Ադրբեջանցի լրագրողը հրաժարվել է իրեն առաջարկված 250 հազար դոլարից
Ադրբեջանցի հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլը հրաժարվել է 250 հազար դոլար պարգևից՝ Կատարի հիմնադրամից, որը զբաղվում է կոռուպցիայի դեմ պայքարով։ Նա պարզել է, որ հիմնադրամը ստեղծել է Կատարի էմիրը, որը փակել է հետաքննող լրագրությամբ զբաղվող կենտրոնը։
«Ես տեղեկացա, որ, չնայած այն բանին, որ Թամիմ բին Համադ ալ Թանին իրեն առաջադեմ ղեկավար է ներկայացնում, Կատարում լրագրությունը նույնքան վտանգավոր մասնագիտություն է, որքան Ադրբեջանում»։
Խադիջա Իսմայիլը կարծում է, որ հիմնադրամը պարգևներ է բաժանում, որովհետև ուզում է հայտնի լրագրողներին իր ազդեցության տակ պահել։
● Այն մասին, թե ինչու են իրականում Ադրբեջանում բնակարաններ բաժանում լրագրողներին
● Մարդու իրավունքները Կովկասում․ Amnesty International–ի եզրակացությունները
● Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակների պատմությունը
«Նրանք արդեն երեք տարի է՝ տրամադրում են այդ պարգևը, սակայն ոչ մի հայտնի լրագրող ոչ մի անգամ չի համաձայնել ընդունել այն, որովհետև նման նախաձեռնությունները լեգիտիմացնում են հենց հայտնի անձինք։
Չեմ ուզում անհամեստ թվալ, բայց կարծում եմ, որ նրանց պետք է իմ անունը։ Այդ պատճառով էլ պատասխանել եմ, որ չեմ հավատում հիմնադրամի անկեղծությանը և իմ հեղինակությունը ոչ մի գնով չեմ վաճառում»։
Խադիջա Իսմայիլը հետաքննող լրագրող է։ 2014 թ–ին նա կալանավորվել և յոթ տարվա ու վեց ամսվա ազատազրկման է դատապարտվել հարկերից խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրության մեղադրանքով։
2016 թ–ի մայիսի 25–ին Գերագույն դատարանը վճիռը փոխարինեց 3.5 տարվա պայմանական ազատազրկմամբ և ազատ արձակեց նրան։ Ներկա պահին նրան արգելված է լքել երկիրը։
Իսմայիլն իր պատիժը բողոքարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ ՄԻԵԴ–ը եզրակացության է եկել, որ նրա գործում խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի միանգամից մի քանի հոդված՝ N 5՝ ազատություն և անձնական անձեռնմխելիություն, N 6՝ արդար դատաքննություն, N 10՝ ինքնաարտահայտման ազատություն և N 18՝ մարդու իրավունքների սահմանափակման կիրառման սահմաններ։
Այս խախտումների համար ադրբեջանական կառավարությունն ընդհանուր առմամբ պետք է Խադիջա Իսմայիլին 25 հազար եվրոյի փոխհատուցում վճարեր։ Սակայն նա պնդում է, որ փոխհատուցումն այդպես էլ չի ստացել։
Հուլիսի 22–ին Ադրբեջանում նշվում էր Ազգային մամուլի օրը, և նախագահ Իլհամ Ալիևը մի քանի լրագրողների շքանշաններով էր պարգևատրել։ RealTv–ի ղեկավար Միրշահին Աղաևը ստացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան, Ադրբեջանի լրագրողների միավորման նախագահ Էլչին Շիհլին՝ 3-րդ աստիճանի շքանշան։
Մի քանի լրագրող պարգևատրվել է «Թերեգի» մեդալով և «վաստակավոր լրագրող» կոչումով։