Հայաստանի վարչապետի կինն ընտանեկան բռնության դեմ արշավ է մեկնարկում
Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ արշավը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարել է ընտանեկան բռնության դեմ արշավ մեկնարկելու մասին։ Թեման բարձրաձայնելուց հետո նա սպառնալիքներ էր ստացել, սակայն շարունակում է նախաձեռնությունը։
«Առաջին փուլում նախատեսվում է մշակել ամբողջական և արդյունավետ օրենսդրական կարգավորումներ և դրանք ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը»,- նշել է նա։
Աննա Հակոբյանը կարծում է՝ կա Քրեական օրեսնգրքում ընտանեկան բռնությունը «որպես ինքնուրույն հանցագործություն» ամրագրելու անհրաժեշտություն։ Պատրաստվում է աշխատանքներին միանալու առաջարկ անել նաև ԱԺ երկու ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների կին պատգամավորներին, որպեսզի «օրենքի նախագիծը ՀՀ խորհրդարանում ընդունվի միաձայն»։
Այս պահին հայտնի մանրամասները՝ հակիրճ
- Նոր կառավարության ձևավորում ՀՀ-ում․ պաշտոնի խոստում Փաշինյանից բարձրակարգ մասնագետներին
- «Մի՛ շտապեք վերդիկտ հայտարարել»․ Փաշինյանի կինը՝ իր ենթադրյալ խախտման մասին
- Փաշինյանը փոխո՞ւմ է իր կերպարը ընտրությունների նախաշեմին. BBC-ի հոդվածը
Աննա Հակոբյանի հայտարարությունը «բռնությունից զերծ ընտանիքի մոդելի» մասին
Հայաստանի վարչապետի կինը հրապարակել է տեսանյութ՝ տեղեկացնելով, որ շարունակում է խոսել ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին։ Հակոբյանի կարծիքով՝ բռնության տարբեր դրսևորումները թաքցնող հայ ընտանիքի մոդելը պետք է փոխարինել «բռնությունից զերծ, փոխադարձ սիրո և հարգանքի վրա հիմնված, ներդաշնակ, համերաշխ ու երջանիկ ընտանիքի» մոդելով։
Ըստ նրա՝ այդ նպատակին հասնելու համար պետք է փոփոխություններ մտցնել Քրեական օրենսգրքում։
«Անհրաժեշտ է ամրագրել մեկ առանձին հոդված, որը քրեական պատասխանատվություն կնախատեսի ընտանիքի ներսում բռնության բոլոր դրսևորումների համար։ Կամ օրենսգրքի տարբեր գլուխներում շարադրել առանձին հոդվածներ, որոնք պատասխանատվություն կնախատեսեն ընտանիքի ներսում բռնության կոնկրետ դրսևորումների համար՝ ծեծ, հոգեբանական բռնություն, տնտեսական բռնություն, մարմնական վնասվածքներ, սեռական բռնություն և այլն»,- մանրամասնել է նա։
Աննա Հակոբյանի գնահատմամբ՝ բռնությունը ոչնչացնելու համար ՀՀ-ն պետք է ունենա հստակ, իրատեսական, գործուն և տուժողակենտրոն օրենսդրական ու իրավակիրառ մեխանիզմներ։
ԱԺ օրենքի նախագիծ ներկայացնելուց առաջ նա նախաձեռնել է անկախ փորձագետների, ոլորտի պատասխանատուների, այս ուղղությամբ աշխատած կին պատգամավորների հետ քննարկումներ։
Միաժամանակ հայտնել է, որ առաջիկայում ուսումնասիրվելու են գործող օրենսդրության բացերը, իրավակիրառ խնդիրներն ու առկա մարտահրավերները։
Աննա Հակոբյանի փոխանցմամբ՝ օրենքի ընդունումից և ուժի մեջ մտնելուց հետո կկայանա նախաձեռնության երկրորդ փուլը, որը կներառի՝
- հանրային իրազեկման արշավ,
- իրավասու մարմինների աշխատակիցների վերապատրաստում,
- ընդունված կարգավորումների արդյունավետ կիրառում։
«Զուգահեռաբար հեղինակավոր փորձագետներից կազմված խումբը նախապատրաստում է համազգային հետազոտություն՝ Հայաստանում կանանց նկատմամբ ընտանեկան բռնության իրական տարածվածության վերաբերյալ վստահելի և հնարավորինս ամբողջական տվյալներ հավաքագրելու նպատակով»,- ամփոփել է նա։
Նախապատմություն․ ի՞նչ էր նախորդել արշավի մեկնարկին
Սա վարչապետի կնոջ՝ ընտանեկան բռնության թեմային նվիրված առաջին հրապարակումը չէ։ Սոցցանցերի իր էջերում նա ակտիվորեն անդրադառնում է թեմային։ Հուլիսի վերջին էլ հայտարարել էր, որ թեման բարձրաձայնելուց հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ է զգում։
«Հուսով եմ՝ պետական մարմինները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ վնաս կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա»,- շեշտել էր Հակոբյանն ու կանանց կոչ էր արել չվախենալ, բարձրաձայնել ընտանիքում բռնության դեպքերի մասին։
ՀՀ գլխավոր դատախազությունն էլ ընթացք էր տվել նրա այս հրապարակմանը։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ ուսումնասիրել է հաղորդումն ու նախաձեռնել քրեական վարույթ «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու դեպքի» առթիվ։
«Նշենք, որ անձի վերաբերյալ մեկ այլ՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու քրեական վարույթով կա կալանավորման որոշում, հայտարարված է հետախուզում»,- տեղեկացրել էր ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։
Ընտանեկան բռնությունը Հայաստանում․ վիճակագրական տվյալներ ՔԿ-ից
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննվել է 1794 քրեական վարույթ որից՝
- 712-ը փոխանցվել է 2025 թ․-ից,
- 1082-ը վարույթ է ընդունվել 2026 թ․-ի ընթացքում:
204 քրեական վարույթ՝ 213 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Դատարան ուղարկված վարույթներով 213 մեղադրյալից 150-ը հանդիսացել է ամուսին, 20-ը՝ զուգընկեր, 15-ը՝ ծնող, տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 16-ը՝ զավակ կամ թոռ, 1-ը՝ ամուսնու քույր կամ ամուսնու եղբայր, 6-ը՝ փեսա կամ հարս:
213 տուժողների շարքում եղել են նաև անչափահասներ։ Տարիքային բաշխվածությունը հետևյալն է՝
- տուժողներից 13-ը եղել են մինչև 12 տարեկան,
- 3-ը՝ 13-14 տարեկան,
- 5-ը՝ 15-18 տարեկան,
- 192-ը՝ 18-ից բարձր տարիքի:
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Աննա Հակոբյանի՝ ընտանեկան բռնության դեմ արշավը