«Օգտագործիր հնարավորինս երկար և նոր կյանք տուր». շրջանաձև տնտեսության ներդրումը ՀՀ-ում
Շրջանաձև տնտեսությունը ՀՀ-ում
Հայաստանում վերջին տարիներին ակտիվ քայլեր են արվում շրջանաձև տնտեսության անցման ուղղությամբ: Դրա նպատակները հիմնականում բնապահպանական են, սակայն շատ կարևոր է նաև տնտեսական շահավետությունը:
Շրջանաձև տնտեսությունը անցում է «օգտագործիր ու դեն նետիր» մշակույթից դեպի «օգտագործիր հնարավորինս երկար և նոր կյանք տուր» մտածելակերպին: Այն հնարավորություն կտա Հայաստանում
- նվազեցնել բնության վրա վնասակար ներգործությունը,
- բարձրացնել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը,
- ստեղծել նոր տնտեսական հնարավորություններ,
- ուժեղացնել երկրի մրցունակությունը «կանաչ անցման» համատեքստում:
«Կանաչ անցումը» (Green transition) անցումն է դեպի էկոլոգիապես մաքուր, ցածր ածխածնային, կայուն և ռեսուրսների նկատմամբ արդյունավետ տնտեսություն։ Այն նպատակաուղղված է կլիմայի փոփոխության մեղմմանը, վերականգնվող էներգիայի օգտագործմանը և բնական ռեսուրսների պահպանմանը։ Այս գործընթացը Հայաստանում իրականացվում է ԵՄ չափանիշներին համապատասխան։
Եթե պատկերավոր ասենք՝ շրջանաձև տնտեսությունը համակարգ է, որտեղ հինը դառնում է նոր՝ ոչ թե աղբ։ Այսինքն՝ երկրորդ կյանք են ստանում այն օգտագործված ռեսուրսներն ու թափոնները, որոնք, թվում է՝ այլևս պիտանի չեն:
Տարբեր դրամաշնորհային ծրագրեր՝ հիմնականում Եվրամիության կողմից ֆինասավորվող, նպատակ ունեն օգնել երկրին ստեղծել նպաստավոր միջավայր, որպեսզի իրերը հնարավորինս երկար պահվեն շրջանառության մեջ, քիչ աղբ առաջանա և քիչ նոր ռեսուրս ծախսվի։ Դրանք իրականացվում են տարբեր շահագրգիռ կողմերի հետ՝ պետական ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների, բիզնեսների, տնտեսական զարգացման և արդյունաբերական քաղաքականության ոլորտներում աշխատող կազմակերպությունների։
Հայաստանը չունի շատ բնական ռեսուրսներ, ունի բարձր կախվածություն հումքի ներմուծումից։ Շրջանաձև մոտեցումը կարող է նվազեցնել ռեսուրսային կախվածությունը և բարձրացնել տնտեսության դիմակայունությունը։
Այս պահին ուշադրության կենտրոնում են տեղական փոքր ու միջին ձեռնարկությունները։ Փորձագետների կարծիքով՝ դրանք մեծ ներուժ ունեն անցում կատարելու շրջանաձև մոտեցումներին:

- Ռեստորանային բում Հայաստանում. պահանջարկը ստեղծել է առաջարկ
- «Հայաստանը կարող է կրկնել Սինգապուրի հաջողությունը»․ Ռուսաստանից տեղափոխված գործարարներ
- «Որակական թռիչքի համար տնտեսության արդիականացում է պետք»․ կարծիք Երևանից
- Հայաստան․ երեք կնոջ պատմություն, որոնք փրկում են իրենց բիզնեսը կորոնաավիրուսից
Մի բիզնեսի հաջողության պատմություն
Ալվինա Փիրումյանի հյուրատնային բիզնեսը Վայոց Ձորի մարզում կարողացել է հայտնի դառնալ ոչ միայն լավ հյուրընկալությամբ, այլև հետաքրքիր բիզնես մոդելով:
