Ֆրանսիան Վրաստանից հետ է կանչել հետախուզության երկու գործակալների, այն բանից հետո, երբ Թբիլիսիում անցկացված հակահետախուզական գործողության արդյունքում սրվել են երկու երկրների միջև հարաբերությունները։ Այդ մասին հաղորդում է ֆրանսիական Intelligence Online պարբերականը, որը մասնագիտացած է հետախուզական ծառայություններին առնչվող հարցերով։
Intelligence Online-ը գրում է, որ այս որոշումը կապված է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության կողմից անցկացված գործողության հետ, որի արդյունքում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ֆինանսական ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գիորգի Ուձիլաուրին։ Պարբերականը նրան անվանում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի «նախկին համախոհ»։
Հոդվածի համաձայն՝ Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ֆրանսիացի հետախուզական գործակալներին հայտարարել անցանկալի անձ՝ դիվանագիտական հարաբերությունների հետագա սրումից խուսափելու համար։ Intelligence Online-ի տվյալներով՝ Թբիլիսին պարզապես պահանջել է, որ Փարիզը հետ կանչի նրանց, և եթե այդ պահանջը չկատարվի, սպառնացել է հրապարակել նրանց անձնական տվյալները։
Գիորգի Ուձիլաուրին, որը զբաղեցնում էր Ֆինանսների նախարարության Քննչական ծառայության ստորաբաժանումներից մեկի ղեկավարի պաշտոնը, Պետական անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել է 2026 թ.-ի մայիսի 5-ին։
Ըստ դատախազության՝ ՊԱԿ հակահետախուզության վարչության կողմից անցկացված հետաքննությունը պարզել է, որ Ուձիլաուրին ֆինանսական շահույթ ստանալու նպատակով և օտար երկրի արտաքին հետախուզության հանձնարարականի համաձայն՝ համակարգված կերպով հավաքագրել և փոխանցել է տարբեր բնույթի տեղեկատվություն՝ դրանով վնասելով Վրաստանի շահերին։
Ուձիլաուրին մեղադրվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Լրտեսություն», որը նախատեսում է մինչև 12 տարվա ազատազրկում։
Կալանավորումից հետո Պետական անվտանգության ծառայությունը չի նշել, թե Ուձիլաուրին որ երկրի օգտին է ենթադրաբար լրտեսել։ Սակայն պետական պաշտոնյաների հայտարարություններում ակնարկվում է, որ գործը վերաբերում է եվրոպական երկրներից մեկին տեղեկատվության փոխանցմանը։
Մայիսի 8-ին խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն Պետական անվտանգության ծառայությանը կոչ էր արել հրապարակել նյութեր, որոնք, նրա պնդմամբ, արտացոլում են, թե «ինչպես է կոնկրետ անձը ստանում հրահանգներ, ինչպես է նրան [գումար] տրամադրվում ծրարով և ինչպես է նա ստորագրում համապատասխան ամփոփագիրը»։
Հունիսի 3-ին Գիորգի Ուձիլաուրիի փաստաբանը հրապարակել է նրա նամակը, որում Ուձիլաուրին պնդում է, որ իր թիրախ դառնալու հիմնական պատճառներից մեկը Վրաստանի կառավարության հակաարևմտյան քաղաքականությունը քննադատելն է։ Ուձիլաուրին նաև հայտարարում է, որ «Վրացական երազանք» կուսակցությունը, որի հիմնադրմանը մասնակցել է նաև ինքը, այլևս գոյություն չունի, և որ իշխող թիմը «առանց աչք թարթելու» զոհաբերում է նախկին համախոհներին։