Մահափորձ Նիկոլ Փաշինյանի դեմ․ իրակա՞ն, թե՞ հիբրիդային սպառնալիք
Փաշինյանի դեմ մահափորձի մանրամասները
Հայաստանում ակտիվորեն քննարկում են համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 5 դիմակավորված անձինք սպառնալիքներ և հայհոյանքներ են հնչեցնում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Հայտարարում են, թե Փաշինյանը «հանձնել է Արցախը» և պատասխան է տալու արածների համար։ Այդ անձինք զինված են, երևում են ինքնաձիգներ։
Ուշագրավ է, որ նրանք խոսում են Արցախի բարբառով և հայտարարում՝ «Նիկոլ, քեզ ջրելու ենք»։ Ենթադրաբար, նկատի ունեն՝ վերացնելու են, սպանելու են։ Բացի այդ, դիմակավորված անձինք ՀՀ քաղաքացիներին կոչ են արել գալիք ընտրություններին չքվեարկել Փաշինյանի օգտին, ինչից կարելի է ենթադրել, որ տեսանյութը պատրաստողների համար առանձնակի կարևորություն ունեն խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Քննչական կոմիտեում արդեն իսկ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կոմիտեից տեղեկացրել են՝ տեսանյութը պարունակում է «սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիք»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրանքի սլաքներն ուղղել է նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ։ Նշել է՝ դիմակավորված անձանց խոսույթը նույնն է, ինչ ընդդիմադիրները։
Փաշինյանը սպառնացել է «սատկացնել», «ծնկի բերել» և «կզզցնել» իր քաղաքական հակառակորդներին։ Ինչ վերաբերում է դիմակավորված անձանց՝ վարչապետը նշել է, որ հատ-հատ գտնելու է նրանց և «սատակցնելու է՝ բառի իրավական իմաստով»։
«Իրավապահ մարմինները ասֆալտ ուտացնելով իրենց տանելու են, գցեն քրեակատարողական հիմնարկ»,- հայտարարել է Փաշինյանը։
Հայ փորձագետները կարծում են՝ նման տեսանյութի տարածման նպատակը հանրության շրջանկում խուճապ տարածելն է, ինչպես նաև արցախցիների հանդեպ լարվածություն առաջացնելը։ Չեն բացառում նաև, որ տեսանյութը նկարահանված լինի ոչ թե ՀՀ-ում, այլ երկրից դուրս, օրինակ՝ Ռուսաստանում։ Որոշները տեղի ունեցողը որակել են «կլասիկ ռուսական ակցիա»։
«Կրեմլի մուտիլովկեքը շարունակվում են, զգոն եղեք․ մեզ փորձում են պառակտել և իրար դեմ հանել։ Մենք պետք է ոչ թե իրար դեմ պայքարենք, այլ Կրեմլի եռագլուխ խամաճիկների, որոնք չեն ներկայացնում ո՛չ հայաստանցիներին, ո՛չ էլ արցախցիներին»,- գրել է քաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը։
Այս պահին հայտնի բոլոր մանրամասները, քաղաքագետների կարծիքները
- «Մենք ավելի լավ գիտենք՝ երբ է որոշում կայացնելու պահը»․ Փաշինյանը՝ Պուտինին
- «ՌԴ-ն որոշել է Հայաստանին շանտաժ անել գազի գնի բարձրացմամբ»․ կարծիքներ Երևանից
- «ՀՀ անվտանգության երաշխավորը մեզ առաջնորդել է դեպի սպանդանոց»․ Նիկոլ Փաշինյան
Սպանության նախապատրաստություն․ քրեական վարույթի մասին
Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ հաղորդում է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Հաղորդման համաձայն՝ ինքնություններն անհայտ անձինք ուղիղ եթերով ՀՀ վարչապետի նկատմամբ տարածել են սպանություն իրականացնելու իրական վտանգ պարունակող սպառնալիքի տեսանյութ՝ կապված նրա պետական և քաղաքական գործունեության հետ և պայմանավորված քաղաքական հայացքներով։
Նշվում է, որ դա տեղի է ունեցել «ատելության և անհանդուրժողականության շարժառիթով» և զուգորդվել է «խուլիգանական դրդումներով»․
«Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»։
Կառույցի փոխանցմամբ՝ կատարվում է նախաքննություն՝ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները բացահայտելու ուղղությամբ։
«Հանե՛ք դիմակները, տեսնեմ՝ ովքեր եք»․ Փաշինյանի ուղերձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Ուղերձ դիմակավորված փսլինքներին» վերնագրված տեսանյութ։
Նրա խոսքով՝ տեսանյութում առկա անձինք դիմակ են հագել, իբր, «ուժեղ տղերք» են։ Փաշինյանը հարցրել է՝ ո՞ւր էին կռվի ժամանակ։ Հավանական է՝ նկատի ունի 2020 թ․-ի 44-օրյա պատերազմը։
Չի բացառել, որ հենց դիմակները հանեն, պարզ կլինի՝ կռվի ժամանակ փախել են, մենակ թողել զինվորներին, մինչև անգամ թիկունքից կրակել նրանց։
