«Բարի ազատում»․ ովքե՞ր են դուլաները և ի՞նչ են նրանք անում ծննդաբերող կանանց համար
Ո՞վ է դուլան և ի՞նչ է անում ծննդաբերության ժամանակ
Հայաստանում ծննդաբերող կանայք արդեն շուրջ 6 տարի է, ինչ կարող են աջակցող անձ ունենալ նախածնարանում և ծնարանում։ Խոսքը դուլաների մասին է։ Նրանք բուժաշխատողներ չեն։ Դուլաները օգնում են ծննդկաններին հաղթահարել ցավը՝ կիրառելով մերսում և շնչառական տեխնիկաներ, ինչպես նաև հոգեբանական աջակցություն են ցուցաբերում։
Դեռ ոչ բոլորը գիտեն նրանց գոյութան մասին։ Սակայն կանայք արդեն ընտրության հնարավորություն ունեն՝ ում հետ կցանկանան անցկացնել իրենց կյանքի ամենակարևոր փորձառությունը։ Ոմանք ընտրում են ամուսնուն, որոշները՝ մայրիկին կամ քրոջը։ Բայց կան և կանայք, որոնք նախընտրում են ծննդաբերել դուլաների հետ։
Պատմում ենք այն մասին, թե ովքեր են դուլաները, ինչ են անում նրանք և ինչ խոչընդոտների են հանդիպում։

- Բազմազավակության միտում Հայաստանում. վիճակագրություն, մի զույգի պատմություն և փորձագետի կարծիք
- «Ես իրենց պետք եմ»․ միայնակ հոր պատմություն
- Ինչպես են կանայք Հայաստանում համատեղում ընտանիքի հոգսն ու երեխայի խնամքը կարիերայի հետ
- Ինչո՞ւ են հայուհիներն ամուսնանում այլազգի տղամարդկանց հետ. երեք պատմություն
Դուլա դառնում են անձնական փորձից
Իվետա Կոսյան-Սուվորովան ասում է՝ յուրաքանչյուր դուլա այս մասնագիտություն գալիս է սեփական փորձառության միջոցով։ Երբեմն այն այնքան լավն է լինում, որ կանայք ուզում են բոլորին պատմել այդ մասին, բայց առավել հաճախ խոսքը ծանր ու կործանարար փորձի մասին է։
«Ես շատ երկար ճանապարհ եմ անցել՝ մինչև այս հանգրվանը։ Երկու ծննդաբերություն եմ ունեցել, իրարից ծայրաստիճան տարբեր։ Երբեմն ասում եմ, որ երկրորդ ծննդաբերությունս թերապևտիկ, բուժիչ է եղել։ Ես հասկացել եմ, որ ծննդաբերության ընթացքը մեծապես կախված է կնոջ պատրաստվածությունից, նրա գիտելիքից և ակնկալիքներից, որովհետև շատ հաճախ կանայք, որոնք գնում են ծննդաբերության, ունենում են սպասելիքներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Եվ դա նրանց համար շատ տրավմատիկ հետևանքներ է ունենում»,– ասում է նա։

