Արդյո՞ք կրկին մզկիթի կվերածվի Ստամբուլի գլխավոր տեսարժան վայրը
Հայտնի թանգարանի և Ստամբուլի պատմական հանրահայտ հուշարձանի՝ Սուրբ Սոֆիայի հնարավոր վերափոխումը մզկիթի, դարձել է Թուրքիայի և Հունաստանի միջև լարվածության աճի պատճառ։
Հուշարձանին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու հարցը ժամանակ առ ժամանակ հայտնվում է Թուրքիայի օրակարգում, սակայն այս անգամ այդ մասին սկսել է խոսել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս հարցով վերջնական որոշումն ընդունվելու է հուլիսի 2–ին։
«Սուրբ Սոֆիայում ընդունելի է Ղուրան կարդալն ու նամազ անելը»
2020 թ–ի մայիսին Ստամբուլի գրավման 567-ամյակի առթիվ իր ելույթի ժամանակ էրդողանն ասել է, որ Սուրբ Սոֆիայում Ղուրան է ընթերցվելու։
Իրոք, հանդիսավոր միջոցառումների շրջանակում Բյուզանդական կայսրության ժամանակների հնագույն հուշարձանի պատերի ներսում այաթներ (բանաստեղծություններ) են ընթերցվել մուսուլմանների սուրբ գրքից՝ երկար տարիներ ի վեր առաջին անգամ։
Դա Հունաստանի բողոքն է առաջացրել։
«Սուրբ Սոֆիայի տաճարում՝ ՅՈՒՆԵՍԿՕ–ի կողմից որպես համաշխարհային ժառանգության օբյեկտ պահպանվող և 1935 թ–ից որպես թանգարան գործող հուշարձանում, Ղուրանից հատվածներ ընթերցելը ոչ միայն անթույլատրելի քայլ է, այլև վիրավորում է ողջ աշխարհի քրիստոնյաների կրոնական զգացմունքները», — հայտարարել է Հունաստանի արտգործնախարարությունը։
Աթենքում թուրքական իշխանությունների այս քայլը համարվել է «համաշխարհային հանրությանը հասցված վիրավորանք», այստեղ կարծում են նաև, որ համաշխարհային մշակույթի և բնական ժառանգության պահպանման մասին համաձայնագրի նկատմամբ հարգանքը Թուրքիայի պարտականությունն է։
1453 թ–ին, երբ գրավվել է Կոստանդնուպոլիսը, Մեհմեդ Երկրորդ Նվաճող սուլթանը քաղաքի գլխավոր ուղղափառ տաճարը՝ Սուրբ Սոֆիան, վերածել է մզկիթի, որը ստացել է Այա Սոֆիա անվանումը։ Մինչև 1931 թ–ն Այա Սոֆիան գործում էր որպես մզկիթ։ 1934 թ–ին Թուրքիայի իշխանությունները փոխեցին հուշարձանի կարգավիճակն՝ այն վերածելով թանգարանի, որը հաճախորդների համար բացվել է 1935 թ–ին։
Ի պատասխան Հունաստանի մեղադրանքներին՝ Էրդողանն ասել է, որ «Այա Սոֆիայում ընդունելի է Ղուրան ընթերցենլ, ինչպես նաև նամազ անելը։ Այդ առթիվ որոշում կարող է կայացնել բացառապես մեր ժողովուրդը»։
Այնուհետև Թուրքիայի նախագահը կառավարությանը հանձնարարել է ուսումնասիրել Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխման հարցը։
«Այա Սֆիան կարող է շարունակել զբոսաշրջիկներ ընդունել որպես մզկիթ։ Ինչպես Սուլթան Ահմեդ մզկիթը», — ասել է Էրդողանը։
Մեկ կազմակերպություն և երկու հայց
Էրդողանի հայտարարությունն առանձնապես արդիական էր, քանի որ շուտով պետք է դատական որոշում կայացվի հայտնի մշակութային օբյեկտի և Թուրքիայի համաշխարհային համբավ ունեցող տեսարժան վայրի կարգավիճակի վերաբերյալ։
Թուրքիայի բարձրագույն դատական ատյանը՝ Պետխորհուրդը, քննում է «Հիմնադրամների, պատմական ստեղծագործությունների և շրջակա միջավայրի սպասարկման կազմակերպության» հայցը, որը պահանջում է չեղարկել Նախարարների կաբինետի 1934 թ–ի որոշումն ու Սուրբ Սոֆիայի փոխակերպել թանգարանից մզկիթ։
Սա այդ կազմակերպության երկրորդ հայցն է արդեն։
Առաջինը ներկայացվել է 2005 թ–ին։ Սակայն այն ժամանակ Պետխորհուրդը մերժել էր հայցը՝ վճիռը հիմնավորելով նրանով, որ Սուրբ Սոֆիան որպես թանգարան օգտագործելը չի հակասում իրավունքին։ Կազմակերպությունը նաև Սահմանադրական դատարան էր դիմել, սակայն դա արդյունք չէր տվել։
Հաջորդ անգամ կազմակերպությունը նույն հայցով դիմել է Պետխորհրդին արդեն 2016 թ–ին։
Այդ ժամանակ նա իր հայցը հիմնավորել էր նրանով, թե Սուրբ Սոֆիային թանգարանի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ Նախարարների կաբինետի հայտնի որոշման տակ Աթաթուրքի ստորագրությունը կեղծ է։
Գործի երկար քննությունից հետո հայտարարվել է, որ հայցով վճիռն ընդունվելու է 2020 թ–ի հուլիսին։
Իրավաբանի կարծիքը
Իրավաբան Յըլմազ Յազըջըօղլուի կարծիքով՝ Պետխորհուրդը լիազորված է չեղարկել Սուրբ Սոֆիայի թանգարանային կարգավիճակի և այն պատարագների համար բացելու մասին որոշումը։
«Նախարարների կաբինետի 1934 թ–ի նոյեմբերի 24–ի որոշմամբ Սուրբ Սոֆիան վերածվել է թանգարանի։ Վարչական որոշումները միշտ կարող են հետ կանչվել», — նշել է նա։
Միաժամանակ Յազըջըօղլուն կարծում է, որ չի կարելի բացառել հայցի հերթական մերժումը։ Քանի որ վարչական որոշումը հետ կանչելու համար անհրաժեշտ է ապացուցել դրա անօրինական լինելը։
Սակայն նախարարների կաբինետի 86 տարի առաջ ընդունված որոշումը համապատասխանում է օրենսդրությանը։ Իրավաբանը նաև վստահ է, որ սուրբ Սոֆիան կարող է բացվել պատարագների համար և առանց թանգարանային կարգավիճակի չեղարկման․ դա նույնպես չի հակասում օրենքին։
Ի՞նչ են գրում սոցցանցերում
Սուրբ Սոֆիայի թանգարանային կարգավիճակի չեղարկման և այն մզկիթի վերածման հնարավորությունն ակտիվորեն քննարկվում է սոցցանցերում։ Մեծ մասը կողմ է այդ որոշմանը, սակայն դեմ արտահայտվողներ էլ կան։
«Ստացվում է, որ Հունաստանին դուր է գալիս Սուրբ Սոֆիայի թանգարանային կարգավիճակն ու այդ պատճառով այն պետք է բացվի (որպես թանգարան)։ Սակայն Հունաստանին նաև դուր է գալիս մեր տնտեսության վատ վիճակը։ Մի՞թե մենք չպետք է լիովին հակառակ բանն անենք (Հունաստանի պահանջին հակառակ)», — հարցնում է Թվիթերի օգտատերերից մեկը։
«Սուրբ Սոֆիան բացառիկ վայր է։ Ստամբուլի ամենախորհրդանշական հուշարձանը։ Այն պետք է թանգարան մնա։ Հավանաբար, այդպես էլ կլինի, հավանականությունը մեծ է։ Պարզապես մեզ մոտ իսլամիստները, ինչպես Հունաստանում մի խումբ արմատական ազգայնականներ, այն օգտագործում են որպես քաղաքականության գործիք, ահա թե ինչ», — կարծում է Թվիթերի օգտատեր Օզան Ավունդուկը։
Քննարկումներին են միացել նաև Թուրքիայի քաղաքացի էթնիկ հույները։
Նրանցից մեկի կարծիքով՝ ի պատասխան Սուրբ Սոֆիան մզկիթի վերածելուն Հունաստանի կառավարությունը կարող է «հույների ցեղասպանության թանգարանի» վերածել Աթաթուրքի տուն–թանգարանը Սալոնիկ քաղաքում, և այս քայլի հավանականությունը ևս պետք է հաշվի առնել։