Ասում է՝ ինքը շրջանաձև տնտեսության մոտեցումներով է աշխատել ամենասկզբից, երբ սկսեց նոր կյանք տալիս ծնողներից ժառանգած փոքրիկ գյուղական տանը:

Լինելով կենսաբանության ուսուցչուհի՝ շատ զգուշավոր է ռեսուրսների արդյունավետ օգտագործման և բնության վրա վատ ազդեցություն գործելու տեսանկյունից:
«Տարիներ առաջ, երբ դեռ չէի էլ մտածում, որ կարող եմ դասասենյակից դուրս գալ և սեփական բիզնես սկսել, մասնակցում էի մի դասընթացի, որտեղ բացատրում էին՝ բիզնես սկսելիս ոչ այդքան կարևոր են ֆինանսական ռեսուրսները, որքան եղած ռեսուրսները ճիշտ օգտագործելը: Այս միտքը երկար տարիներ ինձ հանգիստ չէր տալիս»,- պատմում է նա:
Մեկ միլիոն դրամ խնայողությունը և ծնողներից ստացած հին, բայց հարուստ գույք ունեցող տունը դրդել են նրան անցնել ավելի կայուն և բարձր եկամուտներ ունենալու գաղափարին․
«Ամուսինս և դուստրս ինձ շատ աջակցեցին, երբ որոշեցի սկսել այս գործը։ Նրանցից յուրաքանճչյուրն իր դերը ստանձնեց։ Ամուսինս բոլոր հին իրերը հանեց նկուղից և ձեռնահարկից և սկսեց երկրորդ կյանք տալ։ Իսկ աղջիկս դիմեց փոքր դրամաշնորհների, ինչի շնորհիվ ձեռք բերեցինք ջրատաքացուցիչ, սառցախցիկ և փոքր ջերմոց ստեղծելու հնարավորություն»:

Նրա խոսքով՝ յոթ տարիների ընթացքում իրենց հյուրատունը կայացել է որպես ինքաբավ բիզնես։ Այժմ այն ունի միաժամանակ տասը հյուր ընդունելու, գյուղական էկոլոգիապես մաքուր սնունդով կերակրելու, ագրոտուրիզմ կազմակերպելու հնարավորություն:
«Տնամերձ հազար մետր տարածքին ավելացրել ենք ևս հինգ հարյուրը, ստեղծել փոքրիկ հողակտոր, որի վրա կան ինչպես մրգատու ծառեր, այնպես էլ մի քանի տեսակ ցանքատարածքներ՝ վարունգ, լոլիկ, պղպեղ, լոբի։ Հատկապես օտարկերկյա հյուրերը հետաքրքրվում են՝ ինչպես ենք աճեցնում, քաղհան անում, բերքը հավաքում և օգտագործում»,- ասում է Ալվինան:
Պատմում է, որ հյուրատան համար գնել են միայն անկողնային պարագաները ու երկու թավա։ Մնացած իրերը մայրիկին են պատկանել՝ սպասք, սփռոցներ, սափորներ, նվագարկիչ, լուսամփոփներ, գրադարան հին գրքերով․
«Մեր հյուրերը շատ են տպավորվում այս միջավայրով, որովհետև այստեղ այլ փորձառություն են ունենում, վայելում են հին, բայց պահպանված միջավայրը։ Նաև համտեսում են տարածքում աճող միրգ-բանջարեղենը: Ականատես են դառնում՝ ինչպես ենք կենցաղում օգտագործվող ջրով կազմակերպում հողի ոռոգումը: Սա շրջանաձև տնտեսության մեր մոտեցումն է, որի մասին այսօր շատ է խոսվում»:

Բնապահպանական խնդիրները դրդում են անցնել կանաչ տնտեսության
Երվանդ Մնոյանը Հայաստանում շրջանաձև տնտեսության ներդրման թեմայով հետազոտություն է իրականացրել դեռևս ութ տարի առաջ: Այժմ համագործակցում է միջազգային կառույցների հետ որպես անկախ խորհրդատու՝ գնահատելու կանաչ անցման հնարավորություններն ու հեռանկարները զարգացող երկրների համար:
Ասում է՝ շատ երկրների համեմատ Հայաստանն ունի կարողությունների հսկայական չօգտագործված ռեսուրս.