Իվետան պատմում է՝ երկու ծննդաբերությունների ժամանակ էլ ամուսինն իր կողքին է եղել։ Առաջին ծննդաբերությունը սարսափելի փորձառություն է եղել ոչ միայն իր համար, այլև ամուսնու։ Երկրորդ անգամ, սակայն, ամեն բան այլ կերպ է դասավորվել, քանի որ երկուսն էլ ավելի պատրաստված են եղել։ Այս անգամ զգացել են, որ ընթացքում կարող են խոսել, կատակներ անել և նույնսկ պարել՝ երեխայի ծնունդը վերածելով հրաշալի ընթացքի։
Հիշում է, որ ծննդատանը հայտնվելուց 7 օր առաջ ուղղակի լսել էր ամերիկացի մի դուլայի դասախոսություն և մտապահել այն ամենն, ինչ կարող էր կարևոր լինել ծննդաբերության ընթացքում։
«Մինչ այդ դասախոսությունը լսելը ես հստակ որոշել էի, որ չեմ անցնելու այն ճանապարհը, որ ունեցել եմ առաջին անգամ։ 8 ամիս շարունակ բժշկիս ասել էի, որ հրաժարվում եմ բնական ծնունդից և ուզում եմ կեսարյան հատմամբ երեխա ունենալ։ Բայց այդ մի ժամը շրջադարձային եղավ ինձ համար։ Ես սովորեցի, որ կարող եմ հասկանալ հորմոններս, միջավայրը, կարող եմ վերահսկել շատ բաներ։ Ի վերջո, կարող եմ ուղղակի փորձել։
Եվ երկրորդ ծննդաբերությունս այնքան հանգիստ, առանց տագնապների, շուտ եղավ, որ դուրս գրվելուց հետո ամուսնուս անընդհատ ասում էի` ուզում եմ գնալ, բժշկիս առաջարկել ուղեկցել իր հղիներին ծնարանում, հանգստացնել նրանց։ Այդ ծրագիրն, իհարկե, չիրականացավ, որովհետև դա էլ իմ չիրականացող սպասելիքն էր»,– կատակում է նա։
Այդ միտքը, սակայն, Իվետային ուղեկցեց 10 տարի։ Ի վերջո, նա սկսեց աշխատել հղիների և ծննդաբերող կանանց հետ, բայց որպես լուսանկարիչ։ Իվետայի ընտանիքը բնակվում էր արտասահմանում, որտեղ ծննդաբերական լուսանկարչությունն ավելի տարածված էր։ Հայաստան տեղափոխվելիս նա վստահ էր՝ այստեղ ևս իրեն բազմաթիվ նկարահանումներ են սպասվում։ Իրականությունը, սակայն, բոլորովին այլ էր։ Գրեթե բոլորի առաջին արձագանքը, նրա խոսքով՝ բացասական էր․
«Հայաստանում կանայք ինձ ավելի հաճախ կանչում էին ծնարան ոչ թե որպես լուսանկարիչ, մեկը, ով կֆիքսի իրենց կյանքի ամենակարևոր վայրկյանները, այլ դրա համար, որպեսզի մենակ չլինեին։ Բայց լուսանկարիչը չի կարող միջամտել, նա ստվերի նման է։ Նրա ներկայությունը պետք է հնարավորինս չզգացվի։ Ես հասկացա, որ այդկերպ ևս ես կանանց օգնել չեմ կարող»։

Դուլա դառնալու երազանքը իրագործվեց Քովիդ-19 հավամարակի ընթացքում, երբ շատ կրթական կենտրոններ իրենց հիմնական ծրագրերը տեղափոխեցին առցանց հարթակներ։ Իվետան սովորեց, հանձնեց քննությունները ու ստացավ դուլայի միջազգաին հավաստագիր։ Այդպիսով, նա դարձավ Հայաստանի առաջին դուլան։
Ովքե՞ր են դուլաները
Դուլաները համապատասխան վերապատրաստում անցած ու որակավորված մասնագետներ են։ Նրանք ծառայություններ են մատուցում հղի, ծննդաբերող և հետծննդաբերական շրջանում գտնվող կանանց։ Պատրաստում են կանանց ծննդաբերության և նրանց հետ են լինում ծնարանում անդադար։ Դուլայի խնամքը ներառում է՝ տեղեկատվական, հոգեհուզական և ֆիզիկական աջակցություն։
Ծննդաբերության ժամանակ նրանք օգնում են մերսումով, սեղմումով, հպումով, երբեմն միայն ոգևորելով, երբեմն էլ կնոջը բացատրելով, թե տվյալ պահին ինչ է կատարվում իր մարմնի հետ։ Նաև հոգում են կենցաղային կարիքները, տարբեր դիրքեր են հուշում, մեծ հաշվով հարմարավետ ու ապահով մթնոլորտ են ստեղծում կնոջ համար։ Իսկ դա մեծացնում է ծննդաբերության դրական ելքի հավանականությունը։

