Քաղաքագետ Գիա Խուխաշվիլին կանխատեսում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հնարավոր հրաժարականը: Փորձագետն ուշադրություն է հրավիրում կառավարության հոկտեմբերի 7-ի նիստում Կոբախիձեի ունեցած ելույթի վրա, որտեղ նա անդրադարձել է իր վարչապետության ընթացքում իրականացված և ընթացիկ նախագծերին:
Հոկտեմբերի 7-ին Կոբախիձեն նաև էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլիին նշանակել է փոխվարչապետ։ Խուխաշվիլիի խոսքով՝ սա կարող է կարևոր ազդակ լինել առաջիկա կադրային փոփոխությունների մասին, մասնավորապես՝ Կվրիվիշվիլին կարող է ապագայում փոխարինել Կոբախիձեին։
Հոկտեմբերի 7-ին՝ մեկամսյա ընդմիջումից հետո, տեղի ունեցավ կառավարության նիստ, որի ժամանակ Իրակլի Կոբախիձեն խոսեց իր վարչապետության ընթացքում տարբեր ոլորտներում իրականացված և ընթացիկ նախագծերի մասին: Կոբախիձեն կես ժամից ավելի ամփոփեց կառավարության գործունեության արդյունքները։
Գիա Խուխաշվիլի.
«Ամեն ինչ պատրաստ է նրա [Կոբախիձեի] հրաժարականի համար։ Նա, ըստ էության, արդեն երկար ժամանակ է, ինչ անզոր է։ Գործադիր իշխանության ոչ մի նախարար իրեն պատասխանատու չի զգում նրա առջև։ Ձևավորվել է զուտ տեխնիկական կառավարություն։
Ես չեմ բացառում, որ [նրա ծավալուն ելույթը կառավարության նիստում] կարող է հենց դա նշանակել։ Եվ ես կարող եմ դա հիմնավորել այն փաստով, որ Մարիամ Կվրիվիշվիլին նշանակվել է փոխվարչապետ։ Դա նույն օրն է տեղի ունեցել, և դա նաև հստակ նշան է, որ նրա վարչապետության մայրամուտը մոտ է։ Հնարավոր է, որ անցումային շրջանում Մարիամ Կվրիվիշվիլին նշանակվի վարչապետի պարտականությունները կատարող, որպեսզի մինչև նոր վարչապետի նշանակումը խզում տեղի չունենա։ Թեև ես չեմ բացառում, որ այդ նոր վարչապետը կլինի հենց Մարիամ Կվրիվիշվիլին։
Ամեն ինչ հնարավոր է. սրանք, ի վերջո, խաղեր են թագավորական արքունիքում։ Ես ո՛չ Կոբախիձեին, ո՛չ էլ [նախկին վարչապետ] Ղարիբաշվիլիին չեմ ընկալում որպես քաղաքական գործընթացի իրական դերակատարներ։ Կային ժամանակաշրջաններ, երբ սանձերը երկարում էին, բայց նրանք իրական դերակատարներ չեն։
Ամեն ինչ հնարավոր է։ Գլխավոր և ամենակարևոր, հիմնարար բաները տեղի են ունենում ուրիշ տեղ. այլ անձ է որոշում, թե ում կախաղան հանել և ում ներում շնորհել, և մենք բոլորս գիտենք նրա անուն-ազգանունը [նկատի ունի «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին — JAMnews]։ Իսկ սա պարզապես առնետավազք է փոքրիկ մարդկանց միջև»։