Լեզվակռիվ և ծեծկռտուք Հայաստանի թիվ 1 հեռուստաալիքի եթերում
Ծեծկռտուք ՀՀ թիվ 1 հեռուստաալիքի եթերում
Հայաստանում ակտիվորեն քննարկում են «Հանրային» հեռուստաընկերության եթերում նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքը։ «Մեծ բանավեճ» հաղորդման ժամանակ քաղաքագետ Հարություն Մկրտչյանն ու լրագրող Բորիս Մուրազին նախ վիրավորանքներ և հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, ապա անցել ձեռնամարտի։ Նույնիսկ անվտանգության աշխատակիցներին հրավիրելուց հետո չի հաջողվել հանդարտեցնել իրավիճակը։
Հաղորդավար Տաթև Դանիելյանը բանավեճի մասնակիցներին հիշեցրել է՝ հաղորդումը դիտում են բազմաթիվ քաղաքացիներ։
«Սա անհարգալից վերաբերմունք է ոչ միայն իրար, այլև հեռուստադիտողների նկատմամբ»,- նշել է նա։
Հաղորդավար Պետրոս Ղազարյանն էլ նկատել է, որ հաղորդման այդ հատվածը ևս եթեր է հեռարձակվելու, չի կրճատվելու։
Հեռարձակման որոշումն արժանացել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի քննադատությանը։ Հանձնաժողովը «մտահոգություն և տարակուսանք» է հայտնել նման եթերային քաղաքականության կապակցությամբ։
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել բանավեճին հրավիրված անձերով, թեժ քննարկմամբ, դիտելիություն ապահովելու սին մղումով կամ նույնիսկ ձևական անաչառությամբ»,- նկատել են հանձնաժողովից։
Հիշեցրել են՝ խոսքը ոչ թե ուղիղ եթերի, այլ նախապես նկարահանված հաղորդման մասին է՝ ակնարկելով, որ հեռուստաընկերությունն ուներ բռնության տեսարանները չցուցադրելու հնարավորություն։
Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանը չի կիսում ՀՌՀ-ի կարծիքը։ Հարցնում է՝ ի՞նչ անել, եթե քաղաքական գործիչները «անզուսպ, գռեհիկ» են։
«Ես նորմալ եմ համարում, որ Հանրայինը հեռարձակել է դա։ Թաքցնե՞ր, որ պուպուշացնե՞ր էդ գործիչներին, ասեր` գիտեք, իրանք շատ լավն են իրականում, թեև եթերում կարող են հայհոյել, քացով խփել իրար։ Դուք ստերիլիզացո՞ւմ եք ակնկալում։ Ինչո՞ւ մարդիկ չիմանան, որ իրենք այդպիսին են»,- շեշտել է Դարբինյանը:
Ի՞նչ է տեղի ունեցել հաղորդման ժամանակ, ՀՌՀ-ի գնահատականը, քաղաքացիների կարծիքը
- «Անհամաչափ միջոցը մարդուն զրկեց կյանքից»․ կարծիքներ՝ ՀՀ-ում ընդդիմադիր գործչի մահվան մասին
- Հայաստանում ՀԷՑ-ի հետ կապված գործով ձերբակալվել է գործարար Սամվել Կարապետյանը
- «Լրտեսական ուժերը ոչնչացվեցին»․ Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին
Ե՞րբ և ինչպե՞ս թեժացավ մթնոլորտը
Ընդդիմության համախմբմանը նվիրված բանավեճի ժամանակ քաղաքագետ Հարություն Մկրտչյանը հայտարարեց․ «Պարոն Մուրազի, եթե չեմ սխալվում, մամուլում տեղեկություններ կային, որ Դուք Սերժ Սարգսյանին [ՀՀ երրորդ նախագահ] սեռական ծառայություններ եք մատուցել»։
Ի պատասխան լրագրող Բորիս Մուրազին նման տեղեկատվության հրապարակումը «շանտղություն» որակեց և հավելեց․ «Ովքեր նման պնդումներ կանեն, կարող եմ նրանց ընտանիքի չափահաս անդամներին, նրանց մայրիկներին նման ծառայություններ մատուցել»։
Իրավիճակն էլ ավելի սրվեց, երբ Մուրազին Մկրտչյանին հորդորեց չափի մեջ մնալ և դիմեց նրան «արա»-ով։ «Այ տղա», «հոգնած» և մի շարք այլ արտահայտություններ հնչեցին։
«Նենց չանես պապայիդ հանեմ մայրուղի»,- հայտարարեց Բորիս Մուրազին։
Հարություն Մկրտչյանն էլ շարունակեց նույն կերպ՝ ասելով, թե «պապայիդ էլ, մամայիդ էլ կհանեմ, քեզ խելոք պահի, այդ տղա»։