Իվետայի խոսքով՝ երկրներում, որտեղ դուլաների աշխատանքն ավելի տարածված է, կանայք իրենց համար մասնագետ են ընտրում հղիության վաղ փուլերում, անգամ՝ այն պլանավորելիս․
«Քանի որ դուլաները ամսվա կտրվածքով շատ քիչ թվով հղիների կարող են գրանցել, կանայք նախապես են ամրագրում նրանց՝ հետագա բարդություններից խուսափելու համար, որովհետև շատ հնարավոր է, որ հենց ծննդաբերության համար այլևս ազատ մասնագետ չգտնվի։ Հայաստանում այս գործընթացը մի փոքր այլ է։ Այն կանայք, որոնք արդեն ունեն ծննդաբերության փորձառություն, սովորաբար, ավելի վաղը փուլերում են դիմում մեզ։ Իսկ առաջնածին կանայք ավելի ուշ շրջանում՝ 28-30 շաբաթականում, հիմնականում՝ ծննդաբերության նախապատրաստվելիս»։
Հղիության վերջին շրջանում մասնագետին դիմելը, ըստ Իվետայի, մի շարք խնդիրներ է ստեղծում։
Եվ դրանցից ամենակարևորը բուժհաստատության ընտրությունն է։ Որոշ դեպքերում դուլաները ստիպված են լինում հրաժարվել ծառայություն մատուցելուց, որովհետև այն հաստատությունը, որտեղ կինը պատրաստվում է ծննդաբերել, թույլ չի տալիս դուլաների մուտքը։
ՀՀ Առողջապահության նախարարությունը դեռևս չի ընդունում, որ վերապատրաստված դուլայի աշխատանքը շատ է տարբերվում հարազատների՝ ամուսնու, մոր, ընկերուհու կամ որևէ այլ անձի խնամքից։ Եվ փաստացի նրանց գործունեությանը վերաբերող որևէ իրավական կարգավորում ազգային օրենսդրության մեջ չկա։
Հայաստանում գործող դուլաների թիվը փոքր է՝ 5-6 հոգի
Նրանց մեծ մասը վերապատրաստվել և սերտիֆիկացվել է ռուսական Պերինատալ աջակցության ինստիտուտի «Դուլալինք» (Dօula Link) հարթակում՝ այդպիսով դառնալով նաև Եվրոպական դուլաների ցանցի անդամ։ Այսինքն՝ նրանք կարող են դուլայի ծառայություններ մատուցել մի շարք երկրներում։ Դրանք են ՌԴ-ն, Գերմանիան, Շվեյցարիան, Սերբիան, Չեխիան, Սլովակիան, Իսպանիան, Իտալիան, Իսրայելը, Պանաման։
Մինչդեռ Հայաստանում դոլաները համարվում են ոչ պրոֆեսիոնալ աջակիցներ։
Չնայած այն հանգամանքին, որ ԱՆ նախարարի 2020 թվականի հրամանում նշված է կնոջ՝ ծննդաբերական աջակից ունենալու պարզ իրավունքի մասին, որոշ բուժհաստատություններ արգելում են դուլաների մուտքը ծնարան։
Որոշ ծննդատներ աջակից անձի՝ ծնարանում ներկա լինելու համար նույնիսկ գումար են պահանջում, ինչը հստակ ձևակերպումներով կարգավորված չէ Առողջապահության նախարարության կողմից։
Ինչո՞ւ են կանայք դիմում դուլաներին
Իվետան ասում է՝ կանայք որոշում են ծննդաբերել դուլայի հետ առավելապես այն պատճառով, որ ցանկանում են իրենց կողքին ունենալ վստահելի մեկին։ Մարդու, որը գիտի իր անելիքը, պատկերացնում է տեղի ունեցողը, վերահսկում է ամեն բան, հոգատար է իր նկատմամբ։ Բացի այդ, կանայք հաճախ ուզում են ծննդաբերել դուլայի հետ՝ տրավմատիկ փորձառությունից, այդ թվում՝ մանկաբարձական բռնությունից խուսափելու համար։
«Աջակցող անձի ներկայությունը, այդ թվում՝ դուլայի, իհարկե, չի կարող 100 %-ով երաշխավորել այն, որ կինը նման փորձառություն չի ունենա, կամ բռնության չի ենթարկվի։ Բայց դուլան այն մարդն է, ում կողմից կինը միշտ լսված և հասկացված կլինի։ Ես համոզված եմ, որ բռնության 99 %–ի դեպքում բժիշկները դա միտումնավոր չեն անում։ Խնդիրն առավելապես համակարգային է։
Հաճախ նրանք այս կամ այն միջամտությանը դիմում են որևէ ռիսկ նվազեցնելու համար։ Դա տեղի է ունենում առանց ծննդկանի հարցերին պատասխանելու, բացատրելու՝ անգամ վիրաբուժական միջամտությունների դեպքում։ Դուլան առնվազն կհարցնի, թե ինչո՞ւ է անհրաժեշտ այդ միջամտությունը և ինչո՞ւ հենց հիմա, արդյոք հնարավո՞ր չէ սպասել։ Կանայք դուլաների ներկայությամբ իրենց առավել պաշտպանված, ինքնավստահ են զգում»,– ասում է Իվետան։

