"Զգացմունքային համերաշխություն", թե՞ " քաղաքական կոռուպցիա"
Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին
Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը նախաձեռնությամբ է հանդես եկել, համաձայն որի իրեն, ինչպես և երկրի նախագահին, պետք է տրվեն կալանավորներին ներում շնորհելու լիազորություններ, ինչը Վրաստանում բուռն քննարկումներ է առաջացրել:
Վրաստանի Սահմանադրությունը նման լիազորություններ է ընձեռում միայն երկրի առաջին դեմքին՝ նախագահին:
«Կարծում եմ, Պատրիարքը պետք է կալանավորներին ու ամբաստանյալներին ներում շնորհելու իրավունք ունենա: Մենք սա քննարկել ենք վարչապետի հետ, և նա հավանաբար կբարձրացնի այդ հարցը», — հասարակությունում մեծ աղմուկ բարձրացրած այս հայտարարությունը Պատրիարքն արել է Ռուսթավելու թատրոնում դեկտեմբերի 5-ին կայացած կին կալանավորների մասնակցությամբ ներկայացման ավարտից հետո:
Հայտարարությունն արվել է տեսախցիկների առջև՝ թատրոնի դահլիճում: Կաթողիկոսի կողքին էր երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Կաթողիկոս Իլիա Երկրորդը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին է փոխանցում իր խաչը: 2015թ. դեկտեմբերի 5: Շոթա Ռուսթավելու անվան դրամատիկական թատրոն:
Իշխող կոալիցիայի վերին շրջանակներում Կաթողիկոսի մտադրությունները կայծակնային արագությամբ սկսեցին զարգացնել:
Վարչապետ Ղարիբաշվիլին հայտարարեց, որ «Սրբագույն ու վեհագույն Իլիա երկրորդը հոգևոր հովիվն է, և նրա խորհուրդները կարևոր ու արժեքավոր են բոլորի համար»: Նա դիմեց նաև երկրի նախագահին ու խորհրդարանին՝ տվյալ հարցի քննարկումը սկսելու խնդրանքով:
Վրաստանի՝ պատիժների իրագործման նախարար Կախի Կախիշվիլին նույնպես հոգևոր անձին քաղաքական գործառույթ փոխանցելու մեջ ոչ մի խնդիր չտեսավ:
«Մարդ, ով ամբողջ կյանքում իր ուսերին է կրում մնացածի մեղքերը, խնդրում է, որ իրեն ներում շնորհելու հնարավորություն տրվի… Չեմ հասկանում՝ ինչպես է հնարավոր չքննարկել Պատրիարքի այս առաջարկը», — հայտարարել է նա:
Ավելի հեռուն գնաց “Վրացական երազանք խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Էլիսո Չապիձեն, ով պատրաստակամություն հայտնեց երկրում հանրաքվե անցկացնել «Մենք ցանկանում ենք ապրել աշխարհիկ պետությունում, թե աստվածապետության մեջ» թեմայով:
Եվ միայն “Հանրապետական կուսակցության ղեկավար թիմը միանգամից Պատրիարքի հայտարարությունը “անհեթեթություն որակեց և հայտարարեց, որ նման լիազորությունների ընձեռումը Պատրիարքին հակասահմանադրական է:
Իշխանությունների արձագանքը Պատրիարքի նախաձեռնությանը հասարակության մի մասի խիստ քննադատությանն արժանացավ: Ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները, լրագրողները, վերլուծաբաններն ու բլոգերները այդ որոշումն ընդունելու իշխանությունների դիրքորոշումը հակասահմանադրական են համարում:
Սոցցանցերում նույնպես սուր արձագանքներ հնչեցին:
Այս «թյուրիմացության» մեջ վերջակետը ինքը՝ Պատրիարքարանը, դրեց: Հենց հաջորդ օրը հատուկ հայտարարություն է տարածվել, որում հերքվել է այն կարծիքը, որ Պատրիարքը օրենսդրական փոփոխություններ է պահանջում: Հայտարարության մեջ նշվում էր, որ Պատրիարքի հայտարարությունը սխալ է մեկնաբանվել, այն ոչ այլ ինչ է, քան կալանավորների հանդեպ էմոցիոնալ համերաշխություն, այլ ոչ թե ինչ-որ օրենսդրական փոփոխությունների պահանջ:
Դատելով այս ամենից՝ այս հայտարարությունից հետո հարցն իրոք փակվել է և կալանավորների ներման գործող պրակտիկայում փոփոխություններ չեն սպասվում, սակայն, ինչպես նշում են վրացական փորձագետները, սկանդալը լակմուսի թուղթ էր եկեղեցու և քաղաքական գործիչների հարաբերությունների մեղսավոր կողմերը ցուցադրելու համար:
Ազատություն ռադիոկայանի բլոգեր Գեորգի Ցխադայա. «Օրակարգում այն հարցն է, արդյո՞ք մենք ուզում ենք ապրել մի երկրում, որտեղ կրոնի ներկայացուցիչը քաղաքական որոշումներ է կայացնելու: Պարզ է, որ նախկինում նույնպես դրա հատկանիշները կային, բայց իշխող ուժն առաջին անգամ է լրջորեն հետևյալ հարցը բարձրացնում՝ արյո՞ք մենք աշխարհիկ պետություն ենք ուզում: Պարադոքս է, բայց երկիրը, որի իշխող քաղաքական ուժն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը համարվում են եվրոպամետ (համենայն դեպս, նրանք իրենց այդպես են անվանում), հանկարծ աշխարհիկ լինելու վտանգի առջև է կանգնել»:
Արվեստագետ Թեո Խաթիաշվիլի. «Սա ընդամենը Պատրիարքի ու քաղաքական գործիչների քմահաճույքը չէ՝ էմոցիոնալ ձևով արտահայտված: Սա շատ ավելի լուրջ խնդրի ինդիկատոր է, որը կապված է այն բանին, թե որքան ուժեղ է Պատրիարքարանի ազդեցությունը և ինչպես են գործող քաղաքական գործիչները ենթարկվում դրան՝ չնայած որ գործող Սահմանադրությունը ամրապնդում է նրանց դիրքը»:
Փիլիսոփա Գեորգի Մայսուրաձե. «Սա լակմուսի թուղթ էր, որը մեզ ցույց տվեց, թե ում ձեռքերում ենք գտնվում, որ քաղաքական գործիչների, մարդկանց որոնց բնորոշ չէ ոչ պետական տեսլական, ոչ Սահմանադրության իմացություն… Ինչ վերաբերում է Պատրիարքարանին. եթե մենք ունակ ենք տեքստ վերլուծելու, կտեսնենք, որ Պատրիարքի հայտարարությունն այնքան էլ էմոցիաների վրա չէր հիմնված: Պատրիարքն ավելի խելացի քաղաքական գործիչ է, քան ներկայիս կառավարության անդամները: Պարզ է, որ Պատրիարքն իմացել է՝ կառավարությունը չի կատարի նրա խնդրանքը և չի փոփոխի Սահմանադրությունը, սակայն նա այնուամենայնիվ պահանջել է դա: Նախորդ տարիների փորձը հուշում է, որ Պատրիարքի անհավանական խնդրանքին ի պատասխան կառավարությունը, որը լավ գիտի Պատրիարքի հեղինակության մասին, առաջարկում է թանկարժեք նվերներ՝ նստավայրեր, հողեր… այսինքն՝ պետական գույք»:
«Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» իրավաբան Գեորգի Գոցիրիձե: «Պատրիարքին բանտարկյալներին ներում շնորհելու իրավունք տալու թեման ի ցույց դրեց ժողովրդավարական համակարգից աստվածապետության անցնելու մեր ներկայիս իշխանությունների պատրաստակամությունը»:
Հանդուրժողականության ու բազմազանության ինստիտուտի տնօրեն Էկա ՜Իտանավա. «Պատրիարքարանը իր ուժը ցուցադրեց, ցույց տվեց, որ քաղաքական ուժ ու քաղաքական խաղացող դառնալու հավակնություններ ունի: Վրացական իշխանությունը, որի վարկանիշն ընկել է, իր հերթին ձգտում է օգտագործել եկեղեցին: Նախորդ իշխանությունները նույնպես դա արել են: Մեր կազմակերպության անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ ամենազգալի գումարը նախընտրական ժամանակահատվածում պետությունը հատկացնում է եկեղեցուն, ինչը «քաղաքական կաշառակերություն է»:
“Միացյալ ազգային շարժման գործադիր քարտուղար Սերգի Ռատիանի. «Մեծամասնության ներկայացուցիչները չեն հասկանում մի հստակ սկզբունք՝ պետությունն ու եկեղեցին պետք է բաժանված լինեն: Նրանք այդ սկզբունքը չեն հասկանում: Չեն գիտակցում, որ այդ բաժանումը ոչ միայն Սահմանադրությամբ է ամրագրված, այն հիմնարար սկբունք է, որի վրա հիմնվում է Սահմանադրությունը: Նրանք այդ բաժանումն ընկալում են իբրև առճակատում: Հոգևոր և աշխարհիկ ոլորտները բաժանված են, երբ մենք խոսում ենք եկեղեցու մասին, մենք խոսում ենք ծիսականի, սրբության ու հավատքի մասին: Սակայն քաղաքականության մեջ չպետք է ծիսականություն լինի»:
“Ազատ դեմոկրատների առաջնորդ Ալեքսի Պետրիաշվիլի. «Մենք գործ ունենք իրական աղետի հետ: Այս իշխանությունը կտրված է սեփական քաղաքացիներից, չի խոսում ու չի կարող խոսել նրանց խնդիրների մասին, այն կապ չունի ժողովրդի հետ, դա փաստ է: Բացի այդ Պատրիարքարանի բացատրություններից հետո ամեն ինչ պարզվեց: Մեր ՝ “Ազատ դեմոկրատների դիրքորքշումը այս պարագայում շատ սկզբունքային է, և դա հաստատել է Պատրիարքարանի հայտարարությունը՝ եկեղեցին իր գործառույթներն ունի, իսկ իշխանությունը՝ իր»: