Կորոնավիրուսի բռնկումը Հայաստանում․ եզրակացություններ Վրաստանի համար
Հայաստանում կորոնավիրուսի բռնկում է, վերջին շաբաթների ընթացքում երկրում կտրուկ աճել է վարակվածների թիվը։ Վրաստանի իշխանությոնները որոշել են օգնել Հայաստանին և հայտարարել են, որ պատրաստ են օգնել հարևաններին թեստավորման հարցում, ինչպես նաև մինչև 10 հազար PCR-թեստ տրամադրել։
JAMnews–ին տված հարցազրույցում վրացի փորձագետներն՝ Անեսթեզիոլոգիայի և կրիտիկական բժշկության ասոցիացիայի ղեկավար Վախթանգ Կալոյանն ու լրագրող, հայագետ Իվա Շիլակաձեն, իրենց կարծիքն են արտահայտել Հայաստանում ստեղծված իրավիճակի պատճառների, ինչպես նաև այն մասին, թե ինչ եզրակացություններ պետք է անի Վրաստանը։
Որո՞նք են պատճառները
«Մեր (Վրաստանի) և տարածաշրջանի մյուս երկրների միջև հիմնական տարբերությունը մեկուսացման միջոցներն են, որոնք ձեռնարկվել են։ Ի տարբերություն մյուս երկրների՝ Վրաստանը դա արել է ավելի վաղ և ավելի «ագրեսիվ»։ Դա հանգեցրել է վարակման հարաբերական ցածր քանակի, հետևաբար՝ ավելի քիչ մահերի», — կարծում է Վախթանգ Կալոյանը։
Հունիսի 15–ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 17 064 դեպք կա, մահացել են 285–ը։ Ադրբեջանում գրանցվել է 9 957 դեպք, մահացել է 119 մարդ։ Վրաստանում վարակման դեպքերը 879–ն են, մահացել է 14 մարդ։
- Հայաստանը Վրաստանից օգնություն է ստացել․ բուժսարքավորումներ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար
- Հայաստանի հիվանդանոցներում այլևս տեղ չկա։ Մարդ է մահացել, որին չի հաջողվել հոսպիտալացնել
- «Մնացեք տանն, այլ ոչ թե գերեզմանոցում»։ Թե ինչպես են երկրները հաղթահարում կորոնավիրուսի նոր բռնկումները
Ըստ Վախթանգ Կալոյանի՝ նախկինում ոմանք կասկածի տակ էին դնում Վրաստանի վիճակագրության արժանահավատությունը (այդ թվում՝ Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը – JAMnews), հիմնականում՝ անցկացված թեստերի համեմատաբար ցածր քանակի պատճառով։ Ինչն, ըստ փորձագետի, որոշ հիմքեր ուներ։
«Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, Վրաստանում վարակվածների հաշվառման համակարգը նորմալ էր աշխատում, և Վրաստանն այն երկրներից մեկն է, որի վիճակագրությունն արժանահավատ է համարվում», — նշել է Կալոյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանի առողջպահական համակարգն, ինչպես Վրաստանինը, «բավականին խնդրահարույց է հիվանդամահճակալների քանակի, ինչպես նաև ենթակառուցվածների և որակավորման տեսանկյունից»։
«Հետևաբար, առողջապահական խնդրահարույց համակարգի պայմաններում մեկուսացման միջոցներն էլ ավելի մեծ դեր են խաղում։ Այդ պատճառով էլ ոչ լիարժեք մեկուսացումը կամ մեկուսացման չեղարկումն ու այդ ֆոնին կարգավորումների կրճատումը շատ վտանգավոր համադրություն է։ Կարծում եմ, որ դա այն է, ինչ տեղի է ունեցել Հայաստանում»։
Լրագրող և հայագետ Իվա Շիլակաձեն հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարոթյունը, որն իշխանության է եկել 2018 թ–ի «թավշյա» հեղափոխությունից հետո, բազմիցս քննադատվել է ոչ պրոֆեսիոնալ լինելու համար։ Բացի այդ, կառավարությունում կադրերի մեծ արտահոսք է։ Սակայն, ըստ նրա, դա չի վերաբերում առողջապահության նախարար Թորոսյանին, որը պրոֆեսիոնալի համբավ ունի։
«Հնարավոր է, որ պատճառը կարանտինի ուշ հայտարարումն էր, դա տնտեսությունը փրկելու փորձ էր։ Բացի այդ, Փաշինյանին ու նրա թիմին մեղադրում էին, որ ի սկզբանե խնդրի նկատմամբ նրանց վերաբերմունքը մի փոքր անփույթ էր, նրանք չեն գիտակցել սպառնալիքի մասշտաբներն, իսկ հետո արդեն իրավիճակը հաղթահարելը բարդ է դարձել», — ասում է Շիլակաձեն։
Միաժամանակ, ըստ նրա, Հայաստանում իրավիճակը թեև բարդ է, բայց աղետալի չէ․