2024-25 թթ․–ին ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 16 երկրներում և տարածքներում, այդ թվում՝ Հայաստանում, հետազոտություն է իրականացրել՝ հղիության և ծննդաբերության ժամանակ կանանց փորձառության վերաբերյալ:
Եվ պարզվել է, որ հարցված կանանց 67%-ը բախվել է մանկաբարձական վատ վերաբերմունքի առնվազն մեկ ձևի:
Հայաստանում հետազոտությանը մասնակցած կանանց մոտ 55%-ը հայտնել է առանց համաձայնության կամ հստակ բացատրության մանկաբարձական միջամտությունների ենթարկվելու մասին: Հարցվածների մոտ 32%-ը նշել է բուժանձնակազմի հետ վատ փոխհարաբերությունների մասին, ինչը ներառում է տեղեկատվության պակաս կամ ճնշում միջամտություններն ընդունելու համար:
27%-ը հայտնել է ցածրորակ խնամք ստանալու մասին, օրինակ՝ ֆիզիկական գաղտնիության խախտում կամ անձնակազմի անբավարար որակավորում: Կանանց մոտ 15%-ը բախվել է բանավոր բռնության, իսկ 5%-ը հայտնել է ֆիզիկական բռնության ենթարկվելու մասին: Հարցվածների մոտ 11%-ը հայտնել է սեռական բռնության ձևերի մասին, օրինակ՝ անպատշաճ հպումներ կամ սեռական օրգանների առումով անհարգալից վերաբերմունք:
Ինչո՞ւ կանայք չեն դիմում դուլաներին
Իվետան խոստովանում է՝ իրեն դիմած հղիների 80%–ը արտասահմանցիներ են, որոնք այս կամ այն պատճառով որոշել են ծննդաբերել Հայաստանում։ Հայ կանայք ավելի զգուշավոր են այս հարցում։ Կարծում է, որ հիմնական խնդիրը տեղեկատվական բացն է, որ կա այս թեմայի շուրջ։ Բայց պակաս կարևոր չէ նաև կարծրատիպային մոտեցումը, որ սա մի փորձառություն է, որով անցնում են բոլորը, և այդ հարցում աջակցության կարիք չկա։

«Բայց սա շատ սխալ մոտեցում է, որովհետև ծննդաբերող կինը ամենախոցելին է։ Եվ շատ կարևոր է, որ վերջում նա իրեն հաղթած զգա, որովհետև նոր մարդ է լույսաշխարհ բերել, ոչ թե կոտրված և դժբախտ, որովհետև անցել է անտանելի տանջանքների միջով։ Ցավով եմ ասում, որ մինչ օրս կանանց մեծ մասը նախընտրում են ծննդաբերության, ցավերի հետ կապված իրենց վախերը ոչ թե հաղթահարել դուլայի հետ, այլ վճարել կեսարյան հատման համար՝ համարելով, որ դա հարցի լուծում է»,– ասում է նա։
Երբեմն էլ կանայք չեն դիմում դուլաներին, համարելով, որ դա թանկ արժե։
Իվետան իր ծառայությունների հստակ արժեք չի նշում։ Բայց ասում է, որ երբեմն ուղեկցում է հղիներին բոլորովին անվճար, որովհետև գիտի՝ դուլա լինելն իր առաքելությունն է․
«Դուլա լինելը կոչում է, դա քո ներսի, սրտի մասին է նախ և առաջ, հետո միայն հմտությունների»։
Հիշում է՝ դուլա լինելու առաջին տարիներին, երբեմն, տուն էր վերադառնում սպառված, հիասթափված, դուլայությունը դադարեցնելու հստակ մտադրությամբ։ Հիմնական պատճառը լարվածությունն էր՝ աշխատանքային վատ պայմաններից, բժիշկների և բուժհիմնարկների ադմինիստրացիայի վատ վերաբերմունքից, այն գիտակցումից, որ իր ներկայությունը հավելյալ խնդիրներ է ստեղծել ծննդաբերող կնոջ համար։
Հիմա, երբ արդեն գիտի, թե որ բուժհիմնարկում է իր աշխատանքը հնարավորինս կազմակերպված լինելու, երբ գտել է բժիշկների, որոնք դուլաներին ընդունում են ոչ թե որպես մրցակից, այլ որպես իրենց աջակցող մասնագետ, յուրաքանչյուր ծննդաբերություն հրաշալի փորձառություն է դառնում նաև իր համար։
«Հիմա ես տուն եմ գալիս բավարարված, որովհետև ես ծննդաբերության ընթացքում ոչ թե տանջվում եմ հղիի հետ, այլ օգնում եմ նրան չտանջվել։ Ես տեսնում եմ, որ իմ աշխատանքն արդյունք է տալիս, որ կինը, որը գոռում էր ցավից ու վախից, այլևս չի գոռում, այլ վեր է կենում ու սկսում պարել»,– ասում է Իվետան։

Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ո՞վ է դուլան և ի՞նչ է անում ծննդաբերության ժամանակ