Հակակոռուպցիոն արշավ ՀՀ-ում. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառումը
Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքը
Հայաստանում ընթանում է լայնածավալ հակակոռուպցիոն արշավ, որի շրջանակներում պետությունը բռնագանձում է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գույքը։ Իշխանությունները հայտարարում են, որ քաղաքական բնույթի մեղադրանքներից անցում են կատարում ապօրինի ծագում ունեցող գույքի համակարգային վերադարձի։
Կոռուպցիոն գործարքների մեջ մեղադրվողների շարքում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը։ Այս անձանց պատկանող բազմաթիվ գույքեր և բիզնես ակտիվներ ենթակա են բռնագանձման։
Այս աղմկահարույց գործերում ներգրավված անձանց մեղադրանքներ են առաջադրվել փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման համար։
Իսկ հայ հասարակությունը քննարկում է ոչ միայն այն, թե ինչպես են այդ անձինք կուտակել նման հարստություն, այլև այն, թե արդյոք ընթացող գործընթացը համապատասխանում է օրենքի տառին, արդյոք օրենքը հավասարապես է կիրառվում բոլորի նկատմամբ, և արդյոք բռնագանձված գույքն իսկապես վերադարձվում է ժողովրդին։
Ստորև՝ փաստաբան Արամ Օրբելյանի և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի փորձագետ Վարուժան Հոկտանյանի մեկնաբանությունները
- «ՀՀ-ում ընտրակաշառքի ավելի շատ դեպք է բացահայտվում, քան նախորդ 30 տարում»․ փորձագետ
- «Ոչ նվեր, ոչ էլ հյուրասիրություն»․ վարքագծի նոր կանոններ ՀՀ հանրային ծառայողների համար
- «Գործընթաց կա, արդյունք՝ ոչ»․ ապօրինի գույքի բռնագանձումը ՀՀ-ում
- Կոռուպցիոն բացահայտումներ Հայաստանում
Օրենքի մասին
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը Հայաստանում գործում է 2020 թվականից։ Իշխանություններն այն ընդունել են կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու և սոցիալական արդարությունը վերականգնելու նպատակով։ Օրենքը վերաբերում է 50 միլիոն դրամը գերազանցող արժեք ունեցող ակտիվներին և թույլ է տալիս բռնագանձել գույքը, եթե սեփականատերը չի կարողանում ապացուցել դրա ձեռքբերման համար օգտագործված եկամտի աղբյուրի օրինականությունը։
Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2018 թվականից մինչև 2026 թվականի առաջին կիսամյակն ընկած ժամանակահատվածում պետությանը և համայնքներին են վերադարձվել մոտ 304 միլիարդ դրամի ակտիվներ։ Այդ գումարի ավելի քան երկու երրորդը վերադարձվել է վերջին 3․5 տարվա ընթացքում։
Փաստաբան Արամ Օրբելյանի մեկնաբանությունը
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հիմնարար հակասություններ է պարունակում։ Եթե միջազգային պրակտիկան հստակորեն տարբերակում է բռնագանձման մոդելները՝ կա՛մ ակտիվների բռնագանձում՝ եկամտի աղբյուրը չհիմնավորելու հիմքով (հայտարարագրերի ուսումնասիրությունից հետո), կա՛մ բռնագանձում՝ ապացուցված հանցագործության համար, ապա մեր օրենսդիրները ամեն ինչ խառնել և լիակատար շփոթության են ստեղծել։
Հետաքննություն սկսելու հիմքերը խառնիճաղանջ են։ Դրույթների կեսը կապված է քրեական գործերի հետ, անգամ այն գործերի, որոնք կասեցվել կամ կարճվել են ոչ արդարացնող հիմքերով։ Մյուս կեսը թույլ է տալիս բռնագանձման գործընթաց սկսել զուտ «օպերատիվ տեղեկատվության» հիման վրա։ Հենց ի հայտ է գալիս որևէ օպերատիվ տեղեկություն, իրավապահ մարմիններն անմիջապես սկսում են մանրակրկիտ ուսումնասիրել անձի ակտիվները՝ հետ գնալով մինչև 1991 թվական»։
1990-ականների փաստական վակուումը
«Այն, ինչ քաղաքական հայտարարություններում որակվում է որպես «թալան», դատարանում հաճախ անհնար է ապացուցել՝ ժամանակաշրջանների միջև եղած տարբերությունների պատճառով։ 1990-ականներին գերակշռում էին ոչ դրամական գործարքները (այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի մասնակցությամբ), և բացակայում էր հարկային կամ մաքսային խիստ վերահսկողությունը։ Տրանսպորտային միջոցների գրանցման տվյալների բազաներն ստեղծվեցին միայն 2000-ականների սկզբին, իսկ հարկային հաշվառման էլեկտրոնային համակարգը ներդրվեց միայն 2013 թվականին։
Ավելին, այդ ժամանակ գործող օրենսդրությունը բիզնեսից չէր պահանջում փաստաթղթերը պահպանել 5 տարուց ավելի։ Սա անխուսափելիորեն հանգեցրել է տեղեկատվական վակուումի։ Դատախազության երիտասարդ կադրերը հաճախ հաշվի չեն առնում այս պատմական համատեքստը, ինչը դատական գործընթացներում փակուղային իրավիճակներ է ստեղծում»։
Ներխուժում անձնական կյանք և քաղաքական ենթատեքստ
«Անձնական կյանք ներխուժման ծավալը լուրջ մտահոգություններ է առաջացնում: Օրենքը թույլ է տալիս ուսումնասիրել կասկածյալի հարազատին պատկանող տարիների բանկային հաշվետվությունները: Արդյունքում, քննիչներն ու դատախազները տեսնում են կոռուպցիայի հետ կապ չունեցող խիստ անձնական ծախսերը՝ որտեղ են մարդիկ հանգստացել, ինչ են պատվիրել սրճարաններում և ինչ բուժումներ են ստացել։
Հանրության շրջանում այս մեխանիզմը դիտարկվում է բացառապես որպես «նախկին իշխանությունների կողմից թալանվածը վերադարձնելու» օրենք: Սակայն իրավական տեսանկյունից օրենքը պետք է միտված լինի զսպել կոռուպցիան, այլ ոչ թե թիրախավորել կոնկրետ անհատներին: Ընտրովի քաղաքական թիրախավորման տպավորությունից խուսափելու համար կոռուպցիայի դեմ պայքարի գործիքները պետք է կիրառվեն համընդհանուր կերպով, տարածվեն բոլորի վրա՝ անկախ նրանց ներկայիս քաղաքական կարգավիճակից կամ իշխող ճամբարի հետ առնչությունից։
Անցյալի և ներկայի ցանկացած ուսումնասիրություն պետք է իրականացվի թափանցիկ՝ զերծ մնալով քաղաքական դրդապատճառներով հետապնդումներից, հաշվի առնելով վաղեմության ժամկետները և տվյալ ժամանակաշրջանի տնտեսական իրողությունները: Այն պետք է լինի օբյեկտիվ գործընթաց ընդդեմ անօրինական ունեցվածքի, այլ ոչ թե ընտրովի կիրառման ռեպրեսիվ գործիք»:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանի մեկնաբանությունը
«Օրենքը հենց սկզբից իրավական վեճերի տեղիք տվեց՝ անհրաժեշտ դարձնելով դրա սահմանադրականության ստուգումը Սահմանադրական դատարանի կողմից։ Դատարանը, իր հերթին, դիմեց Վենետիկի հանձնաժողովին՝ փորձագիտական կարծիք ստանալու նպատակով։ Միջազգային փորձագետները ներկայացրին երկու հիմնական առաջարկություն։ Առաջին՝ պետության կողմից գույքի բռնագանձման գործընթացը պետք է լինի առանձին քաղաքացիաիրավական վարույթ, այլ ոչ թե ազատազրկում ենթադրող քրեական հետապնդում։ Երկրորդ՝ գույքի օրինական ծագումն ապացուցելու բեռը պետք է, գոնե մասամբ, դրվի սեփականատիրոջ վրա։
Ունեցվածքի կոռուպցիոն ծագումն ապացուցելը հաճախ չափազանց բարդ է։ Օրինակ՝ Քոչարյանի գործը կապված է կառավարության որոշումների ստորագրման հետ։ Մեղադրանքը հիմնավորելու համար մեղադրող կողմը պետք է ապացուցի, որ նա դիտավորյալ հաստատել է կոնկրետ որոշումներ՝ այն մտադրությամբ, որ դրանց արդյունքում ձեռք բերված գույքը հետագայում կանցնի իր ընտանիքին։ Սա հաստատելը բացառիկ դժվարություն է ներկայացնում, ինչի հետևանքով ապացուցողական բազան հաճախ համոզիչ չի դիտվում։ Իրավիճակն ավելի է բարդանում 1990-ականներին ակտիվների հայտարարագրման պարտադիր համակարգի բացակայության պատճառով, ինչը գործնականում անհնարին է դարձնում ակտիվների օրինական ծագման ստուգումն այսօր»։
Խտրականությո՞ւն, թե՞ կոռուպցիայի դեմ պայքար
«Իրավական մեխանիզմների կիրառումը բացառապես մեկ խմբի նկատմամբ վարկաբեկում է հենց կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուտը՝ օրենքը վերածելով քաղաքական ճնշման գործիքի։ Գույքի բռնագանձման միջոցով ընդդիմախոսներին ֆինանսական ռեսուրսներից զրկելու փորձերը քաղաքական դաշտի զտման վտանգ են ստեղծում։ Եթե դրան գումարվում են նաև ընտրական գործընթացներում կիրառվող երկակի ստանդարտները, օրինակ՝ ձայների գնման համար խիստ պատժամիջոցների (այդ թվում՝ կալանավորման) կիրառումը՝ վարչական ռեսուրսների չարաշահման պայմաններում, ապա փլուզվում է զսպումների և հակակշիռների ամբողջ համակարգը։ Այս չարաշահումներից որևէ մեկի անտեսումը տանում է դեպի բռնապետություն»։
Ի՞նչ է արվում բռնագանձված գույքի հետ
«Իրավական կողմը խնդրի միայն մի մասն է։ Ոչ պակաս կարևոր է այն հարցը, թե ինչ է լինում բռնագանձված գույքի հետ պետությանը փոխանցվելուց հետո։
Հիշում եմ խորհրդային պատմությունից գույքի բռնագանձման նմանատիպ իրավիճակ՝ 1920-ականների վերջի և 1930-ականների սկզբի «կուլակաթափման» արշավը։ Հետագայում իմացանք դրա աղետալի հետևանքների մասին, այդ թվում՝ Գոլոդոմորի։ Պարզվեց, որ առգրավված ամեն ինչ վերջնարդյունքում հայտնվել էր կուսակցական «նոմենկլատուրայի» ձեռքում։ Այսօր այդ ակտիվները նույնքան հեշտությամբ կարող են անցնել հարուստների նոր դասին կամ նոր «նոմենկլատուրային»։ Ինքը՝ ժողովուրդը, դրանից կրկին ոչինչ չի շահի։
Երբ խոսում ենք գույքի բռնագանձման մասին, նկատի ունենք ինչպես ֆինանսական միջոցները, այնպես էլ շարժական և անշարժ գույքը։ Վերցնենք, օրինակ, մեկին, ով շքեղ առանձնատուն է կառուցել և բնակվում է այնտեղ։ Եթե զուգահեռ անցկացնենք խորհրդային ժամանակաշրջանի հետ՝ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ազնվականության գույքն առգրավվեց, և նրանց առանձնատները հաճախ վերածվեցին կոմունալ բնակարանների։ Մեր դեպքում դա տեղի չի ունենա. ոչ ոք մտադիր չէ շարքային քաղաքացուն տեղափոխել ուրիշի առանձնատուն։ Եվ հարց է առաջանում՝ ո՞ւմ ձեռքն անցավ [նախկին վարչապետ] Հովիկ Աբրահամյանին պատկանող առանձնատունը կամ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը։
Այստեղ ևս իրավիճակը խնդրահարույց է։ Նույնիսկ եթե ինչ-որ հարուստ մեկը գնի այդ գույքը, կա ռիսկ, որ իշխանափոխությունը կարող է հանգեցնել դրա կրկնակի առգրավման՝ այն հիմնավորմամբ, որ սկզբնական բռնագանձումն անօրինական է եղել։
«ժողովրդին ենք վերադարձնում» հայտարարությունն ինձ համար վերացական է։
Փորձը ցույց է տալիս, որ բռնագանձված անշարժ գույքը սովորաբար անցնում է ոչ թե ժողովրդին, այլ իշխանության հետ սերտ կապեր ունեցող մեկ այլ հարուստ անձի։ Եվ ժողովուրդը մի օր կհարցնի. «Իսկ մեզ դրանից ի՞նչ»։
Օրինակ բերեմ։ Մեր թաղամասում կար մանկապարտեզ, որն ապօրինի կերպով փոխանցվեց նոր սեփականատիրոջ։ Եթե պետությունն այսօր հետ վերցնի այդ շենքը և վերականգնի դրա նախկին կարգավիճակը՝ մանկապարտեզ, ապա՝ այո՛, դա կնշանակի «վերադարձնել ժողովրդին»։
Այլ իրավիճակներում, սակայն, դա կարող է վերածվել արատավոր փակ շրջանի, երբ յուրաքանչյուր հաջորդ վարչակազմ բռնագանձում է նախորդի ունեցվածքը։ Սա բավականին վտանգավոր երևույթ է, հատկապես ներդրումների տեսանկյունից. ներդրողները չպետք է մտավախություն ունենան, որ վաղը իրենք նույնպես կարող են զրկվել իրենց գույքից»։
Ինչպե՞ս կարող են օգտագործվել բռնագանձված միջոցները
«Ինչ վերաբերում է դրամական միջոցների բռնագանձմանը, ապա առգրավված գումարներն ուղղվում են բյուջե, այսպես կոչված, «ընդհանուր կաթսա»։ Հստակ չէ, թե ինչպես են հետագայում ծախսվում այդ միջոցները. դրանք նախատեսված չեն կոնկրետ նպատակների համար, ուստի իշխանություններն են որոշում՝ ինչպես դրանք տնօրինել։
Տեղին կլիներ, որ այդ եկամուտները լինեին նպատակային և կարգավորվեին օրենքով, իսկ միջոցներն ուղղվեին քաղաքացիների բարեկեցության բարելավմանն ուղղված սոցիալական ծրագրերին»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին ՀՀ օրենքը