Լեզվակռվին հաջորդեցին հայհոյանքներն ու ձեռնամարտը։
«Զե՛րծ մնալ եթերում բռնության օրինականացումից»․ ՀՌՀ-ի հայտարարությունը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի դիտարկմամբ՝ հանրային գործառույթ ունեցող ու հեռարձակող մեդիայի ոլորտում օրինակելի դեր կատարող հեռուստաընկերությունը նման իրավիճակներում պարտավոր է՝
- հարգել օրենքի պահանջները,
- չբորբոքել լսարանի հույզերը,
- զերծ մնալ բռնության օրինականացումից եթերում։
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ արգելվում է տեսալսողական հաղորդումներում բռնության և դաժանության քարոզ պարունակող տեղեկատվության տարածումը։
Հայտարարությունում նշվում է, որ իրավական հարցերից զատ գոյություն ունեն նաև զուտ էթիկական և մասնագիտական մոտեցումներ, որոնք հեռարձակող ընկերությունների համար առաջնային են՝ անգամ այն դեպքում, երբ լուսաբանվում են բռնության տեսարաններ պարունակող բարձր ամբիոնների անցուդարձը։
«Ի վերջո, գոյություն ունեն բանավեճի մասնակիցների սադրանքներին դիմակայելու, լարվածությունը մեղմելու, բռնությունը կանխելու, թեման կառուցողական հուն տեղափոխելու մասնագիտական հնարքներ, հատկապես, երբ խոսքը ոչ թե ուղիղ եթերի, այլ նախապես նկարահանված հաղորդման մասին է»։
«Հանրային» հեռուստաընկերությունը գտնվում է ՀՌՀ-ի կարգավորման դաշտում։ Հանձնաժողովից շեշտել են, որ մշտապես հեռարձակողների հանդեպ ցուցաբերել են խիստ մոտեցում հատկապես բռնության, ատելության խոսքի ու վիրավորանքների տարածման հարցում։
Նման մոտեցման պատճառը, ըստ հանձնաժողովի, գիտակցումն է, թե «որքան մեծ է տեսալսողական մեդիայի դերը հանրային փխրուն համերաշխությունը պահպանելու, սթափ ու գիտակված դատողություններ անելու շեշտադրմամբ բովանդակություն կառուցելու ուժը»։
Մեկնաբանություններ սոցցանցերից
Սոցցանցերի հայկական տիրույթում քաղաքացիները տարբեր տեսակետներ են հայտնել։ Մեծ մասը դատարապարտել է տեղի ունեցածն ու դրա հեռարձակումը։ Եղել են նաև այնպիսիք, որոնք խրախուսել են այս կամ այն կողմի վարքագիծը։
Ստորև ներկայացնում ենք մի քանի մեկնաբանություն․
«Սրանից հետո ով Հ1 հյուր գնա, ամոթ իրեն»։
«Ինչ ուզում եք, ասեք, Հ1-ում տենց չի նայվում, ԱԺ-ին չի հասնի։ Էնտեղ մի տեսակ ուրիշ level ա… Ո՞նց գետինը չեք մտնում, աշխարհով մեկ ծաղրի առարկա եք դարձրել մեր երկիրը»։
«Հերթական շոուն, անտաղանդ թատրոն։ Ժողովուրդը ե՞րբ պետք է արհամարհի սրանց, սրանց սարքած պրովակացիաներին չգնա»։
«Տեղին էր։ Մուրազին դեռ երկար համբերեց։ ՔՊ-ի [նկատի ունի՝ իշխանության վարած քաղաքականությունը պաշտպանող] անդաստիարակ ներկայացուցչին շուտ պիտի իր տեղը ցույց տար»։
«Խայտառակություն»։
«Ազգովի թքում ենք ՀՌՀ ու Հայաստանում բոլոր պետական պատասխանատու պաշտոն ունեցողների վրա։ Թե՞ թուքն անձրևի հաշիվ է»։
«Անհասկանալի է` էս քաղաքական գործիչներն ինչի՞ են էսքան իրար ատում։ Գործով զբաղվե՛ք»։
«Հարություն Մկրտչյանին ՔՊ-ում ահագին կգովեն։ Բորիս Մուրազիին էլ կասեն՝ տեսա՞ր՝ ինչ լավ դաս տվեց ընդդիմությունը իշխանական քարոզչին։ Վերջնարդյունքում ազգային նշանակության հարցերը կիջեցնեն Մուրազի-Մկրտչյան մակարդակի ու բոլորս մի բաժակ դառը գինով կհետևենք մեր իսկ մայրամուտին։ Մակարդակ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ծեծկռտուք ՀՀ թիվ 1 հեռուստաալիքի եթերում