Հայաստանը գնալով ավելի գրավիչ է դառնում․ զբոսաշրջության նոր ռեկորդ է գրանցվել
Զբոսաշրջության նոր ռեկորդ Հայաստանում
Հայաստանի զբոսաշրջության ոլորտում նոր ռեկորդ է արձանագրվել։ Մասնավորապես՝ 2026 թ․-ի առաջին կիսամյակում երկրում գրանցվել է 1 մլն 42 հազար զբոսաշրջային այցելություն։ Թեև սա մինչ օրս գրանցված ամենաբարձր ցուցանիշն է, ոլորտի պատասխանատուները տարեվերջին ակնկալում են նոր ռեկորդ՝ արդեն տարվա կտրվածքով։
Զբոսաշրջության կոմիտեի Միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանն «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է, որ նախնական տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հունիս ամիսներին Հայաստան այցելած արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը 14,8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
«Տարին նախատեսվում է ամփոփել 2․2 մլն այցելություն թիրախային ցուցանիշով»,- հայտնել է Հովհաննիսյանը։
- Ռուսական տուրօպերատորն արհեստականորեն իջեցնում է Աբխազիայի հյուրանոցների գները
- Վրաստանի քաղաքացիները պետք է մինչև 15․000 դոլար գրավ վճարեն ԱՄՆ վիզայի համար դիմելիս
- Ռեստորանային բում Հայաստանում. պահանջարկը ստեղծել է առաջարկ
Որտեղի՞ց են զբոսաշրջային հոսքերը
Զբոսաշրջության կոմիտեի փոխանցմամբ՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվում տարիներ շարունակ գերակշռում են Ռուսաստանի, Վրաստանի և Իրանի քաղաքացիները։ Այս տարվա հունիսի դրությամբ պատկերը հետևյալն է՝
- զբոսաշրջիկների շուրջ 40 տոկոսը եղել են Ռուսաստանի,
- 15 տոկոսը՝ Վրաստանի,
- 8 տոկոսը՝ Իրանի քաղաքացիներ։
Առաջատար եռյակի համեմատ մյուս երկրների այցելուները քիչ են։ Միջազգային համագործակցության վարչության պետի խոսքով՝ Հայաստանի նկատմամբ առավելագույն զբոսաշրջային հետաքրքրություն դրսևորող երկրների աշխարհագրությունը պայմանավորված է մի շարք գործոններով։
«Իրանն ու Վրաստանը մեր հարևան երկրներն են։ Իսկ Ռուսաստանի հետ ունենք պատմական առնչություն։ Նշանակություն ունի նաև այն, որ նշված երկրներից Հայաստան հասնելու համար համեմատաբար կարճ ժամանակ է պահանջվում։ Կարևոր է նաև այդ պետություններում հայկական սփյուռքի առկայությունը»,- ընդգծել է Սոնա Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ զբոսաշրջային հոսքերի ակտիվացում է նկատվում հատկապես այն երկրներից, որոնք ունեն դեպի ՀՀ ուղիղ չվերթներ և դյուրին վիզային ռեժիմ։
Օրինակ է բերել Չինաստանը։ Բացատրել է, որ այս երկրից դեպի Հայաաստան զբոսաշրջիկների թվի նկատելի ավելացումն ուղղակիորեն պայմանավորված է Ուրումչի-Երևան չվերթի գործարկմամբ և առանց վիզայի այցելությունների իրավունքի սահմանմամբ։
Միաժամանակ նկատում է, որ զբոսաշրջային հոսքեր կան նաև այլ ուղղություններից․
«Իտալիայի հետ զբոսաշրջային հոսքերի կտրուկ ակտիվացմանը նպաստել է մեր երկրների միջև չվերթների քանակի ավելացումը։ Նույն գործոնով է պայմանավորված Գերմանիայից այցելությունների աճը՝ որոշակի նվազումից հետո։ Ղազախստանից ուղիղ չվերթի գործարկումը նույնպես աշխուժացրել է զբոսաշրջիկների այցելությունները»։
Վերջին շրջանում Հայաստանը նախընտրելի ուղղություն է դարձել նաև Իսպանիայի, Չեխիայի, Նիդեռլանդների և Միացյալ Թագավորության զբոսաշրջիկների համար։
