Իլհամ Ալիևը 1 միլիարդ մանաթ է տրամադրում կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարի համար։ Տնտեսագետները դժգոհ են
Նախագահ Իլհամ Ալիևը մեկ միլիարդ մանաթ [շուրջ $600 մլն] է տրամադրել Ադրբեջանի տնտեսության վրա կորոնավիրուսի պանդեմիայի բացասական հետևանքները մեղմելու համար։ Տեղի տնտեսագետներն այդ միջոցն անարդյունավետ են համարում։ Նրանց կարծիքով՝ ավելի լավ կլիներ բիզնեսին հարկերից ազատել և թեթևացնել վարկերի մարումը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ մարտի 22–ի դրությամբ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակված 53 մարդ կա։ Վարակվածներից մեկը մահացել է, տասն՝ ապաքինվել, մնացածը բուժում են ստանում։ Երկրում փակ են բոլոր թատրոնները, կինոթատրոնները, թանգարաններն ու մարզասրահները, սրճարաններն ու ռեստորաններն աշխատում են միայն մինչև 15:00–ն։ Որոշ պետական կառույցների աշխատակիցներ մեկ ամսով վճարովի արձակուրդ են ուղարկվել։ Միաժամանակ, նավթի համաշխարհային գնրի անկումը կարող է կտրուկ կրճատել Ադրբեջանի եկամուտներն ու արժեզրկման բերել։
Ինչի՞ վրա կծախսվի 600 միլիոն դոլարը
Մարտի 19–ին Իլհամ Ալիևը հրահանգել է բյուջեից շուրջ $600 միլիոն տրամադրել մակրոտնտեսական կայունության, զբաղվածության հարցերի լուծման և բիզնեսի վրա պանդեմիայի բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար։
Թե ինչպես են լուծվելու այդ խնդիրներն ու ինչպես են տնօրինվելու այդ գումարները, դեռ պարզ չէ․ առաջարկների փաթեթը պետք է պատրաստ լինի 15-25 օրից։
Տեղի տնտեսագետներն այս գաղափարը նախապես անհեռանկարային են համարում։
Փողը քիչ է, մտածելու ժամանակը՝ շատ
Տնտեսական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար Գուբադ Իբադօղլուն կարծում է, որ շատ քիչ գումար է տրամադրվել, իսկ առաջարկների փաթեթի նախապատրաստման ժամանակն, ընդհակառակը, շատ է։ Նրա կարծիքով՝ դա խոսում է այն մասին, որ կառավարությունը պատրաստ չէ արտակարգ իրավիճակի պայմաններին։
«Զուտ ֆինանսական ներարկումներով խնդիրը չի լուծվի։ Հատկապես, որ, հաշվի առնելով բյուջետային ռեսուրսների տնօրինման պրակտիկան, կարելի է սպասել, որ մեկ միլիարդի զգալի մասը չի հասնի նշանակետին», – տնտեսագետի խոսքերն է մեջբերում «Կավկազսկի ուզելը»։
Իբադօղլուն առաջարկում է հարկային և վարկային արտոնություններ տրամադրել բիզնեսին, փոխհատուցում տրամադրել գործատուներին և աշխատկիցներին այն ոլորտներում, որոնք ավելի շատ են տուժում ճգնաժամից, ավելացնել հասցեագրված սոցիալական օգնությունը, նվազագույն կենսաթոշակը, նվազագույն աշխատավարձն ու հաշմանդամության նպաստը։
Իսկ ի՞նչ անի ստվերային հատվածը
«Հանրապետություն» տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Նաթիգ Ջաֆարլին կարծում է, որ նախագահի հրահանգը չի ներառում խնդիրների ողջ սպեկտրը։ Նա հիշեցնում է, որ Ադրբեջանի մոտ մեկ ու կես միլիոն բնակիչ աշխատում է ստվերային հատվածում՝ առանց աշխատանքային պայմանագրերի ձևակերպման։ Հիմնականում նրանք սրճարանների, փաբերի, խանութների աշխատակիցներն են, որոնք առանց աշխատանքի և փոխհատուցման մնալու սպառնալիքի տակ են։
Ջաֆարլին կարծում է նաև, որ ավելի արդյունավետ կլիներ կես տարով փոքր ու միջինի բիզնեսի որոշ տեսակներն ազատել հարկերից, ինչպես նաև սառեցնել վարկերի տոկոսագումարների ավելացումն ու արտոնություններ տրամադրել կոմունալ ծառայությունների համար։
«Պետությունը պետք է բանակցություններ վարի վարձատուների հետ՝ վարձակալության գումարները նվազեցնելու համար։ Իսկ տարբերությունն էլ հենց կարելի է փոխհատուցել նախագահի տրամադրած գումարի հաշվին», – հավելում է նա։
«Իմպուլսիվ քայլ»
Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակության տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Նեյմաթ Ալիևն ասել է, որ նախագահի հրահանգն ավելի շատ նման է «իմպուլսիվ քայլի, որն արվել է կորոնավիրուսի պանդեմիայի և նավթի գների նվազման հետևանքով առաջացած մարտահրավերների ստեղծած խառնաշփոթի պայմաններում»։
«Բյուջեն հաշվարկված է՝ ելնելով մեկ բարելի դիմաց 55 դոլար հաշվարկից։ Սակայն այժմ նավթի գինը հասել է 30 դոլարի և պարզ չէ, թե որքան է այս ամենը շարունակվելու։ Մյուս կողմից, պետբյուջռն անտակ հոր չէ, դրանում ամեն ինչ կետերով նշված է։ Մեկ միլիարդի տրամադրումը նշանակում է այլ հոդվածների կրճատում։ Եվ ընդհանրապես, պետբյուջեում ցանկացած փոփոխություն պետք է խորհրդարանը կատարի», — ասում է նա։