Ինչո՞ւ են լրագրողները լքում մասնագիտությունը. երեք անձնական պատմություն Հայաստանից
Ինչու են հայ լրագրողները լքում լրատվական դաշտը
Վերջին տարիներին Հայաստանում նկատելի էր տարօրինակ միտում. կայացած, տարիների փորձ ունեցող լրագրողներ հանկարծ հայտարարում էին, որ լքում են լրատվական դաշտը։ Ի՞նչն է նրանց դրդել այդ քայլին։ Մենք փորձեցինք ստանալ պատասխանը հենց իրենցից։ Պարզեցինք, որ ոմանք արդեն գտել են իրենց այլ մասնագիտություններում, ոմանք՝ դեռ չեն կայացրել վերջնական որոշում։
Իրենց պատմություններով և մտորումներով մեզ հետ կիսվել են երեք նախկին լրագրողներ։
- «Չկա այնպիսի թեմա, որը տաբու լինի»․ լրատվական դաշտը ՀՀ-ում
- 56 խախտում՝ երեք ամսում․ խոսքի ազատության պաշտպանությունը ՀՀ-ում
- ԶԼՄ-ների դեմ 29 հայց՝ կես տարում․ խոսքի ազատությունը Հայաստանում
Լրագրությունից՝ խոհանոց
23 տարի լրագրությամբ զբաղվող Աննա Սաթյանը այսօր երազում է իր փոքրիկ, տարբերվող ռեստորանն ունենալ։
«Լրագրությունը ոչ միայն աշխատանք է, այլև ապրելակերպ։ Ապրում ես մի իրականությունում, որը և աշխատանքդ է, և կյանքդ։ Ու այս մասնագիտությունն ունի մի ռիթմ, որից կախվածությունը չափազանց մեծ է։ Ունի դինամիկա, առանց որի քեզ մի տեսակ անպետք ես զգում։ Սակայն տարիներ անց, մեկ էլ հանկարծ հասկանում ես, որ այլևս չես ուզում գրել, քեզ այդքան սիրելի գործի փոխարեն երազում ես այլ բանի մասին։ Իսկ խոհանոցը ինձ միշտ է հետաքրքրել»,- բացատրում է նա։

