ՀՀ քաղաքացիները կկարողանան կամավոր հիմունքներով իրականացնել մեդիայի ուղիղ ֆինանսավորում
ՀՀ քաղաքացիները կֆինանսավորեն ԶԼՄ-ներին
Հայաստանի քաղաքացիներն առաջիկայում հնարավորություն կունենան իրենց վճարած եկամտահարկի հաշվին մասնակցել ՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների ֆինանսավորմանը։ Կառավարությունն այսօր հաստատել է որոշում, որով նախատեսվում է ընդլայնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգին զուգահեռ ներդրված սոցիալական ծախսերի շրջանակը:
Գործող կարգավորումների համաձայն՝ այն քաղաքացիները, որոնք ՊԵԿ են ներկայացնում իրենց տարեկան հայտարարագիրը, կարող են տարեկան մինչև 100 հազար դրամի չափով սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալ, մասնավորապես՝ կրթական ու առողջապահական ծախսերի համար։ Փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո որպես սոցիալական ծախս են դիտարկվելու նաև քաղաքացու կողմից ԶԼՄ-ներին, ՀԿ-ներին ու կուսակցություններին ուղղված միջոցները։
Դրամական միջոցների փոխանցման կարգն ու հատկացվող գումարի առավելագույն չափը կհստակեցվեն առաջիկայում՝ գործադիրի առանձին որոշմամբ։
«Մենք ժողովրդավարական բարեփոխումների հերթական փուլ ենք մտնում, որտեղ ՀԿ-ները, ԶԼՄ-ներն ու կուսակցությունները կարող են ունենալ ժողովրդական ֆինանսավորում»,- կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով նախատեսվող փոփոխությունները։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը JAMnews-ի հետ զրույցւոմ նկատել է՝ դժվար կյլինի այս որոշման իրագործումից հետո պատկերացնել 100 տոկոսանոց ֆինանսական անկախություն, սակայն փոփոխություններ անշուշտ կգրանցվեն։
«Նույնիսկ եթե ֆինանսավորումն իրականացվի ներքին ռեսուրսների հաշվին, նրանք [ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները] որոշակի փոխհարաբերություններ ձևավորելու են։ Բայց միանշանակ կձևավորվի նախկին իրավիճակից շատ ավելի ՀՀ շահերին համահունչ վիճակ»,- շեշտել է նա։
2025 թ․-ի եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետը սույն թվականի նոյեմբերի 1-ն է։ ՊԵԿ նախագահի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ 92 հազար մարդ արդեն իսկ դիմել և ստացել է 7․5 մլրդ դրամի չափով սոցիալական ծախսերի փոխհատուցում։
- Կեղծ լուր ՀՀ Սահմանադրության նախագծի հրապարակման մասին․ ի՞նչ է բացահայտվել
- Ադրբեջանն ընդդեմ արևմտյան ԶԼՄ-ների. Բաքուն ահազանգում է «տեղեկատվական արշավի» մասին
- Հայաստանն ու Վրաստանը՝ մասամբ ազատ, Ադրբեջանը՝ ոչ ազատ երկիր․ Freedom House-ի նոր զեկույցը
Ի՞նչ է առաջարկվում նախագծով
Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, ըստ որի՝ առաջարկվում է որպես սոցիալական ծախս դիտարկել նաև այն դրամական միջոցները, որոնք ֆիզիկական անձանց կողմից անհատույց փոխանցվում են՝
- հասարակական կազմակերպություններին,
- լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերի),
- կուսակցություններին:
«Հասարակական կազմակերպությունների, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերի) և կուսակցությունների կայուն ու շարունակական գործունեությունը կարևոր նշանակություն ունի անկախ կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ու ազատ, անկողմնակալ խոսքի զարգացման քաղաքականության տեսանկյունից»,- ասված է հիմնավորման մեջ։
Նախքան որոշման ուժի մեջ մտնելը գործադիրը սահմանելու է ոչ միայն սոցիալական ծախսի առավելագույն չափը, այլև ՀԿ-ների, ԶԼՄ-ների և կուսակցությունների շրջանակը, դրանց ներկայացվող չափանիշները, դրանց կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների ցանկը, տեղեկությունների ներկայացման և հրապարակման կարգը։