Ըստ Հովհաննիսյանի՝ այս երկրներից ժամանողները դեռևս շատ չեն, սակայն դրական փոփոխության հույս է ներշնչում վերջերս Լոնդոն-Երևան ուղիղ չվերթի գործարկումը։
«Զբոսաշրջության ակտիվ շրջանը հետզհետե ընդլայնվում է»
ՀՀ-ում զբոսաշրջիկների ամենամեծ հոսքերը սովորաբար գրանցվում են ամռանը, ինչպես նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Իսկ նոյեմբերի վերջից ակտիվությունը որոշ չափով նվազում է։ Սոնա Հովհաննիսյանի խոսքով՝ ակտիվ շրջանը հետզհետե ընդլայնվում է։ Մասնավորապես՝ աստիճանաբար ավելանում են նաև երկրում ձմեռային հանգիստն անցկացնել ցանկացողները։
«Ուրախալի է, որ նաև ձմռանն է նկատվում աշխուժություն։ Պետությունը ձեռնարկում է դրան նպաստող բազմաթիվ քայլեր։ Եթե այս տարվա հունվարի ռեկորդային ցուցանիշը պահպանվի և դառնա օրինաչափություն, ապա կարող ենք արձանագրել, որ գրեթե ողջ տարի ունենում ենք ակտիվ զբոսաշրջություն»,- նշել է նա։
Զբոսաշրջության կոմիտեն ակնկալում է, որ 2026 թ․-ին առնվազն կպահպանվի նախորդ տարի գրանցված 2․2 մլն զբոսաշրջային այցելության մակարդակը։ Սակայն գլխավոր նպատակը ռեկորդային նոր նշաձող սահմանելն է։
Ցուցահանդեսներից մինչև PR գործիքներ․ տարվող աշխատանքների մասին
Միջազգային զբոսաշրջային շուկայում ՀՀ-ն ավելի գրավիչ դարձնելու նպատակով կոմիտեն իրականացնում է մի շարք ծրագրեր։
Զբոսաշրջության կոմիտեի Մարքեթինգի և խթանման վարչության պետ Դիաննա Կարապետյանի խոսքով՝ այս տարի Հայաստանը միասնական ազգային տաղավարով ներկայացվել է Իսպանիայում, Գերմանիայում, Ռումինիայում և Ռուսաստանում կայացած հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներին։
«Մինչև տարեվերջ նախատեսում ենք մասնակցել ևս մի քանի միջազգային միջոցառումների։ Դրանց մասնակցող հայրենի զբոսաշրջային ընկերությունները ներկայացնում են բավականին հրապուրիչ առաջարկներ՝ մեր երկրի մշակույթը, խոհանոցը, տեսարժան վայրերը, կազմակերպում են հյուրասիրություն, այցելուներին առաջարկում համապատասխան տեսանյութեր և զբոսաշրջային գրքույկներ»,- մանրամասնել է նա։
Բացի այդ, կոմիտեն համագործակցում է միջազգային ԶԼՄ-ների, PR ընկերությունների, հայտնի բլոգերների և ազդեցիկ անձանց հետ, կազմակերպում նրանց ճանաչողական այցերը Հայաստան և իրականացնում այլ գովազդային արշավներ։ Կարապետյանի դիտարկմամբ՝ կատարված աշխատանքների արդյունքում հաճախակի է դարձել արտասահմանյան մամուլի անդրադարձը ՀՀ-ին, նրա զբոսաշրջային գրավչությանն ու ներուժին։
«Համաշխարհային զբոսաշրջային շուկայում Հայաստանը դիրքավորվել է որպես անվտանգ և ապահով երկիր»,- հայտարարել է նա։
Կարապետյանը նկատել է, որ Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացմանն ու զբոսաշրջային հոսքերի շարունակական աճին նպաստում է տարբեր գործոնների համադրությունը։ Դրանք են՝
- բազմաբնույթ ծրագրերի իրականացումը,
- միջազգային համագործակցության ընդլայնումը,
- ուղիղ ավիաչվերթների առկայությունը,
- մշակութային, մարզական և իրադարձային այլ խոշոր միջոցառումների կազմակերպումը։
Նրա հաղորդմամբ՝ այժմ ընթանում են մեկ այլ յուրահատուկ միջոցառման նախապատրաստական աշխատանքներ։ Նախաձեռնության մանրամասները, սակայն, չի հայտնել։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Զբոսաշրջության նոր ռեկորդ Հայաստանում