Աննա Սաթյանը 11 տարի եղել է «Նովոյե վրեմյա» թերթի փոխխմբագիրը, հինգ տարի՝ news.am-ի Style էջի խմբագիրը։ Լրագրողական աշխատանքին զուգահեռ դասավանդել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի լրագրության ֆակուլտետում։ Աշխատանքից հեռանալու որոշումը կայացրել է հերթական նյութը խմբագրելիս․
«Ինձ մոտ տառ, բառ գրելուց ֆիզիկական վատ վիճակ էր ստեղծվում։ Մտածեցի՝ երևի հոգնած եմ, գնամ արձակուրդ, երբ գամ՝ կանցնի։ Բայց չանցավ։ Գրում էի քաղաքական, տնտեսական, ամեն ինչ։ Ես 24/7 էի՝ միշտ պետք է հասանելի լինեի, օրվա ցանկացած ժամի, աշխարհի յուրաքանչյուր վայում: Մի օր էլ հասկացա՝ չեմ ուզում ապրել կյանքի այդ ռիթմով»։
Աննան թվարկում է պատճառները, որոնց հանրագումարում լքեց աշխատանքը․
«2020 թվակաանի պատերազմից հետո ինչ-որ բան կոտրվեց ներսումս։ Դրանից հետո ծանր քովիդ տարա, դեպրեսիվ ծանր շրջան էր։ Եթե ազնիվ լինեմ, պետք է ասեմ, որ լավ չէի զգում ինձ այդ իրականությունում։ Չկար նախկին կոմֆորտը, ներդաշնակությունը։ Կամ չկային մարդիկ, որոնց հետ կուզեի նյութ անել։ Աշխատանքս սկսել էի անիմաստ համարել։
Հիմա էլ այս իրականությունում ինձ չեմ տեսնում։ Տխուր է, բայց փաստ է։ Կարծես, ինտելեկտի անկում լինի։ Ես չեմ ուզում սնոբ երևալ, բայց ես գնում էի ասուլիսների, նայում էի չորս կողմս ու ասում․ «Տեր Աստված…»,- զարմացնում էր առողջ մտքի պակասությունը։ Ու, վերջապես, տեքստ գրել կտրականապես չէի ուզում, անգամ բացել համակարգիչը»։
2023 թվականին լրագրողն ընդունվում է «Երեմյան Փրոջեքթս»-ի Խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիա։
Դրդապատճառը համոզմունքն էր, որ ռեստորան ունենալու համար պետք է տիրապետել ներքին խոհանոցին։
«Վեց ամիս հաճույք եմ ստացել սովորելուց։ Մեկ ամիս՝ պրակտիկա, հետո՝ քննություններ։ Սովորեցինք պատրաստման ձևերը, քիմիական պրոցեսները՝ խոհանոցը քիմիա է։ Լինում էր, որ ամբողջ օրը գազար էինք կտրատում, կտրատում ու կտրատում։ Ու, ասենք, մի ժամ հաստ, մի ժամ բարակ, այնքան մինչև ձեռքդ չնստի, մինչև դու չհասցնես շարժումներդ մեխանիկականի։ Ու գազար կտրատելուց ուղեղս հանգստանում էր, չէր լարվում։ Իմ մտքերն արդեն այն մտքերը չէին, որ ունենում էի լրագրությունում։ Դա ինձ դուր էր գալիս»,- պատմում է Աննան։
Ռեստորան ունենալու գաղափարը դեռ խմորումների մեջ է, բայց արդեն կազմել է բիզնես պլան, մենյու․
«Լուրջ գումարներ են պետք անգամ իմ մտածած փոքրիկ սննդի կետը բացելու համար։ Իմ կազմած մենյուն շատ են հավանում։ Ասում են՝ վաճառի, մեծ գումար են առաջարկում։ Բայց՝ չէ, պահել եմ։ Կարելի է բանկից վարկ վերցնել կամ մինչև վերջին ունեցածդ ներդնել, բայց ռիսկերը շատ են։ Ես դեռ ներքին վախեր ունեմ։ Նայում եմ՝ քաղաքում բացվում ու փակվում են ռեստորանները։ Մարդիկ կան շատ համարձակ բացում են։ Ստացվեց՝ լավ է, չստացվեց՝ էն որ ասում են՝ ջանդ սաղ լինի։ Բայց ես չեմ կարող այդպես։ Մի ամբողջ թիմ պետք է հավաքեմ, այդ մարդկանց գործ տամ, ամեն ինչ պետք է մտածված լինի»։

Հիմա Աննան սկսել է բլոգ վարել, պատմում է ամեն ինչի մասին՝ խոհանոցի, երաժշտության, պարֆյումի:
«Բզբզում եմ։ Դա ինձ հետ կբերի՞ լրագրություն, չգիտեմ։ Իմ մեջ այնքան բան կա կուտակված․ գիտելիք երաժշտության մասին, պարֆյումի, խոհանոցի։ Փոդքասթներ եմ տարբեր լսում։ Խորացել եմ այդ ամենի մեջ և ուզում եմ իմ նոր փորձով կիսվել։ Ես, կարծես, ինչ-որ մի տուփ եմ գրկել ու նստել, որի մեջ իմ ողջ պոտենցիալն է և որով ուզում եմ կիսվել»,- պատմում է կրթությամբ երաժշտագետ նախկին լրագրողը։
Անկեղծորեն ասում է, որ հարցին՝ որտե՞ղ կուզեր աշխատել, պատասխան դեռ չունի։
«Երևի չեմ ուզում այլևս ուրիշի համար աշխատել։ Ուզում եմ իմ սեփական գործն ունենալ ու հիմա խմորումների մեջ եմ։ Ինձ պետք է ինքնաարտահայտվել, ինստագրամի բլոգը հենց դրա համար եմ բացել»,- ասում է նա։
Լրագրությունից՝ ասեղնագործություն
Լրագրող Քրիստինե Խանումյանը սկսել է ասեղնագործել պատկերներ, ինքնատիպ պայուսակներ։ Ընտանիքում ասեղնագործել են տատիկը, մայրը, բայց ինքն իրեն երբեք չի տեսել այդ գործում։

«Տատիկս ջուլհակ էր, մետաքսագործ, մաման էլ՝ պրոֆեսիոնալ դերձակ-ձևարար է։ Ես մեծացել եմ այդ մթնոլորտում` թելեր, ասեղներ, կտորներ։ Ինձնից անկախ դրա մէջ էի։ Բայց ներքին համոզմունք կար, որ դա իմը չէ, որ համբերությունս չի հերիքի։
Երկար տարիներ աշխատել եմ լրագրող, բայց ինչ-որ պահից զգացի՝ վերջ։ Դա սկսվեց Արցախի բլոկադայի օրերին։ Ես գիտեի նախապես, թե ամեն ինչ ուր է գնում, բայց այդքանով հանդերձ հոգուս խորքում մի բան կար, որ գուցե, գուցե… Հետո տեսա, որ ոչինչ էլ չի լինում, ու ոչ միայն իմ հայրենիքն է իմ աչքի առաջ ավարտվում, այլև իմ մասնագիտացումը։ Սկսեցի ասեղնագործել»,- պատմում է նա։

Նախկին լրագրողն աշխատել է ԼՂՀ-ում «Ազատ Արցախ», «Դեմո» թերթերում, 2005-ից՝ արդեն հայաստանյան ԶԼՄ-ներում․ «Հայկական Ժամանակ», «Ժամանակ», «Չորրորդ իշխանություն», 2012-2023-ը` iLur.am կայք:
Ասում է՝ լրագրությունն իր համար չափազանց կարևոր մասնագիտություն էր։
Իսկ 2012-ից, երբ սկսել է ԼՂ բանակցային գործընթացը լուսաբանել, ավելի մեծ պատասխանատվությամբ է լցվել։ Մտածել է, որ իր հայրենիքի լինել-չլինելու հարցին է անդրադառնում։
Մասնագիտությունից հեռանալու որոշումն ընդունելու երկու պատճառ է տեսնում․
«2023-ին փաստացի վերացավ իմ նեղ մասնագիտացումը։ Այլևս մնում էր լուսաբանել, թե ինչու ամեն բան այդպես ստացվեց։ Այդ կետից էլ բխեց երկրորդ պատճառը` լրատվական դաշտը նախկինի պես չէր, երբ կային իշխանական, ընդդիմադիր և չեզոք ԶԼՄ-ներ։ Ստեղծվեց իրավիճակ, երբ լրատվամիջոցները հայտնվեցին կամ իշխանության պաշտպանների կարգավիճակում, կամ՝ նախկին իշխանության։ Չեզոք մամուլ այլևս չեմ տեսնում։ Իսկ ինձ համար լրագրությունը չի կարող լինել քարոզչություն։ Այդ պատճառով էլ որոշեցի հեռանալ»։

Չի ափսոսում լրագրութունը թողնելու համար, վերադարձի ցանկություն չունի։
Ասում է՝ գուցե փորձի մեկ անգամ անդրադառնալ և մեկ ափոփ բան գրել բանակցային գործընթացի մասին․
«Բայց դա լրագրության, հատկապես ներկայիս լրագրության հետ աղերս չի կարող ունենալ։ Ներկայիս աշխատանքը շատ ավելի մեծ մտավոր ջանք ու ներդրում է պահանջում, ստեղծագործական միտք, որոնումներ և մոտեցումներ։ Ինձ անհրաժեշտ էր լիովին նոր բան անել, կարդինալ հակառակ բան, կարևորը` գեղեցիկ բան։ Մանկուց մեծացել էի այդ միջավայրում, տեսել, թե ինչպես են ստեղծվում գեղեցիկ իրերը։ Մեկ օրում որոշեցի, որ հեռու տեղ գնալ պետք չէ, հեծանիվ հորինելու կարիք չկա, պարզապես պետք է վերադառնալ արմատներին»։
Լրագրությունից՝ տուրիզմ և գրումինգ
Լրագրող, մարքեթինգի և սոցիալական մեդիայի մասնագետ Էլեոնորա Արարատյանը տարիների ընթացքում հասկացավ, որ փոփոխվող ժամանակներն իրեն հեռացնում են սիրելի աշխատանքից։
«Դժվարությամբ էի գնում հարցազրույցների։ Օրերով աշխատում էի մի նյութի վրա, ինչը նշանակում էր, որ այլևս չեմ ուզում գրել։ Չէի ուզում համակարգիչը բացել, տեքստ գրել, հոդվածներ նայել, ռելիզներ գրել։ Հասկացա, որ էլ իմը չէ»,- պատմում է նա։

Էլեոնորան ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը, այնուհետև Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցը` Մոսկվայում։ Աշխատել է ԱՌԿԱ լրատվական գործակալությունում, Tert.am-ում, Մեդիամաքսում։
«Մեդիամաքսը աշխարհ էր, որտեղ ես կայացա որպես մասնագետ։ Լրագրությունը ինձ համար սոցիալական պատասխանատվություն էր` լուծում տալ խնդիրներին։ Բայց 2014 թվականից այն ինձ համար մի տեսակ արժեզրկվեց։ Արդեն խնդիր չէր լուծվում։ Եթե նախկինում լրագրողն ուներ իր դիրքն ու տեղը, իրենից զգաստանում էին դրական իմաստով, դա նվազեց։ Խմբագրությունների ֆինանսավորման բաժինները սկսեցին ընդլայնվել՝ գովազդներ, բաներներ, ռելիզներ, իսկ հեղինակային նյութերը անցան երկրորդ պլան։ Այդ ամենը խեղդեց լրագրությունը»,- բացատրում է Էլեոնորան։
Նրա տպավորությամբ՝ 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանում բոլորը դարձան լրագրող ու բլոգեր․
«Սոցիալական մեդիան դարձավ հարթակ, որտեղ բոլորը ելույթ են ունենում, իրենց համարում մասնագետ, փորձագետ, բոլորի կարծիքը ճիշտ է ու կարևոր։ Այդ իրականությունում ես հասկացա, որ ունեցածս երկու մասնագիտությունները զրոյանում են, ցանկացած պահի կարող եմ կորցնել։ Պետք է միշտ ունենալ պլան Բ, մեկ այլ հմտություն, քանի որ այս աշխարհում, այս տարիքում, երբ այլևս բավականաչափ երիտասարդ չես, պետք է կարողանաս ապահովել քո ապագան»,- ասում է 42-ամյա նախկին լրագրողը։
Մոսկվայից վերադառանլուց հետո պարբերաբար հյուրեր է ունեցել Ռուսաստանից, ուղեկցել նրանց Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր։

«Սկզբում ընդամենը զբաղմունք էր, հոբբի։ Բայց այսօր արդեն ունեմ մասնագիտացված գիդի որակավորում։ Աշխատում եմ Ռուսաստանի շուկայի համար։ Նաև արշավում եմ։ Հայաստանի Ալպինիզմի ֆեդերացիայի անդամ եմ։ Սիրում եմ շփումը մարդկանց հետ։ Սա շատ ակտիվ ու կենդանի աշխատանք է»,- պատմում է նա։
Քովիդի համավարակի ընթացքում Էլեոնորան սկսել է շուն պահել` Չիմային, ինչն էլ նրան բերել է դեպի մեկ այլ մասնագիտություն․

«Անցյալ տարվանից գրումինգով եմ զբաղվում, մասնագիտացված գրումեր եմ։ Տուրիզմը և գրումինգը ինձ համար սեզոնային են։ Ուզում եմ իմ սեփական գրումինգի սրահը բացել։ Կին-ձեռներեցների համար նախատեսված ծրագիր եմ շահել ՀԲԸՄ-ից։ Գուցե շուտով կարողանամ իմ սեփական գործն ունենալ»։
Կարծում է՝ ժամանակի հետ ցանկությունները, կյանքի ու սեփական դերի մասին ընկալումները փոխվում են․
«Ես այլևս նախընտրում է ֆիզիկական աշխատանք կատարել ու տեսնել դրա արդյունքը։ Մի անգամ մեկն ինձ ասաց. «Երկու բարձրագույն կրթություն ունես, եկել ես շներին խուզելո՞ւ»։ Ցավոտ խոսքեր էին։ Չեմ արժեզրկում ոչ մի աշխատանք, բայց այդ խոսքերից ազդվել էի։ Հա մտածում էի՝ գուցե իսկապես չարժեր մի կողմ դնել տարիների իմ աշխատանքը։ Բայց ընկերներիցս մեկն ասաց, որ ես բազմակողմանի եմ ու կարողանում եմ ամեն ինչի հասնել։ Դա ինձ սփոփեց։ Լրագրությունը, փիառն ու մարքեթինգը ինձ օգնում են թե՛ տուրիզմում, թե՛ շների հետ աշխատանքում։ Հիմա ես կարողանում եմ համատեղել այդ ամենը»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Ինչու են հայ լրագրողները լքում լրատվական դաշտը