Ընդդիմադիրների հոմոֆոբ արտահայտությունները հերթական սկանդալն են առաջացրել ադրբեջանական սոցցանցերում
Հերթական սկանդալն է բռնկվել ադրբեջանական ընդդիմադիր շրջանակներում, այս անգամ՝ «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» (ԺՈւԱԽ) միավորման անդամների հոմոֆոբ արտահայտությունների պատճառով։ Համացանցում է հայտնվել առցանց խորհրդակցության մի հատված, որի ընթացքում ԺՈՒԱԽ անդամները հայհոյում և ծաղրում են լրագրող Իսմայիլ Ջալիլովի միասեռականությունը։
ԺՈՒԱԽ–ն ընդդիմադիր միավորում է, որին անդամակցում է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունն, ինչպես նաև մի քանի այլ կուսակցությունների անդամներ և մի քանի «ինքնուրույն» ընդդիմադիր ակտվիստներ։ Մասնավորապես, նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին, որից էլ սկսվել է սկանդալը։
- ԼԳԲՏ–ն Թուրքիայում․ նախարարն՝ ընդդեմ իրավաբանների
- «Վարակի բովով»․ ինչպե՞ս են ստուգումն անցել Ադրբեջանի կառավարությունն ու հասարակությունը
- Մարդիկ, որոնք չեն կարողանում վերադառնալ պատերազմից։ Արդյո՞ք հնարավոր է հաղթահարել հետտրավմատիկ համախտանիշը
Իսմայիլ Ջալիլովն ադրբեջանցի լրագրող է, որն ապրում է ԱՄՆ–ում։ Նա բաց միասեռական է և Ֆեյսբուքում իր քաղաքական բլոգն ունի, որում հաճախ է քննադատում Ադրբեջանի ոչ միայն կառավարությանն, այլև ընդդիմությանը։ Ինչի պատճառով մշտապես կոնֆլիկտներ է ունենում թե մեկի, թե մյուսի հետ։
Ջալիլովի քննադատության հերթական օբյեկտը Գյուլթեքին Հաջիբեյլին էր դարձել։ Նա ԺՈՒԱԽ մյուս անդամների հետ ZOOM–ով խորհրդակկցության ժամանակ քննարկելիս կոշտ արտահայտություններ էր արել Ջալիլովի սեռական կողմնորոշման վերաբերյալ, և միավորման որոշ այլ անդամներ սատարել էին նրան։
Օրինակ, Քաղաքացիական միասնություն կուսակցության կառավարման անդամ Ռաֆիկ Մանաֆլին ասել էր, որ «ափսոս, որ Հիտլերը ժամանակին չվերացրեց բոլոր գեյերին»։
Վիրավորանքներ են բաժին ընկել նաև ընդդիմադիր «Մուսավաթ» և «Հանրապետական այլընտրանք» կուսակցություններին, որոնք ԺՈՒԱԽ կազմում չեն։
Ջալիլովի առնչությամբ սկանդալի հետ նրանք ոչ մի կապ չունեն, սակայն ԺՈՒԱԽ–ի և այդ կուսակցությունների միջև առճակատումներ հաճախ են լինում։ Ընդ որում, դրանցից «ամենաթարմը» նույնպես միասեռականության վերաբերյալ էր․ ԺՈՒԱԽ անդամներից մեկը քողարկված, բայց լիովին հասկանալի ձևով միասեռականության համար էր «մեղադրել» «Հանրապետական այլընտրանքի» անդամին։
Քննարկում սոցցանցերում
Պարզ չէ, թե ով և ինչու է այդ առցանց կոնֆերանսի հատվածը համացանց գցել, սակայն սկանդալն ակնթարթորեն էր բռնկվել։
Կատարվածի քննարկմանն է միացել ընդդիմադիր կեցվածք ունեցող ակտիվիստների, լրագրողների, ինչպես նաև պարզապես քաղաքականությամբ հետաքրքրվող քաղաքացիների մեծ մասը։
Շատերին զայրացրել էին ոչ միայն հոմոֆոբ արտահայտություններն, այլ նաև այն, որ դրանք արել են անձինք, որոնք իրենց որպես ժողովրդավար են ներկայացնում։
Լրագրող Խադիջա Իսմայիլ․