«Ստեղծում ենք հանրության շահերի անաչառ պաշտպանության կառուցակարգեր»
Հայաստանի Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ առաջարկվող կարգավորումների նպատակը հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, կուսակցությունների ֆինանսական անկախության և թափանցիկության բարձրացման, ազատ և անկողմնակալ խոսքի զարգացման, բնակչության հետ կապի ամրապնդման նպատակով կառուցակարգերի ձևավորումն է:
«ՀԿ-ները, ԶԼՄ-ներն ու կուսակցությունները կոչված են պաշտպանելու հանրության տարբեր շերտերի շահերը, ուստի մենք ստեղծում ենք անկախ ֆինանսավորման մեխանզիմներ, որպեսզի այդ շահերը պաշտպանվեն հնարավորինս անաչառ ձևով՝ դրանով զարգացնելով ՀՀ ժողովրդավարական կառուցակարգերը»,- ընդգծել է նախարարը։
Հովհաննիսյանը ներկայացրել է նախագծի մանրամասներն ու հայտնել, որ նախ հարկային մարմնում ստեղծվելու և հրապարակվելու են ցանկեր, որտեղ ներառված են լինելու կառավարության սահմանած չափանիշներին բավարարող և իրենց ֆինանսական գործունեության վերաբերյալ հարկային մարմնին հաշվետվություն ներկայացրած ՀԿ-ները, ԶԼՄ-ներն ու կուսակցությունները:
«Ֆիզիկական անձինք հայտարարագիր ներկայացնելու ժամանակ էլեկտրոնային համակարգի միջոցով ընտրելու են կազմակերպությունը, նշելու են հատկացվող գումարի չափը և պետական գերատեսչությունները կազմակերպելու են գումարի փոխանցման գործընթացը»,- տեղեկացրել է նախարարը։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությունը
«Հարկային օրենսգրքի փոփոխությունները կարող են էականորեն բարելավել Հայաստանում քաղհասարակության վիճակը։ Տարիներ շարունակ քաղաքացիական հասարակությունը ստիպված է եղել դիմել արտաքին ֆոնդերի և, բնականաբար, գտնվել այդ ֆոնդերի ազդեցության ներքո։ Շատ դեպքերում սահմանափակված է եղել իր գործողություններում, իր ծրագրերում, իր ակտիվության մեջ։
Հիմա ստեղծվում է մի իրավիճակ, երբ փաստացի ՀՀ բնակիչները կարող են իրենց հնարավորություններով մասնակցել հասարակական սեկտորի կազմակերպությունների ֆինանսավորմանը, հետևաբար կարող են նաև նշված սեկտորից սպասել իրենց կարիքների, խնդիրների վերաբերյալ ավելի ակտիվ աշխատանք։
Մյուս կողմից՝ հասարակական կառույցները կկարողանան մի փոքր ավելի հանգիստ լինել իրենց ֆինանսական վիճակի համար, կախված չլինել աշխարհաքաղաքական տատանումներից, եկեք հիշենք USAID-ի հետ կապված իրավիճակը։ Կկարողանան կատարել իրենց աշխատանքի ճիշտ պլանավորում և այդ պլանավորման շրջանակներում հետապնդել սեփական ծրագրերից ու մոտեցումներից եկող շահը, ոչ թե ստիպված լինել սպասարկել հարակից շահեր, որպեսզի կարողանան գոնե մի մասով իրենց [ֆինանսական] խնդիրները լուծել։
Միանշանակ, մենք կտեսնենք թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդում, ինչպես նաև դաշտի մաքրում։ Դաշտի մաքրման տրամաբանության մեջ կլինի նաև որակական փոփոխություն՝ որպես երկրորդային էֆեկտ։
Շատ դեպքերում մեկօրյա կազմակերպություններ են ձևավորվում, որոնք անհասկանալի է՝ ինչ նպատակներ են հետապնդում և իրենց հետապնդած նպատակների շրջանակներում խնդիրներ են ստեղծում նաև պետության համար։
Այժմ մենք կունենանք իրավիճակ, երբ նշված կազմակերպությունների աշխատանքը, առաջին հերթին, պետության համար, բայց նաև հասարակության համար կլինի թափանցիկ, և նրանք չեն կարողանա իրենց իրական նպատակները թաքցնել հնարովի սկզբունքների տակ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ քաղաքացիները կֆինանսավորեն ԶԼՄ-ներին