Հայաստանում կորոնավիրուսի տարածման կտրուկ աճ է գրանցվել, միաժամանակ վերագործարկվել է հանրային տրանսպորտը, բացվում են մանկապարտեզները
Հայաստանում մայիսի 18–ին կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի հետ միասին՝ 351 նոր դեպք, վերագործարկվել է հանրային տրանսպորտը։
Այն կանգնեցվել էր երկու ամիս առաջ՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելուն զուգահեռ։ Արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև հունիսի 13–ը, սակայն տրանսպորտը կրկին սկսել է աշխատել, որպեսզի մարդիկ կարողանան աշխատավայր հասնել։
Դեռևս մայիսի 4–ից Հայաստանում սկսել են աշխատել արտակարգ դրության ժամանակահատվածում կասեցված գրեթե բոլոր ձեռնարկությունները։ Եվ մարդիկ աշխատանքի էին գնում ոտքով, տաքսիներով, սեփական կամ համընթաց մեքենաներով, քանի որ տրանսպորտը հայտարարվել էր վարակի տարածման առավել վտանգավոր օջախ։
Վարակման ռիսկի նվազեցման համար քաղաքապետարանը խիստ կանոններ է սահմանել․ բոլոր տրանսպորտային միջոցները պետք է խնամքով ախտահանվեն, իսկ բոլոր ուղևորները՝ լինեն դիմակներով։
Աշխատանքի վերադարձածներին օգնելու համար մայիսի 20–ից կսկսեն աշխատել նաև մանկապարտեզները։
Այժմ Հայաստանի կառավարությունը գնում է սահմանափակումները նվազագույնի հասցնելու և նոր վարքականոններ սահմանելու ճանապարհով։ Մասնավորապես, խոսքը գնում է դիմակներ կրելու մասին՝ մայիսի 18–ից բոլոր փակ տարածքներում, մայիսի 25–ից՝ ամենուր։
Մայիսի 18–ի դրությամբ՝ երկրում 4 823 վարակված կա, 94–ն ապաքինվել է, մեկ մարդ մահացել է։ Ընդհանուր առմամբ, չի հաջողվել փրկել 61 հիվանդի կյանք։ Բուժվում է 2718 մարդ, ապաքինվել է 2019–ը։ Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 41 850 մարդ։
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նախասրահն այս պահին այս տեսքն ունի: Վատագույն դեպքում այն կարող է հոսպիտալի վերածվել:
Առանց դիմակների ուղևորներին թույլ չեն տա տրանսպորտ նստել
Վարակման ռիսկի նվազեցման համար պարետը տրանսպորտի աշխատանքի համար նոր կանոններ է սահմանել։
Հատկապես մեծ են պահանջներն ընկերություններից, որոնք զբաղվում են ուղևորների տեղափոխմամբ։ Նրանք պարտավոր են զգուշավորության բազմաթիվ միջոցներ ձեռնարկել, նրանց վրա է դրված նաև ախտահանման միջոցների գնումը։ Եվ նրանցից որոշներն արդեն հայտարարել են, որ դա իրենց համար կարող է վնասով բիզնես դառնալ, որից ավելի լավ է հրաժարվել։
Ուղևորներն ընդամենը պետք է պարտադիր դիմակ կրեն և ախտահանեն ձեռքերը, հնարավորինս ունենան իրենց մոտ մանրադրամ՝ վճարելու համար։
Տրանսպորտում ուղևորների թիվը պետք է համապատասխանի նստատեղերի թվին։ Այսուհետ կանգնել կարելի է միայն մետրոյի վագոններում և տրոլեյբուսներում։
Այս կանոնների խախտման համար ոստիկանությունը կարող է կանգնեցնել տրանսպորտային միջոցը և ուղևորներին իջեցնել։ Իսկ վարորդը կամ երթուղին սպասարկող ընկերությունը ստիպված կլինի տուգանք վճարել։
Քաղաքապետարանը հաղորդում է առաջին խախտողների մասին։
«Այս պահի դրությամբ, 95% դեպքերում քաղաքացիներն իրենք չեն նստում տրանսպորտ, եթե այն արդեն լցված է, չնայած կան կանգնելու համար վարորդների հետ վեճերի դեպքեր: Կանոնների խախտման դեպքում ոստիկանները կարող են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, իջեցնել ուղևորներին և մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ․․․ Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետևող ուղևորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչեւ խախտման վերացումը», — հայտարարել է Երևանի առաջին փոքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նրա խոսքով՝ ուղևորները դեռևս շատ չեն։ Մոտակա օրերին քաղաքապետարանը որոշում կկայացնի իրականացվող չվերթների ավելացման կամ պակասեցման մասին։ Դեռևս պահեստային ավտոբուսներ ներգրավելու անհրաժեշտություն չկա։
Մանկապարտեզները կսկսեն աշխատել, սակայն ոչ բոլորի համար
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը պատմել է, թե ում արդեն թույլ կտան երեխաներին մանկապարտեզ տանել․
«Մենք առաջնահերթություն ենք տալիս այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարողանում ապահովել երեխաների խնամքը տանը՝ կապված իրենք աշխատանքի հետ, որ հեռավար ձևով իրականացնելու հնարավորություն չունեն: Առաջնահերթություն են ունենալու այն երեխաները, որոնց ծնողները աշխատում են, աշխատում է միայն մայրը կամ սոցիալակապես անապահով ընտանիքից են»։
Հարցում է անցկացվել 31 հազար երեխաների ծնողների շրջանում։ Ըստ դրա արդյունքի՝ մանկապարտեզներում դեռևս 11 հազար երեխաների տեղավորելու անհրաժեշտություն կա։
Արդեն հայտարարվել է, որ ծնողներին թույլ չեն տա ներս մտնել, իսկ երեխաների ջերմությունը չափելու են մուտքի մոտ։
«Բոլոր ծնողներին կոչ եմ անում համբերություն դրսևորել, որպեսզի մոտ 80-100 երեխաներ կարողանան հերթով մանկապարտեզ մտնել։ Պետք է պահպանել անվտանգության բոլոր կանոնները», — ասել է փոխքաղաքապետը։
Քաղաքապետարանը մանկապարտեզների համար ամսական ավելի քան 160 հազար դիմակ և մի քանի հազար լիտր ալկոգել է պատվիրել։
Փոխքաղաքապետը վստահեցնում է, որ մանկապարտեզների այն աշխատակիցները, որոնք չեն հետևի անվտանգության կանոններին, աշխատանքից կազատվեն։