Հայաստանում ձերբակալվել է «ազգային արժեքների համար» պայքարող հասարակական կազմակերպության ղեկավարը
Հայաստանում ձերբակալվել է «Կամք» հասարակական կազմակերպության ղեկավար Վահագն Չախալյանը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Րոպեներ առաջ Ոստիկանությունը ավանդույթի ուժով կրկին ազատությունից զրկեց Վահագն Չախալյանին (հավանաբար՝ կրկին վարչական ձերբակալությամբ) Երևանի դատարանի Կենտրոնի նստավայրի դիմացից։ 24 ժամվա ընթացքում՝ արդեն երրորդ անգամ»:
Ճշգրիտ տեղեկություններ, թե ինչի հետ է կապված Վահագն Չախալյանի ձերբակալությունը, դեռևս չկան: Նրա նախաձեռնության ակտիվիստներն այդ դեպքը կապում են նախօրեին վիրենց անցկացրած բողոքի ակցիայի հետ նախագահի նստավայրի առաջ: Նրանք պահանջում էին հետաձգել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրախորհդի կոնվենցիայի ստորագրումը մինչև արտակարգ դրության ավարտը:
Հայաստանում արտակարգ դրություն սահմանվել է մարտի 16-ից կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այժմ այն երկարաձգվել է մինչև հունիսի 13-ը, քանի որ վարակվածների թիվը շարունակում է աճել:
Ի՞նչ է պահանջում Չախալյանի կազմակերպությունը
«Կամք» հասարակական նախաձեռնության ակցիան անցկացվել է մայիսի 12-ին: Ակցիայի ակտիվիստները պահանջում էին սպասել մինչև արտակարգ դրության ավարտը և անցկացնել այդ փաստաթղթի հասարակական քննարկում:
«Մենք պահանջում ենք, որպեսզի նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրի վիճահարույց եղանակով վավերացված կոնվենցիան և ժամանակ տա, որպեսզի երկիրը, արտակարգ դրությունից դուրս գալով, քննարկի այն սեփական քաղաքացիների հետ: Այնուհետև, եթե նրանք պատրաստվում են վավերացնել, թող վավերացնեն»:
Ակտիվիստները այդ կոնվենցիան համարում են դավադրություն Հայաստանի բնակիչների նկատմամբ:
«Մենք հուսով ենք, որ Արմեն Սարգսյանը մեր ժողովրդի դեմ դավադրությանը մասնակցություն չի ունենա: Մինչ ստորագրելը նախագահը թող լսի մեր ձայնը, ժողովրդի ձայնը, հետո նոր կորոշենք», — ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Ի դեպ, Վահագն Չախալյանի կազմակերպությունը հիշվել է նաև 2019 թվականի նոյեմբերին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ բողոքով:
Այն ժամանակ նույնպես ակտիվիստները հայտարարում էին, որ կոնվենցիան վտանգի է ենթարկում ավանդական հայկական արժեքները:
«Քաղաքացիները պատրաստ են անհնազանդության ակցիաներ կազմակերպել Հայաստանի տարբեր քաղաքներում: Մենք ասում ենք, որ դեռ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ փաստաթուղթը դեռևս վավերացման փուլում չէ: Իսկ եթե Ազգային ժողովը չլսի քաղաքացիների ձայնը և նրանց կարծիքին դեմ գնա, ապա բողոքի ակցիաներ կլինեն բոլոր քաղաքներում», — այն ժամանակ ասել է Չախալյանը:
Կոնվենցիայի մասին, որին դեմ է Չախալյանը
Հայաստանի խորհրդարանը մայիսի 11-ին ընդունել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրախորհրդի կոնվենցիան: 79 մարդ կողմ է քվեարկել, 12-ը՝ դեմ: Քվեարկությանը չի մասնակցել ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Կոնվենցիայի հակառակորդների կարծիքով այն ուղղված է ոչ թե երեխաների պաշտպանությանը, այլ նրանց պղծմանը:
Փաստաթուղթը նախատեսում է, որ երեխաների պաշտպանությունը պետք է ապահովվի անկախ նրանց սեռական կողմնորոշումից:
«Կոնվենցիայի հոդվածներից մեկը վերաբերում է կրթությանը: Այն խրախուսում է երկրներին իրենց ազգային կրթական ծրագրերում ներառել միջոցներ, որպեսզի երեխաներին ապահովեն առաջնային հմտություններով՝ իրենց սեռական անձեռնմխելիությանն ուղղված սպառնալիքների ռիսկերը հասկանալու համար, ինչպես նաև ինքնապաշտպանության հմտություններ»,- բացատրել է Հայաստանի խորհրդարանի իշխող խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը:
Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ տարրական և միջնակարգ դպրոցում երեխաներին պետք է սովորեցնեն, թե ինչ է սեռական անձեռնմխելիությունը:
«Խնդիրը այնպիսի հմտություններ ապահովելն է, թե ինչպես մեծերի գործողություններում ճանաչել այն հնարավոր նշանները, որ նրանցից կարող է վտանգ սպասվել, և թե ինչպես առանց ամաչելու օգնություն խնդրել, որպեսզի երեխաների սեռական անձեռնմխելիությունը պաշտպանված լինի»: