Ի՞նչ է թաքնված ՀՀ տնտեսական աճի ցուցանիշների հետևում. կարծիք
ՀՀ տնտեսական աճի ցուցանիշների վերլուծություն
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տվյալներ, որոնք կարելի է համարել տնտեսական նվաճում։ Նա հայտնել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականների համաձայն՝ 2025 թվականին Հայաստանն աշխարհում 16-րդն է եղել տնտեսական զարգացման տեմպով։ Ընդ որում՝ ՀՀ-ն գերազանցել է բոլոր եվրոպական երկրներին, բացառությամբ Իռլանդիայի։ Նա ներկայացրել է նաև դեպի ԵՄ, ԱՄՆ և Չինաստան արտահանման աճի տվյալները։ Ըստ այդ թվերի՝ դեպի ԵՄ արտահանման ցուցանիշը 2026 թ.-ի առաջին եռամսյակում աճել է 90%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ի՞նչ է թաքնված այս հուսադրող ցուցանիշների հետևում։ Ինչպե՞ս է հաջողվել գրանցել նման առաջընթաց, արդյո՞ք հնարավոր է պահպանել աճի այս տեմպը։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանի մեկնաբանությունը։
- «Տնտեսության և կենսամակարդակի աճ ՀՀ-ում կա, բայց մի փոքր ուռճացված»․ վերլուծություն
- «Որակական թռիչքի համար տնտեսության արդիականացում է պետք»․ կարծիք Երևանից
- «Չհաշվարկված առաջարկ է»․ տնտեսագետը՝ ՀՀ-ում 7-ժամյա աշխատանքային ռեժիմի անցնելու մասին
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի մեկնաբանությունը
Տնտեսական աճ՝ հակառուսական պատժամիջոցների հաշվին
«2022 թ.-ից ի վեր ռուսական պատժամիջոցները դարձել են Հայաստանի տնտեսության համար կարևոր գործոն։ Արևմտյան պատժամիջոցների կիրառումից հետո ՌԴ ֆինանսական և առևտրային հոսքերի մի մասն անցել է Հայաստանով։ Սա արմատապես փոխել է տեղական տնտեսության դեմքը։
Ամենաակնհայտ օրինակը էլեկտրոնիկայի վերաարտահանման կտրուկ աճն է։ Երրորդ երկրներից էլեկտրական սարքավորումներ ներմուծող և այնուհետև Ռուսաստան արտահանող ընկերությունները բառացիորեն ներխուժել են երկրի խոշորագույն հարկատուների հնգյակ։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը Հայաստանն օգտագործում է որպես տարանցիկ միջանցք ոսկի և ադամանդներ արտահանելու համար, հիմնականում՝ դեպի ԱՄԷ։ Որոշ գնահատականներով՝ միայն 2022-2023 թվականներին նման գործարքների ծավալը հասել է գրեթե 5 միլիարդ դոլարի։ Այս հոսքերը զգալիորեն խեղաթյուրում են ՀՀ արտաքին առևտրի վիճակագրությունը՝ ստեղծելով օրգանական արտահանման աճի պատրանք։
Ի վերջո, Հայաստանի բանկային համակարգը դարձել է կարևոր գործիք ռուսական բիզնեսների և անհատների համար, որոնք միջազգային գործարքներ են իրականացնում տեղական բանկերի միջոցով և շրջանցում սահմանափակումները։
Այս բոլոր գործոնները Հայաստանի համար ապահովել են տպավորիչ մակրոտնտեսական ցուցանիշներ։ Բայց մենք խոսում ենք աճի մասին, որի բնույթն իրավիճակային է, այլ ոչ թե կառուցվածքային»։
Տնտեսական աճ՝ պարտքով
«2025 թ.-ին տնտեսական աճը շարունակվեց նույն հիմքի վրա։ Ավելացավ ևս մեկ գործոն՝ շինարարության ոլորտը։ Ավելին, այն խթան ստացավ պետական նախագծերից՝ ճանապարհաշինությունից, դպրոցների և մանկապարտեզների կառուցումից։
Վերջին հինգ տարիների ընթացքում կառավարությունը տարեկան մոտ 1 միլիարդ դոլարով ավելացրել է երկրի արտաքին պարտքը։ Փոխառված միջոցներն օգտագործվել են սպառումը խթանելու, մասնավորապես՝ կենսաթոշակների և նպաստների ավելացման, ինչպես նաև ենթակառուցվածքային նախագծերի համար։ Արդյունքում՝ վերջին տարիներին տնտեսական աճի միջին տեմպը կազմել է մոտ 7%։ Սա տարածաշրջանի լավագույն ցուցանիշներից է։
Այնուամենայնիվ, այս թվերը լուրջ հարցեր են առաջացնում աճի որակի և կայունության վերաբերյալ։
Պետական պարտքը դրա ուղիղ գինն է։ Խնդիրն այն է, որ տնտեսությունն աճում էր ոչ այն գործոնների հաշվին, որոնք կարող են եկամուտ ստեղծել այդ պարտքը սպասարկելու համար։ Գումարը հիմնականում ծախսվել է սպառման վրա։ Տարբերությունը սկզբունքային է։ Մի բան է հեռախոս գնելու համար վարկ վերցնելը, և բոլորովին այլ բան՝ հեռախոսներ արտադրելու համար հաստոց գնելը։ Հայաստանն ընտրել է առաջին տարբերակը։ Եվ դա անխուսափելիորեն կհանգեցնի բացասական հետևանքների»։
Բևեռացում տնտեսության մեջ
«Կարևոր հարց է, թե իրականում ո՞վ է օգտվել այս աճից։ Հիմնական շահառուներն էին՝
- բանկային ոլորտը, որը սպասարկում էր արտահանման-ներմուծման գործարքները,
- վերաարտահանմամբ զբաղվող մեծածախ առևտրականները,
- շինարարական ընկերությունները։
Աղքատության մակարդակն ինքնին խոսուն գործոն է։ Վերջին հինգ տարիների ընթացքում այն նվազել է ընդամենը 4-5 տոկոսային կետով և այժմ կազմում է 21%։ Սա նշանակում է, որ երկրի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչն աղքատ է։ Տնտեսական աճը շրջանցել է քաղաքացիների մեծամասնությանը։
Միևնույն ժամանակ, տնտեսության ներսում բևեռացումը սրվել է։ ՀՆԱ-ում փոքր և միջին բիզնեսի մասնաբաժինը կազմում է մոտ 20%։ Սա կիսով չափ պակաս է կառավարության նախանշած 40%-ից։ Տնտեսությունը գնալով ավելի է կենտրոնանում խոշոր խաղացողների ձեռքում, իսկ փոքր բիզնեսը չի կարողանում մրցակցել նրանց հետ»։
«Հոլանդական հիվանդություն» հայկական ձևով
«Աճի ցուցանիշների հետևում թաքնված է ևս մեկ խնդիր՝ արտադրության և վերամշակման ոլորտների անկումը։ Մինչ վերաարտահանումն ու տարանցումը ծաղկում էին, տեղական՝ ալկոհոլային խմիչքների, մսամթերքի և կաթնամթերքի, ինչպես նաև այլ ապրանքների արտադրությունը կամ լճացման շրջան է մտել, կամ նվազել։
Ռիսկերն ակնհայտ են։ Հենց որ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվի, և Ռուսաստանը գտնի պատժամիջոցները շրջանցելու այլ ուղիներ, Հայաստանի տարանցիկ ուղիները կփակվեն։ Կենտրոնական բանկի կողմից արհեստականորեն ամրապնդված դրամը կտրուկ անկում կապրի, և ներմուծվող ամեն ինչ անմիջապես կթանկանա։ Գնաճը կդառնա անխուսափելի, և տարանցիկ հոսքերից կախված ոլորտները կտրուկ անկում կապրեն։
Արդեն կան նախադեպեր։ 2022 թ.-ից հետո մոտավորապես 100,000 ռուս ռելոկանտների ներհոսքը բում առաջացրեց ծառայությունների ոլորտում՝ հանրային սնունդ, հյուրանոցային բիզնես։ Նրանց հեռանալուց հետո այս ոլորտները նույնքան կտրուկ անկում ապրեցին, աշխատատեղերը՝ վերացան։ Նմանատիպ իրավիճակ առաջացավ նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Ռուսական ընկերությունները գրանցեցին 40-50% աճ։ Իսկ նրանց հեռանալը հանգեցրեց 20% անկման։
Արդեն իսկ կան ազդանշաններ։ Արտահանումը նվազել է մոտ 30%-ով, ինչը Ռուսաստանի հետ առևտրի անկման ուղղակի հետևանք է։ Մասնավորապես՝ Ռուսաստանը սկսել է ոսկու ուղիղ արտահանում։ Արտահանման հարկի վերացումից հետո հայկական տարանցման անհրաժեշտությունը վերացել է։
Միևնույն ժամանակ, ռազմավարական առումով կարևոր ոլորտները շարունակում են անկում ապրել։ Գյուղատնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի ընդամենը 7-8%-ը և գործնականում լճացած է։ Անասնապահությունը շահութաբեր չէ. տավարի միսն արժե 5000 դրամ մեկ կիլոգրամի համար, քանի որ տեղական արտադրություն գործնականում չկա։
Տնտեսական տեսության մեջ սա կոչվում է «հոլանդական հիվանդություն»։ Սա համեմական է 1970-ականների Նիդերլանդների հետ, որտեղ նավթի և գազի բումը ուղեկցվեց այլ ոլորտների անկմամբ։
Լուծումը խելացի վերաբաշխումն է՝ աճ գրանցող ոլորտների եկամուտների օգտագործումը հետ մնացող ոլորտներին աջակցելու համար։ Սակայն մինչ այժմ դա տեղի չի ունենում։ Որոշ ոլորտներ աճում են, մինչդեռ մյուսներն անկում են ապրում։ Իսկ դրանց միջև առկա ճեղքվածքը միայն խորանում է»։
Սիմվոլիկ ցուցանիշներ
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
2026 թ. հունվար-մարտին համեմատած 2025-ի հունվար-մարտի հետ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ.