«Հլը էս փսլինքներին նայեք, հլը էս համբալներին նայեք, էս Ռոբի, Տաշիրի, Սերժիկի, Գագոյի բաներն են, փսլինքներն են: Ասում եմ, այ ձեզ եմ դիմում, հատ-հատ գտնելու եմ, մասկեքներդ մտցնելու եմ համապատասխան տեղերը։ Էլ չեմ ասում էդ ավտոմատի կոթը։ Համբալներ, հլը մասկեքներդ հանեք, դուրս եկեք, տեսնեմ՝ ովքեր եք։ Կզելու եք։ Ռոբի, Տաշիրի, Գագոյի, Սերժն էլ հետը, փաթեթով կզզցնելու եմ»,- հայտարարել է Փաշինյանը՝ հորդորելով հանել դիմակներն ու կամավոր ներկայանալ։
Ընդդիմություն․ «Փաշինյանն է բեմադրել իր դեմ սպանության փորձը»
Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերից երկուսը՝ «Բարգավաճ Հայաստան» և «Միասնության թևեր» կուսակցությունները դատապարտել են բռնության ցանկացած կոչ։ Ընդդիմադիրները, սակայն, կասկածներ ունեն, թե տեսանյութի տարածման հետևում կարող են կանգնած լինել իշխանական շրջանակները։
Նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը նշել է, թե տեսանյութը կարող է իշխանության կազմակերպած պրովոկացիան լինել՝ շարունակելու համար արցախցիների թիրախավորումը։
«Եթե այդպես չէ, նրանք պետք է մանրամասն բացատրություններով ցույց տան, ապացուցեն նաև հակառակ կողմնակիցներին համոզելու համար, որովհետև դա նրանց գործելաոճն է։ Եվ սա պետք է օբյեկտիվ, հրապարակային՝ հանրության աչքի առաջ քննությամբ պարզվի, թե իրականում ինչի մասին է խոսքը», — նկատել է Թաթոյանը:
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պնդել է՝ տեսանյութը ինքը՝ Փաշինյանն է «բեմադրել»։
«Հենց նեղն է ընկնում, ինքը իր դեմ ահաբեկչության, սպանության փորձի բեմադրություն է կազմակերպում, մի նպատակով, որպեսզի նա վախ սերմանի ժողովրդի մեջ և դրանով արդարացնի ընդդիմության նկատմամբ իր ապօրինի քայլերը, բռնություններն ու ձերբակալությունները», — ասել է Սաղաթելյանը։
Տեսանյութի ծագման հետ կապված կասկածների մասին խոսել են նաև «Ուժեղ Հայաստան» և «Բոլորին դեմ եմ» կուսակցությունները։
Փորձագիտական կարծիքներ
Քաղաքագետ Արեգ Քոչինյանը նկատել է․
«Սա շատ նման է, այսպես կոչված, կեղծ դրոշակ օպերացիայի, երբ երրորդ կողմը առաջին և երկրորդ կողմերի հարաբերությունները լարելու կամ առաջին կողմի ներսում խնդիր ստեղծելու համար նման բնույթի տեսանյութեր է հրապարակում։
Հիմա ո՞րն է նրանց նպատակը՝
- անվտանգության հետ կախված մտահոգություններ ստեղծել, մարդկանց մոտ ձևավորել անապահովության զգացում,
- որոշակի լարվածություն առաջացնել Հայաստանի ներսում, հատկապես մեր արցախահայ հայրենակիցների նկատմամբ։
Կոչս հետևյալն է՝ մի տրվեք նման մանիպուլյացիաների, դրանք ՀՀ-ում դեռ շատ են լինելու։ Ռուսական կողմը նախկինում՝ այլ երկրներում հենց նմանատիպ օպերացիաներ իրականացրել է։
Ես չեմ զարմանա, եթե այդ մարդիկ, ովքեր տեսանյութում են, նույնիսկ ղարաբաղցի չեն, ու ձայնը վրան դրված է։ Ու նաև գրեթե համոզված եմ, որ այդ տեսանյութը նկարահանված է Ռուսաստանում։
Մի լարվեք, մի նյարդայնացեք, հանգիստ եղեք․ ամեն ինչ նորմալ է, հանգիստ կգնա առաջ»։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը շեշտել է․
«Դիմակավորված ահաբեկիչների պատմության երկու հավանական տարբերակ եմ ենթադրում։
1. Սա հիբրիդային պատերազմում հերթական հարվածի փորձն է։ Հատուկ թիրախավորվում են Արցախի մեր հայրենակիցները, ներկայացվում է, իբր, նրանք ահաբեկիչներ են, թեև կարող է նույնիսկ հայեր չլինեն։ Սրանով փորձում են խորացնել Հայաստանում հասարակության միջև ճեղքվածքը։
Այս դեպքում հասարակությունը պետք է միասնականություն հանդես բերի, մերժի իրեն մանիպուլացնելու փորձերը։ Օրինակ՝ լավ կլիներ, որ Արցախից գաղթած մեր հայրենակիցների որևէ կազմակերպություն հայտարարեր, որ իրենք հայ ժողովրդի մի մասն են ու դատապարտում են որևէ ահաբեկչություն։
2. Իսկապես, որոշ արկածախնդիրներ որոշել են ահաբեկչության սպառնալիք ներկայացնել։
Այս դեպքում իրավապահ մարմինների խնդիրն է շատ արագ գտնել մասնակիցներին և կազմակերպիչներին, ցույց տալ նրանց իրական դեմքերը հանրությանը և օրենքի շրջանակներում ամենածանր պատժին արժանացնել»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Փաշինյանի դեմ մահափորձի մանրամասները