«(Կորոնավիրուսից) մահացությունը Հայաստանում այնքան էլ բարձր չէ՝ մյուս երկրների համեմատ․ մոտ 2%–ի սահմաններում։ Առողջապահական համակարգը քիչ թե շատ կատարում է իր գործառույթները։ Վերջերս, երբ վարակվածների թիվը գերազանցեց 10 հազարը, պարզվեց, որ թեստերի և հիվանդանոցներում տեղերի պակաս կա։ Սակայն այդ խնդիրներն, այնուամենայնիվ, լուծվում են»։
Էլ ինչո՞վ կարող է օգնել Վրաստանը
Վախթանգ Կալոյանը կարծում է, որ Հայաստանի գլխավոր խնդիրը հիվանդանոցներում տեղերի բացակայությունն է։ Հարևան երկրին օգնելու համար Վրաստանը կամ պետք է օգնի համալրել հիվանդամահճակալների քանակը, կամ Վրաստան տեղափոխի որոշ թվով ծանր հիվանդների։
«Սակայն համակարգային արդյունքի հասնելու համար մենք մեզ մոտ պետք է տեղափոխենք ավելի մեծ թվով հիվանդների, սակայն, ցավոք, մենք այդքան ռեսուրս չունենք։ Մենք կարող ենք ընդունել առավելագույնը 10-20 ծանր հիվանդի, սակայն ես չեմ կարծում, որ դա թույլ կտա որևէ կերպ թեթևացնել իրավիճակը»։
Միաժամանակ, ըստ նրա, Վրաստանը կարող է կիսվել «տենդի կենտրոնների» իր փորձով․ դրանք հատուկ կետեր են, ուր դիմում են ջերմությունով մարդիկ։ Կալոյանը կարծում է, որ անհրաժեշտության դեպքում Վրաստանը կարող է օգնել հարևան երկրի առավել «թեժ կետերում» շարժական «տենդի կենտրոններ» կամ դաշտային հոսպիտալներ կազմակերպել, ինչը Հայաստանին կօգնի թեթևացնել հիվանդանոցների ծանրաբեռնվածությունը։
Միաժամանակ Կալոյանը կարծում է, որ օգնությունը «պետք է լավ համակարգված լինի պետությունների միջև, քանի որ ինքնաբուխ նախաձեռնությունները կարող են, ընդհակառակը, վատթարացնել իրավիճակը, քաոս և լարվածություն ստեղծել»։
Մեղավոր է ապատեղեկատվությո՞ւնը
Հայաստանում, ինչպես նաև շատ այլ երկրներում կորոնավիրուսի տարածման հարցում մեծ դեր է խաղացել ապատեղեկատվությունը, կարծում է Իվա Շիլակաձեն։
«Անգամ այնպիսի զարգացած երկրում, ինչպիսին է Մեծ Բրիտանիան, մարդկանց մի մասը հավատացել է դավադրության տեսություններին և սկսել այրել 5G տեխնոլոգիայով ալեհավաքները։ Հայաստանում նույնպես լրատվամիջոցներ կան, որոնք լավ աշխատում են այդ տեսությունների հետ», — ասում է Շիլակաձեն։
Բացի այդ, ըստ նրա, իր դերն է խաղացել նաև այն, որ Հայաստանի շատ քաղաքացիներ Ռուսաստան են մեկնում, վստահում են ռուսական տեղեկատվական աղբյուրներին և այլն։ Չնայած այն բանին, որ Ռուսաստնն ինքն է ուշացումով արձագանքել համավարակին, և այդ երկրում իրավիճակը ծանր է։
Ըստ Շիլակաձեի՝ Հայաստանի գործող կառավարության ընդդիմադիրները նախկին իշխանությունների կողմնակիցներն են, որոնք «բացահայտ ռուսամետ ուժեր են» և ունեն մեծ ֆինանսական և մեդիառեսուրսներ։
Այդ ուժերն այսօր քննադատում են կառավարության արձագանքը համավարակին և կոչ անում կառավարությանը փաստացի ռուսական նմուշի հակաճգնաժամային պլան ընդունել։
Գլխավոր եզրակացությունները Վրաստանի համար
Վախթանգ Կալոյանը կարծում է, որ վրացական հասարակությունը մեծ մասամբ ընդունել է կառավարության առաջարկած կանոններն ու սահմանափակումներն, ինչը թույլ է տվել քիչ թե շատ հաղթահարել համաճարակը։ Եվ հենց սա է Վրաստանի տարբերությունը հարևան երկրներից։
«Կարծում եմ, որ գլխավոր դասն այն է, որ դասական բժշկության, համաճարակաբանության կանոնները չպետք է խախտվեն։ Այն փաստը, որ մեկուսացումը վարակի դեմ պայքարի լավագույն միջոցն է, մարդկությանը հայտնի է արդեն երկար տարիներ։ Այդ ամենը կարելի է չափել․ թե ինչպես պետք է անցկացվի մեկուսացումը, ինչպես պետք է պատռվի շղթան, վարակման ցուցիչի որ մակարդակի դեպքում կարելի է հանել սահմանափակումները։ Այս կանոնների պահպանումն ու պաշտպանությունը քաղաքական կոնյունկտուրայից շատ կարևոր են»։
Կալոյանը պնդում է, որ Վրաստանի համար Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանը բացելը, ելնելով համաճարակային իրավիճակից, ճիշտ չէ գոնե մինչև աշուն։