- դեպի ԵՄ աճել է 90%-ով,
- դեպի ԱՄՆ աճել է 13%-ով,
- դեպի Չինաստան աճել է 2,3 անգամ։
«Արևմտյան ուղղությամբ արտահանումը մնում է խորհրդանշական մակարդակի վրա։ Հայաստանը ԱՄՆ է արատահանել մոտ 50 միլիոն դոլարի ապրանքներ՝ ալկոհոլ, պահածոներ և ադամանդների փոքր քանակ։ ԱՄՆ արտահանման 13% աճը բացարձակ թվերով ոչինչ չի փոխում։
Եվրոպական ուղղությամբ 2018 թվականից արտահանման կտրուկ անկում է գրանցվել։ Եթե 2018-ին ԵՄ երկրներին բաժին էր ընկնում ընդհանուր ապրանքաշրջանառության 12-13%-ը, ապա այժմ այն կազմում է 7-8%։ Անցյալ տարի ԵՄ երկրների հետ շրջանառությունը կազմել է մոտ 100 միլիոն դոլար։ Այսինքն, եթե առաջին եռամսյակում այն, օրինակ, մոտ 30 միլիոն դոլար էր, ապա այժմ մոտ 45 միլիոն դոլար է կազմում։
Դեպի Չինաստան արտահանման աճը բացատրվում է ոչ թե տնտեսության դիվերսիֆիկացմամբ, այլ հումքի շուկայում ստեղծված իրավիճակով։ Հայկական հանքարդյունաբերական ընկերությունների պղնձի և մոլիբդենի գինը համաշխարհային գների հետ բարձրացել է։ Մասնավորապես, պղնձի գինը հասել է 12,000 դոլարի՝ մեկ տոննայի համար։
Իսկ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը նվազում է։ Անցյալ տարի նվազել են և՛ արտահանումը, և՛ ներմուծումը»։
Պետք է վերանայել սոցիալ-տնտեսական քաղաքականությունը
«Հայաստանի ներկայիս տնտեսական աճը մեծապես պայմանավորված է արտաքին գործոններով։ Եվ իշխանությունները քիչ դեր են խաղացել դրա ձևավորման գործում։ Կայուն երկարաժամկետ աճի հասնելու համար երկիրը պետք է վերանայի իր սոցիալ-տնտեսական քաղաքականությունը։ Սա տեղի չի ունենում մի շարք պատճառներով՝ նախընտրական տրամաբանություն, կառավարման փորձի պակաս և թույլ ենթակառուցվածքներ։
Մինչդեռ, կա պատմական նախադեպ։ 2008 թվականին Հայաստանը գրանցեց կայուն աճ շինարարության բումի շնորհիվ։ Բայց երբ ոլորտում ներդրումները կրճատվեցին, տնտեսությունը փլուզվեց 14.4%-ով։ Ներկայիս մոդելը վերարտադրում է նույն տրամաբանությունը։ Հերթական կտրուկ անկումից խուսափելու համար անհրաժեշտ են նոր խոշոր նախագծեր։ Օրինակ՝ հզոր արհեստական բանականության գործարանի և արևմտյան ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծումը։ Դրանք կարող են խթանել օրգանական աճը։ Սակայն մինչ այս նախագծերը կյանքի կկոչվեն, իշխանությունները խաղադրույք են կատարում այլ բանի վրա. հունիսին մեկնարկելու են Ամուլսարի հանքում ոսկու արդյունահանման և վերամշակման աշխատանքները»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
ՀՀ տնտեսական աճի ցուցանիշների վերլուծություն