախարար Իրաժ Հարիրչին, փոխանցում է Ազատություն ռադիոկայանը։
Հարիրչին ասել է, որ Թեհրանում ամեն օր հիվանդանոց է տեղափոխվում կորոնավիրուսով վարակված ոչ պակաս, քան 600 նոր հիվանդ։
Իրանում արդեն յուրաքանչյուր հինգերորդ մահվան պատճառը կորոնավիրուսն է։
Ըստ պաշտոնական տվյալների՝ հուլիսի 26–ի դրությամբ Իրանում վարակվել է 291 172 մարդ, նրանցից 15 700–ը մահացել է։
Սակայն դեռևս 2020 թ–ի հուլիսի սկզբին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հոռետեսական տեղեկություններ էր հայտնել․ կորոնավիրուսով վարակվածների թիվը կարող է հասնել 25 միլիոնի, ևս 35 մլն մարդ կարող է վարակվել մոտակա ամիսներին։
Նախագահն այն ժամանակ վկայակոչել էր Իրանի առողջապահության նախարարության տվյալները, որոնք ներառվել էին նոր զեկույցում։ Դա գաղտնի փաստաթուղթ է։
Իրանի իշխանությունները «հանրային իմունիտետի» հո՞ւյս ունեն
Չնայած վտանգավոր իրավիճակին՝ Իրանի իշխանությունները խիստ կարանտին չեն սահմանում, և սա փորձագետների մոտ կասկածներ է առաջացրել, որ Իրանի կառավարությունը շեշտը դնում է «հանրային իմունիտետի» ձևավորման քաղաքականության վրա։
Մի քանի իրանցի բժիշկ արձագանքել է այդ լուրերին և հայտարարել, որ, եթե նման քաղաքականություն կա, ապա այն մահացու վտանգավոր է, քանի որ երկրի առողջապահական համակարգը չի դիմանա, եթե վարակվեն էլի միլիոնավոր մարդիկ։
• Եղբայրական գերեզմաններ Իրանում՝ կորոնավիրուսից մահացածների համար․ լուսանկարներն արվել են արբանյակից
• Կորոնավիրուսն Իրանում․ աշխարհի խոշորագույն բռնկումներից մեկն ու իշխանությունների սուտը
• Իրան, իրադարձություններ, փաստեր, վերլուծություն
Սակայն առողջապահության փոխնախարարը կտրականապես հերքել է «հանրային իմունիտետի» ձևավորման մասին գաղափարի առկայությունը։
«Բավական է այն, որ Մեծ Բրիտանիան ու Շվեդիան արդեն տուժել են այդ քաղաքականությունից», – ասել է Իրաժ Հարիրչին։
Համավարակի անտեսում, պատժամիջոցներ և թույլ տնտեսություն․ հնարավոր աղետի նախադրյալները
Վարակի մասին փետրվարի 19–ին արված առաջին պաշտոնական հայտարարությունում Իրանի կառավարությունը խորհուրդ էր տալիս չանհանգստանալ, իսկ գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին Իրանի «թշնամիներին» մեղադրում էր, որ նրանք գերագնահատում են սպառնալիքի մասշտաբը։
Մեկ շաբաթ անց, երբ վարակվածների և մահացածների թիվը սկսեց արագ աճել, նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց «թշնամիների դավադրության» մասին, որոնք ուզում են իրանցիներին վախեցնել և կանգնեցնել երկրի կյանքը։
Նախագահը կոչ էր անում իրանցիներին շարունակել իրենց առօրյա կյանքն ու աշխատանքի գնալ։
2020 թ–ի մարտի կեսերին իշխանության վերահսկողության տակ գտնվող ալիքները հաղորդեցին, որ կորոնավիրուսը կարող է ԱՄՆ–ում արտադրված «կենսաբանական զենք» լինել, իսկ Խամենեին Թվիթերում գրեց «կենսաբանական գրոհի» մասին։
Իրանում վարակվածների թվի կտրուկ աճ տեղի ունեցավ այն բանից հետո, երբ համաճարակի ամենաթեժ պահին իշխանությունները չհրաժարվեցին խորհրդարաական ընտրությունների անցկացումից (առաջին փուլը 2020 թ–ի փետրվարին էր, երկրորդն՝ ապրիլին)։
Շարունակում էին աշխատել առևտրի կենտրոններն ու մզկիթները։ Մասնավորապես, այդ պատճառով էլ Թեհրանին զուգահեռ վարակման կենտրոն դարձավ նաև Ղոմը՝ երկրի կրոնական մայրաքաղաքը։
Խնդիրն անհնար դարձավ թաքցնել, երբ տեսանյութեր հայտնվեցին քիմիական պաշտպանության համազգեստով մարդկանց մասնակցությամբ զանգվածային հուղարկավորություններին։ Այն ժամանակ սահմանափակումներ կիրառվեցին, սակայն արդեն ուշ էր։
Չնայած վարակման դեպքերի արագ աճին՝ Իրանը մյուս երկրներից ամենաարագը՝ 2020 թ–ի ապրիլին, սկսեց չեղարկել սահմանափակումները։
Այդ որոշումն իշխանություններն ընդունեցին տնտեսության կրիտիկական վիճակի պատճառով։ Տնտեսական ճգնաժամն Իրանում սկսվել էր համավարակից առաջ կոռուպցիայի, վատ մենեջմենթի և ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։
Նույնիսկ այաթոլա Խամենեին է այս անգամ կողմ արտահայտվել կարանտինային միջոցներին
Մոտակա ամիսներին ավելի վատ է լինելու, քան ճգնաժամի առաջին վեց ամիսներին, զգուշացրել է Իրաժ Հարիրչին։
Նոր կարանտին է հայտարարվել․ փակվում են սրճարանները, կենդանաբանական այգիները և լողավազանները, որոնք փակ տարածքներում են։ Հանրային վայրերում դիմակ կրելը պարտադիր է դառնում։
Կանխարգելիչ միջոցների պահպանմանը հետևելու է ոստիկանությունը։
Հատկանշական է, որ այս անգամ նախագահին սատարել է Իրանի կրոնական առաջնորդ այաթոլա Խամենեին, որի հետ նրանք շատ այլ հարցերով հիմնականում տարակարծիք են։