«Մեր երկրում խնդիրը ոչ թե ռեսուրսների ու դրանց կառավարման հետ է կապված, այլ իրազեկվածության պակասի և ինստիտուսցիոնալ կարողությունների: Չնայած վերջին տարիներին Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում ընթանում են տեսանելի զարգացումներ կանաչ անցման ուղղությամբ, այդ թվում շրջանաձև տնտեսության»:
Վերլուծելով ընթացիկ ծրագրերը, նկատում է, որ այս փուլում գնահատվում են երկրի կարողություններն ու հնարավորությունները, հետագա քայլերն արդեն կլինեն պիլոտային ծրագրերի տեքսով․
«Ամենամեծ կարողությունները ՓՄՁ-ին է։ Եվ այդտեղից էլ մեկնարկել են ծրագրերը։ Խոշոր բիզնեսն այսպես, թե այնպես կարողանում է նորարարական մոտցումներ որդեգրել իր բիզնեսում՝ կրճատել էներգաասպառումը, ջրի օգտագործումը, որոշ թափոններ կրկին վերադարձնել վերամշակման միջոցով շրջանառություն և այլն: ՓՄՁ-ի դեպքում ֆինանսական ռեսուրսների սահմանափակություն կա, և դրսի փորձն այս տեսանկյունից կարող է օգտակար լինել»:
Ըստ նրա` հայ տնտեսավարողները, ինչու ոչ սովորական քաղաքացիներն էլ այս փուլում կարիք ունեն հասկանալու, թե ինչպես կիրառեն շրջանաձև մոտեցումները։ Օրինակ է բերում նորաձևության, տուրիզմի և սննդի արտադրության ոլորտները․
«Եվրոպական երկրներում տեսել եմ, թե ինչպես են նորաձևության ոլորտում հին ապրանքներին երկրորդ կյանք տալիս։ Բայց դրա համար գիտելիք է անհրաժեշտ, տեխնոլոգիական լուծումներ, վաճառքի շուկաներ: Փոփոխությունների մասին պետք է խոսել իրական հաջողված օրինակներով: Վստահ եմ՝ Հայաստանում պատրաստ են նման «կանաչ» անցմանը»:
Աղբի կառավարումը, թափոնների տեսակավորումը, նրա խոսքով՝ ինչ-որ վերացական գաղափարներ չեն։ Այդ շղթայից է սկսվում հին իրերին նոր կյանք տալու, նրանց օգտագործումը երկարաձգելու և բնության վրա հավելյալ արտադրության արդյունքում հասցված վնասի կրճատումը:
Ընթացիկ ծրագրերից մեկի մասին
Արևելյան գործընկերության երկրներում Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվում է EU4Green Recovery East տարածաշրջանային ծրագիրը։ Դրա նպատակը տնտեսությունն ավելի արդյունավետ և էկոլոգիապես պատասխանատու դարձնելն է՝ խթանելով շրջանաձև տնտեսության մոտեցումները։
Ծրագրի շրջանակում Միավորված ազգերի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (United nations industrial development organization — UNIDO) Հայաստանում աջակցում է այնպիսի լուծումների ներդրմանը, որոնք նպաստում են ռեսուրսների խնայող օգտագործմանը, թափոնների կրճատմանը և արտադրական գործընթացներում վերաօգտագործման հնարավորությունների ընդլայնմանը։ Ուշադրության կենտրոնում են այն ճյուղերը, որտեղ շրջանաձև մոտեցումները կարող են առավել մեծ արդյունք տալ։
Այս աշխատանքի կարևոր ուղղություններից մեկը արդյունաբերական թափոնների կառավարման համակարգերի զարգացումն է։ Այդ նպատակով կատարվում է Արդյունաբերական թափոնների քարտեզագրում (Industrial waste mapping)։ Դա կօգնի գնահատել ր հաշվառել Հայաստանի տարածքում արդյունաբերական ձեռնարկությունների կողմից առաջացող թափոնների հոսքերը։
Արդյունքում՝ հաջողվի հասկանալ, թե երկրի տարբեր մարզերում ինչ տեսակի թափոններ են առաջանում, ինչ ծավալներով, ինչպես կարելի է դրանք դիտարկել ոչ թե որպես բեռ, այլ որպես նոր ռեսուրս։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Շրջանաձև տնտեսությունը ՀՀ-ում