«Այդպիսի մարդիկ նույնիսկ «բարևի» արժանի չեն։ Թող ԺՈՒԱԽ նախագահ Ջամիլ Հասանլին իրեն նեղություն տա բացատրելու իր համախոհների բառապաշարն ու մտածելակերպը։ Նաև պարզաբանի, թե ինչու է հանգիստ լսել այդ ամենը»։
Նախկին քաղբանտարկյալ, ակտիվիստ Իլկին Ռուստամզադե․
«Ամաչում էի տեսանյութը դիտելիս։ Կարծում եմ, որ «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը պետք է ԺՈՒԱԽ առջև միավորումից այդ անձանց հանելու հարց դնի, այլապես ինքը լքի այն»։
Իրավապաշտպան Բաշիր Սուլեյմանլի․
«Այդ մարդիկ քննարկում են ուրիշների անձնական կյանքն, արդարացնում ֆաշիզմն ու միաժամանակ իրենց համարում այլընտրանքային մտքի կրող։ Խայտառակություն»։
Թեև ոմանք էլ ԺՈՒԱԽ–ին են պաշտպանում՝ դա փաստարկելով նրանով, որ «ոչ մի ծնող չի ցանկանա, որ իր որդին միասեռական լինի»։
Ներողություն և մեղադրանքներ ԺՈՒԱԽ–ից
Այդ ամենից հետո ԺՈՒԱԽ–ը ստիպված էր բացատրություններ տալ։
Առաջինը դա արել է Գյուլթեքին Հաջիևան։
«Իսմայիլ Ջալիլովը բազմից իմ մասին նվաստացնող գրառումներ է կատարել, վիրավորել, զրպարտել ինձ, սակայն ես չեմ արձագանքել։ Համաձայն եմ, որ կոպիտ եմ խոսել, սակայն դա հույզերի արդյունք էր, ինձ և ընկերներիս վրա տևական անարդար հարձակումների արդյունք։ Եթե փակ հանդիպման ժամանակ ասված իմ այդ խոսքերը ոմանք ընկալել են որպես անարգանք մարդկանց որևէ խմբերի կամ փոքրաասնությունների նկատմամբ, թող ընդունեն իմ անկեղծ ներողությունը», – գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Ընդ որում, Հաջիևան կարծում է, որ տեսանյութն ապօրինի կերպքով ձայնագրել և համացանցում տեղադրել են երկրի իշխանությունները։ Բացի այդ, նա բողոքում է, որ արդեն երկու օր է՝ իշխանությունները կոտրում են իր էջերը սոցցանցերում և իր լուսանկարներն ու հեռախոսահամարը տեղադրում ինտիմ ծառայությունների էջերում, իր դեմ «վիրտուալ պատերազմ» են վարում։
Ավելի ուշ պաշտոնական հայտարարությամբ էր հանդես եկել ԺՈՒԱԽ նախագահ Ջամիլ Հասանլին։ Նա նույնպես կարծում է, որ տեսանյութը սոցցանցում է հայտնվել իշխանությունների շնորհիվ, և դա ընկալում է որպես կիբերհարձակում և լրացուցիչ ապացույց, որ կառավարությունը գաղտնալսում է ընդդիմությանը։ Իսկ նրանց, ովքեր կիսվում են այդ տեսանյութերով իրենց էջերում և տարածում այն, Հասանլին անվանել է ռեժիմի հանցակիցներ։
Ինչ վերաբերում է ԺՈՒԱԽ անդամների հոմոֆոբիային, Հասանլին ասում է․
«Եթե հրապարկվեր այդ տեսանյութի շարունակությունը, բոլորը կտեսնեին, որ նման անթույլատրելի արտահայտություններին անմիջապես հետևում է կտրուկ առարկում։ Նրանց, ովքեր իրենց նման բան են թույլ տվել, միանգամից ասվել է, որ դա հակասում է ԺՈՒԱԽ–ի սկզբունքներին։ Ազգային խորհուրդը պաշտպանում է առանց բացառության բոլոր քաղաքացիների իրավունքներն՝ անկախ կրոնական, ազգային, սեռական և որևէ այլ պատկանելիությունից։ Եվ հիշեցնում եմ, որ, երբ մի քանի տարի առաջ ոստիկանությունը հետապնդում էր ԼԳԲՏ ներկայացուցիչներին, Ազգային խորհուրդը դրա դեմ բաց բողոք էր արտահայտել»։