Հայաստանի մշտական բնակչությունն աճել է․ վիճակագրական նոր տվյալներ
Հայաստանի մշտական բնակչության աճ
Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն աճել է։ Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ 2026 թ․-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 3 մլն 111 հազար 200 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 20․700-ով։
Մշտական բնակչության 20․700 աճի 32,4%-ը բաժին է ընկել միայն մայրաքաղաք Երևանին։
«Երևանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 151 հազար 400 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 6700-ով»,- հայտնել են կոմիտեից։
Մշտական բնակչության աճը հանրապետության տարածքում անհամաչափ է բաշխված։ Ի տարբերություն Երևանի և մայրաքաղաքին հարակից մարզերի՝ որոշ մարզերում արձանագրվել է թվաքանակի նվազում։
«2026 թ․-ին տասը մարզերից միայն երկուսում է նախորդ տարվա համեմատ մշտական բնակչության թվաքանակը նվազել։ Վայոց ձորում այն կրճատվել է 300-ով, իսկ Լոռիում՝ 200-ով»,- նշել է գերատեսչությունը։
- «Շենքերը չէ, որ ստեղծում են խցանումներ»․ Երևանի քաղաքապետը՝ վարչապետի տիկնոջը
- Լեզվակռիվ և ծեծկռտուք Հայաստանի թիվ 1 հեռուստաալիքի եթերում
- «Անհամաչափ միջոցը մարդուն զրկեց կյանքից»․ կարծիքներ՝ ՀՀ-ում ընդդիմադիր գործչի մահվան մասին
Զգալի աճ է գրանցվել մայրաքաղաքին հարակից մարզերում
Բնակչության աճ է արձանագրվել նաև մայրաքաղաքին հարակից 3՝ Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերում։
Մասնավորապես՝ Կոտայքում բնակչության թվաքանակն ավելացել է 4500-ով, Արմավիրում՝ 4000-ով, իսկ Արարատում՝ 3100-ով։
«Այս երեք մարզերի բնակչության աճը միասին կազմել է 11․600 մարդ՝ ապահովելով հանրապետության ընդհանուր աճի 56%-ը»։
Եթե վերոնշյալ ցուցանիշին գումարենք նաև մայրաքաղաքի բնակչության աճը, ապա կստացվի, որ Երևանին և Կոտայքի, Արմավիրի ու Արարատի մարզերին բաժին է ընկել Հայաստանի բնակչության ընդհանուր աճի շուրջ 88,4%-ը՝ 18․300 մարդ։
Հայաստանի ոչ մի մարզում գյուղական բնակչությունը չի նվազել
2026 թ․-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի քաղաքային բնակչության թվաքանակը նախորդ տարվա համեմատ ավելացել է 9400-ով, գյուղական բնակչության թվաքանակը՝ 11․300-ով։
Բնակչության տարեկան աճի շուրջ 54,6%-ը բաժին է ընկել գյուղական բնակավայրերին։
Գյուղական բնակչության ամենամեծ աճը գրանցվել է Կոտայքի մարզում՝ 3100 մարդ։
Արարատի մարզում գյուղական բնակչությունն ավելացել է 2600-ով, Արմավիրում՝ 2300-ով, Արագածոտնում՝ 900-ով, իսկ Սյունիքում՝ 800-ով։
Հատկանշական է, որ գյուղական բնակչության նվազում չի արձանագրվել ՀՀ ոչ մի մարզում։
Քաղաքային բնակչության ամենամեծ աճը գրանցվել է Արմավիրում
Հայաստանի հինգ մարզում քաղաքային բնակչությունը նվազել է։ Առավել մեծ նվազում է արձանագրվել Լոռու մարզում՝ 600 մարդ։
Շիրակում և Վայոց ձորում քաղաքային բնակչության թիվը կրճատվել է 300-ական, իսկ Տավուշում՝ 200 մարդ։
Մի քանի մարզերում էր գրանցվել է քաղաքային բնակչության աճ։ Մասնավորապես՝ մայրաքաղաք Երևանից հետո քաղաքային բնակչության ամենամեծ աճը գրանցվել է Արմավիրի մարզում՝ 1700 մարդ․
«Կոտայքում՝ 1400, Արարատում՝ 500, Սյունիքում՝ 400, իսկ Արագածոտնում՝ 100 մարդ»,- նշել են կառույցից։
Բնակչության թվաքանակն ամենաշատն ավելացել է 2024 թ․-ին․ ինչո՞ւ
2022–2026 թվականների հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ամենամեծ տարեկան աճն արձանագրվել է 2024 թ․-ին։
2024 թ․-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը կազմել է 3 մլն 67 հազար 400 մարդ՝ 2023 թ․-ին ցուցանիշից բարձր լինելով 73․600-ով։
Գերատեսչությունը շեշտում է՝ բնակչության թվաքանակի փոփոխությունները դիտարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև վերջին տարիներին տեղի ունեցած միգրացիոն 2 խոշոր իրադարձություն՝
- 2022 թ․-ին Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմից հետո Հայաստան տեղափոխվածների ներհոսքը,
- 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումը։
Կոմիտեի փոխանցմամբ՝ պետք է նկատի ունենալ նաև այն, որ 2023 թ․-ի տվյալները հաշվարկված էին 2011 թվականի, իսկ 2024 թվականինը՝ 2022 թվականի մարդահամարի հիման վրա։ Հետևաբար, 73․600 տարբերությունն ամբողջությամբ չի կարելի ներկայացնել որպես մեկ տարվա փաստացի ժողովրդագրական աճ։
2024-2026 թթ․ Հայաստանի մարզերի քաղաքային բնակչության ընդհանուր թիվը նվազել է 4300-ով։ Այդ ընթացքում Երևանում քաղաքային բնակչությունն աճել է 15․100-ով։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Հայաստանի մշտական բնակչության աճ